Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

75%25%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«____» _____________ 2025 թվական N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Ավիացիայի մասին» օրենքի 52-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 17՝ «Ավիացիոն անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 3-րդ կետում «Անվտանգություն» բառը փոխարինել «Ավիացիոն անվտանգություն» բառերով։

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ավիացիոն անվտանգություն - Քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից, որն ապահովվում է մարդկային ու նյութական ռեսուրսների ներգրավման և մի շարք համալիր միջոցառումների իրականացման միջոցով։»․

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.6-րդ կետով.

«6.6․Ավիացիոն անվտանգության մշակույթ - Անվտանգության հետ կապված նորմերի, արժեքների, դիրքորոշումների և համոզմունքների համակցություն, որը բնորոշ է կազմակերպության ամենօրյա գործունեությանն ու արտացոլված է կազմակերպության բոլոր ստորաբաժանումների գործողություններում և անձնակազմի անդամների վարքագծում:»․

4) 7․4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7․4․ Ավիացիոն Անվտանգության տեսչական ուսումնասիրություն -  Ավիացիոն անվտանգության կոնկրետ միջոցառումների կիրառման արդյունավետության հայտարարված կամ չհայտարարված ստուգում։»․

         5) 13.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «13.1. Ավիացիոն անվտանգության սահմանափակ մուտքի գոտի՝ օդանավակայանի վերահսկելի գոտիների առավել ռիսկային համարվող տարածքներ, որտեղ, բացի մուտքի հսկողության միջոցառումներից, իրականացվում են նաև ավիացիոն անվտանգության հսկողության այլ միջոցառումներ:».

          6) 29-րդ կետի «ա» ենթակետում «ազգային ծրագրի պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել «ապահովում է, որպեսզի ավիացիոն անվտանգության աուդիտներ, փորձարկումներ և ստուգումներ իրականացնող որակի հսկողության տեսուչներն ունենան համապատասխան մասնագիտական պատրաստվածություն՝ այն խնդիրների լուծման համար, որոնք սահմանվել են ազգային ծրագրով,»․

7) 29-րդ կետի «գ» ենթակետում «համապատասխան տեղեկատվությունը» բառերից հետո լրացնել «, ապահովում է, որպեսզի քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի տարբեր ասպեկտներում ներգրավված պետական կառավարման մարմինների և  կազմակերպությունների ողջ անձնակազմը, ինչպես նաև այն անձինք, որոնք իրավունք են ստացել առանց ուղեկցման մուտք գործել օդանավակայանների վերահսկելի գոտիներ, անցնեն սկզբնական ուսուցում և հերթական վերապատրաստումներ՝ ավիացիոն անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության բարձրացման նպատակով:»․

8) 29-րդ կետի «ե» ենթակետում «լիազոր մարմնի կողմից.» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից առևտրային փոխադրումներ իրականացնող օտարերկրյա ավիաընկերություններից պահանջում է մշակել, ներդնել և պարբերաբար վերանայել ավիացիոն անվտանգության լրացուցիչ գրավոր ծրագիր, որը պետք է համապատասխանի Ազգային ծրագրի պահանջներին և հաստատվի լիազոր մարմնի կողմից:»․  

         9) 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով․

«ժ) սահմանում և կիրառում է ընթացակարգեր ԻԿԱՕ-ի անդամ այլ պետությունների հետ ավիացիոն անվտանգության ոլորտում այդ պետությունների շահերի վրա ազդող սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության ժամանակին փոխանցման համար, ելնելով նպատակահարմարությունից և հաշվի առնելով իր ինքնիշխանությունը, քննարկում է ԻԿԱՕ-ի կողմից ավիացիոն անվտանգության մասով երկրում իրականացված ստուգման արդյունքների և ուղղիչ գործողությունների մասին ԻԿԱՕ-ի անդամ մեկ այլ պետությանը տեղեկատվության տրամադրման կամ մերժման հարցը:»․

           10) ամբողջ տեքստում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության» բառերով և իրենց հոլովաձևերով, իսկ «Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կազմակերպության» բառերը փոխարինել «Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանս կազմակերպության» բառերով և իրենց հոլովաձևերով,

11) 33.5-րդ կետում «հաշվետվությունների ներկայացման կարգը։» բառերից հետո լրացնել «Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ներքին որակի հսկողության միջոցառումները կազմկերպվում և իրականացվում են օդանավակայանների կառավարիչների կողմից, որակի հսկողության սերտիֆիկացված մասնագետների միջոցով։».

12) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 61.1-րդ և 61.2-րդ կետերով․

«61.1․ԻԿԱՕ-ին ծանուցվում է անօրինական միջամտության հետևյալ գործողությունների դեպքում․

1) անօրինական միջամտության գործողության կամ օդանավի անօրինական զավթման փորձ,

2) անօրինական միջամտության գործողության կամ այդպիսի գործողության փորձ, որն ուղղված է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության դեմ, ներառյալ` դիվերսիաները, միտումնավոր վնասումը, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքավորումների տեղադրումը օդանավակայաններում, օդանավերում, օդանավով փոխադրվող բեռներում կամ փոստում,

3) ցանկացած այլ անօրինական միջամտության գործողությունները (ներառյալ զինված հարձակումները օդանավակայանում ու այլ նմանօրինակ գործողությունները` ուղղված աշխատակիցների, շինությունների ու օդանավակայանից դուրս տրանսպորտային միջոցների դեմ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք կարող են պոտենցիալ վտանգ ներկայացնել միջազգային քաղաքացիական ավիացիայի ու նրա ծառայությունների համար):

61.2․Կիրառվում են ԻԿԱՕ-ին տրամադրվող երկու տեսակի ծանուցումներ.

1) անօրինական միջամտության գործողության վերաբերյալ նախնական ծանուցում, որը պետք է նախապատրաստվի ու ներկայացվի ԻԿԱՕ-ին և համապատասխան պետություններին կարճ ժամկետներում (30 օրվա ընթացքում),

2) անօրինական միջամտության ակտի վերաբերյալ վերջնական ծանուցում, որը պետք է նախապատրաստվի ու ներկայացվի ԻԿԱՕ-ին և համապատասխան պետություններին հետաքննության ավարտից հետո (հնարավորության դեպքում 60 օրվա ընթացքում): Վերջնական ծանուցումները կարող են ուղարկվել նաև․

ա. այն պետությանը, որն սկսել է հետաքննությունը, բայց փոխանցել է հետաքննության անցկացման պատասխանատվությունն այլ պետության․

բ. օդանավի գրանցման պետությանը․

գ. օդանավ շահագործողի պետությանը․

դ. այն պետություններին, որոնց քաղաքացիները զոհվել են կամ ստացել են մարմնական վնասվածքներ կամ ձերբակալված են անօրինական միջամտության գործողության արդյունքում․

ե. ցանկացած պետությանը, որը տրամադրել է անօրինական միջամտության գործողության վերաբերյալ տեղեկատվություն, անհրաժեշտ միջոցներ, ծառայություններ և փորձագետներ կամ ցուցաբերել է այլ օգնություն:».

13) 79-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«79. Օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագրերը հատկացնում է տվյալ օդանավակայանի գործադիր մարմինը՝ կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա, որը նախքան օդանավակայանի վերահսկելի գոտիներ մուտքի մշտական կամ ժամանակավոր անցագրերի տրամադրումը՝ լիազոր մարմնի միջոցով իրականացնում են ստացված հայտում նշված անձանց նախապատմության տվյալների ստուգումներ:

Անձանց նախապատմության տվյալների ստուգումներ կատարվում են առնվազն երեք տարին մեկ անգամ: Օդանավակայանի վերահսկելի գոտիների մուտքի անցագրերի դիզայնը և բնութագրերը պետք է թարմացվեն առնվազն երկու տարին մեկ անգամ  և համաձայնեցվեն լիազոր մարմնի հետ:».

Օդանավակայանի հատուկ վերահսկելի կամ վերահսկելի գոտիների մուտքի անցագրերի կորստի դեպքում անցագիրը կորցրած անձը (աշխատող, տրանսպորտային միջոցի վարորդ, ուղեկցվող այցելու) անհապաղ անցագրի կորստի մասին պետք է հայտնի իր ղեկավարությանը, որն էլ իր հերթին պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի օդանավակայանի տնօրինությանը:      

Անցագրի կորստի վերաբերյալ տեղեկության ստացումից հետո օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավարի հանձնարարաությամբ ավիացիոն անվտանգության ծառայության անցագրային բաժնի կողմից կազմվում են անցագրի պատկերով ձևաթղթեր (stop-list), որոնք անցագրի կորստի վերաբերյալ տեղեկության ստացումից հետո 12 ժամվա ընթացքում տրամադրվում են օդանավակայանների վերահսկելի գոտիների հսկիչ անցագրային կետերին՝ կորած անցագրերի առգրավման, ինչպես նաև տվյալ անցագրերը ներկայացնող անձանց մուտքն օդանավակայանների վերահսկելի գոտիներ արգելելու և այդ անձանց ավիացիոն անվտանգության ծառայության կողմից արձանագրությամբ իրավապահ մարմիններին հանձնելու համար։

Անցագրի կորստի դեպքերում նոր անցագրերի տրմադրման կամ անցագրերի մերժման ընթացակարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով:».

14) 80-րդ կետը «ժամանակահատվածներում։» բառրից հետո  լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ խմբագրությամբ․

«Լիազոր մարմնի կողմից իր կառուցվածքային ստորաբաժամունմերի թռիչքային գործունեության տեսուչներին, թռիչքային անվտանգության տեսուչներին և ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության տեսուչներին տրվում են քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականներ են:

Օդանավի անձնակազմի անդամի վկայականները և քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով,  մինչև երկու տարի ժամկետով, նրանց նախապատմության նախնական և պարբերական ստուգումների անցկացումից հետո, որոնք պետք է կատարվեն առնվազն երկու տարին չգերազանցող կանոնավոր ժամանակահատվածներում, ինչպես նաև յուրաքանչյուր անգամ աշխատանքի ընդունվելիս:

          Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինների ստորաբաժանումների աշխատողներին օդանավակյանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների անցագրերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով, իսկ այդ ստորաբաժանումների անցագիր ստացող աշխատակիցների նախապատմության նախնական և պարբերական ստուգումներն իրականացվում են պետական կառավարման մարմինների կողմից և նախապատմության ստուգումների արդյունքները պահվում են այդ մարմինների համապատասխան ստորաբաժանումներում։»․

         15)  83-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«83. Թռիչքների իրականացման նպատակով օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից կանոնավոր և չարտերային օդանավերով թռիչքներ իրականացնող օտարերկրյա օդանավերի անձնակազմերի անդամների մուտքն օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների կողմից թույլատրվում է օդանավակայանների ուղևորային համալիրների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի հսկիչ անցագրային կետերում՝ օդանավի անձնակազմի անդամի վկայականի, անձնակազմի գլխավոր հայտարարագրի և վավեր անձանագրի ստուգումից հետո, իսկ նրանք թույլատրվում են թռիչքի սահմանային վերահսկողություն ծառայության կողմից օդանավի անձնակազմի անդամի վկայականի և անձնակազմի գլխավոր հայտարարագրի և վավեր անձանագրի ստուգումից հետո։ Նույն կարգով է իրականացվում նաև քաղաքացիական ավիացիայի տեսուչների մուտքը օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ։

Հայաստանի Հանրապետությունում գրանցված մինչև 5700 կգ թռիչքային քաշ ունեցող օդանավերի մասնավոր օդաչուների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ՝ թույլատրվում է  օդանավի անձնակազմի անդամի վկայականի (թռիչքային անցագիր), մասնավոր օդաչուի վկայականի, անձնակազմի գլխավոր հայտարարագրի և վավեր անձնագրի ստուգումից հետո, իսկ օտարերկրյա գրանցում և մինչև 5700 կգ թռիչքային քաշ ունեցող օդանավերի օդաչուների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ թույլատրվում է սիրողական օդաչուի վկայականի (PPL), անձնակազմի գլխավոր հայտարարագրի (GD), վավեր անձնագրի հիման վրա։

Փոքր ավիացիայի օդանավակայաններում, այդ թվում՝ կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներում, լիազոր մարմնի կողմից ճանաչված օդանավերի թռիչք-վայրէջքի հարթակներում և ուղղաթիռային հարթակներում օդանավերի/ուղղաթիռների անձնակազմերի անդամների, այդ թվում մասնավոր օդաչուների մուտքն օդանավակայանների թռիչք-վայրէջքի հարթակների և ուղղաթիռային հարթակների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ/ուղղաթիռ թույլատրվում է օդանավի անձնակազմի անդամ վկայականի (թռիչքային անցագիր), սիրողական օդաչուի վկայականի (PPL), անձնակազմի գլխավոր հայտարարագրի (GD) և վավեր անձնագրի ստուգումից հետո».

         16) 85.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«85.1. Ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթների իրականացման մեջ ներգրավված կամ ավիացիոն անվտանգության ապահովման համար պատասխանատու կազմակերպությունների բոլոր աշխատողները և օդանավակայանների հատուկ վերահսկելի ու վերահսկելի գոտիներ առանց ուղեկցման մուտքի իրավունքի անցագրի ստացման համար հայտ ներկայացրած կազմակերպությունների աշխատողները պետք է անցնեն նախապատմության նախնական և պարբերական ստուգումներ:

Լիազոր մարմինը՝ հաշվի առնելով քաղաքացիական ավիացիայի գործունեության յուրահատուկությունները և հնարավոր սպառնալիքները, ինչպես նաև այն հանգամանքը, որ քաղաքացիական ավիացիայի համակարգի աշխատողներին իրենց աշխատանքնային պարտականությունների կատարման պայմաններիներից ելնելով, հասանելի են  դառնում քաղաքացիական ավիացիայի ենթակառուցվածքային համակարգերի գործունեության բնույթը և կիրառվող տեղեկատվական տեխնոլոգիաների առանձնահատկությունները, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ապահովման վերաբերյալ այնպիսի սահմանափակ տեղեկատվությունը, որը կարող է օգտագործվել քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների իրականացման համար, պետք է ապահովի, որպեսզի օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագրերի ստացման համար դիմած անձանց նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցով կիրառվեն կենսագրության և նախապատմության նախնական ստուգումներ, մինչև նրանց օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագիր տրամադրելը, ինչպես նաև իրականացվեն պարբերական ստուգումներ՝ հետագա աշխատանքային գործունեության ընթացքում:

Նախապատմության ստուգումները պետք է իրականացվեն թեկնածուի համաձայնությամբ, շարունակական հիմունքներով, որպեսզի համոզվեն, որ տվյալ անձը համապատասխանում է պահանջվող չափանիշներին։ Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակներից ելնելով, նախապատմության ստուգումները պետք է իրականացվեն յուրաքանչյուր անգամ, երբ տվյալ անձն օդանավակայանի հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների առանց ուղեկցման մուտքի մշտական թույլտվություն է ստանում կամ իրավունք է ստանում իրականացնել ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության մշակման գործառույթներ:

Այն անձինք, որոնք նախապատմության ստուգման համաձայնություն չեն տալիս կամ նախապատմության ստուգման արդյունքներով չեն համապատասխանում ազգային ծրագրով սահմանված պահանջներին՝ անհապաղ պետք է զրկվեն օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ մուտքի իրավունքից և նրանց չպետք է տրամադրվեն օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագրեր։

Օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ մուտքի մեկանգամյա ուղեկցվող այցելուի և մեկանգամյա չուղեկցվող այցելուների անցագրերը տրվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով։

Ավիացիոն անվտանգության ապահովման գործառույթների իրականացման մեջ ներգրավված կազմակերպությունները, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագրի ստացման համար օդանավակայանի տնօրինությանը հայտով դիմած կազմակերպությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով իրենց հայտին կից պետք է ներկայացնեն նաև հայտում նշված անձանց, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում և օդանավ շահագործող ընկերություններում աշխատանքի ընդունված օտարերկրյա քաղաքացիների  վերաբերյալ մասնագիտացված բժշկական հաստատության կողմից տրված փորձագիտական եզրակացությունը՝ անձի օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առկայության կամ բացակայության մասին (առնվազն՝ մարիխուաննա, հերոին, մեթամֆետամին և ափիոն տեսակների համար):

Հայտում նշված անձի կամ անձանց մոտ սույն կետում նշված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի որևէ մեկի առկայության մասին բժշկական հաստատության կողմից տրված փորձագիտական եզրակացության դեպքում՝ անցագիր չի տրամադրվում և նման անձիք օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում գործառույթներ չեն կարող իրականացնել:

Հայտին կից պետք է ներկայացվի նաև անձի հոգեկան վիճակի մասին մասնագիտացված բժշկական հաստատության կողմից տրված փորձագիտական եզրակացությունը։ 

Օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների մուտքի անցագրեր չեն տրամադրվում նաև այն անձանց, որոնք ունեն շիզոֆրենիա, տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ, մտավոր հետամնացություն, այնպիսի հոգեկան և վարքային խանգարումներ, որոնք կարող են առաջանալ հոգեմետ նյութերի գործածման հետևանքով, տառապում են թմրամոլությամբ, օգտագործել կամ օգտագործում են թմրանյութեր և քիմիական նյութեր, հաշվառված կամ գրանցված են նարկոլոգիական դիսպանսերներում, ենթարկվել են քրեական հետապնդման թմրանյութերի անօրինական պահման, օգտագործման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Լիազոր մարմինը պետք է ապահովի նաև այն անձանց նախապատմության ստուգման աշխատանքների իրականացումը, որոնք ելնելով իրենց պաշտոնական պարտականությունների կատարման բնույթից՝ հասանելիություն ունեն ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվությանը։ Այն անձինք, որոնք նախապատմության ստուգման արդյունքներով չեն համապատասխանի ազգային ծրագրով սահմանված պահանջներին, նրանց ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության տիրապետման իրավունք չի տրվում:

Քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները պետք է պահպանեն նախապատմությունների ստուգման նպատակով ազգային ծրագրով սահմանված ընթացակարգերը, իսկ հնարավոր բացթողումների մասին անհապաղ պետք է տեղեկացնեն լիազոր մարմնին։».

17) 85.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«85.3. Օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիների մուտքի թույլտվության համար անցագրեր չեն տրվում այն անձանց, որոնք դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով` 133-135, 142, 146-147, 151-173, 177-184, 186-202, 204-207, 218-220, 224-225, 227, 237-242, 244-250, 252-260, 262-341, 346-347, 349-350, 359-365, 393-406, 408-463, 469-482, 486, 492-500, 503-504, 506, 508, 516-523, 525-550 եթե այդ անձանց դատվածություններն օրենքով սահմանված կարգով չեն կարճվել կամ մարվել:»

         18) 85.4-րդ կետում «հանվել» բառը փոխարինել «կարճվել» բառով․

         19) 92-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«92. Օդանավի թռիչքի նախապատրաստման ժամանակ՝ թռիչքից առաջ կատարվում է օդանավի նախաթռիչքային մակերեսային զննում (այսուհետ՝ օդանավի ստուգում անվտանգության նպատակով կամ օդանավի ստուգում), նպատակ ունենալով բացահայտել օդանավում կողմնակի անձանց, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի ու այլ վտանգավոր իրերի և առարկաների առկայությունը, որոնք կարող են օգտագործվել օդանավի նկատմամբ անօրինական միջամտության ակտերի իրականացման համար։

Անվտանգության նպատակով օդանավերի նախաթռիչքային ստուգումն իրականացվում է տվյալ օդանավի  անձնակազմի կողմից:

         20) 92.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«92.1. Տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավերը մինչև թռիչքին անցնելը պետք է ենթարկվեն նախաթռիչքային ստուգման անվտանգության նպատակով՝   տվյալ օդանավի անձնակազմի կողմից: Անհրաժեշտության դեպքում՝ օդանավի հրամնատարի որոշմամբ օդանավերի օդանավի արտաքին և ներքին լիակատար և մանրակրկիտ զննման (այսուհետ՝ օդանավի զննում անվտանգության նպատակով կամ օդանավի զննում) աշխատանքները կարող են իրականացվել օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների կողմից։ Օդանավերի ավիացիոն անվտանգության նպատակներով ստուգման և զննման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2005 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները հաստատելու մասին» N102-Ն հրամանով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գտնվող օտարերկրյա օդանավերի անվտանգության նպատակով ստուգումն իրականացվում է տվյալ օդանավերի անձնակազմերի կողմից: Անհրաժեշտության դեպքում՝ օտարերկրյա օդանավի հրամնատարի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների կողմից կարող են իրականացվել օդանավի զննման աշխատանքներ։  Զննման աշխատանքների ավարտից հետո, այդ մասին տեղեկացվում է գրավոր կարգով տեղեկացվում է օդանավի հրամանատարին: Զննման կամ ստուգման փաստը ամրագրող գրառումները պետք է պահպանվեն առնվազն 24 ժամվա ընթացքում կամ տվյալ ուղղոթյամբ օդանավի թռիչքի ամբողջ տևողության ընթացքում, եթե այն գերազանցում է 24 ժամը:

21) 97-րդ, 98-րդ, 99-րդ, 100-րդ, 101-րդ և 102-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«97. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքներում և Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող պահպանության ենթակա աէրոնավիգացիոն կարևորագույն միջոցների և օբյեկտների պահպանության իրականացման կարգը և պայմանները պետք է մանրամասն նկարագրվեն աէրոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության ավիացիոն անվտանգության ծրագրում և հաստատվեն Լիազոր մարմնի կողմից։

  1. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքներում և Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող նավիգացիոն սարքավորումները և օբյեկտները պետք է մշտապես գտնվեն պահպանության ներքո:
  2. Աերոնավիգացիոն օբյեկտների պահպանությունը պետք է իրականացվի աէրոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության ավիացիոն անվտանգության ծառայության կողմից՝ օդային երթևեկության կառավարման կենտրոններ մուտք գործող անձնաց զննման, իսկ աէրոնավիգացիոն կարևորագույն միջոցները և օբյեկտները՝ ֆիզիկական պահպանության, պահպանության ազդանշանային և տեսահսկման համակարգերի կիրառման միջոցով։

100․ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պահպանության են ենթակա հետևյալ կարևորագույն նավիգացիոն միջոցները և օբյեկտները․

1) օդային երթևեկության կառավարման համակարգը,

2) «Երևան» օդային երթևեկության կառավարման կենտրոնը,

3) «Երևան» աերոդրոմային կարգավարական կետը,

4) կուրսային ռադիոփարոսը,

5)  գլիսադային և հեռաչափ ռադիոփարոսները,

6) քաղաքացիական ավիացիայի կոմտեի մասնաշենքը։

  1. «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից դուրս, այդ թվում «Շիրակ» օդանավակայանի տարածքում գտնվող և Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող պահպանության ենթակա նավիգացիոն կարևորագույն միջոցների և օբյեկտների պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդային երթևեկության սպասարկում իրականացնող ընկերությունն իր ուժերով՝ ֆիզիկական պահպանության, պահպանության ազդանշանային համակարգերի և տեսահասկման համակարգերի միջոցով։

