Մարիամ Չիլինգարյան
20.02.2025
Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացման և փոփոխությունների միջոցով բացահայտել կաշառքի և ապօրինի վարձատրության խոշոր և առանձնապես խոշոր չափերը, քանի որ գործող օրենսդրությամբ առկա է օրենսդրակա բաց։ Նմանատիպ օրենսդրական բաց առկա է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված շորթման հանցակազմի պարագայում։ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը պատասխանատվություն է նախատեսում խոշոր չափերով շորթման, իսկ 3-րդ մասի 3-րդ կետը առանձնապես խոշոր չափերով շորթման։ Շորթումը անձի կամ ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանցավորին կամ մեկ այլ անձին հանձնելու կամ հանցավորի կամ մեկ այլ անձի օգտին գույքային բնույթի գործողություն կատարելու կամ գույքային բնույթի պարտավորություն ստանձնելու կամ գույքային իրավունք ձեռք բերելուց ձեռնպահ մնալու պահանջն է՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կամ նրանց օրինական տնօրինության, տիրապետման, օգտագործման կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու, վնասելու, վերցնելու կամ չվերադարձնելու սպառնալիքով, շանտաժով կամ հարկադրանքի այլ եղանակով։ Քանի որ շորթումը հափշտակություն չի համարվում, դրա օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշների մեջ չի մտնում գույքը հանցավորինը կամ մեկ այլ անձինը դարձնելը․ բավարար է միայն այդպիսի պահանջ ներկայացնելը։ Ընդ որում շորթման հանցակազմը ձևական է․ այն ավարտված է համարվում պահանջը ներկայացնելու պահից։ Հետևաբար, շորթման դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի իմաստով կարող է չլինել ո՛չ հափշտակված գույք, ո՛չ պատճառված գույքային վնաս, ո՛չ էլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույք։ Ստացվում է, որ այն դեպքում, երբ հանցավորը շորթման հանցակազմով նախատեսված պահանջ է ներկայացնում, սակայն հանցագործությունից տուժած անձը հանցավորին որևէ գույք չի հանձնում, գույքային բնույթի գործողություն չի կատարում կամ ձեռնպահ չի մնում գույքային իրավունք ձեռք բերելուց, հանցավորին չեն կարող մեղսագրվել հանցանքը խոշոր չափերով կամ առանձնապես խոշոր չափերով կատարելու ծանրացնող հանգամանքները։ Հաշվի առնլով վերոգրյալը՝ առաջարկվում է 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը «պատճառած գույքային վնասի» բառերից հետո լրացնել ոչ միայն «, կաշառքի, ապօրինի վարձատրության» բառերով, այլև «, շորթման» բառով։