Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

    Տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունների աճն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետությունում։ Այն անմիջականորեն կապված է ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացման, այնպես էլ՝ այն հանգամանքի հետ, որ տրանսպորտային միջոցներից գողություններ կատարելն ավելի դյուրին է, իսկ պատասխանատվությունը համապատասխանում է ոչ մեծ ծանրության հանցատեսակի համար սահմանված պատժատեսակներին։ Ներկայիս իրավակարգավորումների համաձայն` տրանսպորտային միջոցներից կատարած գողությունների համար (եթե դրանք Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի որակյալ մասի հատկանիշներ չեն պարունակում) անձը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, որի պարագայում դատարանները, հաճախ հաշվի առնելով հանցանքի ոչ մեծ ծանրության լինելու հանգամանքը, կալանավորումը որպես խափանման միջոց հազվադեպ են կիրառում, իսկ պատիժներն էլ սահմանվում են ըստ այդմ։ Լինում են դեպքեր, երբ հանցանք կատարած անձը, ունենալով մեղադրյալի կարգավիճակ և գտնվելով ազատության մեջ, շարունակում է դրսևորել հակաիրավական վարքագիծ, շարունակում է տրանսպորտային միջոցներից կատարել գողություններ։

    Ուստի, նշված հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար, առաջարկվում է Քրեական օրենսգրքում կատարել լրացում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

    Նախագծով նախատեսվում է տրանսպորտային միջոցներից կատարվող գողությունները դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն, և օրենքի նախագիծն ընդունվելուց հետո հանցանք կատարած անձը կպատժվի տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Միաժամանակ, օրենքի նախագծի ընդունումից հետո դատական պրակտիկայում առավել մեծ հնարավորություններ կստեղծվեն նշված հանցատեսակի քննության ընթացքում նոր հանցագործություններ կատարելը կանխելու նպատակով  կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

    Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

    Օրենքի նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

    5 Ակնկալվող արդյունքը.

    Նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ, որը կզսպի ներկայումս լայն տարածում ստացած հանցատեսակի աճը։

    6.ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում ավելացում կամ նվազեցում

    «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Տևողություն

    18.12.2024 02.01.2025
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 597

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: