ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-303-Ն օրենքով (այսուհետ` Օրենք) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատելու լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանը, և նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվեց, որ օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մայիսի 12-ի N 52-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչել և հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը հաստատել ՀՀ կառավարության որոշմամբ։
Ներկայացվող նախագծով առաջարկվում է․
- ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները, ըստ որոնց անվանական կրթաթոշակը տրվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների այն սովորողներին, ովքեր հանդիսանում են ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ, կամ դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ։ Անվանական կրթաթոշակը կտրամադրվի 12 ամիս՝ ամսական 5000-25000 դրամ չափով։ Նախագծով կանոնակարգվում է նաև անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները, ինչպես նաև սահմանվում է, որ եթե սովորողը երկու կամ երեք հիմքերով ընդգրկվել է կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա կարող է ստանալ դրանց չափերի հանրագումարի չափով կրթաթոշակ, անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա (12 ամսվա) հաշվարկով, ընդ որում, անկախ հաստատության կազմակերպական-իրավական ձևից՝ հաստատությունները կրթաթոշակը սովորողին են փոխանցում անկանխիկ եղանակով, անվանական կրթաթոշակ ստացողի ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա (12 ամսվա) համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ, կրթաթոշակ ստացող սովորողների ցանկը ենթակա է հրապարակման նաև կրթաթոշակ տրամադրող ուսումնական հաստատությունների ինտերնետային կայքում:
- ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները, ըստ որոնց մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին ուսումնառության ընթացքում անվանական տրվում է կրթաթոշակ ամսական 10000-45000 դրամի չափով՝ կախված կրթության մակարդակում սովորողի ընդգրկվածությունից և առաջադիմությունից։ Նախագծով կանոնակարգվում է նաև անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմները, ինչպես նաև սահմանվում է, որ կրթաթոշակների վճարումը սովորողներին իրականացվում է անկանխիկ եղանակով, նկատի ունենալով հետևյալը․ կրթաթոշակ ստացող սովորողներն իրավունք ունեն իրենց վճարված կրթաթոշակների մինչև 50 տոկոսն օգտագործել միայն արձակուրդային օրերին, մինչև տվյալ մարզառազմական պետական ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը սովորողներն իրավունք չունեն օգտագործել իրենց վճարված կրթաթոշակների առնվազն 50 տոկոսը։