«Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՆԴԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՆԴԻԿԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն որոշման ընդունմամբ նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետության տարածքից ԱՏԳ ԱԱ 2805 40 ծածկագրին դասվող սնդիկի արտահանման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածք ներքին փոխադրման (այսուհետ՝ արտահանում) և Հայաստանի Հանրապետության տարածք սնդիկի ներմուծման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածքից ներքին փոխադրման (այսուհետ՝ ներմուծում) գործընթացները։ «Սնդիկի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) իմաստով «սնդիկ» հասկացությունը վերաբերում է ինչպես տարրական սնդիկին (Hg), այնպես էլ այլ նյութերի հետ սնդիկի խառնուրդներին, այդ թվում` սնդիկի համաձուլվածքներին, որոնցում սնդիկի պարունակությունը կազմում է առնվազն 95 կշռային տոկոս։
Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով (այսուհետ՝ կոնվենցիա) ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Ազգային ժողովի կողմից 2022 թվականի մարտի 23-ին ընդունվել է «Սնդիկի մասին» օրենքը: Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանման և Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծման կարգերը սահմանելու մասին կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը պայմանավորված է Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջով։
Նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի վնասակար ազդեցությունից, քանի որ սնդիկը և սնդիկի միացությունները խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։ Սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են ի հայտ գալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։ Սնդիկի հետ կապված սուր թունավորումները կարող են հանգեցնել մահվան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը դիտարկում է այն տասը հիմնական քիմիական նյութերի և միացությունների շարքում, որոնք զգալի մտահոգություն են առաջացնում հանրային առողջության համար:
Ի կատարումն կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների, 2020 թվականից հետո կոնվենցիան վավերացրած երկրները՝ կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն, պետք է արգելեն կոնվենցիայի Ա հավելվածի I մասում թվարկված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը կամ արտահանումը:
«Սնդիկի մասին» օրենքով սահմանված է արգելք Հայաստանի Հանրապետությունում սնդիկի արդյունահանման համար և կոնվենցիայի Ա հավելվածի I մասում թվարկված սնդիկի հավելիչով ապրանքների արտադրության համար։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները միասնական են և սահմանվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) N 7 հավելվածին համապատասխան:
ԱՏԳ ԱԱ 2805 40 100 0 և 2805 40 900 0 ծածկագրերին դասվող սնդիկը ներառված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ ԵՏՀ) կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի Ոչ սակագնային կարգավորման մասին» N30 որոշման 2.13-րդ բաժնում սահմանված ապրանքների ցանկում, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք թույլատրվում է լիազոր մարմնի կողմից տրամադրված միանգամյա լիցենզիայի հիման վրա, իսկ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակներով սնդիկի ներմուծումը Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների տարածք արգելված է։ Արտաքին առևտրի դեպքում սնդիկի ներմուծումը կարգավորվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշումներով, որոնց համաձայն ԵԱՏՄ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության տարածք սնդիկի ներմուծման համար անհրաժեշտ է ստանալ լիազորված մարմնի՝ շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմնի) կողմից տրամադրվող միանգամյա (մեկանգամյա) լիցենզիա։
Սնդիկը, որպես վտանգավոր ապրանք ներառված է 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-67-Ն օրենքով վավերացված «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրով սահմանված վտանգավոր ապրանքների, ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի N 892-Ն որոշման N1 հավելվածով սահմանված երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգով» (ԴՈԿ 9284 ԱՆ/905) սահմանված ցանկերում, որոնց փոխադրումները պետք է իրականացվեն վտանգավոր բեռների փոխադրման համար նախատեսված պայմանների պահպանմամբ, ուստի մինչև լիազոր մարմնի կողմից սնդիկի արտահանման համաձայնությունը կամ ներմուծման մեկանգամյա լիցենզիայի տրամադրումը անհրաժեշտ է ստանալ վտանգավոր բեռների փոխադրման համար օրենսդրությամբ նախատեսված համապատասխան փաստաթղթերը։ Սնդիկի փոխադրում նախաձեռնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը նշված փաստաթղթերը լիազոր մարմնին ներկայացնելով, կհավաստի սնդիկի անվտանգ փոխադրման նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների ապահովումը։
