«Երևան քաղաքի բաց կառավարման գործընկերության նախաձեռնության գործողությունների 2025-2028 թվականների ծրագիրը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
««ՏԵՂԱԿԱՆ ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ 2025-2028 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏՄԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Բաց կառավարման գործընկերությունը (այսուհետ՝ ԲԿԳ) բազմակողմ համագործակցություն ենթադրող նախաձեռնություն է, որն ունի հստակ ձևավորված օրակարգ և հանձնառություններ: Նախաձեռնությունը կոչված է համախմբելու կառավարությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին միասին աշխատելու և ձևավորելու կառավարության ներառական զարգացման օրակարգը, կառավարման համակարգը թափանցիկ, հաշվետու, նորարար և մասնակցային դարձնելու ուղղությամբ:
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը ոչ միայն ստեղծում է կարևոր երկխոսություն շահագրգիռ կողմերի միջև, այլ նաև ապահովում տարածաշրջանային հարցերի վերհանման և քննարկման գործընթաց՝ նախաձեռնության անդամ երկրների հետ: Նախաձեռնության անդամ են հանդիսանում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող 70-ից ավելի երկրներ և ավելի քան 100 տեղական իշխանություններ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը 2011 թվականին և անդամակցությունից ի վեր իրականացրել է չորս ազգային գործողությունների ծրագրեր:
Գործողությունների ծրագրերը միտված էին բարելավելու կառավարության կողմից ստանձնած բարեփոխումների օրակարգը` դարձնելով դրանք ավելի թափանցիկ, հաշվետու, մասնակցային և նորարար։
2022 թվականի մայիսի 17-ին Երևանը դարձավ «Տեղական Բաց կառավարում» նախաձեռնության անդամ, որին հաջորդեց քաղաքացիական հասարակության հետ հանդիպումների կազմակերպումը, հանրային քննարկումները, գործողությունների ծրագրի համաստեղծումը: Արդյունքում՝ 2022թ. դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի ավագանու հ. 692-Ա որոշմամբ հաստատվեց Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագիրը:
Մեկ տարվա կտրվածքով մշակված գործողությունների ծրագրով քաղաքը ստանձնել էր երեք հանձնառություն: Դրանք են՝ քաղաքապետարանի կողմից կազմակերպվող հանրային լսումների գործընթացին քաղաքացիների իրազեկվածության ապահովման շրջանակի ընդլայնում, համայնքային ծառայողների շրջանում բարեվարքության համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացում, «կանաչ զարգացում» հարթակի ստեղծում: Հանձնառություններից յուրաքանչյուրի իրականացման ճանապարհին տեղի են ունեցել հանդիպումներ (այդ թվում՝ առցանց) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը՝ Տեղական ինքնակառավարման մարմինների և Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցությունը, ջանքերի և ռեսուրսների միավորումը ազդեցիկ գործոն են հանրային կառավարման ոլորտի բարելավման, ժողովրդավարական կառավարման և քաղաքացիական հասարակության զարգացման համար: Այդ համագործակցությունն էականորեն կարող է նպաստել ապակենտրոնացված և թափանցիկ կառավարման հաջող փորձի ներդրմանը և կայացմանը: Այս ռեսուրսների միավորումը կարևոր խթան կարող է հանդիսանալ ՏԻՄ-երի կարողությունների և հնարավորությունների հզորացման համար: Այս սկզբունքով առաջնորդվելով՝ Երևանի ԲԿԳ գործողությունների 2023-2024թթ. ծրագրով նախատեսված աշխատանքների ավարտից հետո, Երևանի քաղաքապետարանը մեկնարկեց հաջորդ՝ 2025-2028թթ. գործողությունների ծրագրի համաստեղծման գործընթացը:
