Հիշել նախագիծը

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 01-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

          «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի  22-ի  N 01-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու  մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման (այսուհետ՝ Որոշում) նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2024 թվականի ապրիլի 11-ին Ազգային ժողովի կողմից ընդունված` ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներով սահմանված իրավակարգավորումներին Որոշման համապատասխանեցման արդյունքում կատարված փոփոխությունների գործնական կիրառման արդյունավետության ապահովման հանգամանքով:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

          Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1871 Լ որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրի 2-րդ հավելվածի 1․20-րդ  կետ պահանջներից, որով նախատեսվում է զարգացնել նվերների ընդունման սահմանափակումների իրացման կառուցակարգերը:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

          ««Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքով նախատեսվել է, որ Պետական արարողակարգի ծառայությունն իրականացնելու է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետների, նախարարների և նախարարների տեղակալների, պատգամավորական պատվիրակությունների, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների կողմից ստացված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով հաշվառման ենթակա նվերների հաշվառումը: Մինչև վերոնշյալ լրացումը նվերների հաշվառումը ենթակա էր իրականացման միայն նվերը ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից: Օրենսդրական փոփոխության նպատակը հանրային համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց հաշվառման գործընթացով անհարկի չծանրաբեռնելն էր՝ հաշվի առնելով վերջիններիս լայն լիազորությունները, պաշտոնների բնույթը, արարողակարգային առանձնահատկությունները:

          Միաժամանակ, կատարված փոփոխությունների արդյունքում գործնականում առաջացել է մի իրավիճակ, որի պայմաններում նվերների հաշվառումն արդեն իսկ իրականացվում է Պետական արարողակարգի ծառայության կողմից, մինչդեռ, պետության սեփականությունը համարվող նվերների հանձնումը ենթակա է իրականացման նվերը ստացած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից: Ստացվում է, որ օրենսդրական փոփոխություններով մի կողմից փորձ է արվել հանրային համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց չծանրաբեռնել հաշվառման պարտավորությամբ, մյուս կողմից փոփոխությունները առանձին չեն անդրադարձել նվերների հանձնման գործընթացին, ինչը կատարված փոփոխությունների տրամաբանությանը որոշակիորեն հակասում է: Խնդիրը հատկապես ակնառու է դառնում Հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի կողմից ստացվող և «Հանրային ծառայության մասին» օրենքով պետությանը հանձնման ենթակա նվերների հանձնումը համապատասխան կարգով իրականացնելիս:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծով առաջարկվում է․

  1. նախատեսել, որ Հանրապետության նախագահի կամ վարչապետի կողմից ստացված նվերները արարողակարգի համար պատասխանատու պաշտոնատար անձանց միջոցով հանձնվեն համապատասխանաբար՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին և վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչին, իսկ Ազգային ժողովի նախագահի կողմից ստացված նվերները՝ արարողակարգի համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից հանձնվեն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին նվերների հանձնման և հետագա տնօրինման նպատակով:
  2. Վերոգրյալով պայմանավորված՝ Նախագծով առաջարկվում է սահմանել հանձնման֊ընդունման ակտի նոր ձև՝ նշված անձանց կողմից հանձնման-ընդունման գործընթացը կազմակերպելու նպատակով:
  3. Ակնկալվողարդյունքները

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 01-Ն որոշմամբ սահմանվող կարգավորումները համահունչ դարձնել օրենսդրական փոփոխությունների ընդհանուր տրամաբանությանը՝ ապահովելով նաև նվերների հանձնման գործընթացի կանոնակարգումը համապատասխան անձանց կողմից ստացված նվերների համար:  

6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

7․ Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

 

 

 

  • Քննարկվել է

    17.10.2024 - 01.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 542

Տպել