Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ «ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

20%80%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ

 «ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ

ՄԱՍԻՆ»  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
  2. «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խնամքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց ընտանեկան միջավայրին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններ ապահովելու կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային իրսոցիալական միջավայրում պահելու կամ հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  խնամքը տրամադրվում է`

1) տնային պայմաններում կամ

2) ցերեկային կենտրոններում կամ

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ

4) աջակցության կենտրոններում կամ

5) համայնքային փոքր տներում կամ

6) խնամատար ընտանիքներում կամ

7) խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում կամ

8) սույն մասի 1-7-րդ կետերում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում:

«Երեխայի իրավունքների մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած) երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են, նրանք պետության և համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք ունեն: Պետությունն ու համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրանց անհնարինության դեպքում` համապատասխան հաստատություններում տեղավորելու միջոցով: Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը, դրանցում երեխաների տեղավորման չափանիշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերոգրյալից բխում է, որ պետության պարտականությունն է ապահովելու առանց ծնողական խնամքի մնացած (այսուհետ՝ ԱԾԽՄ)  երեխաների խնամքը՝ ընտանեկան միջավայրին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններում։

ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1896-Ն որոշման համաձայն՝ 2002 թվականին ստեղծվել և մինչ օրս գործում է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ը, որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (այսուհետ՝ նաև Հաստատություն)։ Հաստատությունն իրականացնում է 75 խնամվող ԱԾԽՄ՝ 3-18 տարեկան (մասնավոր դեպքերում, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող և 18 տարին լրանալու օրվա դրությամբ տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական պարտադիր կրթությունն ավարտած չլինելու պարագայում՝ մինչև դրա ավարտը, բայց ոչ ավել քան 19 տարեկանը լրանալը), այդ թվում՝ հաշմանդամության կարգավիճակ ունեցող երեխաների (բացա­ռությամբ ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համա­կարգի օրգա­նական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզի­կական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների) իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, վերջիններիս ըստ գնահատված կարիքի տրամադրում է սոցիալ-վերականգնողական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավական խորհրդատվության, ազատ ժամանցի և սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպման աշխատանքներ։ Հաստատությունն

