«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու համար։
Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի դիսպոզիցիան չի նախատեսում պատասխանատվություն տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար, ինչը չհիմնավորված հայեցողություն է տալիս անձանց՝ վարելու տրանսպորտային միջոցներ առանց համապատասխան իրավունքի՝ վերահաստատելով քրեական պատասխանատվության չենթարկվելու համոզվածությունը և հաճախ հանգեցնելով ծանր հետևանքների։ Ավելին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, սակայն նախատեսված չեն արարքը կրկին կամ ավելի անգամ կատարելու դեպքում համարժեք պատասխանատվության միջոցներ։ Ավելին, նշված արարքը որոշակի ժամկետում կրկին կամ ավելի անգամ կատարելը պակաս հանրային վտանգավորություն չունի, քան երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունները։
Հիմք ընդունելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու հանրային վտանգավորությունը և տվյալ անձի համար միայն վարչական ներգործության անարդյունավետությունը՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում նույն արարքի կատարումը նախատեսել որպես հանցագործություն։
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված է սառը զենքի հասկացությունը, համաձայն որի՝ սառը զենք է համարվում կտրող, ծակող, ջարդող սարքը, որը նախատեսված է մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջական շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու և վնասազերծելու համար։ Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ի թիվս այլնի, քաղաքացիական զենքի տեսակ է համարվում սառը զենքը, իսկ նույն օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո քաղաքացիական համակցված կամ ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած քաղաքացին, իսկ քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացին: Օրենսդիրը հստակ արգելք է սահմանել 18 տարին չլրացած անձանց քաղաքացիական զենքի, այդ թվում՝ սառը զենքի ձեռքբերման համար՝ հիմք ընդունելով դրա վտանգավորության աստիճանը։ Պետք է նշել, որ սառը զենքերին կառուցվածքով նմանվող, ինչպես նաև ծակող կամ կտրող իրերը կամ առարկաները հաճախ կարող են մարդուն նույնքան վնաս պատճառել, ինչքան սառը զենքի գործադրման արդյունքում պատճառված վնասները։
Վերջին տարիներին կատարված հանցագործությունների կատարման մեխանզմների ուսումնասիրությունների արդյունքներից պարզ է դառնում, որ շատ հաճախ հանցագործությունները կատարվում են անչափահասների կողմից՝ սառը զենքերին կառուցվածքով նմանվող, ինչպես նաև ծակող կամ կտրող իրերի կամ առարկաների գործադրմամբ։ Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով հանցագործությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների արդյունավետության բարձրացման՝ պետության պարտականությունը՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է արգելել սառը զենքերին կառուցվածքով նմանվող, ինչպես նաև՝ ծակող կամ կտրող իրերի կամ առարկաների վաճառքը 18 տարին չլրացած անձանց, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն նախատեսել համապատասխան սուբյեկտների կողմից 18 տարին չլրացած անձանց սառը զենքերին կառուցվածքով նմանվող, ինչպես նաև ծակող կամ կտրող իրեր կամ առարկաներ վաճառելու, ինչպես նաև՝ վաճառքին ներգրավելու համար։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասում, որպես սանկցիա, նախատեսված է նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով տուգանք։ Հաշվի առնելով նշված վարչական իրավախախտման բարձր հանրային վնասակարությունը՝ առաջարկվում է խստացնել նշված խախտման համար պատասխանատվությւոնը։ Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասով պատասխանատվություն է նախատեսված առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելու համար, իսկ նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ անձը համարվում է առանց վարորդական վկայականի, եթե նա ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական:
Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում տեխնիկական հագեցվածության բարձրացումը ներկայումս ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներին հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիների մասով ստուգել ՀՀ քաղաքացու վարորդական վկայականի առկայությունը (արդյոք ՀՀ քաղաքացին ունի վարորդական վկայական թե՞ ոչ)։ Նշվածով պայմանավորված՝ ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները հնարավորություն ունեն՝ ստուգելու վարորդական վկայականը, սակայն դա ՀՀ քաղաքացու մոտ չլինելու դեպքում պետք է անձին ենթարկեն վարչական պատասխանատվության, ինչը չի բխում քաղաքացիների շահերից։ Ուստի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նոր խմբագրությամբ է շարադրվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 128-րդ հոդվածի 8-րդ մասը, որի արդյունքում, եթե իրավախախտումը հայտնաբերած պաշտոնատար անձը էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավորություն ունի ստուգել գործող վարորդական վկայականի առկայությունը, ապա ՀՀ քաղաքացին չի ենթարկվի վարչական պատասխանատվության։