 Պահպանության  ենթակա նավիգացիոն կարևորագույն միջոցները և օբյեկտներն են․

1) «ՄՌ-11ԱԱ» մայրուղային ռադիոլոկացիոն համակարգը,

2) «Անդրանիկ» վերահաղորդիչ կայանը,

3) «Ոսկեհատ» վերահաղորդիչ կայանը,

4) «Մռավյան» վերահաղորդիչ կայանը։

  1. «Շիրակ» օդանավակայանի տարածքում ավիացիոն անվտանգության ծառայության պահպանության ներքո գտնվում են հետևյալ կարևորագույն նավիգացիոն միջոցները և օբյեկտները․

1) DVOR/DME նավիգացիոն համակարգը,

2) «Գյումրի» աերոդրոմային կարգավարական կետը,

3) կուրսային ռադիոփարոսը,

4) գլիսադային և հեռաչափ ռադիոփարոսները։»:

     22) 102.1-ին կետի 1-ին ենթակետում «բացառությամբ» բառը փոխարինել «այդ թվում» բառերով,

     23) 102.1-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

     «3) փոքր ավիացիայի օդանավակայաններում, այդ թվում՝ կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներում, լիազոր մարմնի կողմից ճանաչված օդանավերի թռիչք/վայրէջքի հարթակներում և ուղղաթիռային հարթակներում դրանց սեփականատերերի կամ կառավարիչների կողմից կողմնակի անվտանգության ապահովման նպատակով պետք է իրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ՝ կազմկերպվի տարածքի պահպանություն, պարսպապատում, տեսահսկում, պարեկում, անցագրային վերահսկողության համակարգի ներդրում և մուտքն արգելող նշանների տեղադրում».

      24) 102.1-ին 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4) փոքր ավիացիայի օդանավերով, այդ թվում մասնավոր օդանավերով կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներից, թռիչքվայրէջքի հարթակներից և ուղղաթիռային հարթակներից թռիչքների իրականացման դեպքերում՝ օդանավի/ուղղաթիռի նախաթռիչքային զննման և այդ օդանավերով փոխադրվող ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի (բեռների, փոստի) զննման աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են աերոդրոմների, թռիչք/վայրէջքի հարթակների և ուղղաթիռային հարթակների սեփականատերերի կամ կառավարչների ուժերով և միջոցներով, իսկ զննման տեխնիկական միջոցների և զննման մասնագետների բացակայության դեպքում՝ օդանավի/ուղղաթիռի նախաթռիչքային զննման, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի (բեռների, փոստի) զննման աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են անմիջապես օդանավի/ուղղաթիռի հրամանատարի կողմից կամ նրա որոշմամբ՝ օդանավի անձնակազմի անդամի կողմից, իսկ զննման արդյունքների մասին տվյալները լրացվում են օդանավի/ուղղաթիռի գրանցամատյանում և զննման թերթիկում։ Զննման թերթիկը լրացվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը հանձնվում է աերոդրոմների, թռիչք/վայրէջքի հարթակների և ուղղաթիռադաշտերի վերգետնյա սպասարկում իրականացնող աշխատողին, իսկ երկրորդ օրինակը մնում է օդանավի/ուղղաթիռի հրամանատարի մոտ։

Փոքր ավիացիայի օդանավերի օդաչուները, այդ թվում ուղղաթիռների և մասնավոր օդանավերի օդաչուները պետք է անցնեն ուսուցում զննման ընթացակարգերին տիրապետման մասով և սերտիֆիկացվեն Լիազոր մարմնի կողմից»․  

        25) 126-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«126․Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով օդանավակայաններում պետք է ներդրվեն և շահագործվեն ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցներ ու սարքավորումներ, ընդ որում այդ գործընթացում պետք է առավելությունը տրվի ավիացիոն անվտանգության նորագույն տեխնիկական սարքավորումների ներդրմանն ու շահագործմանը: Կարող են ներդրվել և կիրառվել ուղեբեռների զննման միաստիճան և բազմաստիճան համակարգեր: Ուղեբեռների միաստիճան զննման համակարգի կիրառման դեպքերում՝ ուղեբեռի զննումն իրականացվում է մեկ զննման կետում միևնույն տեսուչի կամ տեսուչների կողմից մեկ զննման սարքավորման միջոցով և զննված ուղեբեռի անվտանգության վերաբերյալ որոշումն ընդունում է զննող տեսուչը:

  Օդանավակայաններում ուղեբեռների զննման բազմաստիճան նորագույն տեխնիկական սարքավորումների ներդրման և այդ համակարգերի կիրառման դեպքում զննման գործընթացի ժամանակ պետք է կիրառվենեն օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի հայտնաբերման ծրագրային համակարգերով կահավորված զննման սարքավորումներ, որոնք տեղադրվում են ուղեբեռի սպասարկման հոսքագծում և ամբողջությամբ զննում են փոխադրման ընդուված յուրաքանչյուր ուղեբեռ: Զննված ուղեբեռի տվյալների վերլուծությունը և գնահատումն իրականացվում է զննման սարքավորման ծրագրային համակարգով, ընդ որում․

       1) թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, արգելվում է փոխադրման նպատակով ընդունել օդանավի բեռնային տեղամասերում պայթուցիկ և դյուրավառ նյութեր, միացություններ և սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու կամ օդանավերի թռիչքների անվտանգությանն սպառնալիք ստեղծելու համար, դրանք են․

ա. զենքը և ռազմամթերքը,

բ. հրապատիճ-դետոնատորները,

գ. պայթուցիչ դետոնատորները և բռնկիչները,

դ.հրատեխնիկական միջոցները, հրավառության համար նախատեսված արտադրանքը,

ե. ծխասփյուռ կոները կամ փամփուշտները,

զ. դինամիտը, վառոդը, պլաստիկ պայթուցիկ նյութերը։

Այն դեպքերում, երբ նորագույն տեխնիկական սարքավորումների կիրառման դեպքում սարքավորման ծրագրային համակարգը բացահայտում է արգելված առարկա, իր կամ նյութ,  այն սարքավորման կողմից ուղարկվում է զննման երկրորդ փուլ, որտեղ  առանձին զննման սարքավորման միջոցով զննման օպերատորների կողմից կատարվում է այդ առարկայի, իրի կամ նյութի կրկնակի զննում։ Երկրորդ փուլում  առարկայի, իրի կամ նյութի և զննման ընթացքում արգելված առարկայի, իրի կամ նյութի ճանաչման դեպքում այդ առարկան, իրը կամ նյութը հանվում է ուղեբեռից և կազմվում է համապատասխան արձանագրություն, իսկ եթե զնմնան ընթացքում պարզվում է, որ առարկան, իրը կամ նյութը իրենեից վտանգ չի ներկայացնում և թույլատրված է փոխադրման, այն ուղարկվում է ընդհանուր հոսքագծով հետգա ընթացակարգերի կիրռման համար, իսկ եթե զննման ընթացքում հայտնաբերվում է արգելված առակա, իր կամ նյութ, ապա այն ուղարկվում է զննման երրորդ փուլ, որտեղ զննող օպերատորի կողմից իրակաացվում է դիտողկան զննում և զննող տեսուչը որոշում է կայացվում զննված ուղեբեռի անվտանգության վերաբերյալ:»․

          26) 133-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«133. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած քաղաքացիները, մինչև աշխատանքի ընդունվելը, պետք է օդանավակայանի կադրերի և ավիացիոն անվտանգության ստորաբաժանումներում անցնեն  հարցազրույցի փուլ՝ նրանց մտքի ճկունությունը, կողմնորոշվելու ունակությունը, հուսալիությունը, ընդհանուր վարվելակերպը և տրամադրվածությունը պարզելու համար, ինչպես նաև հանձնեն ստուգարք ֆիզիկական վարժություններից, մասնավորապես.

1) գետնից հրում.

ա. մինչև 35 տարեկան տղամարդիկ՝ 20 անգամ, կանայք՝ 10 անգամ, 

բ. 35-ից բարձր տարիք ունեցող տղամարդիկ՝ 15 անգամ, կանայք՝ 7 անգամ,

2) վազք 100 մետր.

ա. մինչև 35 տարեկան տղամարդիկ՝ 20 վարկյան, կանայք՝ 25 վայրկյան,

բ. 35-ից բարձր տարիք ունեցող տղամարդիկ՝ 25 վայրկյան, կանայք՝ 30 վայրկյան,

3) վազք 1500 մետր.

ա. մինչև 35 տարեկան տղամարդիկ՝ 10 րոպեում, կանայք՝ 20 րոպեում,

բ. 35-ից բարձր տարիք ունեցող տղամարդիկ՝  20 րոպեում, կանայք՝ 30 րոպեում:

          Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու համար  դիմած  թեկնածուները, մինչև աշխատանքի ընդունումը պետք է մասնագիտացված ավիացիոն բժշկական հաստատություններում անցնեն նաև նախնական բժշկական զննում, իսկ աշխատանքի ընդումից հետո, առնվազն տարեկան մեկ անգամ պարբերաբար բժշկական զննում՝ Ազգային ծրագրի 132.2-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգման նպատակով:

          Օդանավակայանի տնօրինությունը պարբերական բժշկական զննությունը կազմակերպում է՝ հաշվի առնելով կազմակերպությունում սահմանված աշխատակարգը, իսկ անհրաժեշտության դեպքում կարող է նաև կազմակերպել օդանավակայանի աշխատողների արտահերթ բժշկական զննում՝ բժշկական  զննման համար ներկայացվող ուղեգրում նշվելով արտահերթ զննության ուղարկման հիմնավոր պատճառները:».  

