Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը գործարկելու, ինչպես նաև խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթուղթը և խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը կազմելու ուղեցույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի համատեղ հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը գործարկելու, ինչպես նաև խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթուղթը և խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրությունը կազմելու ուղեցույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի համատեղ հրամանի նախագծի ընդունման

 

 

1․ Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը

Ազատությունից զրկված անձանց՝ բժշկական զննության մատչելիության իրավունքը խոշտանգման և վատ վերաբերմունքի կանխարգելման տեսանկյունից հիմնարար նշանակություն ունեցող հետ կապված միջազգային չափանիշները և ուղեցույցները նախատեսվել են Ստամբուլի արձանգրությամբ, որն ազատությունից զրկված անձանց խոշտանգումներից պաշտպանելու, ինչպես նաև նման դեպքերը կանխելու և բացահայտելու առնչությամբ միջազգային իրավական չափորոշիչները սահմանող հիմնական փաստաթուղթն է և պաշտոնապես հաստատվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից 1999թ. օգոստոսի 9-ին:

Ստամբուլի արձանագրությամբ սահմանվում են այն նվազագույն չափանիշները, որոնք պետության կողմից պետք է բավարարվեն՝ ապահովելու համար խոշտանգման պատշաճ փաստագրումը և արդյունավետ քննությունը։ Արձանագրությամբ հատկապես կարևորվում է հետևյալ բժշկա-իրավական ապացույցների հավաքագրումը՝

ա. ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի պատմությունը,

բ. բժշկական զննությունը և դրա արդյունքների արձանագրումը,

գ. իրեղեն ապացույցները։

Արձանագրությամբ ընգծվում է ապացույցների միասնական հավաքագրման ձևաթղթերի առկայության, ինչպես նաև բժշկական անձնակազմի վերապատրաստումների անհրաժեշտությունը։

Հայաստանի Հանրապետությունում ձերբակալված անձանց բժշկական զննության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք), որի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը:

ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 574-Ն որոշմամբ հաստատված՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 10-րդ կետի համաձայն՝ ՁՊՎ ընդունվող անձինք ենթակա են բժշկական զննության, որի համար հերթափոխի ավագի կողմից անմիջապես հրավիրվում է շտապ բժշկական օգնության ծառայություն։

Վերոնշյալից ելնելով՝ կարող ենք արձանագրել, որ Կանոնակարգով ամրագրվում է ձերբակալավածների պահման վայր ընդունվող բոլոր անձանց պարտադիր բժշկական զննության պահանջ։

Ձերբակալված անձանց պարտադիր բժշկական զննության ապահովման անհրաժեշտությունն արձանագրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի (UN CAT) կողմից դեռևս 2016 թվականի նոյեմբերի 23-ից 24-ը կայացած նիստին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում։ Մասնավորապես, նշվել է, որ պետությունը պետք է ձեռնարկի արդյունավետ միջոցներ՝ ապահովելու համար, որ ազատությունից զրկված բոլոր անձանց ազատությունից զրկելու սկզբնական պահից գործնականում տրամադրվեն խոշտանգման դեմ բոլոր հիմնարար իրավական երաշխիքները։ Նման երաշխիքները, ի թիվս այլնի, ներառում են անկախ բժշկի կողմից բժշկական զննության ենթարկվելու իրավունքը։ Ընդ որում, բժշկական զննությունը պետք է կատարվի ոստիկանության անձնակազմի լսելիության և, թե բժիշկը հակառակը չի պահանջում, նաև տեսանելիության սահմաններից դուրս։ Կոմիտեն ընդգծել է, որ պետությունը պետք է գործնականում երաշխավորի ազատությունից զրկված անձանց հետ առնչվող բժիշկների և այլ բժշկական անձնակազմի անկախությունը, ապահովի, որպեսզի նրանք պատշաճ արձանագրեն և փաստաթղթավորեն վատ վերաբերմունքի կամ խոշտանգման ցանկացած նշան և կասկած[1]:

