Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

15%85%

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 264-րդ հոդվածի 3-րդ մասում «ինչպես նաև 47» բառերը փոխարինել «ինչպես նաև 46» բառերով։

 

Հոդված 2 Օրենսգրքի 349-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«6․  Նախագահողը կնքում է դատավճռի յուրաքանչյուր էջը և ստորագրում է դատավճռի եզրափակիչ մասը:»։

 

Հոդված 3 Օրենսգրքի 350-րդ հոդվածի 6-րդ մասում «ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում,» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում,» բառերով։

 

Հոդված 4 Օրենսգրքի 366-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքն ընդունվում է վարույթ և նշանակում դատաքննության` որոշման մեջ նշելով այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում, ինչպես նաև սույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված միջնորդությունը բավարարելու դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

 

Հոդված 5 Օրենսգրքի 368-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«2. Ուսումնասիրված քրեական գործը բանավոր ընթացակարգով դատաքննության նշանակելու մասին որոշմամբ ․

1) սահմանվում է դատական նիստի վայրը, տարին, ամիսը, օրը, ժամը.

2) ապացույցներ հետազոտելու անհրաժեշտության դեպքում սահմանվում են դատական նիստում անմիջականորեն հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, ցուցմունք տալու համար դատարան հրավիրվող անձանց ցանկը.

3) լուծվում է խափանման միջոցի հարցը.

4) լուծվում է դատական նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու հարցը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին մասով․

«2.1. Ուսումնասիրված քրեական գործը գրավոր ընթացակարգով դատաքննության նշանակելու մասին որոշմամբ ․

1) սահմանվում է դատական ակտի կայացման օրը.

2) սահմանվում է վարույթի մասնակիցների կողմից միջնորդությունների և բացատրությունների ներկայացման վերջնաժամկետը.

3) լուծվում է խափանման միջոցի հարցը։»։

3) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«3. Վերաքննությունը բանավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում առաջին դատական նիստը նշանակվում է քրեական գործն ստանալու օրվանից հետո՝ քսան օրվա, սակայն ոչ ուշ, քան առաջին վերաքննիչ բողոքը ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:»։

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին մասով․

«3.1․Գրավոր ընթացակարգով իրականացվող վերաքննությունը բանավոր ընթացակարգով փոխակերպելու մասին որոշում կայացնելու դեպքում՝ առաջին դատական նիստը նշանակվում է որոշում կայացնելուց հետո՝ քսան օրվա ընթացքում։»։

 

Հոդված 6Օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․

«1. Դատարանի որոշմամբ բանավոր ընթացակարգով դատաքննությանը կարող է պարտադիր համարվել բողոքը ներկայացրած անձի, վարույթի մյուս մասնակիցների, այդ թվում` դատախազի մասնակցությունը»:

 

Հոդված 7.  Օրենսգիրքի 370-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակության նոր 2.1 մասով.

«2.1. Վերաքննիչ դատարանը եզրափակիչ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 379-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հրապարակումից» բառը փոխարինել «հրապարակումից կամ կայացումից» բառերով.

2) 2-րդ մասում «հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում,» բառերը փոխարինել «հրապարակումից կամ կայացումից հետո՝ ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում,»։

 

Հոդված 9․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    13.02.2025 - 28.02.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1571