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վտանգավոր բեռների փոխադրումների ընթացքում այդ բեռները պետք է ուղեկցվեն հետևյալ փաստաթղթերով՝
- «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված վտանգավոր բեռներ փոխադրելու համար թույլտվություն, որը տալիս է տրանսպորտի բնագավառում քաղաքականությունը մշակող մարմինը.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 30-ի «Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող վտանգավոր բեռների ցանկը և դրանց փոխադրման կարգը հաստատելու մասին» N 892-Ն որոշմամբ սահմանված երկաթուղային տրանսպորտով փոխադրմանը ենթակա վտանգավոր բեռի բնութագիր՝ կազմված և հաստատված բեռնառաքիչ (բեռնափոխադրող) կազմակերպության կողմից.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Վտանգավոր բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 1372-Ն որոշմամբ սահմանված համապատասխան թույլտվություն՝ տրամադրվող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (նախկինում՝ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության) կողմից։
Համաձայն ԵՏՀ կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի Ոչ սակագնային կարգավորման մասին» N30 որոշման 19–րդ հավելվածի 11-րդ կետի ա» ենթակետի՝ հայտատուները լիցենզիայի ձևակերպման համար լիազոր մարմին են ներկայացնում նաև թունավոր նյութերի (այդ թվում՝ սնդիկի)» պահպանման և փոխադրման հետ կապված գործունեություն իրականացնելու իրավունքը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ։ Հաշվի առնելով, որ սնդիկը ներառված է վտանգավոր բեռների» և թունավոր նյութերի» վերը նշված ցանկերում, անհրաժեշտություն է առաջացել սնդիկի ներմուծման լիցենզիայի և արտահանման համաձայնության ստանացման համար սահմանել պահանջ՝ լիազոր մարմին ներկայացնելու նաև վտանգավոր բեռի փոխադրումը թույլատրելու մասին փաստաթուղթը։
«Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով, մասնավորապես՝ 3-րդ հոդվածով սահմանված են սնդիկի ներմուծումը և արտահանումը թույլատրելու համար նախապայմանները, որոնք ևս անհրաժեշտ է սահմանել սնդիկի ներմուծումը և արտահանումը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտով։
Պայմանագրի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետությունները չեն կիրառում ներմուծման ու արտահանման մաքսատուրքեր (համարժեք այլ տուրքեր, հարկեր և հավաքագրումներ), ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ՝ բացառությամբ Պայմանագրով նախատեսված դեպքերի։ Պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապրանքների փոխադարձ առևտրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ, եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են մասնավորապես՝ մարդու կյանքի և առողջության պահպանման, շրջակա միջավայրի պահպանության, կենդանիների և բույսերի պաշտպանության, միջազգային պարտավորությունների կատարման համար։
Սույն նախագծով հաստատվող կարգերի գործողության ժամկետը վեց ամիս ժամկետով սահմանելը պայմանավորված է հետևյալ հանգամանքով.
Պայմանագրի 47-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն ներմուծել և կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված՝ երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 4-րդ կետի համաձայն՝ ոչ սակագնային կարգավորման միջոցների սահմանման, կիրառման, երկարաձգման և վերացման մասին որոշումներն ընդունվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Արձանագրության 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, իսկ 51-րդ կետի համաձայն՝ ժամանակավոր միջոց սահմանող անդամ պետությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցում է դրա մասին և ԵԱՏՄ մաքսային տարածքում այդ միջոցի սահմանման վերաբերյալ առաջարկ է ներկայացնում։ Արձանագրության 54-րդ կետի համաձայն, եթե Միության մաքսային տարածքում ժամանակավոր միջոց սահմանելու մասին որոշում չի ընդունվում, ապա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ժամանակավոր միջոցը սահմանած անդամ պետությանը և անդամ պետությունների մաքսային մարմիններին տեղեկացնում է, որ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը վեց ամսվա ընթացքում։
Սույն նախագիծն ուժի մեջ մտնելու ժամկետը Կառավարության որոշման ընդունումից հետո 20-րդ օրը սահմանելը պայմանավորված է նշված իրավական ակտը ԵՏՀ ներկայացնելու համար լիազոր մարմնի կողմից պաշտոնապես թարգմանելու համար ժամանակն ապահովելն է։
Սույն Նախագծի մշակումը կարևոր է, քանի որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սնդիկի արտահանումը կանոնակարգված չէ, իսկ ներմուծումը կարգավորող գործող օրեսդրությամբ ամբողջությամբ ապահովված չեն տվյալ վտանգավոր ապրանքի ներմուծման հետ կապված ռիսկերի կառավարումը, շահագրգիռ գերատեսչություններին սնդիկի նախատեսվող փոխադրման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, ինչն անհրաժեշտ է սնդիկի շրջանառության նկատմամբ պատշաճ հսկողություն, վերահսկողություն իրականացնելու համար։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի 3-րդ հոդվածով և «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակով, նախագծով նախատեսվում է մասնավորապես՝