Այս համատեքստում կարևոր է, որ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT) 2023 թվականի  սեպտեմբերի 12-ից 22-ը Հայաստան կատարած այցի արդյունքում Հայաստանի վերաբերյալ նախնական դիտարկումներում, անդրադառնալով վատ վերաբերմունքի դեմ պայքարի իրավական երաշխիքներին, նշել է, որ իրավիճակը, ընդհանուր առմամբ, բարելավվել է 2019 թվականին կատարած պարբերական այցի համեմատ: Ի թիվս այլնի, դրական է գնահատվել այն հանգամանքը, որ ձերբակալված անձանց ձերբակալվածներին պահելու վայր բերման ենթարկելուց հետո հրավիրվում է շտապ օգնության ծառայություն, որի աշխատակիցը ձերբակալված անձին ենթարկում է բժշկական զննության և արձանագրում նրա մարմնական վնասվածքները։[2]

Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցով արձանագրվել են ձերբակալված անձանց բժշկական զննության իրավունքի ապահովման հետ կապված որոշ խնդիրներ՝ կապված, օրինակ, գրանցամատյաններում բժշկական զննության, շտապ օգնության ծառայություն հրավիրելու հետ կապված տեղեկատվության ոչ ամբողջական կամ ոչ պատշաճ լրացման հետ։ Զեկույցով ընդգծվել է ձերբակալված անձանց բժշկական զննության ընթացքում անկախ բժիշկ մասնագետների կողմից Ստամբուլի արձանագրությանը համապատասխան ձևաթղթերի ու ուղեցույցների կիրառման անհրաժեշտությունը՝ խոշտանգման և վատ վերաբերմունքի դրսևորման կանխարգելման, նման դեպքերի արդյունավետ քննության և բացահայտման ապահովման տեսանկյունից:

Հարկ է նկատել, որ խոշտանգման և վատ վերաբերմունքի նշանների փաստագրման և հաղորդման մեխանիզմների ներդրումը կարևոր է ոչ միայն խոշտանգման դեպքերի կանխարգելման և պատշաճ արձանագրման, այն նաև ՁՊՎ-ների վարչակազմի համար երաշխիքների ամրագրման տեսանկյունից։ Այսպես, նման մեխանիզմների առկայությամբ կսահմանափակվեն ոստիկանության ծառայողների վերաբերյալ կեղծ մեղադրանք ներկայացնող կամ իրենց իրավունքները չարաշահող անձանց հնարավորությունները։ Որակավորված փաստաթղթերի բացակայությունը կարող է ներքաշել ՁՊՎ-ների ծառայակիցներին երկարատև քննության մեջ և թեև, ի վերջո, նրանք կարող են արդարացվել, սակայն նման գործընթացները հանգեցնում է ծառայակիցների ապամոտիվացմանը և բացասաբար անդրադառնում իրավապահ համակարգի հեղինակության վրա:

Հարկ է նկատել նաև, որ սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է նաև Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խմբի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հրամայականից։ Մասնավորապես, նշված վճիռների կատարման մշտադիտարկման շրջանակներում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն 2024 թվականի մարտի 12-ից 14-ին կայացած նիստի շրջանակներում կայացված թիվ CM/Del/Dec(2024)1492/H46-1 որոշմամբ տեղեկատվություն է հայցել ձերբակալված անձանց խոշտանգման և վատ վերաբերմունքի արձանագրման և հաղորդում ներկայացնելու վերաբերյալ հանձնարարականների և ձևաթղթերի մշակման առնչությամբ։

Իրավիճակի համապարփակ գնահատման և վերոնշյալ խնդիրները հասցեագրելու նպատակով Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում մշակվել է Ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման հետ կապված Ներքին գործերի նախարարության կարողությունները բարելավելու վերաբերյալ կարիքների գնահատման զեկույցը։ Զեկույցով Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված միջազգային չափանիշների համաձայն և հիմնվելով ՀՀ պետական մարմինների հետ հարցազրույցների միջոցով կատարված իրավիճակի գնահատման վրա, ի թիվս այլնի, առաջարկվել է՝