  • ապահովում է Հաստատությունում խնամվող երեխայի բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը` հաշվի առնելով նրա հոգեկան, սեռատարիքային, ազգային և էթնիկական առանձնահատկությունները, երեխայի նախասիրությունները, հետաքրքրությունները, ընդունակությունները և պահանջմունքները․
  • ապահովում է Հաստատությունում խնամվողի առողջ ապրելակերպի (սնունդ, սպորտ, անձնական հիգիենա, ազատ ժամանց) համար անհրաժեշտ պայմաններ, կազմակերպում է խնամվողների մասնակցությունը մարզական, մշակութային միջոցառումներին, մրցույթներին, երգի, պարի, նկարչության, մարզական և այլ խմբակների պարապմունքներին՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակը, տարիքային առանձնահատկությունները, հակումները, նախասիրությունները․
  • կազմակերպում է Հաստատությունում խնամվող երեխայի ամառային հանգիստը․
  • իրականացնում է Հաստատությունում խնամվողի վարքագծի և զարգացման շեղումների կանխարգելմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը միտված աշխատանքներ․
  • ապահովում է Հաստատությունում խնամվող երեխայի կրթությունն ու դաստիարակությունը (ներառյալ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկման միջոցով), այդ թվում՝ կազմակերպում է երեխաների հանրակրթության մեջ ներառումը, որն իրականացվում է հանրակրթական դպրոցներում, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ հատուկ դպրոցներում ուսումնառելու միջոցով․
  • ապահովում է Հաստատությունում խնամվող երեխայի դասապատրաստման գործընթացի կազմակերպումը, այդ գործընթացի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, դասապատրաստման ընթացքում ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն՝ հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները․
  • հսկողություն է իրականացնում Հաստատությունում խնամվող երեխայի առաջադիմության և կրթական հաստատություն հաճախելու նկատմամբ․
  • Հաստատությունում խնամվող երեխայի հոգեկան, սեռատարիքային, ազգային և էթնիկական առանձնահատկությունները, նախասիրությունները, հետաքրքրությունները, ընդունակությունները և պահանջմունքները հաշվի առնելով՝ իրականացնում է երեխայի բազմակողմանի և ներդաշնակ զարգացման ապահովմանը միտված ուսումնադաստիարակչական այլ ծառայություններ․
  • ըստ անհրաժեշտության իրականացնում է Հաստատությունում խնամվողի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպում՝ անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ձեռքբերման, նախապատրաստման, ֆունկցիոնալության գնահատում իրականացնող մարմիններ և բժշկական հաստատություններ ուղեկցման և ֆունկցիոնալության գնահատում   իրականացնելու համար անհրաժեշտ այլ հարցերում աջակցելու միջոցով․
  • Հաստատությունում խնամվողի համար կազմակերպում է օկուպացիոն թերապիա (վերականգնողական վարժանքներով թերապիա)․
  • Հաստատությունում խնամվողի՝ հոգեկան առողջության խնդիրներ ունենալու դեպքում, ցուցաբերում է աջակցություն նրա կլինիկական վիճակի գնահատման նպատակով սկրինինգ-հետազոտությունների կազմակերպմանը․
  • Հաստատությունում խնամվողին ցուցաբերում է աջակցություն կենսաբանական ընտանիքի և ազգականների հետ սոցիալական կապերի վերականգնման և (կամ) ամրապնդման և նրան ընտանիք վերադարձնելու հարցում, եթե դա բխում է խնամվողի շահերից․
  • Հաստատությունում երեխային խնամք տրամադրելու ամբողջ ժամանակահատվածում, այդ երեխային ընտանիքում տեղավորելու հնարավորության մասին համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում դրա մասին տեղեկացնում է Հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին․
  • Կազմակերպում է աշխատանքներ՝ ուղղված Հաստատության աշխատողների որակավորման բարձրացմանը, նրանց կարողությունների և հմտությունների զարգացմանը՝ նպաստելով երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։ Այնուամենայնիվ, երեխաների խնամքը կազմակերպվում է մեկ հաստատության պայմաններում, որտեղ չնայած ներդրվող ջանքերին, անհնար է ապահովել ընտանեկան միջավայր։

2024 թվականի համար Հաստատությանը պետական բյուջեից հատկացվել է 240861400 ՀՀ դրամի չափով գումար՝ երեխաների շուրջօրյա խնամքի և դաստիարակության ապահովման համար։

  1. 2024 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է դիմել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) (փաթեթը կցվում է)։ Գրությամբ Հիմնադրամը նշել է հետևյալը․
  • Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Երևան քաղաքում, Տավուշի, Կոտայքի և Շիրակի մարզերում: Հիմնադրամի մասնաճյուղերի կողմից իրականացվող հիմնական ծրագրերն են` ընտանիքների ամրապնդման ծառայությունները, երեխաների այլընտրանքային խնամքը (կարճաժամկետ և երկարաժամկետ), որը հանդիսանում է ընտանեկան տիպի խնամք, այլ ընթացիկ ծրագրեր և ծառայություններ: Ընդ որում, ընտանեկան տիպի խնամքն իրականացվում է հատուկ դասընթացներն անցած ՍՕՍ ամուսնական զույգերի կամ ՍՕՍ ընտանիքի ղեկավարների (այսուհետ` խնամք իրականացնողներ)  կողմից: Ընտանեկան տիպի խնամքն իրականացվում է Հիմնադրամի կողմից տրամադրված առանձին տներում, որոնք ապահովված են երեխաների խնամքն ու դաստիարակությունը պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ գույքով և պայմաններով: Յուրաքանչյուր տանը կարող են խնամվել առավելագույնը 6-8 երեխա: Երեխաների խնամքը կազմակերպվում է խնամք իրականացնողների կողմից 24/7 ռեժիմով, բացառությամբ շաբաթվա ընթացքում մեկ հանգստյան օրի և արձակուրդների ժամանակահատվածի, որի ընթացքում երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվում են ընտանիքների օգնականները (վերջիններս անհրաժեշտության դեպքում աջակցում են երեխայի խնամքին նաև այլ ժամանակահատվածներում)․
  • 2021-2023 թվականների ընթացքում Հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղի այլընտրանքային խնամք ընդունվել է 72 երեխա, դուրս է գրվել 49 երեխա (վերամիավորվել է կենսաբանական ընտանիքի հետ)։ Հիմնադրամի «Կոտայք» և «Իջևան» մասնաճյուղերում  ընտանեկան տիպի խնամք ստացող երեխաների թիվը տարեց տարի նվազում է պայմանավորված Հիմնադրամի կողմից որդեգրած ռազմավարությամբ, այն է` գործադրել ջանքեր երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորման ուղղությամբ կամ դրա անհնարինության դեպքում` երեխաների և խնամք իրականացնողների ինտեգրում համապատասխան համայնքներում: Արդյունքում, մինչև սույն թվականի դեկտեմբեր ամսվա ավարտը Հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում ընտանեկան տիպի խնամք ստացող բոլոր երեխաները իրենց խնամք իրականացնողների հետ համատեղ պետք է ինտեգրվեն համայնք բնակության` հետագայում որպես խնամատար ընտանիքներ ծառայություններ մատուցելու նպատակով։ Արդյունքում, 2025 թվականի սկզբից Հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղի տները լինելու են ազատ և մասնաճյուղը կարող է ընտանեկան տիպի շուրջօրյա խնամք տրամադրել դրա կարիքն ունեցող կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին: Հաշվի առնելով Կառավարության որդեգրած քաղաքականությունը, այն է` ապահովել երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը, Հիմնադրամը հայտնում է իր պատրաստակամությունը, իր ունեցած հնարավորությունների շրջանակներում, քննարկել Հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում ընտանեկան տիպի շուրջօրյա խնամքի կարիք ունեցող երեխաների շուրջօրյա խնամքը կազմակերպելու գործընթացը և դրանից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացումը․
  • Հիմնադրամի կողմից նշվել է, որ Հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղի շենք շինությունները, ենթակառուցվածքները, տարածքը «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատվել է 1 242 740 000 (մեկ միլիարդ երկու հարյուր քառասուներկու միլիոն յոթ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ, որից 1,095,428, 146 ՀՀ դրամի չափով Հիմնադրամը պատրաստ է կատարել ներդրում Հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղի կողմից տրամադրվող ընտանեկան տիպի խնամքի ծառայության շրջանակում։

Գրությանը կից ներկայացվել է նաև շուրջ 80 երեխայի  խնամքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հաշվարկները (347․660․000 ՀՀ դրամ), ընտանեկան տիպի խնամքի տրամադրման ծառայության հակիրճ նկարագրությունը, ինչպես նաև ընտանիքներին հատկացվող տների լուսանկարները:

Հիմնադրամը նաև ներկայացրել է վիճակագրական տվյալներ, մասնավորապես այն, որ Հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղի 2022-2024 թվականների շրջանավարտների թիվը 20 է, որից

  • մեկ երեխա կրթություն է ստանում Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում․
  • վեց երեխա արդեն իսկ ավարտել է միջին մասնագիտական քոլեջը․
  • 10 երեխա ներկայում ստանում է կրթություն միջին մասնագիտական քոլեջում:

Նշված 20 երիտասարդներից 17-ն ունեն աշխատանք, երկուսը ապահովված չեն աշխատանքով  (մեկ երիտասարդ ունի մտավոր խնդիրներ, հաշմանդամության 2-րդ խումբ, մյուսն ամուսնացած է, խնամում է իր երեխային, երրորդը  ծառայում է ՀՀ զինված ուժերում:

  1. Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության համաձայն՝ երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացմամբ, Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով` երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելմամբ և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնմամբ: 
  1. Առաջարկվող կարգավորման բնույթը. 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Նախագծով առաջարկվում է

  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարել և այնտեղ խնամվող երեխաներին վերաուղեգրել Հիմնադրամ։ Իսկ մինչև վերաուղեգրումն առաջարկվում է առանց մրցույթի դրամաշնորհի պայմանագիր կնքել Հիմնադրամի հետ՝ 5 տարի ժամկետով։ «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված անշարժ գույքը առաջարկվում է անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ՝ հաշվի առնելով սոցիալական բնակարանային ֆոնդի սակավաթիվ լինելը և շահառուների մեծ քանակը։
  • Նախագծի համաձայն՝ Կազմակերպության լուծարման ժամկետը նշվել է 2025 թվականի մայիսի 10-ը, որպեսզի առկա լինի բավարար ժամանակահատված դրամաշնորհի պայմանագրի կնքման, երեխաների վերաուղեգրման, տեղափոխման, նրանց անձնական գործերի հանձնման, «Գավառի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի հանձնման և աշխատողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցման համար։

Հարկ է նկատի ունենալ, որ սույն փաթեթն անխզելիորեն կապված է Կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշման մեջ լրացումներ, 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ լրացումներ, 2014 թվականի հուլիսի 17-ի N 743-Ն որոշման մեջ փոփոխություն, 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն, 2003 թվականի մարտի 27-ի  N 347-Ն որոշման մեջ լրացում,  2004 թվականի օգոստոսի 5-ի N 1324-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ,  2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման  մեջ փոփոխություն և 2017 թվականի հոկտեմբերի 5-ի  N 1317-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի հետ (շրջանառվում են միասին), որտեղ նկարագրվում են ընտանեկան միջավայրին մոտ տներում խնամք տրամադրող կազմակերպությունում խնամքի տրամադրման պայմանները և կարգը։ 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը. 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ 

  1. Ակնկալվող արդյունքը. 

Իրավական ակտի ընդունման արդյուքում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանեկան միջավայրին մոտ տներում, կբարելավվի նրանց կյանքի որակը,  կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակության մեջ։ 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտությունը 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։ Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջանում։  

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. 

          Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթի 04 մեգանպատակից, ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության Ծրագրի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.6-րդ ենթակետի 17-րդ և 18-րդ պարբերությունով սահմանված նպատակից, այն է՝ երեխաների հիմնահարցերի ոլորտում երեխայի իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացմամբ։

 

 

  • Քննարկվել է

    26.02.2025 - 14.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 705

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.03.2025

Նախագծով առկա չէ ՍՕՍ-Մանկական գյուղերում երեխաների իրավունքների և խնամքի որակի նկատմամբ մշտադիտարկման, այդ թվում՝ հասարակական վերահսկողության վերաբերյալ դրույթներ՝ հաշվի առնելով նման հաստատություններին բնորոշ բռնությունների բարձր ռիսկը, դրա մասին ազդարարման սակավ հնարավորությունները և մշտադիտարկման ներկա պրակտիկաները։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.03.2025

Հստակ չէ, թե իրազեկման, լայն համախոհության ձևավորման, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման (այդ թվում՝ մանկատան աշխատողների աշխատանքային իրավունքները և զբաղվածության հարցերը), երեխաների հոգեկան առողջության խթանման ինչ գործողություններով է ծրագիրն ուղեկցվելու։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

14.03.2025

Նախագծով նախատեսվում է մանկատունը փակել մինչև 2025 թվականի մայիսի10-ը, ինչը, եթե նույնիսկ նախագիծն ընդունվի մարտի երրորդ շաբաթում, չափազանց կարճ ժամկետ է նման բարդ սոցիալական ծրագրի իրագործման համար։

Տեսնել ավելին