Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1420-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 28-ի N 1716-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածով հաստատված Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների (ՊՖԿՀԲ) ռազմավարության (այսուհետ՝ նաև Ռազմավարություն) 10-րդ բաղադրիչով նախատեսված է իրականացնել աշխատավարձի ֆոնդի հսկողություններ, որի նպատակն է ապահովել հանրային ծառայողների աշխատավարձի վճարման, կառավարման, փոփոխությունների կատարման, անձնակազմի կառավարման հետ կապված տվյալների հաշվառման և դրանց փոխկապակցվածության համապատասխանությունը, ինչպես նաև աշխատավարձի և դրան հավասարեցվող վճարումների հաշվարկման  հաշվետվողականությունը։

Ռազմավարության 10-րդ բաղադրիչով սահմանված նպատակների ձեռք բերման համար Որոշման N 2 հավելվածով հաստատված պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված էր «Մարդկային ռեսուրսների բազայի/տվյալների հաշվապահական հաշվառման էլեկտրոնային ծրագրի մոդուլների հետ ինտեգրման համակարգի մշակում» 25.1-ին միջոցառումը, որը բխում է Պետական ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (ՊԾՖՀ/PEFA) գնահատման զեկույցներից:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության չափերի փոփոխությունն իրականացվում է բազային աշխատավարձի և (կամ) գործակիցների փոփոխության միջոցով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության հիման վրա, որն իրականացվում է երեք տարին մեկ, և որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Եվրոպական միության Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «ՍԻԳՄԱ» նախաձեռնության կողմից իրականացված Հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման 2019 թվականի զեկույցում անդրադարձ է կատարվել Օրենքի վերոնշյալ դրույթով նախատեսված աշխատաշուկայի վերլուծությանը՝ նշվելով, որ  Օրենքով նախատեսվում է պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության չափերի կանոնավոր փոփոխություն՝ համապատասխան հատվածների աշխատաշուկայի վերլուծության հիման վրա, որը պետք է իրականացվի երեք տարին մեկ, սակայն անցումային շրջանում գտնվող երկրի համար սա թերևս չափազանց երկար ժամանակ է:

Միաժամանակ, Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ N 1 հավելվածով հաստատված հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ որպես պետական համակարգի վարձատրության հիմնախնդիր է նշվել այն, որ պետական և մասնավոր հատվածների աշխատաշուկայի վերլուծության պարբերականությունը մեծ է՝ 3 տարի, (․․․) վարձատրության ամբողջական և մանրամասն տեղեկատվությունը հասանելի չէ (Հենասյուն 4, կետ 30)։

Արժույթի միջազգային հիմնադրամի («ԱՄՀ») աշխատակազմի կողմից տեխնիկական խորհրդատվության 2022 թվականի զեկույցում փորձագետները նշում են, որ աշխատավարձի ֆոնդի մասին սահմանափակ տեղեկատվությունը և զբաղվածության վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայությունը խոչընդոտում են իշխանությունների՝ բարելավման միջոցառումներ մշակելու կարողությանը: (...) քաղաքականության առաջարկների արժեքի հիմնավորման նպատակով անհրաժեշտ վերլուծություն անելու համար կպահանջվեն զգալիորեն ավելի շատ տվյալներ: Եռամյա ուսումնասիրությունները/վերանայումները կենտրոնանում են աշխատավարձերի վրա, այլ ոչ թե ընդհանուր փոխհատուցման վրա, ինչը նվազեցնում է դրանց օգտակարությունը և՛ որպես մարդկային ռեսուրսների կառավարման, և՛ հարկաբյուջետային քաղաքականության գործիք:

Իշխանություններին խրախուսվում է հիմնվել սույն զեկույցի արդյունքների վրա՝ ձգտելով աշխատավարձի ֆոնդի վերլուծության համար օգտագործել մանրամասն տեղեկատվական բազան պետական հատվածի բոլոր աշխատողների վերաբերյալ:

Ստեղծել համակարգեր՝ աշխատավարձի ֆոնդի մասին տեղեկատվությունը կանոնավոր կերպով հավաքագրելու և վերլուծելու և վարձատրության և զբաղվածության քաղաքականությունը բյուջետային գործընթացում ավելի լավ ինտեգրելու համար: Տեղեկատվությունը պետք է հավաքագրվի սիստեմատիկորեն և ունենա բավարար մանրամասներ վերլուծություններ իրականացնելու համար: Մանրամասն տեղեկատվության մեջ պետք է ներառվեն աշխատավարձի ֆոնդի ընդհանուր ծախսերը, միջին փոխհատուցումը` բաժանված ըստ վարձատրության տեսակի, և զբաղվածությունը՝ ըստ տարբեր կատեգորիաների և բյուջետային ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունների: Վերլուծությունը պետք է ուղղված լինի աշխատավարձի ծախսումները որոշող հիմնական գործոնների բացահայտմանը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-296-Ն օրենքով Օրենքը լրացվել է նոր 27․1-ին հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը պետական մարմիններից պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վճարված վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը ստանում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2024 թվականի օգոստոսի 9-ի N 741-Ա որոշմամբ սահմանվել է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-296-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որի համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացվի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Եվրոպական միության Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ՍԻԳՄԱ նախաձեռնության կողմից իրականացված Հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման 2019 թվականի զեկույցում Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված, ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության ժամկետի վերաբերյալ վերը նշված դիտարկումը, ինչպես նաև Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ N 1 հավելվածով հաստատված հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ պետական համակարգի վարձատրության առնչվող հիմնախնդիրը (պետական և մասնավոր հատվածների աշխատաշուկայի վերլուծության պարբերականությունը մեծ է՝ 3 տարի) հաշվի առնելով Օրենքով նախատեսվել է աշխատաշուկայի վերլուծության իրականացման ժամկետը սահմանել ամենամյա պարբերականությամբ։

Միաժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամի («ԱՄՀ») աշխատակազմի կողմից տեխնիկական խորհրդատվության 2022 թվականի զեկույցում ներկայացված դիտողությունները և առաջարկությունները հիմք ընդունելով, (մասնավորապես հետևյալ առումներով․ աշխատավարձի ֆոնդի մասին սահմանափակ տեղեկատվությունը և զբաղվածության վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայությունը խոչընդոտում են իշխանությունների՝ բարելավման միջոցառումներ մշակելու կարողությանը, քաղաքականության առաջարկների արժեքի հիմնավորման նպատակով անհրաժեշտ վերլուծություն կատարելու համար պահանջվում են զգալիորեն ավելի շատ տվյալներ, եռամյա ուսումնասիրությունները/վերանայումները կենտրոնանում են աշխատավարձերի վրա, այլ ոչ թե ընդհանուր փոխհատուցման վրա, ինչը նվազեցնում է դրանց օգտակարությունը և՛ որպես մարդկային ռեսուրսների կառավարման, և՛ հարկաբյուջետային քաղաքականության գործիք, ուստի իշխանություններին խրախուսվում է աշխատավարձի ֆոնդի վերլուծության համար օգտագործել մանրամասն տեղեկատվական բազա պետական հատվածի բոլոր աշխատողների վերաբերյալ, ստեղծել համակարգեր՝ աշխատավարձի ֆոնդի մասին տեղեկատվությունը կանոնավոր կերպով հավաքագրելու և վերլուծելու և վարձատրության և զբաղվածության քաղաքականությունը բյուջետային գործընթացում ավելի լավ ինտեգրելու համար, տեղեկատվության մեջ պետք է ներառվեն աշխատավարձի ֆոնդի ընդհանուր ծախսերը, միջին փոխհատուցումը` բաժանված ըստ վարձատրության տեսակի, և զբաղվածությունը՝ ըստ տարբեր կատեգորիաների և բյուջետային ֆինանսավորում ստացող բոլոր կազմակերպությունների, վերլուծությունը պետք է ուղղված լինի աշխատավարձի ծախսումները որոշող հիմնական գործոնների բացահայտմանը) Օրենքով ապահովվել են համապատասխան իրավական հիմքեր՝ աշխատավարձի ֆոնդի մասին տեղեկատվությունը կանոնավոր կերպով հավաքագրելու և վերլուծելու, վարձատրության և զբաղվածության քաղաքականությունը բյուջետային գործընթացում ավելի լավ ինտեգրելու համար: Նախագծով նախատեսվում է սահմանել վերոնշյալ տեղեկատվությունը հավաքագրելու և վերլուծելու կարգը։

Վերը ներկայացվածից բացի Նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև պետական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի համեմատական վերլուծության կարգը սահմանող դրույթներում, որի համար հիմք են ընդունվել ԵՄ ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների առաջարկությունները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշմամբ կապահովվեն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի և 27․1-ին հոդվածի պահանջները, ինչպես նաև կապահովվեն Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպական միության Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «ՍԻԳՄԱ» նախաձեռնության կողմից առաջարկվող աշխատաշուկայի վերլուծության և աշխատավարձերի ֆոնդերի վերահսկողության մեխանիզմներ։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի սպասվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը բխում է Կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ որոշումից։

  • Քննարկվել է

    08.10.2024 - 23.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքացիական ծառայություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 758

Տպել