- սահմանել սնդիկի արտահանման կարգ,
- ԵՏՀ կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի Ոչ սակագնային կարգավորման մասին» N 30 որոշման 19–րդ հավելվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշումներով սահմանված պահանջներից զատ, իրավական ակտով սահմանել նաև վտանգավոր բեռների փոխադրումը կարգավորող օրենսդրությամբ և «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված դրույթներով նախատեսված փաստաթղթերի ներկայացման պահանջ՝ սնդիկի ներմուծման մեկանգամայ լիցենզիա ստանալու համար,
- սահմանել արգելք՝ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանք Հայաստանի Հանրապետության տարածք սնդիկի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման դեպքում։
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս բացակայում են սնդիկի, սնդիկ պարունակող ապրանքների և թափոնների վերամշակման, վնասազերծման, օգտահանման, պահման կամ տեղադրման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, անհրաժեշտ ենթակառուցվածքները, սարքավորումները և տեխնոլոգիաները, ուստի նախագծով նախատեսվում է առաջնորդվելով ԵՏՀ կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի Ոչ սակագնային կարգավորման մասին» N30 որոշման 19–րդ հավելվածով սահմանված դրույթներով, սնդիկի շրջանառությունը սահմանափակելու նպատակով սնդիկի ներմուծմանն առնչվող մաքսային ընթացակարգերի կիրառման համար սահմանել խիստ ռեժիմ՝ արգելել սնդիկի նկատմամբ «Հրաժարում՝ հօգուտ պետության», «Ժամանակավոր ներմուծում», «Մաքսային պահեստ», «Անմաքս առևտուր», «Ոչնչացում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Ներքին սպառման համար վերամշակում», «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ», «Վերաներմուծում» մաքսային ընթացակարգերի կիրառումը, իսկ սնդիկի տարանցիկ փոխադրման դեպքում ուղղակիորեն կգործ ԵՏՀ կոլեգիայի 21.04.2015թ․ N30 որոշմամբ հաստատված հավելված 19-ի 8-րդ կետով սահմանված դրույթը։
Պետական եկամուտների կոմիտեն լիազորված է մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման ժամանակ մաքսային օրենսդրությամբ սահմանված արգելքների և սահմանափակումների պահպանման և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման ապահովման համար։ Հաշվի առնելով վերը նշվածը պետական եկամուտների կոմիտեն օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների սահմաններում կապահովի վերահսկողություն սույն որոշման նախագծի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգերով նախատեսված արգելքների և սահմանափակումների պահպանման նկատմամբ, միաժամանակ Նախագծի 5-րդ կետով նախատեսվում է, որ պետական եկամուտների կոմիտեն իր գործառույթների, այդ թվում՝ ՀՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման ընթացքում ԵԱՏՄ ապրանք հանդիսացող սնդիկ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծելու կամ դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանելու վերաբերյալ տեղեկություններ հայտնի դառնալուց հետո եռօրյա ժամկետում շրջակա միջավայրի նախարարությանը կփոխանցի սնդիկը ներմուծողի կամ արտահանողի և փոխադրվող սնդիկի վերաբերյալ տեղեկությունները՝ սնդիկի փոխադրման համար անհրաժեշտ թույլտվությունների առկայությունը պարզելու, իսկ խախտումներ արձանագրվելու դեպքում պետական համապատասխան (վերահսկողական կամ իրավապահ) մարմիններին տեղեկատվությունը փոխանցելու նպատակով։
Համաձայն «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում վտանգավոր նյութերի գործածության՝ առաջացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, հեռացման, վնասազերծման, շրջակա միջավայրում դրանց տեղադրման և թաղման համար սահմանված նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունի նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, 8-րդ և 9-րդ հոդվածներով սահմանված պահանջների կատարումը՝ կսահմանվի սնդիկի արտահանման կարգ, սնդիկի ներմուծման կարգը կհամապատասխանեցվի կոնվենցիայի պահանջներին, կարգելվի ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետություն սնդիկի ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումը։
Սահմանված կարգավորումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունից սնդիկի արտահանումը և ներմուծումը կլինի շահագրգիռ պետական մարմինների հսկողության ներքո, ինչը կնվազեցնի սնդիկի ապօրինի շրջանառության հետ կապված ռիսկերը։ Նախագծով սահմանված կարգավորումները և սահմանափակումները կհանգեցնեն սնդիկի ներմուծման կրճատմանը, շրջանառությունից դրանց դուրսբերմանը, ինչպես նաև սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.
Նախագծի մշակումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի 1-ին միջոցառման՝ «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծերը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» կատարման անհրաժեշտությունից։
-
Տևողություն
08.11.2024 23.11.2024 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 396
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: