«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
-
4 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) 52-րդ, 53-րդ, 54-րդ կետերով և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) 139-րդ և 140-րդ կետերով սահմանված են համապատասխանաբար էլեկտրամատակարարման պայմանագրի լուծման և էլեկտրաէներգիայի մատակարարման պարտադիր դադարեցման դեպքերը, ինչպես նաև այդ դեպքերում սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության պարագայում պայմանագրի լուծման և էլեկտրամատակարարման դադարեցման ընթացակարգը։ Մասնավորապես՝ կանոններով սահմանված է, որ սպառման համակարգի տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճի առկայության դեպքում պայմանագրի լուծման կամ էլեկտրամատակարարման դադարեցման հարցը լուծվում է վեճն օրենսդրությամբ սահմանված կարգով լուծելուց հետո։ Ուսումնասիրելով նշված հարցի շուրջ հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները՝ պարզ է դառնում, որ դրանց քանակը բազմաթիվ է, իրավիճակները չափազանց տարբեր են և գրեթե բոլոր դեպքերում էլեկտրաէներգիայի (ինչպես նաև մնացած կոմունալ ծառայությունների) դադարեցումը հանդիսանում է տվյալ անշարժ գույքի փաստացի բնակիչների՝ բնակությանը խոչընդոտելու միջոց, մինչդեռ այդ գույքերի մասով քննվող դատական գործերը դեռևս ավարտված չեն լինում և դրանց լուծման արդյունքում փաստված չի լինում այդ բնակիչների՝ տվյալ հասցեում բնակվելու իրավունքի առկայությունը կամ բացակայությունը։ Հաշվի առնելով նշվածը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կենսական նշանակությունը, անհրաժեշտություն է առաջանում «իրավունքի վերաբերյալ վեճ» համարել դեպքերի առավել ընդլայնված շրջանակ և իրավունքի վերաբերյալ վեճ համարել բոլոր այն դեպքերը, երբ տվյալ դատական գործի լուծման արդյունքում բնակիչը ձեռք կբերի տվյալ տարածքը օրինական հիմքերով տիրապետելու (օգտագործելու) կամ տնօրինելու ցանկացած իրավունք, այդ թվում՝ բնակության։
Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ գործող իրավակարգավորումների շրջանակում միևնույն սպառման համակարգի մասով կարող է կնքվել մեկ էլեկտրամատակարարման պայմանագիր, խնդիրներ են առաջանում այն անշարժ գույքերի մասով, որոնց նկատմամբ գրանցված է համատեղ սեփականության իրավունք։ Մասնավորապես՝ համատեղ սեփականության իրավունքի պարագայում այն սեփականատերը, ով առաջինն է դիմում էլեկտրամատակարարման պայմանագրի կնքման համար, դառնում է սպառող և մի շարք դեպքերում դիմելով տվյալ հասցեի էլեկտրամատակարարման դադարեցման համար, խոչընդոտում է մյուս համատեղ սեփականատիրոջ սեփականության իրավունքի իրացմանը։ Ուստի՝ անհրաժեշտություն է առաջացել նախատեսել կարգավորում՝ բոլոր համասեփականատերերի՝ էլեկտրաէներգիայի մատակարարման իրավունքն ապահովելու նպատակով։
Միաժամանակ, նկատի ունենալով, որ ԷԲՑ կանոններով սահմանված են էլեկտրամատակարարման դադարեցումից ձեռնպահ մնալու որոշ դեպքեր, որոնք, ըստ էության, սահմանված չեն և նպատակահարմար չէ սահմանել որպես ԷՄԱ կանոներով նախատեսված՝ պայմանագրի լուծումից ձեռնպահ մնալու առանձին դեպք, անհրաժեշտություն է առաջանում ԷՄԱ կանոններով նախատեսել, որ ցանկացած պարագայում, երբ առկա կլինի բաշխողի պարտավորությունը՝ ձեռնպահ մնալ էլեկտրաէներգիան դադարեցնելուց, բաշխողը պարտավոր կլինի ձեռնպահ մնալ նաև էլեկտրամատակարարման պայմանագիրը լուծելուց, քանի որ պայմանագրի լուծումը ինքնըստինքյան կհանգեցնի նաև էլեկտրամատակարարման դադարեցման։
ԷԲՑ կանոններով կարգավորվում են նաև սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման հարաբերությունները։ Մասնավորապես, կանոնների համաձայն՝ միացումն իրականացվում է կամ միացման պայմանագրով (երբ համապատասխան աշխատանքներն իրականացնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն), կամ տեխնիկական պայմանների հիման վրա։ Ընդ որում, կանոններով նախատեսված է, թե կոնկրետ դեպքում միացման գործընթացի որ տեսակն է կիրառելի։ Այսպես, ի թիվս այլնի, տեխնիկական պայմաններով միացման դեպքերն են նաև հանձնաժողովի գրությամբ համաձայնեցված դեպքերը, որոնք հիմնականում վերաբերում են այնպիսի միացման դեպքերին, երբ միացվող տարածքի նկատմամբ դիմող անձը չունի գրանցված իրավունք (մարտական հենակետեր, գովազդային վահանակներ և այլն)։ Սակայն նշված դրույթը տեղ էր գտել ժամականավոր միացումների կետի շրջանակում, այսինքն յուրաքանչյուր դեպքում տեխնիկական պայմանները և էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիրը գործում էին մեկ տարով, ինչը իմաստազուրկ էր, ուստի առաջարկվում է հանել մեկ տարվա ժամկետի պահանջը։
Մեկ այլ կարգավորման համաձայն էլ հզորության փոփոխության դեպքում սպառողը բաշխողին վճարում է ստանդարտ միացման վճար նաև այն դեպքերում, երբ միացումն իրականացված էր տեխնիկական պայմաններով։ Նպատակահարմարությունից ելնելով առաջարկվում է փոխել գործող կարգավորումը և սահմանել, որ տեխնիկական պայմաններով միացած բաժանորդի հզորության փոփոխության դեպքում ստանդարտ միացման վճար չի վճարվում, սակայն այն դեպքերում, երբ հզորության ավելացումը կբերի բաշխողի ենթակառուցվածքներում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության, բաժանորդը իր հայեցողությամբ կամ կփոխհատուցի այդ ծախսերը, կամ կընտրի այլ միացման կետ։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով նախատեսվում են համապատասխան իրավակարգավորումներ՝ ուղղված վերոնշյալ խնդիրների լուծմանը։ Մասնավորապես՝ սպառման համակարգի նկատմամբ տարածքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճին առնչվող դրույթներում նախատեսվում է կատարել լրացում և հստակեցնել, որ այդպիսի վեճ է իրենից ենթադրում նաև տվյալ տարածքում բնակության իրավունքի վերաբերյալ վեճը։ Անշարժ գույքի բոլոր համասեփականատերերի՝ էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով սահմանվել է նոր կարգավորում առ այն, որ սպառող հանդիսացող համասեփականատիրոջ կողմից էլեկտրամատակարարման դադարեցման դիմում ներկայացվելու պարագայում բաշխողը պարտավոր է ծանուցել սպառողին և ձեռնպահ մնալ դադարեցնելուց, եթե մյուս համասեփականատերերի կողմից ներկայացվել է առարկություն։ Տվյալ պարագայում սպառողն իրավասու կլինի կա՛մ շարունակել հանդիսանալ տվյալ հասցեի սպառող, կա՛մ տվյալ հասցեում էլեկտրամատակարարման պահանջարկ չունենալու պարագայում՝ դիմել բաշխողին և լուծել կնքված պայմանագիրը։
Նախատեսվել է նաև կարգավորում այն մասին, որ ցանկացած պարագայում, երբ առկա կլինի բաշխողի պարտավորությունը՝ ձեռնպահ մնալ էլեկտրաէներգիան դադարեցնելուց, բաշխողը պարտավոր կլինի ձեռնպահ մնալ նաև էլեկտրամատակարարման պայմանագիրը լուծելուց, քանի որ պայմանագրի լուծումը ինքնըստինքյան կհանգեցնի նաև էլեկտրամատակարարման դադարեցման։
Նախատեսվում է փոփոխություններ կատարել նաև միացման հարաբերությունները կարգավորող որոշ դրույթներում, մասնավորապես, նախատեսել, որ հանձնաժողովի գրավոր դիրքորոշման պարագայում տրվող տեխնիկական պայմանների հիման վրա կնքվելու են էլեկտրական էներգիայի մատակարարման անժամկետ պայմանագրեր, իսկ տեխնիկական պայմաններով միացած բաժանորդի հզորության ավելացման դեպքում ստանդարտ միացման վճարի վերաբերյալ կարգավորումը հանվելու է։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի որևէ անշարժ գույքում բնակության իրավունք ունեցող անձանց՝ էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման իրավունքը, ինչպես նաև կկանոնակարգվեն էլեկտրական ցանցին տեխնիկական պայմաններով միացման որոշ հարաբերությունները։
-
Քննարկվել է
25.02.2025 - 13.03.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 861
Տպել