«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացված զենքը պահելու և կրելու կարգը սահմանելու մասին», «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին (ծառայողին) հատուկ միջոցներ հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանելու մասին», «Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկերը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, ձեռք բերելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԶԵՆՔԻ, ԶԵՆՔԻ ԼՐԱԿԱԶՄԻ, ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻՆ (ԾԱՌԱՅՈՂԻՆ) ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ և ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակների ցանկերը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, ձեռք բերելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին (ծառայողին) հատուկ միջոցներ հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացված զենքը պահելու և կրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը բխում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) իրավակարգավորումներից։ Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել զենքի, հատուկ միջոցների և անձնական պաշտպանության հատուկ միջոցների հետ կապված հարաբերությունները՝ ապահովելով Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն և պատշաճ գործունեությունը։
2.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.
Նախագծի ընդունումը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
3.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
1. Հակակոռուպցիոն կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե), լինելով իրավապահ մարմին, իրականացնում է ինչպես քննչական, այնպես էլ օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Հանցագործությունների դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու, ինչպես նաև Կոմիտեի ծառայողների անձնական անվտանգությունն ապահովելու նպատակով նրանց տրվել է զենք կրելու և պահելու, ինչպես նաև հատուկ միջոցներ գործադրելու և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ ունենալու իրավունք։
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն համարվում է ռազմականացված կազմակերպություն։ Նույն օրենքով ռազմականացված կազմակերպությունները, այդ թվում՝ Կոմիտեն, իրավունք ունեն ձեռք բերելու մարտական, քաղաքացիական և ծառայողական զենք։ Զենք պահելու և կրելու, հատուկ միջոցներ, անձնական պաշտպանության հատուկ միջոցներ ունենալու իրավունքն ամրագրված է նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 45.1-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին թույլատրվում է կրել և պահել զենք ու հատուկ միջոցներ: Նա իրավունք ունի սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև զենք ու հատուկ միջոցներ կիրառելու, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել օրենքով սահմանված պարտականությունների կատարումը:» Իսկ Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցներ ունենալու իրավունքը։
Ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեն չունի իր սպառազինության մեջ ընդգրկված զենք, հատուկ և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ։ Գործող իրավական ակտերի պահանջներին համապատասխան՝ Կոմիտեի սպառազինության մեջ զենքի, հատուկ և անձնական պաշտպանության հատուկ միջոցները պետք է ընդգրկվեն Կառավարության որոշմամբ։
Ուստի Նախագծով անհրաժեշտ է հաստատել համապատասխան ցանկերը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, ձեռք բերելու, սպառազինությունից հանելու և ոչնչացնելու ընթացակարգերը։
2. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 45.4-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված Է լիազորող նորմ, որի համաձայն՝ «հատկացված զենքը պահելու և կրելու կարգը սահմանում է Կառավարությունը։»։ Այս նորմի կենսագործման համար անհրաժեշտ է ընդունել ենթաօրենսդրական ակտ, որը կնախատեսի Կոմիտեի ծառայողի կողմից զենքը պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ զենքը կրելու ձևերը, անվտանգության ապահովման միջոցները, պահելուն ներկայացվող պահանջները, պահելու և կրելու նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև հատկացված զենքը և ռազմամթերքը հանձնելու ընթացակարգերը։
3. Օրենքով նախատեսված է նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեն իր առջև դրված խնդիրների իրականացման համար իրավունք ունի կիրառելու հատուկ միջոցներ, որի վերաբերյալ նորմերն ամրագրված են Օրենքի 7.1-րդ գլխում։ Օրենքի 45.3–րդ հոդվածի 7–րդ մասի համաձայն՝ «Հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեին հատկացնելու, ինչպես նաև հատուկ միջոցները պահպանելու և դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգերը սահմանում է Կառավարությունը:»։ Կոմիտեին տրամադրված հատուկ միջոցները ծառայողներին հատկացնելու, դրանք պահպանելու և պիտանելիությունը ստուգելու համար անհրաժեշտ է սահմանել իրավակարգավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել օրենքով սահմանված դրույթներին համապատասխան ընթացակարգերի կարգավորումը։ Մասնավորապես, նախատեսվում է կարգավորել հատուկ միջոցներ տրամադրելու, դրանք հաշվառելու հետ կապված հարցերը, պահպանության պայմանները, պիտանելիության ստուգման ձևաչափը, ինչպես նաև հատուկ միջոցների դուրս գրման և ոչնչացման վերաբերյալ դրույթները։
4.Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծերով առաջարկվում է սահմանել Կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկվող զենքերի, հատուկ և անձնական պաշտպանության հատուկ միջոցների տեսակները, այն հնարավորություն կընձեռի Կոմիտեին ձեռք բերելու անհրաժեշտ միջոցներ, կկարգավորի դրանց հետ կապված հարաբերությունները՝ ապահովելով օրենսդրական նորմերի իրացումը։ Նախագծերով առաջարկվում է նաև նախատեսել հատկացված զենքը պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հատուկ միջոցները ծառայողներին հատկացնելու, դրանք պահպանելու և պիտանելիությունը պարբերաբար ստուգելու հետ կապված հարաբերությունները։
5.Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է սահմանել Կոմիտեի սպառազինության մեջ զենքի, հատուկ և անձնական պաշտպանության միջոցների տեսակները, ձեռք բերելու, սպառազինությունից հանելու և դրանք ոչնչացնելու ընթացակարգերը, հատկացված զենքը պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները, հատուկ միջոցները ծառայողներին հատկացնելու, դրանք պահպանելու և պիտանելիությունը պարբերաբար ստուգելու ընթացակարգերը։
6.Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է։ ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
7.Նախագծերի մշակման ընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:
-
Քննարկվել է
04.10.2024 - 20.10.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Անվտանգություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 629
Տպել