Նախագծերով առաջարկվում է բարեվարքության հարցերով կազմակերպիչների համար սահմանել կարգավորումներ՝ հստակեցնելով բարեվարքության հարցերով կազմակերպիչների կարգավիճակը՝ ապահովելով վերջիններիս անկախությունը և անկողմնակալությունը:
Միաժամանակ, Նախագծերով առաջարկվում է, որ Բարեվարքության հարցերով կազմակերպիչները մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով պարբերաբար վերապատրաստում անցնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կազմված բարեվարքության հարցերով կազմակերպիչների տարեկան վերապատրաստումների ծրագրի հիման վրա, որը պետք է հաստատվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ: Բարեվարքության հարցերով կազմակերպչների համար վերապատրաստումները պետք է իրականացվեն անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման դեպքերի, ինչպես նաև նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ:
Նախագծերով առաջարկվում է բարեվարքության հարցերով կազմակերպչի պաշտոնի ներառումը ղեկավար պաշտոնների ենթախմբում՝ ի դեմս տվյալ մարմնի Գլխավոր քարտուղարի տեղակալի կամ անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարի՝ հաշվի առնելով, որ գործառույթները լիարժեք կատարելու համար բարեվարքության հարցերով կազմակերպիչը պետք է ծանոթ լինի ամբողջ անձնակազմին, իսկ բարեվարքության հարցերով կազմակերպչի գործառույթների կատարման և իրականացման մասով՝ հաշվետու լինի միայն գլխավոր քարտուղարին և մարմնի ղեկավարին:
Նախագծերով նախատեսվում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է մեթոդական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն տրամադրի բարեվարքության հարցերով կազմակերպչին իր գործունեության ընթացքում: