Լրամշակման փուլում է
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - Կողմ
-
4 - Դեմ
Հիմնավորում
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի
- Անհրաժեշտությունը
Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկան և տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հաշվի առնելով, որ վերջին տարիներին ցածր գներով ներմուծվող իրանական ցեմենտը կարող էր հանգեցնել Հայաստանի ցեմենտ արտադրող ընկերությունների գործունեության խաթարմանը՝ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային Ժողովի կողմից 2019 թվականին տրվեցին օրենսդրական կարգավորումներ, որոնք նպատակ ունեին տեղական շուկայում ստեղծել հավասար պայմաններ ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի համար։
Մասնավորապես՝ նկատի ունենալով, որ Հայաստանի ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հզորությունները (շուրջ 2.5 մլն տոննա) գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.) և հաշվի առնելով, որ երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտը կարող էր հանգեցնել տեղական ցեմենտ արտադրող ձեռնարկությունների գործունեության խաթարմանը՝ ցեմենտի տեղական շուկայի վարքագիծն ուսումնասիրելու արդյունքում Կառավարության կողմից առաջարկվեց կիրառել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման գործունեության որոշակի սահմանափակումներ, սահմանելով այն որպես լիցենզավորվող գործունեություն և կիրառելով պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածին համապատասխան, ինչը գանձվում է ցեմենտի ներմուծման գործունեության լիցենզիա տրամադրելու համար։
Արդյունքում, պարբերաբար ուսումնասիրելով վերը նշված իրավական կարգավորումների արդյունքում ցեմենտի տեղական շուկայում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև նշված գործընթացներին ճկուն արձագանքելու նպատակով՝ պարբերաբար ներկայացվում են առաջարկություններ վերը նշված իրավական կարգավորումների վերանայման վերաբերյալ։ Օրինակ՝ հաշվի առնելով, որ 2022 թվականի ամռանը գրանցվեց իրանական ցեմենտի և կլինկերի գների աճ՝ առաջարկվեց կատարել փոփոխություններ «Պետական տուրքի մասին» օրենքում, որի արդյունքում ցեմենտի ներմուծման լիցենզավորման համար պետական տուրքը 14 հազ.դրամ/տ. իջեցվեց մինչև 2 հազ.դրամ/տ., իսկ կլինկերի ներմուծման գործունեության համար գանձվող տուրքն ընդհանրապես հանվեց։
Ներկայումս, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ժամանակներում տեղի է ունենում իրանական ցեմենտի գնանկում, որի արդյունքում տեղական ցեմենտը դարձել է գնային առումով ոչ մրցունակ և ստեղծվել են ոչ հավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտի և ներմուծվողի միջև։
Ցեմենտ արտադրող տեղական ընկերություններում 2024 թվականի 9 ամիսներին արտադրվել է ընդամենը 775.6 հազ. տ. ցեմենտ՝ ինչը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 88%-ը (անկման հիմնական պատճառները նշված է հիմնավորման 1-ին մասում)։
Ներկայումս իրականացվող արտադրական գործունեության արդյունքում տեղական արտադրության ցեմենտի ձևավորված միջին ինքնարժեքը կազմում է 35-37 հազ. դրամ (առանց ԱԱՀ):
Ինքնարժեքը ձևավորող հիմնական տարրերն են.
- էներգետիկ ռեսուրսները` գազ` 15000 դրամ, և էլեկտրաէներգիան` 7375 դրամ (ինքնարժեքի գրեթե 51%-ը),
- հումք և նյութերը` 9140 դրամ (ինքնարժեքի 20.7%-ը),
- օժանդակ նյութեր՝ 1600 դրամ (ինքնարժեքի 3.6%-ը),
- վառելիք և քսանյութեր՝ 530 դրամ (ինքնարժեքի 1.2%-ը),
- պահեստամասեր և այլ նյութեր՝ 1800 դրամ (ինքնարժեքի 4.1%-ը),
- աշխատավարձը` 6850 դրամ (ինքնարժեքի 15.6%-ը),
- մաշվածքը` 1360 դրամ (ինքնարժեքի 3.1%-ը),
- պարկեր ցեմենտի փաթեթավորման համար` 264 դրամ (ինքնարժեքի 7%-ը):
Ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանից: Իրանում ցեմենտի տարեկան արտադրությունը կազմում է 75-85 մլն տոննա, որից 13-15 մլն տոննան արտահանվում է: Արտահանման հիմնական երկրներ են հանդիսանում Իրաքը, Քուվեյտը, Պակիստանը, Սիրիան, Աֆղանստանը։ Ըստ Իրանի ցեմենտ արտադրողների ասոցիացիայի ղեկավարության՝ նախատեսվում է, որ հաջորդ տարի ևս 8.8 մլն տոննայով կաճի ցեմենտի արտադրությունը Իրանում ի հաշիվ 13 նոր արդյունաբերական նախագծերի իրականացման։
Ըստ Վիճակագրական ծառայության տվյալների՝ 2023 թվականին Իրանից Հայաստան է ներմուծվել 260 հազ.տ. ցեմենտ (աճը 2022թ. նկատմամբ 3.5 անգամ՝), ինչը կազմում է նույն թվականին Հայաստանում արտադրված ցեմենտի 22.4%-ը։ Նույն թավականին ներմուծվել է 125 հազ.տ. կլինկեր (աճը 2022թ. նկատմամբ՝ 19%)։
Մեկ տոննա իրանական ցեմենտի գինը Հայաստանի սահմանին տատանվում է 25-30 ԱՄՆ դոլարի սահմաններում, մաքսատուրքը՝ 0.9-1 ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ տարածքում տեղափոխումը՝ մոտ 30 ԱՄՆ դոլար։
Արդյունքում, իրանական ցեմենտի ինքնարժեքը Երևանում կազմում է մոտ 61-62 ԱՄՆ դոլար (24 հազ.դրամ)
Իրանական ցեմենտի ցածր գինը պայմանավորված է մի շարք գործոններով.