  1. վերանայել գործող օրենսդրությունը՝ ազատությունից զրկված բոլոր անձանց պատշաճ կերպով բժշկական զննությունները ապահովելու և բոլոր հնարավոր վնասվածքները պատշաճ արձանագրելու և զեկուցելու համար,
  2. մշակել հատուկ վատ վերաբերմունքի դեպքերի պատշաճ փաստագրման և հաղորդման ձևաթուղթ (բժշկական զննման արձանագրություն)՝ համաձայն Ստամբուլի արձանագրության ու Եվրոպայի խորհրդի ստանդարտների և կիրառել նման ձևաթուղթը լրացման ուղեցույցների հետ միասին։

Վերոգրյալից ելնելով՝ անհրաժեշտ է նախ իրականացնել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի բժշկական արձանագրման մեխանիզմների պիլոտավորում առանձին ՁՊՎ-ներում, ինչը թույլ կտա սահուն կերպով անցնել նման մեխանիզմների գործարկմանը, վերապատրաստել շտապ բժշկական օգնության ծառայության բժշիկներին՝ ապահովելով նրանց պատշաճ պարտաստվածությունը նման մեխանիզմների կիրառման համար, ինչպես նաև մի քանի ՁՊՎ-ներում մեխանիզմների կարճաժամկետ կիրառմամբ արձանագրել դրանց հնարավոր թերություններն ու բացթողումները, ինչի հիման վրա հնարավոր կլինի կատարելագործել այդ մեխանիզմները մինչև ամբողջ հանրապետությունում դրանց գործարկումը։

Հարկ է նկատել, որ Ներքին գործերի նախարարության կողմից արդեն իսկ մշակվել և շրջանառվել է ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ներդնել ՁՊՎ-ներում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պարտադիր պահանջ՝ ապահովելով օրենսդրական մակարդակում դրա միասնական կարգավորումը։ Սույն նախագծով նախատեսվող պիլոտավորման ծրագիրը պետք է նախորդի նշված օրենքի նախագծի ընդունմանը՝ ապահովելով վերոնշյալ մեխանիզմների փորձարկումը։

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի ձերբակալվածներին պահելու վայրերում գործարկել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման ծրագիրը։

Նկատի ունենալով, որ ներկայումս ձերբակալված անձանց բժշկական զննությունն իրականացվում է շտապ օգնության ծառայության բժիշկների կողմից և հաշվի առնելով, որ այս պրակտիկան Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից գնահատվել է որպես դրական՝ առաջարկվում է նախատեսել, որ պիլոտավորման ծրագրի շրջանակներում ձերբակալվածներին պահելու վայրեր հրավիրված շտապ բժշկական օգնության ծառայության բուժաշխատողները պետք է ձերբակալված անձի բժշակական զննության արդյունքում Նախագծով սահմանված ձևաթղթի և ուղեցույցի հիման վրա կազմեն խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրություն։

Առաջնորդվելով Ստամբուլյան արձանագրության դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի կարգավորումները՝ նախագծով նաև առաջարկվում է սահմանել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրման մանրամասները։ Այսպես, առաջարկվում է սահմանել, որ նման արձանգրություն կազմվում է, եթե՝

1) առկա է ձերբակալված անձի գրավոր կամ բանավոր հայտարարությունը՝ մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման հետևանք լինելու վերաբերյալ,

2) բուժաշխատողը հայտնաբերում է, որ ձերբակալված անձի մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը կարող է լինել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետևանք,

3) ձերբակալվածների պահման վայրի վարչակազմի ծառայողը բուժաշխատողին հայտնում է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքի մասին։

Նախագծով առաջարկվում է հաստատել արձանագրության ձևաթուղթը և այն կազմելու ուղեցույցը, որոնք մշակվել են՝ հիմք ընդունելով Ստամբուլյան արձանագրությամբ ամրագրված չափանիշները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում նման բժշկական զննության արձանագրության ձևաթուղթն ու ուղեցույցը սահմանող՝ ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի ապրիլի 21-ի թիվ 163-Լ որոշման դրույթները և հաշվի առնելով ՁՊՎ-ներում բժշկական զննության առանձնահատկությունները։ Արձանագրության ձևաթղթի և ուղեցույցի մշակմանը փորձագիտական աջակցություն է տրամադրվել Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում։

Արձանագրության ձևաթուղթը ներառում է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի հետ կապված դեպքի պատշաճ արձանագրությունը ենթադրող համապարփակ տեղեկատվություն, այդ թվում՝ ձերբակալված անձի ֆիզիկական ախտանիշների և հոգեախտաբանական դրսևորումների վերաբերյալ։ Նկատի ունենալով, որ ձերբակալված անձի զննությունն իրականացվելու է շտապ բժշկական օգնության ծառայության բժշկի կողմից, ձերբակալված անձի գանգատների և անամնեզի մանրամասների հետ կապված կետեր արձանագրության ձևաթղթում չեն ներառվել, քանի որ այս առնչությամբ տեղեկատվությունը արդեն իսկ լրացվում է շտապ օգնության կանչի թերթիկում։

Նախագծով առաջարկվում է նաև նախատեսել շտապ բժշկական օգնության ծառայության պարտականությունը՝ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթուղթը և շտապ օգնության կանչի թերթիկը տրամադրել իրավասու քննչական մարմնին։ Այս կարգավորումը հնարավորություն կտա ապահովելու ՁՊՎ-ներում ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հայտնաբերման բոլոր դեպքերում քննչական մարմնին պատշաճ հաղորդման և համապարճակ տեղեկատվության ներայացումը։

Նկատի ունենալով, որ Նախագիծն ուղղված է վերոնշյալ մեխանիզմների փորձարկմանը՝ հետագայում դրանք ամբողջ հանրապետությունում գործարկելու նպատակով, Նախագծով առաջարկվում է նաև հանձնարարել Ներքին գործերի նախարարի տեղակալին պիլոտավորման ծրագրի գործարկումից հետո 2 ամսվա ընթացքում Ներքին գործերի նախարարին ներկայացնել պիլոտավորման ծրագրի իրականացման արդյունքներով լրամշակված ձևաթուղթը և ուղեցույցը հաստատող հրամանի նախագիծը։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ։

4 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ձերբակալված  անձանց պատշաճ բժշկական զննության ու դրա արդյունքների ամբողջական արձանագրման մեխանիզմների փորձարկումը՝ միասնական չափանիշների հիման վրա, ինչի արդյունքում հնարավոր կլինի լրամշակել նշված մեխանիզմները և գործարկել դրանք ամբողջ հանրապետությունում՝ նպաստելով խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքերի առավել արդյունավետ քննությանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան կերպով հավաքագրված բժշկա-իրավական ապացույցների հավաքմամբ։

5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերից։

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

 

[1] Հասանելի՝ https://tbinternet.ohchr.org/_layouts/15/treatybodyexternal/Download.aspx?symbolno=CAT%2FC%2FARM%2FCO%2F4&Lang=en

[2] Հասանելի՝ https://rm.coe.int/1680aeb3f7

  • Քննարկվել է

    11.10.2024 - 26.10.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 654

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

21.10.2024

23-րդ կետի «հոգեբանի» բառը փոխարինել «հոգեկան առողջության մասնագետի (ներառյալ՝ հոգեբան, հոգեթերապևտ կամ հոգեբույժ)» բառերով։ Փոփոխությունը հնարավորություն կտա բուժաշխատողներին կատարելու համապատասխան ուղղորդումներ՝ ըստ կարիքի։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

21.10.2024

Հրամանի նախագծի հավելված 2-ի 20-րդ կետի ենթակետերում նշված պահանջները արտացոլել նաև հավելված 1-ում՝ դյուրացնելու լրացման գործընթացը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

21.10.2024

Հրամանի նախագծի հավելված 2-ը 13-րդ կետից հետո լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «14) Այն դեպքերում, երբ պացիենտն անգիտակից վիճակում է, կամ երբ զգալի ջանքեր են գործադրվել, և հնարավոր չէ ստանալ անձի ազատ և իրազեկ համաձայնությունը կամ պարզել նրա կամքն ու նախընտրությունները, այդ թվում՝ աջակցության և խելամիտ հարմարեցման միջոցով, բուժաշխատողը կարող է առաջնորդվել անձի կամքի և նախապատվության մեկնաբանմամբ՝ որպես վերջին միջոց»։

Տեսնել ավելին