Գործողությունների ծրագրի մշակման նպատակով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև նախաձեռնության լուսաբանման նպատակով նախատեսված սոցիալական հարթակներում 2023թ. նոյեմբերի 7-ին տեղադրվեց նոր գործողությունների ծրագրի մշակման մասով առաջարկների ներկայացման հայտարարություն:
Երևանի քաղաքապետարանի կողմից առաջարկվեց 8 ուղղություն, որոնց շուրջ քաղաքացիները կարող էին ներկայացնել իրենց առաջարկները: Առաջարկների ներկայացման սկզբնական վերջնաժամկտե էր սահմանվել 2024թ. փետրվարի 1-ը, որը երկարաձգվեց, և նոր վերջնաժամկետ սահմանվեց ապրիլի 16-ը:
Ընդհանուր առմամբ հավաքագրվեց շուրջ 200 առաջարկ։ Առաջարկներն ուղղված էին հասարակական տրանսպորտային համակարգի բարեփոխմանը, բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտի բարելավմանն ու պարզեցմանը, քաղաքային իշխանության գործունեության թափանցիկությանը, հաշվետվողականությանը, նորարարությանը, կայուն սոցիալական միջավայրի մասնակցայնության ապահովմանը, աղբահանության, կանաչ տնտեսության ոլորտում նորարարությանը:
Համաստեղծման գործընթացում, Երևանի քաղաքապետարանը, կարևորելով քաղաքացիական հասարակության կարծիքները, առաջարկները և քաղաքում իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, կազմակերպեց «Համախմբվելով հանուն մեկ նպատակի» խորագիրը կրող հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում, որի նպատակն էր որոշումների կայացման գործընթացում մասնակցայնության բարձրացումը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բաց կառավարման գործընկերության անդամ մյուս համայնքների՝ Արմավիրի, Մեծամորի, Վանաձորի ներկայացուցիչները ևս: Տեղական ԲԿԳ յուրաքանչյուր համայնք ներկայացրել է նախաձեռնության շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները։ Երևանի կողմից իրականացված աշխատանքների ներկայացման հատվածում տեղադրված էր նաև նոր գաղափարների և մտքերի հավաքագրման արկղիկ, որը հնարավորություն էր տալիս քաղաքացիներին տեղում գրել իրենց առաջարկները Երևանի՝ Բաց կառավարման գործընկերության երկրորդ գործողությունների ծրագրի համաստեղծման շրջանակներում։
Հավաքագրելով համաստեղծման գործընթացում ստացած բոլոր առաջարկները՝ դրանք դասակարգվեցին մի քանի հիմնական ոլորտային ուղղությունների, որի արդյունքում էլ ձևավորվեցին հաջորդ քառամյա ժամանակահատվածում իրականացման ենթակա հանձնառությունները:
Նախաձեռնության հետ կապված տեղեկատվության հասանելիության և ընթացիկ գործունեության վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների շրջանում իրազեկվածությունն ապահովելու նպատակով ստեղծվեցին Երևանի «Տեղական ԲԿԳ» նախաձեռնության համար նախատեսված սոցիալական էջեր, որտեղ տեղադրվում է նախաձեռնության շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն:
Անդամակցելով «Տեղային Բաց կառավարում» նախաձեռնությանը՝ Երևանի քաղաքապետարանը կշարունակի իրականացնել բաց կառավարման սկզբունքներին համահունչ քաղաքականություն՝ կառավարման բաց, արդյունավետ և հաշվետու գործելու հանձնառություն, ինչը համայնքային կառավարման ոլորտում ակտիվ քաղաքացիական մասնակցությունը խթանելու կարևորագույն մեխանիզմներից է:
Հիմք ընդունելով վերը շարադրվածը, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը՝ որոշման նախագծով Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվում Երևանի 2025-2028թթ. գործողությունների ծրագիրը։
-
Տևողություն
14.11.2024 29.11.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Երևանի քաղաքապետարան
Հանրային քննարկում
26.11.2024 16:33
Հանրային քննարկումների ընթացքում 2024 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Դիտումներ` 360
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: