Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 786-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի ընդունման արդյունքում ծավալուն փոփոխություններ են կատարվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքում: 

2024 թվականի ապրիլի 12-ի ՀՕ-169-Ն օրենքի ընդունման արդյունքում փոփոխություններ են կատարվել նաև սոցիալական հարցերի ոլորտում լիազոր մարմնից կից գործող` Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) վերաբերյալ առկա իրավակարգավորումներում, ինչը արտահայտվել է և´ խորհրդի անվանման, և´ դրա կազմի և´ ձևավորման հարաբերություններում: Նշված փոփոխությունների իրականացումը ևս պայմանավորել են Նախագծի ընդունման անհրաժեշտությունը:

Բացի այդ, հարկ է նշել, որ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև Խորհրդի գործունեությունը առավել արդյունավետ և նպատակային դարձնելու հրամայակով, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել նաև Խորհրդի առջև` «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով դրված գործառույթների պատշաճ իրականացմանը, Խորհրդում ներգրավված անդամների կողմից իրենց պարտականությունները պաշտաճ իրականացմանը, ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման գործում կարևոր և գործուն դերակատարում ունենալուն:

Այսպես, հարկ է նշել, որ Խորհրդի ստեղծման, ձևավորման կարգի հետ կապված հարաբերությունները կարգավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» N 786-Ն որոշմամբ:

Նշված որոշման, ինչպես նաև Խորհրդի գործունեության մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ դեռևս ապահովված չեն այն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել Խորհրդի գործունեության արդյունավետությունը, Խորհրդում ընդգրկված անդամների հաշվետվողականությունը, ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում ակտիվ դերակատարումը:

 Այսպես, Խորհրդի գործունեության ընթացքում, որպես հիմնական արձանագրված խնդիրներ, կարելի է առանձնացնել ստորև նշվածները`

  • Հստակեցված չեն Խորհրդում հասարակական կազմակերպությունների, ապաստարանների և աջակցության կենտրոնների ներգրավման չափանիշները, նույն չափանիշներին համապատասխանելու դեպքում նախապատվություն տալու հիմնական պայմանները.
  • Ապահովված չէ Խորհրդի գործունեության արդյունավետության բավարար մակարդակ, Խորհրդի կազմի և դրա ձևավորման տեսանկյունից առկա է առավել մասնագիտացված և ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում որոշակի փորձ ունեցող սուբյեկտների ներգրավման անհրաժեշտություն.
  • Ապահովված չէ Խորհրդի կազմում` պետական կառավարման համակարգի և այլ մարմինների` ղեկավար պաշտոն զբաղեցնող և կառավարչական հմտություններով օժտված անձանց ներգրավելու հնարավորությունը.
  • Հստակեցված չեն Խորհրդում հասարակական կազմակերպությունների, ապաստարանների և աջակցության կենտրոնների ընտրության ընթացակարգի հետ կապված հարաբերությունները.
  • Նախատեսված չեն Խորհրդի անդամների պարտականությունների այնպիսի շրջանակ, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել Խորհրդի առջև դրված գործառույթների պատշաճ և արդյունավետ իրացումը.
  • Բացակայում է Խորհրդի անդամի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում վրա հասնող անբարենպաստ հետևանքներ կիրառելու հնարավորություն.
  • Նախատեսված չեն Խորհրդի անդամների նախաձեռնողականության դրսևորման ճկուն մեխանիզմներ.
  • Առկա չէ Խորհրդի նիստերի հեռավար եղանակով անցկացման հնարավորություն, կարգավորված չեն Խորհրդի անդամների ծանուցման հարաբերությունները.
  • Խորհրդի նիստեր հրավիրելու տեսանկյունից առաջադրվում է Խորհրդի անդամների` նիստ հրավիրելու համար նախաձեռնություն ցուցաբերելու բարձր շեմ, որի պատճառով հաճախ հնարավոր չի լինում ապահովել Խորհրդի արտահերթ նիստերի գումարումը, խնդրահարույց է նաև Խորհրդի որոշումների ընդունման բարձր շեմի սահմանումը
  • Առկա չէ առանձին առաջադրանքների իրականացման նպատակով Խորհրդի կողմից առանձին մասնագետների, փորձագետների և (կամ) խորհրդատուների հրավիրելու հնարավորություն, դռնփակ նիստերի անցկացման հնարավորություն.

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ չնայած »Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով Խորհրդին վերապահված է խորհրդատվական մարմնի դեր, սակայն նշվածը չպետք է ստվերի Խորհրդի ստեղծման հիմքում ընկած գաղափարախոսության կարևորությունը: Նշվածը հիմնավորվում է նաև մի շարք երկրներում համանման խորհուրդներ ստեղծելու հանգամանքով, որոնք իրենց դրական և գործուն ազդեցությունն են ունեցել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում:

Այսպես օրինակ, Նյու Յորքում գործում է ընտանեկան բռնության խորհրդատվական խորհուրդը, որը խորհրդատվություն է տրամադրում ընտանեկան բռնության հետ կապված հիմնահարցերի և ընտանեկան բռնության կանխարգելման արդյունավետ ռազմավարությունների վերաբերյալ։ Ընտանեկան բռնության խորհրդատվական խորհուրդը մասնակցում է ընտանեկան բռնության բնագավառում քաղաքականության մշակման աշխատանքներին, հանրային իրազեկման և քարոզչական աշխատանքներին, ինչպես նաև նպաստում և ապահովում է կառավարման համակարգի մարմինների տարբեր մակարդակների միջև (նահանգ, դաշնային և մունիցիպալ)[1] հաղորդակցությանը և համակարգման ջանքերին։

Ընտանեկան բռնության խորհրդատվական խորհուրդը բաղկացած է 17` ի պաշտոնե անդամներից և 9 նշանակված անդամներից։ Խորհրդում ներկայացուցիչների նշանակումը իրականացնվում է՝ հաշվի առնելով վերջինիս փորձը ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում։ Օրինակ՝ խորհրդում 9 անդամներից 3-ը նշանակվում են կառավարության կողմից[2], անդամներից երկուսը` սենատի նախագահի կողմից։ Խորհրդի յուրաքանչյուր անդամ նշանակվում է երեք տարի ժամկետով[3]։

 Խորհրդի 17` ի պաշտոնե անդամների թեկնածությունները առաջադրվում են օրինակ՝ կրթության, առողջապահության, պրոբացիայի և այլընտրանքային խափանման միջոցների ծառայության, հաշմանդամության աջակցության, հոգեկան առողջության, երեխայի և ընտանեկան ծառայությունների գրասենյակի և այլ մարմինների կողմից։ Խորհուրդ իր նիստերը գումարում է խորհրդի նախագահի կողմից սահմանված պարբերականությամբ, սակայն ոչ ուշ, քանի տարին երկու անգամ։

Ալբանիայում գործում է Գենդերային հավասարության ազգային խորհուրդը, որն իր բնույթով խորհրդատվական մարմին է, և բաղկացած է  9 նախարարություններից, որոնք խորհրդում ներկայացված են փոխնախարարի մակարդակով, ինչպես նաև քաղաքացիական հասարակության թվով 3 ներկայացուցիչներից։

Գենդերային հավասարության ազգային խորհուրդը պատասխանատու է ոլորտային օրենքների և ծրագրերի նախագծերի վերանայման, նոր առաջարկների ներկայացման, ինչպես նաև քաղաքականության մոնիտորինգի և գնահատման համար:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մասնակցում են նաև միջգերատեսչական աշխատանքային խմբերին, որոնք ստեղծում են ընտանեկան բռնության արձագանքման կոնկրետ ասպեկտներին անդրադառնալու, ինչպես նաև միջազգային հաշվետվությունների ներկայացման գործընթացին մասնակցելու համար[4]։

Իսպանիայում Աշխատանքի, միգրացիայի և սոցիալական ապահովության նախարարությանը կից գործում է Կանանց նկատմամբ բռնության պետական ​​դիտորդական կենտրոնը, որն իր բնույթով խորհրդատվական մարմին է։ Կենտրոնը իր բնույթով կոլեգիալ կառավարման մարմին է, որը ղեկավարում է Սոցիալական ծառայությունների և հավասարության գծով պետական ​​քարտուղարը։ Դիտորդական կենտրոնը հանդիպում է տարեկան մեկ կամ երկու անգամ՝ ներառելով ներկայացուցիչներ տարբեր նախարարություններից, մարզպետարաններից, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունից։ Դիտորդական կենտրոնը կարող է ստեղծել նաև աշխատանքային խմբեր՝ կոնկրետ մտահոգությունները լուծելու, առկա զարգացումների վերաբերյալ զեկույցներ պատրաստելու, ոլորտում իրականացվող քաղաքականությունը և միջոցառումները գնահատելու համար։ Կենտրոնը տարեկան կտրվածքով հաշվետվություններ է ներկայացնում նաև իր գործունեության վերաբերյալ[5]։

Միացյալ Թագավորությունում գործում է Ընտանեկան բռնության հարցերով հանձնակատարի ինստիտուտը, ով անկախ է, և ապահովում է ընտանեկան բռնության բնագավառին վերաբերելի առաջարկությունների ներկայացումը, ապահովում է պետական իրավասու մարմինների նկատմամբ ընտանեկան բռնության պատշաճ արձագանքելու հսկողության ֆունկցիայի իրականացնումը։

Թեև հասարակական կազմակերպությունները չունեն պաշտոնական ներկայացուցչություն Ընտանեկան բռնության հարցերով հանձնակատարի գրասենյակում, բայց նրանց ներգրավվածությունը հանձնակատարի աշխատանքի արդյունավետության անբաժանելի մասն է, քանի որ այդ համագործակցության շրջանակում հասարակական կազմակերպությունները արժեքավոր տեղեկություն են տրամադրում հանձնակատարին առկա խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման հնարավոր ուղիների մասին[6]։

Ավստրալիայում Կանանց և նրանց երեխաների նկատմամբ բռնության նվազեցման Ավստրալիայի ազգային խորհուրդը ստեղծվել է 2008 թվականին (գործել է մինչև 2019 թվականը, երբ խորհրդի գործառույթները ներառվել են Կանանց և երեխաների նկատմամբ բռնության նվազեցման ազգային ծրագրի մեջ): Ի սկզբանե Խորհրդի առջև խնդիր էր դրվել մշակել կանանց և նրանց երեխաների նկատմամբ բռնությունը նվազեցնելու ուղղված, ապացուցահեն ծրագիր, որը պետք է  հիմնվեր համայնքային խորհրդակցությունների, ազգային և միջազգային հետազոտությունների գնահատման վրա: Խորհրդի հիմնական գործառույթներն են[7]՝

  1. Ռազմավարական խորհուրդներ և առաջարկություններ ներկայացնելը.

Խորհուրդը ռազմավարական խորհրդատվություն է տրամադրել Ավստրալիայի կառավարությանը կանանց և երեխաների նկատմամբ բռնությունը նվազեցնելու քաղաքականության վերաբերյալ: Նշվածը ներառում է առաջարկություններ օրենսդրական փոփոխությունների, նոր ծրագրերի և ֆինանսավորման հատկացումների վերաբերյալ: Խորհուրդը նշանակալի դեր է խաղացել նաև Կանանց և երեխաների նկատմամբ բռնության նվազեցման ազգային ծրագրի մշակման և իրականացման գործում:

  1. Համակարգում և համագործակցություն.

Խորհուրդն համակարգել է տարբեր շահագրգիռ կողմերի՝ ներառյալ պետական ​​մարմինների, հասարակական կազմակերպությունների ջանքերը, խթանել է նաև միջգերատեսչական համագործակցությունը՝ կառավարության տարբեր մակարդակների և ծառայություններ մատուցողների միջև։

  1. Մոնիտորինգ և գնահատում.

Խորհուրդը մասնակցել է ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրերի և այս ոլորտում իրականացվող քաղաքականության ազդեցության մոնիտորինգին և գնահատմանը: Այն պարբերաբար զեկուցել է բռնության կանխարգելման հետ կապված առաջընթացի և արդյունքների մասին, և առաջարկություններ է ներկայացրել արձանագրված արդյունքների հիման վրա:

  1. Հասարակության իրազեկում և քարոզչություն.

Խորհուրդն աջակցել է ընտանեկան բռնության, դրա հետևանքների և առկա ռեսուրսների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին:

  1. Ապացույցների վրա հիմնված հետազոտություն և քաղաքականություն.

Խորհուրդը իրականացրել է ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում բազմաթիվ հետազոտություններ, որոնք հիմք են հանդիսացել ռազմավարությունների և անհրաժեշտ այլ փաստաթղթերի մշակման համար։

Այսպիսով, առանձին երկրների օրինակների վերլուծությունը ևս իր հերթին ցույց է տալիս համանման մարմինների գործառույթային կարևոր դերակատարությունը ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում, նշված մարմինների առավել ակտիվ դերակատարության և ներկայացուցչական կազմ ապահովելու կարևորությունը:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով ներկայացվում են հետևյալ հիմնական կարգավորումները.

  • Առաջարկվում է Խորհրդի կազմում ընդգրկել 10 ներկայացուցիչ` ի դեմս պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի։ Առաջադրվում է ներկայացուցիչների` ղեկավար պաշտոն զբաղեցնելու, անհրաժեշտ կառավարչական հմտություններ ունենալու պահանջ.
  • Նախատեսվում է ընդգրկել երեք ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից (այսուհետ՝ կազմակերպություններ), որոնք ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում վերջին չորս տարվա ընթացքում ունեն առնվազն երեք տարվա գործունեություն փորձ.
  • Նախատեսվում է ընդգրկել ինը ներկայացուցիչ աջակցության կենտրոններից և ապաստարաններից, որոնք ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում վերջին հինգ տարիների ընթացքում ունեն առնվազն չորս տարվա գործունեության փորձ և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց մատուցել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սոցիալական ծառայություններ կամ ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամներին տրամադրել են սոցիալական աջակցություն.
  • Խորհրդի կազմում կազմակերպությունների, աջակցության կենտրոնների, ապաստարանների ներկայացուցիչներ ընդգրկելու համար նախատեսվելու է հստակ ընթացակարգ և´ Լիազոր մարմնի կողմից հայտարարություն հրապարակելու և´ ընդգրկման նպատակով անհրաժեշտ տվյալները ներկայացնելու տեսանկյունից.
  • Նախատեսվել են հասարակական կազմակերպություններին, աջակցության կենտրոններին և ապաստարաններին նախապատվության կարգով ընտրելու հստակ չափանիշներ, որը աջակցության կենտրոններին և ապաստարանների դեպքում պայմանավորված է ընտանեկան բռնության բնագավառում առավել մեծ փորձառություն ունենալու հանգամանքով, իսկ հասարակական կազմակերպությունների դեպքում` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներին նախաատվություն տալու անհրաժեշտությամբ.
  • Նախատեսվել է խորհրդի առնվազն երեք անդամների նախաձեռնությամբ հրատապ լուծում պահանջող հարցերի քննարկման նպատակով արտահերթ նիստ հրավիրելու հնարավորություն.
  • Խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվել է նաև հեռավար եղանակով` տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ այն անցկացնելու հնարավորություն.
  • Նախատեսվել է Խորհրդի նիստերին Խորհրդի նախագահի հրավերով խորհրդակցական ձայնի իրավունքով Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչ (համաձայնությամբ) հրավիրելու հնարավորություն, ինչպես նաև առանձին առաջադրանքների իրականացման նպատակով մասնագետներ, փորձագետներ և (կամ) խորհրդատուներ ներգրավելու հնարավորություն.
  • Որպես Խորհրդի անդամի պարտականություն նախատեսվել է նաև` խորհրդի նիստերին և աշխատանքներին անձամբ մասնակցելը, խորհրդում քննարկվող հարցերի վերաբերյալ Խորհրդի որոշմամբ նախատեսված ժամկետներում գրավոր դիրքորոշում, հաշվետվություն, եզրակացություն, առաջարակությունն, իրենց իրավասության շրջանակում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ այլ տեղեկություններ ներկայացնելը, որը պետք է դիտարկվի որպես համապատասխան մարմինների, կազմակերպությունների, աջակցության կենտրոնների և ապաստարանների պաշտոնական դիրքորոշում.
  • Նախատեսվել է Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հնարավորություն` ն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պաշտաճ կատարելու դեպքում, ինչպես նաև խորհրդի անդամի կողմից խորհրդի կազմից դուրս մասին դիմումը խորհրդի նախագահին ներկայացնելու դեպքում.
  • Առաջադրվել է Խորհրդի` իր գործունեության մասի տարեկան հաշվետվություն հրապարակելու պահանջ.

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել`

  • Խորհրդի գործունեության արդյունավետությունը,
  • Խորհրդի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը,
  • Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում Խորհրդի ակտիվ և գործուն դերակատարումը
  • «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով` Խորհրդի առջև դրված գործառույթների պատշաճ իրականացումը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ՀԱՎԱՍԱՐ–ԵՄ-ն  հանուն  կանանց իրավազորման  Հայաստանում»  ծրագրի  շրջանակում ընդգրկված փորձագիտական խմբի համագործակցության արդյունքում։

Նախագծի ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ վարչապետի 2018 թվականի   դեկտեմբերի 28-ի  N 1685-Ա որոշման մեջ, որով հաստատվել է ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը:

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթի հետ:

 

 

[1] Տե՛ս https://opdv.ny.gov/domestic-violence-advisory-council

[2] Տե՛ս https://opdv.ny.gov/system/files/documents/2024/05/dvac-members.pdf

[3] Տե՛ս https://opdv.ny.gov/system/files/documents/2023/10/statutory-language-of-opdv-domestic-violence-advisory-council_0.pdf

[4]Տե՛ս https://eca.unwomen.org/sites/default/files/Field%20Office%20ECA/Attachments/Publications/2019/05/Bosnia%20and%20Herzegovina%20domestic%20violence/Good%20practices_ENG_final_compressed.pdf , էջ 32

[5]Տե՛ս https://eca.unwomen.org/sites/default/files/Field%20Office%20ECA/Attachments/Publications/2019/05/Bosnia%20and%20Herzegovina%20domestic%20violence/Good%20practices_ENG_final_compressed.pdf , էջ 31-32։

[6] Տե՛ս https://domesticabusecommissioner.uk/about/

[7] Տե՛ս https://endvaw.ca/wp-content/uploads/2015/12/australia_nap_to_reduce_violence_against_women_and_their_children_2010-2022_.pdf էջ 4։

  • Քննարկվել է

    03.10.2024 - 21.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 743

Տպել