Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն և №523-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշումների նախագծեր
-
2 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) համաձայն՝ 6 (10) կՎ լարման այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց 6(10) կՎ լարման բոլոր առևտրային հաշվառքի սարքերով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը պարտավոր են իրենց տվյալ լարման հաշվառման կետերի մասով ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ԷՄԱ կանոնների համաձայն ընտրել մատակարար։ Ընդ որում, հիշյալ սպառողների առևտրային հաշվառումն ապահովող հաշվառման համալիրները պետք է համապատասխանեն հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնների (այսուհետ՝ ԷՀՑ կանոններ) 38-րդ գլխով սահմանված պահանջներին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից հանձնաժողով ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 1-ից որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ ԷՄԱ կանոնների համաձայն մատակարար ընտրելու պարտավորություն ունեն 227 սպառող, որոնք ունեն 451 առևտրային հաշվառքի սարք, որից 223-ն է կարդացվում բաշխողի էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում (ԲԷԱՀ)։ Բացի այդ, հիշյալ 451 սպառողներն ունեն 1067 ենթասպառողներ, որից միայն 183 ենթասպառողի հաշվառքի սարքն է կարդացվում ԲԷԱՀ-ում։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ի լրումն վերը նշվածի՝ տեղեկատվություն է ներկայացվել հանձնաժողով, համաձայն որի՝ որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ ԷՄԱ կանոնների համաձայն մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող հիշյալ 227 սպառողներից բացի ներկայացված ցանկում պետք է ներառվեն նախկինում չդիտարկված ևս 37 սպառող՝ շուրջ 10008 առևտրային հաշվառքի սարքով։ Միևնույն ժամանակ, ընկերությունը նշել է, որ լրամշակված ցանկում ներառված նոր սպառողների շուրջ 6600 առևտրային հաշվառքի սարք չի համապատասխանում ԷՀՑ կանոններով սահմանված պահանջներին։ Բացի այդ, նշված 37 սպառողների էլեկտրատեղակայանքներից սնվում են 1114 ենթասպառող, որոնցից միայն 174 ենթասպառողի հաշվառքի սարքերն են կարդացվում ԲԷԱՀ-ում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ սպառողների առևտրային հաշվառքի սարքերը ԷՀՑ կանոնների պահանջներին համապատասխանեցումն անիրատեսական է մինչև 2025 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում, 2025 թվականի փետրվարի 1-ից այդ սպառողների մուտքը շուկա դարձել է անիրագործելի։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ ԷՄԱ կանոնների համաձայն մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողների համար ԷՄԱ կանոններով սահմանված ժամկետներում։
Միաժամանակ, հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) համաձայն՝ բաշխողը առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ԲԷԱՀ-ին միացման վերաբերյալ սպառողի դիմումը և ԷԲՑ կանոնների 257-րդ կետում նշված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում փոխարինում է առևտրային հաշվառքի սարքը և համապատասխան փոփոխություն է կատարում հաշվառման քարտում՝ ամրագրելով փոխարինված առևտրային հաշվառքի սարքի վերաբերյալ տվյալները: Գործնականում որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ ԷՄԱ կանոնների համաձայն մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողների համար բաշխողին դիմելու և բաշխողի կողմից վերջիններիս առևտրային հաշվառքի սարքերը փոխարինելու հստակեցված ժամկետի սահմանման անհրաժեշտություն է առաջացել։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Էլեկտրաէներգետիկական մածածախ շուկայի ազատականացման բարեփոխման շարունակականությունը ապահովելու և շուկայի գործարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրներն ու հնարավոր ռիսկերը չեզոքացնելու նպատակով նախատեսվել են փոփոխություններ և լրացումներ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի 517-Ն և №523-Ն որոշումներով հաստատված՝ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային և բաշխման ցանցային կանոններում։ Մասնավորապես, ներկայացված նախագծերով նախատեսվել են՝
- 6 (10) կՎ լարման այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց որևէ 6 (10) կՎ լարման առևտրային հաշվառքի սարքով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում, պարտավոր են ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ԷՄԱ կանոնների համաձայն ընտրել մատակարար տվյալ հաշվառման կետի մասով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը,
- 6 (10) կՎ լարման այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարում իրենց 6 (10) կՎ լարման բոլոր՝ 12 հազար կՎտժ սպառումը գերազանցող առևտրային հաշվառքի սարքով ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում, պարտավոր են ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ԷՄԱ կանոնների համաձայն ընտրել մատակարար տվյալ հաշվառման կետի մասով մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը,
- նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր առևտրային հաշվառքի սարքերով՝ անկախ լարման մակարդակից, տարեկան 1 մլն կՎտժ և ավելի սպառում ունեցած սպառողների համար էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկա դուրս գալու ժամկետը հետաձգվել է 1 տարով,
- սահմանվել է որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ ԷՄԱ կանոնների համաձայն մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողի դիմելու դեպքում բաշխողի կողմից առևտրային հաշվառքի սարքի փոխարինման և հաշվառման քարտում համապատասխան փոփոխություն կատարելու համար հստակեցված ժամկետ։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ ԷՄԱ կանոնների համաձայն մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողները հնարավորություն կունենան նախապես իրազեկված լինել իրենց պարտավորության վերաբերյալ, իսկ վերջիններիս առևտրային հաշվառքի սարքերի՝ ԷՀՑ կանոնների պահանջներին համապատասխանեցումը սահմանված ժամկետներում կլինի իրագործելի։ Միաժամանակ, բաշխողի կողմից սպառողների առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը կիրականացվի առավել հստակեցված ժամկետում։
-
Քննարկվել է
26.12.2024 - 12.01.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 1097
Տպել