Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

23%77%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1․ Անհրաժեշտությունը - «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - 2020-2023 թվականներին լոլիկի մթերման և տոմատի մածուկի ներմուծման ու արտահանման ծավալները կազմել են՝

                                                                                                                                                         /տոննա/

Ցուցանիշը

2020թ.

2021թ.

2022թ.

2023թ.

  Արտահանում  ընդամենը, որից՝

3290.7

4061.5

556.5

6624.7

  30 զանգվածային %-ից ավելի չոր նյութի պարունակությամբ

2254.1

3089.4

48.1

5331.5

  Ներմուծում ընդամենը, որից՝

4401.2

4326.6

1526.3

8749.1

  30 զանգվածային %-ից ավելի չոր նյութի պարունակությամբ

3759.9

4009.9

1171.1

7895.4

  Ներմուծման 1կգ-ի միջին մաքսային արժեքը /ՀՀ դրամ/, որից՝

344.1

384.7

530.2

434.6

  30 զանգվածային %-ից ավելի չոր նյութի պարունակությամբ

330.7

369.4

503.3

437.9

Մթերում

48298.0

22547.0

26933.0

30461.0


2020-2023 թվականներին տոմատի մածուկի ներմուծման տարեկան միջին ծավալը կազմել է շուրջ 4751.0 տոննա, որից՝ 30 զանգվածային %-ից ավելի չոր նյութի պարունակությամբ տոմատի մածուկի տարեկան միջին ծավալը կազմել է շուրջ 4203.0 տոննա կամ շուրջ 88.5 %-ը։ Նույն ժամանակահատվածում տոմատի մածուկի արտահանման տարեկան միջին ծավալը կազմել է շուրջ 3633.0 տոննա, որից՝ 30 զանգվածային %-ից ավելի չոր նյութի պարունակությամբ տոմատի մածուկի տարեկան միջին ծավալը կազմել է շուրջ 2677.0 տոննա կամ շուրջ 74.0 %-ը։
Նկատի ունենալով, որ տեղական շուկայում տոմատի մածուկի սպառման տարեկան միջին ծավալը կազմում է շուրջ 3000.0 տոննա, ստացվում է, որ ներմուծվող տոմատի մածուկի գերակշռող մասը վերաարտահանվում է, իսկ որոշ մասը նոսրացնելուց և վերափաթեթավորելուց հետո իրացվում է տեղական շուկայում։
Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված օպերատիվ տվյալների համաձայն 2024 թվականին տոմատի մածուկի ներմուծման ծավալը կազմել է շուրջ 8677.4 տոննա, որից՝ 30 զանգվածային %-ից ավելի չոր նյութի պարունակությամբ տոմատի մածուկի ծավալը կազմել է շուրջ 6933.9 տոննա կամ շուրջ 79.9 %-ը։ 2024 թվականին տոմատի մածուկի արտահանման ծավալը կազմել է շուրջ 7202.6 տոննա, որից՝ 30 զանգվածային %-ից ավելի չոր նյութի պարունակությամբ տոմատի մածուկի տարեկան միջին ծավալը կազմել է շուրջ 6022.5 տոննա կամ շուրջ 80.4 %-ը։
Վիճակագրական կոմիտեի կողմից առանձնացված տոմատի մածուկի արտադրության ծավալ չի հրապարակվում։ Մթերված լոլիկի ծավալներից տոմատի մածուկի արտադրությանն ուղղված մասնաբաժնի և միջին հաշվով 7 կգ լոլիկից 1 կգ մինչև 30 զանգվածային % չոր նյութի պարունակությամբ տոմատի մածուկի ստացման հաշվարկներից ելնելով՝ գնահատվում է, որ տոմատի մածուկի արտադրության տարեկան ծավալների նվազումն ուղիղ համեմատական է մթերված լոլիկի ծավալների նվազմանը։
Տոմատի մածուկի արտադրության և լոլիկի մթերման ծավալների նվազումը պայմանավորված է ներմուծված 30 զանգվածային %-ից ավելի չոր նյութի պարունակությամբ տոմատի մածուկի նոսրացման, վերափաթեթավորման և շուկայահանման հանգամանքով։
Հանրապետությունում տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն տեղական արտադրության շուրջ 30 զանգվածային % չոր նյութի պարունակությամբ 1 կգ տոմատի մածուկի արտադրության միջին ինքնարժեքը կազմում է շուրջ 450.0 դրամ։
2024 թվականին ներմուծված մինչև 30 զանգվածային % չոր նյութի պարունակությամբ տոմատի մածուկի 1 կգ-ի միջին մաքսային արժեքը կազմել է 315.9 դրամ, որին՝ Իրանի Իսլամական Հնարապետությունից ներմուծման համար սահմանված 8.25 % մաքսատուրքը՝ 26.1 դրամն ավելացնելու դեպքում ստացվում է 342.0 դրամ։
2024 թվականին ներմուծված 36 զանգվածային % չոր նյութի պարունակությամբ տոմատի մածուկի 1 կգ-ի միջին մաքսային արժեքը կազմել է 385.0 դրամ, որին՝ Իրանի Իսլամական Հնարապետությունից ներմուծման համար սահմանված 8.25 % մաքսատուրքը՝ 31.8 դրամն ավելացնելու դեպքում ստացվում է 416.8 դրամ։ Եթե ներմուծված 36 զանգվածային % չոր նյութի պարունակությամբ տոմատի մածուկը վերահաշվարկենք 30 զանգվածային % չոր նյութի պարունակության, ապա ներմուծված տոմատի մածուկի 1 կգ-ի միջին մաքսային արժեքը կկազմի 352.6 դրամ (ներառյալ մաքսատուրքը)։ Հետևաբար, տեղական արտադրության 1 կգ տոմատի մածուկի միջին ինքնարժեքը շուրջ 97.4 և 108 դրամով կամ միջին հաշվով շուրջ 103 դրամով ավելի բարձր է, քան ներմուծված 1 կգ տոմատի մածուկի արժեքը։
Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակն իր ուղղակի ազդեցությունն է թողնում լոլիկի մթերման և տոմատի մածուկի արտադրության գործընթացների վրա։ Այդ մասին է վկայում մթերումների ծավալների նվազման դինամիկան (2024 թվականին մթերվել է շուրջ 15.2 հազար տոննա լոլիկ, որը 2020 թվականին մթերված լոլիկի ծավալից պակաս է շուրջ 33.1 հազար տոննայով կամ ավելի քան 3 անգամ)։ Նման իրավիճակում անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող և տոմատի մածուկ ներմուծող տնտեսավարողների համար և այդ իրավիճակը շարունակվելու դեպքում վտանգվելու են լոլիկի արտադրության, մթերման և տոմատի մածուկի արտադրության գործընթացները։

3. Կարգավորման նպատակը և բնույթը – Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ պարբերությունը և 2.1-ին հոդվածը ներքին շուկայի պաշտպանության նպատակով նախագծով առաջարկվում է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ԱՏԳ ԱԱ դասակարգչի 2002 90 3 և 2002 90 9 ծածկագրերին դասվող տոմատի մածուկի ներմուծման գլխավոր լիցենզիա տրամադրելու համար սահմանել պետական տուրք՝ յուրաքանչյուր մեկ տոննայի համար բազային տուրքի 100-ապատիկի չափով։
Նախագիծն ընդունվելուց հետո եռամսյա ժամկետում Կառավարության կողմից կսահմանվի տոմատի մածուկի ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և կհաստատվի ներմուծված տոմատի մածուկի ԵԱՏՄ կամ երրորդ երկիր արտահանման դեպքում ներմուծողի կողմից վճարված պետական տուրքի գումարի մասնակի փոխհատուցման ծրագիրը։

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք - Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով ոլորտի մասնավոր հատվածի առաջարկությունները:

5. Ակնկալվող արդյունքը - Նախագծի ընդունման դեպքում կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովվի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը՝ ամբողջ ծավալով։

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ – Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի 5.5-րդ կետի՝ «Ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականության մշակում» միջոցառման «Հայրենական արտադրողների համար հավասար մրցակցային պայմանների ապահովում» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/7/2023_N2300hav.1.pdf, 235-236-րդ էջեր)։

8. Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելը - Սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

  • Քննարկվել է

    28.02.2025 - 16.03.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 874

Տպել