«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր
-
2 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ) համաձայն՝ համակարգի օպերատորի կողմից վթարային կամ անհաղթահարելի իրավիճակի ավարտի և շուկայի օպերատորի կողմից առևտրի վերսկսման ժամկետի հայտարարումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, շուկայի օպերատորը՝ համագործակցելով hամակարգի օպերատորի հետ, էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի (ԷՄՇ) մասնակիցների և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) քննարկմանն է ներկայացնում արտառոց իրավիճակի ԷՄՇ մասնակիցների կողմից փաստացի մատուցված ծառայությունների, ինչպես նաև փաստացի առաքված (գնված) էլեկտրական էներգիայի (հզորության) արժեքի վերաբերյալ իր հաշվարկները։ Շուկայի օպերատորի կողմից հաշվարկը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը և ԷՄՇ մասնակիցները շուկայի օպերատորին գրավոր ներկայացնում են դրա վերաբերյալ իրենց եզրակացությունները: Գործնականում, համակարգի օպերատորի կողմից հայտարարված արտառոց իրավիճակի արդյունքում ԷՄՇ մասնակիցների կողմից փաստացի մատուցված ծառայությունների, ինչպես նաև փաստացի առաքված (գնված) էլեկտրական էներգիայի (հզորության) արժեքի վերաբերյալ շուկայի օպերատորի հաշվարկները Հանձնաժողով ներկայացվելուց հետո, վերջինիս եզրակացության հիման վրա ճշգրտվել են, որից հետո շուկայի օպերատորը ճշգրտված հաշվարկները կրկին ներկայացրել է Հանձնաժողովի քննարկմանը։ Արդյունքում, հաշվետու ամսվա համար ԷՄՇ մասնակիցներին ներկայացված հաշվարկային փաստաթղթերը չեղարկվել են և ներկայացվել ճշգրտված հաշվարկային փաստաթղթեր, ինչն էլ ՀՀ հարկային օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ առաջացրել է պատասխանատվություն ԷՄՇ մասնակիցների համար՝ տույժի տեսքով։ Դիցուք, 2024 թվականի սեպտեմբեր հաշվետու ամսվա համար որևէ ընկերության կողմից ստացված հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները վերջինս կարող է հաշվանցել, եթե հաշիվները ստացել և դրանք վավերացրել է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 20-ը։ Սեպտեմբեր ամսվան վերաբերող հաշվարկային փաստաթուղթը չեղարկվելու և նոյեմբեր ամսին սեպտեմբեր ամսվան վերաբերող նոր հաշվարկային փաստաթուղթ դուրս գրվելու դեպքում հաշվանցվող գումարները հարկային օրենսդրության համաձայն սեպտեմբերին պակասեցվելու են՝ ներառվելով նոյեմբեր ամսվա հաշվարկում, որն առաջացնելու է տույժի վճարման պատասխանատվություն տվյալ ընկերության նկատմամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ նախատեսել ԷՄՇ կանոններում՝ դրամական ճշտումները կատարելով հետագա հաշվետու ժամանակաշրջաններում, եթե դրանց մասով արդեն իսկ համապատասխան հաշիվները դուրս գրված և վավերացված են դուրս գրողի և ստացողի կողմից՝ զերծ պահելով ԷՄՇ մասնակիցներին իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված դրույթները խախտելուց։
Բացի այդ, Հանձնաժողովի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի №447-Ա որոշմամբ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի համար սահմանվել է առաքվող էլեկտրական էներգիայի ծավալից կախված տարբերակված սակագին։ Ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել վերջինիս, որպես հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստ ապահովող արտադրողի (այսուհետ՝ ՀԷԱ կայան) սեփական կարիքի համար սպառած էլեկտրական էներգիայի և ծառայությունների դիմաց հաշվեկշման ծառայություն մատուցող արտադրողին (այսուհետ՝ ՀԾՄ) վճարման ենթակա վճարի հաշվարկման համար հիմք հանդիսացող սակագինը։
Միաժամանակ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) համաձայն՝ ըստ լարման մակարդակի և սպառման ծավալի որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ ԷՄԱ կանոնների համաձայն մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողների համար ժամանակացույց է սահմանված մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը։ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի աստիճանական ազատականացումը ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախատեսել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման հետագա քայլերը։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
ԷՄՇ կանոնների համաձայն՝ համակարգի օպերատորի կողմից հայտարարված արտառոցի իրավիճակով պայմանավորված՝ ԷՄՇ մասնակիցներին ներկայացված հաշվարկային փաստաթղթերը չեղարկվու և ներկայացվող ճշգրտված հաշվարկային փաստաթղթերի արդյունքում ԷՄՇ մասնակիցների նկատմամբ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված տույժերից զերծ պահելու նպատակով, համապատասխան փոփոխություն է նախատեսվել ԷՄՇ կանոններում։ Մասնավորապես, ԷՄՇ կանոններով նախատեսվել է, որ վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտում կամ հաշվարկային փաստաթղթում արտացոլված մեծությունների ճշգրտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ճշգրտված մեծությունների հիման վրա իրականացվում է վերահաշվարկ, որի արդյունքները ներառվում են այն իրականացնելու ամսվա համար կազմվող վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտում։
Բացի այդ, էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման բարեփոխման շարունակականությունն ապահովելու նպատակով փոփոխություններ են նախատեսվել ԷՄԱ կանոններում։ Մասնավորապես, ներկայացված նախագծով նախատեսվել է անկախ լարման մակարդակից ըստ սպառողների սպառման ծավալի 2027 թվականի փետրվարի 1-ից մինչև մինչև 2030 թվականի փետրվարի 1-ն ըստ տարիների որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ մատակարար ընտրելու ժամանակացույց։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտում կամ հաշվարկային փաստաթղթում արտացոլված մեծությունների ճշգրտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ճշգրտված մեծությունների հիման վրա կիրականացվի վերահաշվարկ, որի արդյունքները կներառվեն այն իրականացնելու ամսվա համար կազմվող վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտում, արդյունքում զերծ պահելով ԷՄՇ մասնակիցներին իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված դրույթները խախտելուց։
Միաժամանակ, կապահովվի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի աստիճանական ազատականացումը։
-
Քննարկվել է
26.02.2025 - 14.03.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 524
Տպել