Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու¬թյան կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության անասնաբուծության տարբեր ճյուղերի զարգացումը խթանելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
2019 թվականից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման ժամանակ առաջ եկան մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված էին անասնաշենքերի կառուցման համար ֆինանսական ռեսուրսների սահմանված հնարավորություններով, կառուցման կամ վերակառուցման համար հավասար գնահատված ծախսերով, ինչպես նաև ծրագրի շրջանակում կառուցված անասնաշենքում նախատեսվածից ավելի քիչ գլխաքանակի առկայության դեպքում տնտեսավարողին ծրագրի շահառու չհամարելու հանգամանքով։
Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրի գործունեության ընթացքում որոշակի հարցեր են առաջացել տոհմային կենդանիների անկումից, սանիտարական սպանդից, կամ օտարումից շահառուների կողմից նախարարություն ներկայացվող տեղեկատվության և արտերկրից ներմուծվող կենդանիների կարանտինացման ժամկետների հետ։
Միաժամանակ «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի քննարկման ընթացքում Կառավարության կողմից առաջարկվել է Ծրագրի լավարկման շրջանակներում դրույթ սահմանել «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների կողմից ձեռք բերվող տոհմային կենդանու հաշվարկային արժեքի 30 տոկոսի փոխհատուցման վերաբերյալ։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում անասնագոմ կառուցելու նպատակով Էկոնոմիկայի նախարարություն է դիմել 411 տնտեսավարող, կնքվել է 98 պայմանագիր, շահագործման է հանձնվել 51 անասնաշենք, տրամադրվել է 51 փոխհատուցում՝ 821 400 000 հազար ՀՀ դրամի։ Կառուցված անասնաշենքերից 37-ը կամ 73%-ը 3-րդ մոդելի են, 9-ը կամ 17%-ը 2-րդ մոդելի, և 5-ը կամ 10%-ը 1-ին մոդելի են եղել։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպված դասընթացների արդյունքում 234 քաղաքացու տրամադրվել է հավաստագիր:
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում վերջին տարիներին հանրապետություն են ներկրվել տավարի կաթնային և կաթնամսային ուղղության` հոլշտին, շվից, սիմենաթալ և ջերսեյ ցեղերի տոհմային երինջներ, որոնցից և դրանց սերունդներից տարեկան ստացվում է ավելի քան 2400 գլուխ բարձրարժեք սերունդ, որը թեև սահմանափակ, այնուամենայնիվ հարուստ գենոֆոնդ է հանդիսանում հանրապետությունում բուծվող տավարի տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործման համար:
- Կարգավորման նպատակը և բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում ներկայացվել են անասնաբուծությանն առնչվող հետևյալ ծրագրերը՝
1) «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը, որի նպատակն է ընդլայնել ծրագրի շահառուների շրջանակը՝ տրամադրելով մատչելի ֆինանսական ռեսուրսներ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքերի կառուցման, վերակառուցման և տեխնոլոգիական ապահովման համար։
2) Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի նպատակն է նպաստել տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերմանը, տավարաբուծության ոլորտում տոհմային գործի վերականգնման և տոհմային լայնածավալ միջոցառումների անցկացմանը, տավարաբուծության աստիճանական ինտենսիվացմանը, տավարի մսի և կաթի արտադրության ծավալների ավելացմանը, ինչպես նաև տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների մրցունակության բարձրացմանը։
Անասնաբուծության ճյուղում ինքնաբավության մակարդակի բարձրացման համար նախագծով առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում նույն շահառուին հնարավորություն տալ օգտվելու «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրից՝ փոխհատուցելով ձեռք բերված տոհմային կենդանու հաշվարկային արժեքի 30 տոկոսը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագրի իրականացման արդյուքում կընդլայնվի շահառուների շրջանակը, կավելանան ժամանակակից պահանջներին համապատասխան անասնաշենքերը, ինչը կնպաստի անասնաբուծության ճյուղի արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը:
Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում 2025-2029 թվականների ընթացքում պետական աջակցությամբ տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողները ձեռք կբերեն շուրջ 3430 գլուխ տարբեր սեռահասակային խմբերի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ, ինչը կնպաստի անասնաբուծության ճյուղի արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը:
7․ Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլրդ․ 8 մլն․ ՀՀ դրամ։
Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի ընդհանուր բյուջեն 2025-2029 թվականի համար կազմում է 1 մլրդ․ 22 մլն․ ՀՀ դրամ։
8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ:
Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9-րդ կետի՝ «Գյուղատնտեսության զարգացում և արտադրողականության բարձրացում» միջոցառման նպատակի և ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1083-Լ որոշմամբ հաստատված «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների» հավելված 2-ի 4-րդ կետով սահմանված «Գյուղատնտեսության զարգացում, արտադրողականության բարձրացում և կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակի ապահովում» առաջնահերթության հետ։
-
Քննարկվել է
10.10.2024 - 31.10.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 895
Տպել