ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 1-ի №32-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 1-ի №32-Ն որոշմամբ հաստատված գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայով (այսուհետ` Մեթոդիկա) գազամատակարարման համակարգի ընկերությունների նկատմամբ նախատեսվել է խթանիչ սակագնային քաղաքականություն՝ նպատակ ունենալով համակարգում ապահովել անհրաժեշտ ներդրումներ և շահագործման ու պահպանման ծախսերի օպտիմալացում։ Մասնավորապես, Մեթոդիկայով 2020 թվականից սկսած գազամատակարարման համակարգի ընկերությունների համար ամրագրված է 10-ամյա ժամանակահատված, որը բաժանված է 2 հնգամյա ժամանակահատվածների։ Հնգամյա ժամանակահատվածի ընթացքում տարեկան կտրվածքով չեն վերանայվում ընկերության շահագործման և պահպանման ծախսերը (միայն նյութական և նորոգման ծախսերը ենթարկվում են սղաճով ճշգրտման), կորուստների թույլատրելի մեծությունը, որոնք յուրաքաչյուր ժամանակահատվածի ավարտին պետք է բարելավվեն` առնվազն հասնելով սահմանված թիրախային ցուցանիշներին։ Այս մոտեցումը խթան է հանդիսանում, որպեսզի ընկերությունները խթանիչ կարգավորման ժամանակահատվածում հնարավորինս արագ հասնեն ծախսերի օպտիմալացման և կորուստների կրճատման՝ այդ ընթացքում ստանալով լրացուցիչ օգուտներ, իսկ կարգավորման ժամանակահատվածի ավարտին հաջորդող տարվա սակագներում արդեն իսկ հաշվի կառնվեն բարելավված ցուցանիշները՝ դրական ազդեցություն ունենալով սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա:
Շահագործման և պահպանման ծախսերի «Նորոգման և նյութական ծախսեր» ծախսային հոդվածում զգալի մաս են կազմում նյութական ծախսերը, որոնք հաշվարկվել են՝ ելնելով համակարգի բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով ՀՀ էներգետիկայի նախարարության հետ համաձայնեցված և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2007 թվականի դեկտեմբերի 29-ի №116 և №117 հրամաններով հաստատված նորմերը։
Այս առնչությամբ հարկ է նշել, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազամատակարարման համակարգում նորոգման աշխատանքներն իրականացնում է ինչպես ընթացիկ շահագործման և պահպանման ծախսերի, այնպես էլ ներդրումային ծրագրերի շրջանակում՝ վերջինիս պարագայում դրանց փոխհատուցումը ստանալով սակագներում մաշվածության և շահույթի ներառման միջոցով։ Ուստի, Մեթոդիկայի 13-րդ կետի 4-րդ ենթակետով ամրագրվել է, որ սակագնի հաշվարկներում նախատեսված նորոգման և նյութական ծախսերը ենթակա են պարտադիր կատարման 90%-ի չափով (հաշվի առնելով 1-ին հնգամյա ժամանակահատվածի ավարտին նախատեսված խնայողությունը), որը չապահովելու դեպքում սակագնով ստացված և չծախսված գումարները գործող Մեթոդիկայի համաձայն դիտարկվում են որպես ներդրումների ֆինանսավորման աղբյուր։ Արդյունքում, ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ գազամատակարար ընկերությունը, հնարավորություն ունենալով ծախսերի կրճատման վերջնական թիրախին հասնել ավելի կարճ ժամկետում, պարտադիր կատարման 90% շեմով պայմանավորված այդ խթանը չի ունենում։
Միևնույն ժամանակ, խթանիչ կարգավորման 2-րդ հնգամյա ժամանակահատվածի ավարտին Մեթոդիկայով ամրագրված է նորոգման և նյութական ծախսերի՝ 1-ին հնգամյա ժամանակահատվածի արդյունքներով կրճատված մեծության նկատմամբ ևս 10%-ով կրճատում, ինչի արդյունքում սկզբնական տարվա նկատմամբ ընդհանուր կրճատումը կկազմի 19%։
Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել Մեթոդիկայի 13-րդ կետի 4-րդ ենթակետում 1-ին հնգամյա ժամանակահատվածի համար «Նորոգման և նյութական ծախսեր» ծախսային հոդվածով նախատեսված ծախսերի պարտադիր կատարման ենթակա նվազագույն շեմը և այն 90%-ի փոխարեն ամրագրել 81%։
Բացի այդ, նշված խթանիչ սակագնային քաղաքականության շրջանակում Մեթոդիկայի 15-րդ կետով ամրագրվել է, որ 1-ին և 2-րդ հնգամյա ժամանակահատվածներում գազամատակարարման համակարգում ներդրումները կկազմեն մինչև 195 մլրդ դրամ, այդ թվում՝ 1-ին հնգամյա ժամկետում՝ մինչև 80 մլրդ դրամ։ Սակայն, գազամատակարարման համակարգի կարիքներից ելնելով, որոշակի փոփոխություններ են իրականացվել հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերում, որի արդյունքում 1-ին հնգամյա ժամկետում կկատարվեն ավելի շատ ներդրումներ, ինչն էլ անհրաժեշտություն է առաջացրել վերանայել Մեթոդիկայի համապատասխան կետը։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծով նախատեսվում է գազամատակարարման համակարգում ներդրված խթանիչ սակագնային կարգավորումները լրամշակել՝ պայմաններ ստեղծելով ավելի կարճ ժամկետում համակարգում ծախսերի օպտիմալացման համար։ Մասնավորապես, Մեթոդիկայի 13-րդ կետի 4-րդ ենթակետում 1-ին հնգամյա ժամանակահատվածի համար «Նորոգման և նյութական ծախսեր» ծախսային հոդվածով նախատեսված ծախսերի օպտիմալացման շեմը 90%-ի փոխարեն 81% ամրագրելը խթան կհանդիսանա, որպեսզի ընկերությունները 1-ին 5-ամյա ժամանակահատվածում հնարավորինս արագ հասնեն ծախսերի օպտիմալացման։
Միաժամանակ, Մեթոդիկայի 15-րդ կետում նախատեսվում է ներդրումների թիրախը թողնել միայն 10-ամյա ժամանակահատվածի համար, իսկ 1-ին հնգամյա ժամանակահատվածի մասով սահմանափակումը հանել՝ ճկունություն ապահովելու նպատակով։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ գազամատակարարման համակարգում կխթանվի առավել առաջանցիկ տեմպերով շահագործման և պահպանման ծախսերի օպտիմալացումը և համակարգում անհրաժեշտ ներդրումների իրականացումը։
-
Քննարկվել է
29.10.2024 - 14.11.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 467
Տպել