Հիշել նախագիծը

«2025 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին » Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝

«1. Արտոնություններ կարող են կիրառվել ավագանու որոշմամբ: Տեղական տուրքերի և (կամ) վճարների գծով արտոնությունները՝ ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին:

  1. Տեղական տուրքերի և (կամ) վճարների արտոնություններ են տեղական տուրքի և (կամ) վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և (կամ) վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքի և (կամ) վճարի վճարումից ազատումը:»:

Երևանի ենթակայության մշակութային և կրթական կազմակերպությունների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասնակի իրականացվում է Երևանի բյուջեից:

ա. Այսպես, Երևանի ենթակայության մանկապարտեզները ֆինանսավորվել են երեխա-թվով: Յուրաքանչյուր երեխայի հաշվարկով մանկապարտեզներին փոխանցվել է 30000 դրամ:

Ուստի, անհրաժեշտություն է առաջացել սահմանել տեղական վճարի գծով արտոնություններ՝ զրոյական դրույքաչափի կիրառմամբ կամ դրույքաչափի նվազեցմամբ:

բ. Երևանի ենթակայության երաժշտական, կերպարվեստի և արվեստի դպրոցներում միասնական ուսման վարձի սահմանման համատեքստում մեկ երեխայի ուսման վարձը նշված ծառայություններից օգտվող որոշ կատեգորիաների շահառուների համար նախատեսվում է սահմանել 8000 դրամ յուրաքանչյուր մասնագիտության գծով, որի արդյունքում հաշվի առնելով ուսումնական տարվա և բյուջետային տարվա անհամապատասխանությունը, սահմանվող վճարի և նախկինում ցածր վարձավճարով պայմանագրեր կնքած երեխաների ուսուցման պարագայում առկա է որոշակի թանկացում։ Հաշվի առնելով վերոնշվածը, խնդրի մեղմման նպատակով առաջարկվում է թվով 100 երեխայի հաշվարկով անցումային փուլում կիրառել արտոնություններ 2025 թվականի համար սահմանված տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ կիրառելով զրոյական դրույքաչափ: Միաժամանակ՝ զրոյական դրույքաչափ կկիրառվի նաև զոհված զինծառայողի կամ զոհված ազատամարտիկի ընտանիքի զավակ կամ եղբայր կամ քույր հանդիսացող, ինչպես նաև «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի մասնակից սովորողների համար:

գ. Վերջին տարիներին որոշ նվագարանների (ազգային, լարային, փողային) ուսուցման հանդեպ հետաքրքրությունը նվազել է: Պետության կողմից իրականացվող երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային և լարային նվագարանների ուսուցման վարձավճարների փոխհատուցման ծրագրի շնորհիվ, այդ նվագարանների ուսուցումը որոշակի կանոնակարգվել է, սակայն այն ամբողջական լուծված համարել չի կարելի։ Ուսուցման համար նվագարանների ընտրության հարցում անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա խթանել սիմֆոնիկ նվագարաններում և համույթներում պահանջված, սակայն ոչ բավարար չափով դասավանդվող գործիքների ուսուցումը: Այդ նպատակով առաջարկվում է 2025 թվականի համար մինչև 100 երեխայի հաշվարկով սահմանել տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ նվազեցման արտոնություններ՝ դրանք սահմանելով 4000 /չորս հազար/ դրամ: Միաժամանակ՝ տեղական վճարի դրույքաչափերի նկատմամբ նվազեցման արտոնություններ (4000 ՀՀ դրամ) կկիրառվի նաև 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների, 4 և ավել երեխաներ ունեցող ընտանիքների երեխաների համար:

դ. Թանգարանների մուտքի տոմսի արժեքը ծառայություններից օգտվողների համար սահմանվել է 1500 դրամ և սույն որոշմամբ առաջարկվում է 2025 թվականի համար սահմանվող տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ կիրառել դրույքաչափի նվազեցման կամ զրոյական դրույքաչափի արտոնություններ:

ե. Նախկինում Երևանի քաղաքապետին ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներով ու գրություններով առաջարկվել կամ խնդրանք է ներկայացվել ավտոկայանատեղի տուրքի (օրենքների փոփոխության արդյունքում՝ վճար) վճարման արտոնություն սահմանել հաշմանդամների համար, ինչպես նաև ավտոկայանատեղերում նախատեսել վերջիններիս համար հատուկ հատվածներ:

Նշված առաջարկները բավարարվել են Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի N 190-Ն որոշմամբ, որով սահմանվել է նաև ավտոկայանատեղի տուրքի վճարման արտոնություն՝ հաշվարկած ավտոկայանատեղի տեղական տուրքի վճարումից ազատելու միջոցով:

Սույն որոշմամբ առաջարկվում է 2025 թվականի համար ևս հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանել վերը նշված արտոնությունը:  

զ. Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի հունիսի 24-ի հ. 558-Ն որոշմամբ հաստատված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրով» քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում սահմանվել են էներգախնայողության, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ։ Տրանսպորտի ոլորտում Երևանի քաղաքապետարանը կարևորում է էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը Երևանում` նպատակ ունենալով Երևան քաղաքի վարչական տարածքում նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները:

Սույն որոշմամբ առաջարկվում է որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2025 թվականի համար սահմանել արտոնություն՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:

է. Միաժամանակ, սույն որոշմամբ սահմանվում են այն փաստաթղթերը, որոնց ներկայացումն անհրաժեշտ է տեղական վճարի գծով արտոնություն ստանալու համար:

 

  • Քննարկվել է

    14.11.2024 - 29.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

26.11.2024 14:15

Հանրային քննարկումների ընթացքում 2024 թվականի նոյեմբերի 26-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 587

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

23.11.2024

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ 23. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/7923) վերաբերյալ կարծում ենք, որ. 1) Սույն նախագծով նախատեսված արտոնություններն իսկապես ունեն մարդասիրական ու սոցիալական բնույթ, 2) Այդուհանդերձ կարծում ենք, որ.  Նախագծի 1-ին մասի 7) ենթակետով նախատեսված արտոնությունը՝ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձի կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձին կամ հաշմանդամություն ունեցող երեխա (այսուհետ` հաշմանդամություն ունեցող անձ) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար հակասահմանադրական ու ապօրինի է, քանզի հենց ինքը ավտոկայանատեղի տեղական վճարը, հակասահմանադրական ու ապօրինի է: Հետևապես առաջարկում ենք, որպեսզի այդ կետը հանվի նախագծից,  թեև սույն նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախկինում Երևանի քաղաքապետին ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներով ու գրություններով առաջարկվել կամ խնդրվել է, որպեսզի ավտոկայանտեղերում նախատեսել վերջիններիս համար հատուկ հատվածներ, այդուհանդերձ դրանք չեն բավարարվել և շրջանառության մեջ դրված ոչ մի նախագծով չի նախատեսվում այդպիսի միջոցառում: Թեև նախագծում նշված է, որ կան այդպիսի հատկացված տարածքներ, սակայն դրանք շատ քիչ են և չեն բավարարում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները: Հատկապես դրանք հատկացված չեն հատկապես վճարովի կայանատեղի համարվող կարմիր գծերի տարածքում: Դրա հետ մեկտող լուրջ խնդիր է հաշմանդամություն ունեցող անձանց ավտոմեքնենաների հաշվառումը և դրանց սեփականատերերին հատուկ ցուցանակներով ապահովումը, ինչը թույլ կտար այդ անձանց ազատորեն կայանել իրենց հատկացված հատուկ տեղերում:  Նախագծով նախատեսված է որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2025 թվականի՝ մեկ տարվա համար (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ սահմանվում է արտոնություն 50 տոկոսի չափով: Մեր կարծիքով այդ արտոնությունն իրավաչափ չէ, քանզի ըզտ մեզ այդպիսի ավտոմոբիլ ձեռք բերող անձանց համար այդպիսի չնչին վճար կատարելը խնդիր չէ և պետք չէ դրանով նվազեցնել բյուջետային միջոցները: Միաժամանակ մեր կազմակերպություններից հնչող ահազանգերը և իմ անձնական փորձը ցույց է տալիս, որ Երևանի ավագանու որոշմամբ նախատեսված արտոնությունը Երևանի Ազատություն հրապարակի ստորգետնյա ավտոկայանտեղիում չի գորխում, ինչի արդյւոնքում արտոնություն ունեցող ՀՀ քաղաքացիները զրկվում են իրենց իրավունքներից, կրում են զգալի նյութական և ոչ նյութական (բարոյական) վնասներ վարչական բողոքների, դրանց բողոքարկամն երակարտև դեգերումների շրջանակներում (տե՛ս (ՎԴ/2519/05/24 և ՎԴ/2875/05/24) գործերով հայցերը):

Տեսնել ավելին