- ցեմենտի արտադրության համար անհրաժեշտ՝ գազի և էլեկտրաէներգիայի ցածր սակագներով,
- պետության կողմից ցեմենտի ներքին արտադրողներին արտադրության և/կամ տեղափոխման ծախսերի պարբերաբար սուբսիդավորմամբ։
Վերոհիշյալ հանգամանքներից ելնելով ներմուծվող իրանական ցեմենտը տեղական արտադրողների համար մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերել տեղական շուկայում:
Ներմուծման նման պայմաններում ցեմենտ արտադրող տեղական ընկերությունները (չդիմանալով ներմուծվող ցեմենտի մրցակցությանը և նվազեցնելով վաճառքները) կարող են հայտնվել ծանր ֆինանսական վիճակում և կանգնել, ընդհուպ մինչև արտադրական գործունեության դադարեցման վտանգի առջև։ Իսկ ցեմենտ արտադրող երկրից ցեմենտ ներմուծող երկիր դառնալու փաստը կարող է հանգեցնել նրան, որ ներմուծող ընկերությունները (չունենալով տեղական արտադրող մրցակիցներ) կարող են կտրուկ բարձրացնել ներմուծվող ցեմենտի գները: Բացի այդ, տեղական արտադրության բացակայության պայմաններում, ցեմենտի տեղական շուկայի ամբողջական պահանջարկի բավարարումը ներմուծման միջոցով իրականացնելու դեպքում նույնպես կարող են առաջանալ խնդիրներ, կապված անհրաժեշտ ենթակառուցվածքների թողունակություն հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրական 100-ից ավելի մեքենա` 15 տոննա տարողությամբ, կավելանան մաքսակետերում և ճանապարհներին:
Միևնույն ժամանակ, ցեմենտի տեղական արտադրության դադարեցման արդյունքում կարող է վերանալ արդյունաբերության այդ ճյուղը, իսկ Հայաստանի ցեմենտ օգտագործող ոլորտները ամբողջությամբ կախված կլինեն ներմուծումից, ինչն իր հերթին՝ կնվազեցնի ռազմավարական ապրանք համարվող՝ ցեմենտի ապահովվածությունը, հանգեցնելով տեղական արտադրանքի փոխարինումը ներմուծվողով, ինչը նույնպես հակասում է Կառավարության որդեգրած արդյունաբերական քաղաքականության սկզբունքներին։
Տեղական շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է կատարել ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետական տուրքը չափի փոփոխություն` ապահովելով տեղական արտադրողների համար (ներմուծողների նկատմամբ) հավասար մրցակցային դաշտ։
Միևնույն ժամանակ կարծում ենք, որ այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին չտա հանգստի ռեժիմի հնարավորություն, այլ ստեղծի պայմաններ ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախագծով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի)՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի չափը սահմանել բազային տուրքի 1200-ապատիկի չափով (գործող՝ 200-ապատիկի փոխարեն):
Միևնույն ժամանակ անհրաժեշտէ վերանայել նաև ցեմենտի թրծած բովախառնուրդի (կլինկերի) թչ սակագնայաին կարգավորումները, քանի որ կլինկերի գինը սահմանին նույնպես նվազել է Կլինկերից մեկ տոննա ցեմենտ ստանալու համար օգտագործվում է 0,8 տոննա կլինկեր։ Հաշվի առնելով, որ կլինկերից մեկ տոննա ցեմենտ արտադրելու համար համար ծախսերը կազմում են 6-7 հազար դրամ՝ առաջարկվում է կլինկերի համար սահմանել այնպիսի տուրք, որ կլինկերից ստացվող մեկ տոննա ցեմենտի վաճառքի գինը մրցունակ լինի տեղական ցեմենտի գնի հետ։ Ուստի, առաջարկվում է սահմանել նաև որպես լիցենզավորվող գործունեություն նաև կլինկերի ներմուծման գործունեությունը՝ սահմանելով լիցենզիայի տրամադրման համար պետական տուրք՝ բազային տուրքի 400-ապատիկի չափով։
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա կատարել լրացումներ և փոփոխություններ Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» N 1871-Ն որոշման մեջ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Ներքին շուկայի ու տեղական արտադրության պաշտպանություն: Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովում և արտադրանքի մրցունակության բարձրացում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում և հավասար մրցակցային պայմանների ապահովում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:
- Ակնկալվող արդյունքը
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հավասար պայմաններ ցեմենտի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների միջև:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված պահանջներից և ապահովում է Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.4-րդ և 5.5-րդ կետով սահմանված դրույթների շարունակականությունը, այն է՝ մի շարք ապրանքատեսակների մասով հայրենական արտադրողների համար առավել նպաստավոր պայմանների ապահովում և ներքին շուկայի պաշտպանության քաղաքականության մշակում։
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
-
Քննարկվել է
24.12.2024 - 08.01.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 958
Տպել