27)  135.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«135.1. Ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության նորմերին և ընթացակարգերին տիրապետման նպատակով՝ քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների և օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների աշխատողների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրով սահմանված կարգով  պետք է կազմակերպեն ու անցկացվեն ավիացիոն անվտանգության մասով աշխատողների սկզբնական և հերթական ուսումնական դասընթացներ։

Սկզբնական և հերթական ուսուցման դասընթացները պետք է անցնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ուսումնական ծրագրում ներաված բոլոր կազմակերպությունների` օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող կազմակերպությունների, օդանավերի տեխնիկական սպասարկումներ, ուղևորների սպասարկումներ, բորտ սննդի մատակարարումներ, վերգետնյա սպասարկումներ, բեռների սպասարկումներ, ներառյալ՝ բեռնային գործակալների, հայտնի առաքողների և հայտնի մատակարարների, անմաքս առևտրի խանութների և դրանց համար ապրանքներ մատակարարող կազմակերպությունների աշխատակիցները (հայտնի առաքողներ և հայտնի մատակարարներ), օդանավակայանում և օդանավերում մաքրման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների, օդանավակայանի ընդհանուր օգտագործման սրահներում գործող սրճարանների, խանութների, առևտրի կետերի, ավտոկայանատեղիների աշխատողները, օդանավակայաններում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների (ոստիկանության, սահմանային, հարկային, մաքսային, բժշկական, բժշկասանիտարական, սննդի անվտանգության) աշխատողները։».

28) 135.3-րդ, 135.4-րդ և  135.5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«135.3. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների մուտքերի պահպանության ստորաբաժանումերի աշխատողների սկզբնական ուսուցումները պետք է անցկացվեն աշխատանքի վայրում՝ 36 ժամ տևողությամբ, ընդ որում, դասավանդումը պետք է իրականացվի սերտիֆիկացված հրահանգիչների կողմից, որից հետո պետք է տեղում հանձնեն թեստ՝ ձեռք բերված գիտելիքների գնահատման նպատակով։   Հերթական ուսուցումները պետք է անցկացվեն սկզբնական ուսումնական դասընթացից հետո յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝  12 ժամ տևողությամբ։».

135.4. Օդանավակայաններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների և պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների աշխատակիցները պետք է անցնեն սկզբնական և հերթական ուսուցում, որպեսզի պահպանեն սկզբնական ուսուցման ընթացքում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, ինչպես նաև ձեռք բերեն ավիացիոն անվտանգության միջոցառումների զարգացմանը զուգընթաց նոր կարևոր գիտելիքներ, հմտություններ և ունակություններ: Հերթական ուսուցման հաճախականությունը պետք է լինի յուրաքանչյուր երկուտարին մեկ անգամ՝ 12 ժամ տևողությամբ, որից հետո տեղում պետք է հանձնեն թեստ՝ նոր ձեռք բերված գիտելիքների գնահատման նպատակով:

135.5. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման գործառույթներ իրականացնող օպերատորների սկզբնական ուսուցման դասընթացը պետք է ունենա 52 ժամ տևողություն, որից 12 ժամը պայթուցիկ հետքեր հայտնաբերող սարքավորումների մասով և 25 ժամ գործնական ուսուցում զննման ռենտգենյան սարքերով։ Ուսուցում պետք է բաղկացած լինի լսարանային ժամերից, համակարգչային ուսուցման ժամերից և իրական զննման սարքավորումների վրա պարապմունքների համատեղությունից։ Ուսուցման գործընթացը պետք է իրականացվի սերտիֆիկացված հրահանգիչների կողմից, որից հետո պետք է տեղում հանձնեն թեստ՝ ձեռք բերված գիտելիքների գնահատման նպատակով։

          Սկզբնական ուսուցման ավարտից հետո զննման օպերատորները պետք է աշխատանքի վայրում անցնեն փորձաշրջան՝ երեք ամիս ժամկետով, ավիացիոն անվտանգության ծառայության փորձառու աշխատակցի հսկողության պայմաններում, որից հետո ՀՀ ՏԿԵ նախարարարության կողմից սահմանված կարգով՝ Լիազոր մարմնի կողմից պետք է կազմակերպվի և անցացվի զննող օպերատորների սերտիֆիկացում  և սերտիֆիկացման դրական արդյունքների դեպքում իրավունք նրանք կստանան ինքնուրույն իրականացնել զննող օպերատորի գործառույթներ։

Զննման օպերատորները յուրաքանչյուր 12 ամիսը մեկ անգամ պետք է անցնեն 12 ժամ տևողությամբ գործնական վերապատրաստում և տեսական վերապատրաստում, որից հետո կրկին լիազոր մարմնի կողմից պետք է սերտիֆիկացվեն։».

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

             ՎԱՐՉԱՊԵՏ                                                                Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    17.01.2025 - 02.02.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 665

Տպել