Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՄԻՍԱԿ ՍԱՄՎԵԼԻ ՀԱՐԹԵՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Միսակ Հարթենյանը ծնվել է 1998 թվականի օգոստոսի 16-ին: 2010-2015թթ. սովորել և ավարտել է «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրը: 2015-2019թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժինը և ստացել բակալավրի աստիճան, 2019-2021թթ. ավարտել է նույն բաժնի մագիստրատուրան: 2022թ. սովորում է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայում և ուսանելու ընթացքում հրատարակել է գիտական երեք հոդվածներ: 2023թ. դասավանդում է գծանկարչություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:
Միսակ Հարթենյանը իր ստեղծագործական գործունեությունը սկսել է վաղ հասակից, ստեղծել է ավելի քան 600 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, հեղինակել է իր ստեղծագործությունների 3 ծավալուն պատկերագրքեր՝ «Երփնագիր հեքիաթ» (2014թ.), «Իրականություն և երևակայություն» (2016թ.) և «Երազի գույնը» (2022թ.) խորագրերով: Միսակ Հարթենյանը 2018թ. հանդիսանում է «Հայ կերպարվեստ» հիմնադրամի պատվավոր անդամ, ինչպես նաև 2020թ.՝ «Աշխարհի հայ նկարիչներ» միության անդամ:
Միսակ Հարթենյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական նկարիչներ Վլադիմիր Մարգարյանը, Հրանտ Թադևոսյանը, Փարավոն Միրզոյանը, Արամ Իսաբեկյանը, Գետիկ Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Բարսեղ Թումանյանը, Հասմիկ Լեյլոյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էդուարդ Թադևոսյանը, ՀՀ վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը:
Միսակ Հարթենյանը ՀՀ կառավարության 2019 թվականի հուլիսի 4-ի N 844-Ա, 2021 թվականի հուլիսի 29-ի N 1218-Ա, 2023 թվականի հուլիսի 13-ի N 1161-Ա որոշումների համաձայն ստացել է տարկետում:
Միսակ Հարթենյանը 2010-2024թթ. մասնակցել և հաղթող է դարձել 28 միջազգային մրցույթներում:
Միսակ Հարթենյանը 2023 թվականին տարկետում ստանալուց հետո շարունակել է իր ստեղծագործական գործունեությունը, մասնավորապես՝
- 2023թ. «Teravarna» միջազգային ինտերակտիվ մրցույթ, «9th Open» անվանակարգ, 3-րդ մրցանակ, Լոս Անջելես, ԱՄՆ.
- 2023թ. «All arts» արվեստի միջազգային մրցույթ, կերպարվեստ անվանակարգ, 1-ին մրցանակ, Քիշնև, Մոլդովա.
- 2023թ. ամերիկյան «World Talent Ranking», անգլիական «Fiestalonia International» և իտալական «Open Italy» ասոցիացիաների կոմիտեների կազմակերպած «American edition» միջազգային ինտերակտիվ մրցույթ, արվեստ անվանակարգ, 2-րդ մրցանակ, ԱՄՆ.
- 2023թ. «Арт Птица» ստեղծագործական զարգացման միջազգային կենտրոնի կազմակերպած «Летняя Палитра» միջազգային մրցույթ, կերպարվեստ անվանակարգ, 1-ին մրցանակ, Տոբոլսկ, ՌԴ.
- 2023թ. իսպանական «Fiestalonia Milenio» կոմիտեի կազմակերպած «Dali’s Mustache» միջազգային ինտերակտիվ մրցույթ, արվեստ անվանակարգ, 1-ին մրցանակ, Իսպանիա.
- 2024թ. «Golden Time Talent» միջազգային մրցույթ, 1-ին մրցանակ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա.
- 2024թ. Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի կողմից կազմակերպված «Աշխարհը նկարչի աչքերով» միջազգային ինտերակտիվ ցուցահանդես-մրցույթ, «գեղանկար, բնանկար» անվանակարգ, 2-րդ մրցանակ, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ.
- 2024թ. «Camelblack Gallery» միջազգային ինտերակտիվ մրցույթ, գեղանկար «Artist Invitational VIII» անվանակարգ, 3-րդ մրցանակ, Սքոթսդեյլ, Արիզոնա, ԱՄՆ.
Միսակ Հարթենյանը 2023-2024թթ. տարբեր ցուցասրահներում և թանգարաններում հանդես է եկել մի շարք անհատական ցուցահանդեսներով, մասնավորապես, Երևանի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ցուցասրահում, «Զանգակ» գրատանը, «Art Bridge» գրադարա-սրճարանում:
Երևանի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում 2023թ. տեղի է ունեցել Միսակ Հարթենյանի «Painted Equator Armenia» Սլովակիայի Ազգային տոնին նվիրված ցուցահանդեսը, որից հետո նկարները նվիրաբերվել են Սլովակիայի ժողովրդին և այժմ ցուցադրվում են Բրատիսլավիայում գտնվող «Painted Equator Gallery» պատկերասրահում: 2024թ. մասնակցել է «Flight» խորագիրը կրող «Machanents 10-th International Art Symposium» միջազգային նկարչական սիմպոզիումին, որը տեղի է ունեցել Էջմիածին քաղաքում, որի ավարտից հետո աշխատանքը նվիրաբերվել է Մաչանենց ստեղծագործական տանը, Ապագայում նախատեսվում է Միսակ Հարթենյանի անհատական ցուցահանդեսը Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում, իսկ 2025թ. իր գեղանկարչական աշխատանքներով մասնակցելու է Ֆլորենցիայի 15-րդ միջազգային բիենալեին: Բացի այդ, Միսակ Հարթենյանը 2025թ. իր գեղանկարչական աշխատանքներով Հայ կերպարվեստի հիմնադրամի շրջանակներում մասնակցելու է միջազգային ցուցահանդեսների Մարսել, Նիցցա, Կան քաղաքներում, խմբակային ցուցահանդեսների՝ Սիդնեյ քաղաքում, Աբու Դաբի, Դուբայ քաղաքներում և Համբուրգ, Շտադեմ քաղաքներում:
Հաշվի առնելով Միսակ Հարթենյանի անցած ստեղծագործական ուղին, նրա ներդրումը հայ մշակույթում, ինչպես նաև Հայաստանն ու հայ մշակույթը միջազգային հարթակներում ըստ արժանավույն ներկայացնելը և խոստումնալից ապագան՝ առաջարկում ենք Միսակ Հանթենյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի ծախսերում ավելացում չի նախատեսվում:
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
03.12.2024 - 18.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 387
Տպել