Տպել

Առաջարկներ`

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

28.02.2025

ԿԱՐԾԻՔ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 13․02․2025թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը , որով առաջարկվում է սահմանել քրեական գործերով վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Մասնավորապես, առաջարկվում է ամրագրել վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած, սահմանելով բացառություններ վերաքննիչ դատարանում ապացույցներ հետազոտելու միջնորդության բավարարման, ինչպես նաև վերաքննիչ բողոքի բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտության մասին վերաքննիչ դատարանի եզրահանգման գալու դեպքերի համար։ Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնը հակառակն է․ դատական վարույթներն իրականացվում են բանավոր, իսկ օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև գրավոր ընթացակարգով: Գրավոր ընթացակարգով անցկացվում են, բացառապես, ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների, սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների, հանրային մասնակիցների վարութային ակտերի (մինչդատական ակտերի) իրավաչափության դատական երաշխիքների վարույթները, վճռաբեկությունը, հատուկ և բացառիկ վերանայումները։ Օրենսդրական փոփոխությունների հիմքում դրվել է վերաքննիչ դատարանում բողոքների մեծաքանակության խնդիրը, դատարանի ծանրաբեռնվածության թեթևացման և գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։ Այսպես, չնայած, ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2021-2026թթ․-ի ռազմավարությամբ ընդգծվել է դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման անհրաժեշտությունը, սակայն, միևնույն ժամանակ սահմանվել են կոնկրետ ուղղություններ, որոնք հանգեցնելու էին դատարանների թեթևացմանը, և դրանք որևէ առնչություն չունեն դատարաններում դատական վարույթի իրականացման ձևերի՝ գրավոր և բանավոր ընթացակարգերի փոփոխության հետ ։ Ըստ նախագծով առաջարկվող փոփոխությունների՝ քրեական վարույթներով վերաքննիչ բողոքները կարող են քննվել բանավոր ընթացակարգով՝ վարույթի մասնակիցների կողմից դատարանին ներկայացված ապացույցներ հետազոտելու միջնորդության բավարարման դեպքում։ Մասնավորապես, վարույթի մասնակիցներն իրավունք ունեն իրենց բողոքի, ինչպես նաև մյուս կողմի բողոքի կապակցությամբ տրված պատասխանի փաստարկումները հաստատելու համար դատարան ներկայացնելու նոր ապացույցներ, միջնորդելու ցուցմունք տալու համար դատարան հրավիրել իրենց նշած անձին, նշանակելու փորձաքննություն, պահանջելու իրենց համար ոչ մատչելի ապացույցներ, եթե հիմնավորում են, որ օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունեցել, կամ օբյեկտիվ անհրաժեշտություն չի եղել հետազոտելու այդ ապացույցները, հրավիրելու տվյալ անձին կամ առաջին ատյանի դատարանում միջնորդելու նշանակել փորձաքննություն, կամ հիմնավորում են, որ ներկայացված միջնորդությունն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է անհիմն: Հարկ է նկատել, որ ապացույցներ հետազոտելու միջնորդությունը բավարարելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանել է պահանջի հիմնավորման բարձր շեմ, որը բազմաթիվ քրեական վարույթներով կարող է չհաղթահարվել և միջնորդությունները կարող են մերժվել։ Մինչդեռ, անձը չպետք է կաշկանդված լինի բացառապես դատարանի կողմից միջնորդության բավարարման դեպքում իր գործով վերաքննիչ քննության դատական նիստին մասնակցելու իրավունք ձեռք բերելու պայմանով։ Դատարանում դատական նիստով գործի քննությանը մասնակցելը անձի արդար դատաքննության, գործի հրապարակային քննության՝ բանավոր լսման իրավունքն է (ՄԻԵԿ հոդված 6, ՀՀ Սահմանադրություն հոդված 63), հետևաբար դատական նիստին մասնակցելու համար լրացուցիչ հիմնավորման բեռի, նախապայմանների նախատեսումը հանդիսանում է քրեադատավարական սկզբունքների խախտում՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի՝ դատաքննության իրավունքի, կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքի (ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք հոդված 21, 23)։ Նկատի ունենալով, որ քրեական արդարադատության համակարգում առաջնային են ոչ միայն գործի փաստական հանգամանքները, այլ նաև հանցանք կատարած անձին բնութագրող տվյալները (պատժի անհատականացման սկզբունք), կարևոր է, որ վերաքննիչ բողոքների քննության ընթացքում դատարանն անմիջականորեն շփվի արարքը կատարած անձի հետ: Հակառակ պարագայում ստացվում է, որ անձի նկատմամբ առաջին ատյանի դատարանը նշանակում է պատիժ, այդ թվում՝ նաև հաշվի առնելով նրան բնութագրող տվյալները և նրա հետ դատաքննության ընթացքում ունեցած շփումը, սակայն պատժի իրավաչափության վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննության շրջանակում վերաքննիչ դատարանը չի ունենում նույն հնարավորությունը: Եթե վերաքննիչ դատարանը պետք է գործը քննի փաստերի ու իրավունքի տեսանկյունից և մեղավորության կամ անմեղության հարցի ամբողջական գնահատում կատարի, ապա չի կարող հարցի վերաբերյալ որոշում կայացնել առանց մեղադրյալի կողմից անձամբ ներկայացված այն ապացույցների ուղղակի գնահատման, որոնք տրամադրվել են՝ ապացուցելու համար, որ ենթադրաբար քրեական իրավախախտում համարվող արարքը ինքը չի կատարել (Popovici-ն ընդդեմ Մոլդովայի, § 68, Lacadena Calero-ն ընդդեմ Իսպանիայի § 38): Այն սկզբունքը, որ լսումները պետք է հրապարակային անցկացվեն, ներառում է մեղադրյալի կողմից վերաքննիչ դատարանում անձամբ ապացույցներ ներկայացնելու իրավունքը: Այդ տեսանկյունից՝ հրապարակայնության սկզբունքը հետամուտ է լինում մեղադրյալի՝ պաշտպանության մասով իրավունքները երաշխավորելու նպատակին (Tierce-ը և այլք ընդդեմ Սան Մարինոյի, § 95): Դատավարության մասնակիցը իր գործով դատական նիստում բանավոր լսվելու հարցում չպետք է կաշկանդված լինի Վերաքննիչ դատարանի հայեցողությամբ։ Միաժամանակ, յուրաքանչյուր գործով կախված այս կամ այն թվարկված գործոնով, դատարանը կարող է տարբերակված վերաբերմունք և ոչ միատեսակ պրակտիկա դրսևորել բողոքների քննության ընթացակարգերի որոշման հարցում։ Ավելին, գործի բանավոր ընթացակարգով քննությունը նպաստում է դատական վարույթների թափանցիկությանը` ամրապնդելով հանրային վստահությունը իրավական (դատական) համակարգի նկատմամբ: Բանավոր լսումների սահմանափակումը Հայաստանում կարող է բացասաբար ազդել գործընթացի թափանցիկության և օրինականության վերաբերյալ հանրային ընկալումների վրա և խարխլել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը: Քրեական գործերով վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգը չի կարող երաշխիքներ ապահովել դատաքննության մասնակիցների արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման համար: Ելնելով, նշված նկատառումներից, առաջարկում ենք Նախագծից հանել Օրենսգրքի 366-րդ հոդվածի 3-րդ մասի փոփոխությունը և դրանից բխող մյուս փոփոխությունները և լրացումները՝ բացառելու արդար դատաքննության իրավունքի ոտնահարման հնարավորությունները։ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Մարտիկ Մարտիրոսյան

26.02.2025

Ներկայում գործերի քննությունը, այդ թվում՝ վերաքննիչ ատյանում դանդաղում է հիմնականում այն պատճառով, որ կալանավորվածներին դատարան չեն տեղափոխում։ Պատճառն այն է, որ Ոստիկանության ուղեկցող գումարտակի ծառայողների հաստիքները թափուր են։ Արդյունքում ստացվում է, որ պետությունը չի կարողանում լուծել կալանավորված անձանց դատարան տեղափոխելու հարցը և դրա փոխարեն զրկում է նրանց վերաքննիչ դատարան ներկայանալու հնարավորությունից։ Եթե Ոստիկանության ուղեկցող գումարտակի հաստիքները համալրվեն, ապա բավականին կարագանա գործերի քննությունը։ Ուստի առաջարկում եմ այս նախագիծը չեղարկել։

Սամվել Հակոբյան

16.02.2025

Առաջարկվող փոփոխությունն ուղիղ հակադրության մեջ է գտնվում ինչպես ՄԻԵԴ իրավաբանության, Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի, այնպես էլ իրավական դոկտրինի հետ։ Մասնավորապես, վերաքննության կարգով բողոքարկված դատական ակտերի՝ գրավոր կարգով քննության ընթացակարգն ի զորու չէ ապահովելու ինչպես արդար դատաքննության, այնպես էլ դատական պաշտպանության իրավունքների ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ իրացումը։ Այսպես, թիվ ԵԴ/0188/11/18 գործով Վճռաբեկ դատարանը 2021 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ արձանագրել է, « Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է։ Այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և՛ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում, որը նվազ բարենպաստ չի լինի, քան այն հնարավորությունը, որը տրամադրվում է մրցակից կողմին։ Այսինքն` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ, ինչը, ի թիվս այլոց, ենթադրում է, որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը, ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին։ Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է, քանի որ քննության իրականացումն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում։ Այլ խոսքով` ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ նշյալ դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս Վերաքննիչ դատարանը պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ։ Այսպիսով, դատական քննությանը մասնակցելը կողմերի` քրեադատավարական օրենքով երաշխավորված իրավունքն է, իսկ նշված իրավունքի ապահովման պարտականությունը կրում է դատարանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդար դատական քննություն իրականացնելու պահանջը ՀՀ ներպետական իրավունքի իմաստով ևս հավասարապես վերաբերելի է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննությանը»։ Վերը ներկայացված որոշմամբ արված եզրահանգումներն ուղիղ հակասում են ներկայացված նախագծի բովանդակությանը, քանի որ վերանայման գրավոր ընթացակարգը ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ ՉԻ ԿԱՐՈՂ ապահովել այն երաշխիքները, որոնք կադող են կենսագործվել բանավոր վերանայման ընթացքում։ Դեռ ավելին՝ նոր քրեական դատավարության օրենսգրքով սահմանվել է հատուկ վերանայման (օրինակ՝ կալանքը որկես խափանման միջոց կիրառելու մասին որոշում) գրավոր ընթացակարգ, ինչը նույնպես հակասում է Վճռաբեկ դատարանի՝ վերը ներկայացված դիրքորոշմանը։ Հատկանշական է, որ ՄԻԵԴ իրավաբանությունը նույնպես հիմնված է՝ ստուգման (վերանայման) ընթացքում այն նույն պայմաններն ու երաշխիքները ապահովվելու տրամաբանության վրա, ինչը որ ապահովված է եղել առաջին ատյանի դատարանում՝ գործն ըստ էության քննելիս։ Առաջարկվող մոտեցումը քննադատվել է նաև հայկական գրականության մեջ։ Մասնավորապես, եթե կարդաք Ա.Ղազարյանի « ՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԽԱՌԸ ՏԻՊԻ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՏՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆ ՀԱԿԱՌԱԿ ԸՆԹԱՑՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ (ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱԼԱՆՔԻ (ԴՐԱ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ)» (2023) գիտական հոդվածը, ապա կհասկանաք ներկայացված առաջարկի անթույլատրելիության ամբողջ գաղափարախոսությունը։ Սա անթույլատրելի փոփոխություններ ենթադրող նախագիծ է։ Վերաքննության կարգով վերանայումը ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԳՐԱՎՈՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ շրջանակներում, դա անթույլատրելի է մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ իրացնելու համատեքստում։

Տեսնել ավելին