Միաժամանակ, հաշվի առնելով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նոր խմբագրությամբ է շարադրվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 128-րդ հոդվածի 8-րդ մասը, ինչպես նաև՝ հաշվի առնելով վերը նշված տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացումը, ոստիիկանությանը իրավունք է վերապահվում՝ համապատասխան տեխնիկական միջոցներով նույնականացնել ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ոստիկանության համար նախատեսվում է իրավունք, որը ոստիկանությանը հնարավորություն կտա՝ շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով նույնականացնել ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված միջազգային վարորդական վկայականները Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտային միջոցներ վարելու համար համարվում են չգործող:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասը, ի թիվս դիսպոզիցիայով նկարագրված այլ արարքների, պատասխանատվություն է սահմանում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելու համար, սակայն Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր միաժամանակ հանդիսանում են այլ երկրի քաղաքացի, այցելում են Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունում վարում են տրանսպորտային միջոց իրենց քաղաքացիության մյուս երկրի կողմից տրված վարորդական վկայականով։
Նման կարգավորումը զրկում է երկքաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ունենալով սահմանված կարգով ստացված և միջազգային իրավական ակտերին համապատասխանող վարորդական վկայական, Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոց վարելու հնարավորությունից, այդ թվում՝ զրկելով վերջիններիս իրենց տրանսպորտային միջոցները վարելով Հայաստանի Հանրապետություն այցելելու հնարավորությունից։
Բացի այդ, նշված կարգավորումը խնդիր է առաջացնում նաև միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձանց համար, ովքեր ժամանակավոր գտնվելով Վիեննայի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի անդամ որևէ այլ երկրում, տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են վարորդական վկայական և տրանսպորտային միջոցով մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում նույն արարքի կատարումը նախատեսել որպես հանցագործություն։
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է արգելել 18 տարին չլրացած անձանց սառը զենքերին կառուցվածքով նմանվող իրերի և առարկաների վաճառքը, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվություն 18 տարին չլրացած անձանց սառը զենքերին կառուցվածքով նմանվող իրեր և առարկաներ վաճառելու, ինչպես նաև՝ նշված անձանց այդ առարկաների կամ իրերի վաճառքին ներգրավելու համար։
Միաժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացուն ազատել վարչական պատասխանատվությունից, եթե իրավախախտումը հայտնաբերած պաշտոնատար անձը էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավորություն ունի ստուգել գործող վարորդական վկայականի առկայությունը։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել կարգավորում, որը հնարավորություն կտա՝ ՀՀ քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)՝ այլ երկրներում ստացած վարորդական վկայականները ՀՀ մուտք գործելու պահից մինչև 1 ամիս ժամկետով ճանաչել գործող, որը հնարավորություն կտա ապահովել հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարումը։
«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ոստիկանության համար նախատեսվում է իրավունք, որը ոստիկանությանը հնարավորություն կտա՝ շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով նույնականացնելու ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ։
3․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Ակնկալվող արդյունքը․
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն արարքի կատարումը կնախատեսվի որպես հանցագործություն։
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կարգելվի սառը զենքերին կառուցվածքով նմանվող, ինչպես նաև՝ ծակող կամ կտրող իրերի կամ առարկաների վաճառքը 18 տարին չլրացած անձանց, իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն կսահմանվի համապատասխան սուբյեկտների կողմից 18 տարին չլրացած անձանց սառը զենքերին կառուցվածքով նմանվող, ինչպես նաև ծակող կամ կտրող իրեր կամ առարկաներ վաճառելու, ինչպես նաև՝ վաճառքին ներգրավելու համար։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում իրավախախտումը հայտնաբերած պաշտոնատար անձը, եթե էլեկտրոնային համակարգի միջոցով հնարավորություն ունի ստուգել գործող վարորդական վկայականի առկայությունը, ապա ՀՀ քաղաքացուն չի ենթարկի վարչական պատասխանատվության։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացի հանդիսացող)՝ այլ երկրներում ստացած վարորդական վկայականները ՀՀ մուտք գործելու պահից մինչև 1 ամիս ժամկետով կճանաչվեն գործող։
«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում ոստիկանությանը կվերապահվի շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նույնականացնելու իրավունք։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Տևողություն
25.12.2024 09.01.2025 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տնտեսական, Քրեական օրենսդրություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն, Վարչական իրավախախտում
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 235
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: