Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1,Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2024 թվականի հունիսի 24-ին ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, միաժամանակ՝ Կրթության տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։

Հետևաբար, որպեսզի վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում Տեսչական մարմինը չունենա խոչընդոտող հանգամանքներ իրավական դաշտում, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ կրթության ոլորտում անցկացվող ստուգումների ստուգաթերթերում։ 

2.Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները.

2024 թվականի հունիսի 24-ին ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որով ուժը կորցված է ճանաչվել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164 օրենքը, միաժամանակ  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի հուլիսի 30-ի հրամանով ուժը կորցված է ճանաչվել  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 254-Ն հրամանը:

Հիմք ընդունելով վերոգրյալ օրենսդրական փոփոխությունները՝ անհրաժեշտություն է առաջացել լրամշակել 2018 թվականի հոկտեմբերի 4-ի ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության N 1139-Ն որոշման 1-ի կետ 1-ին ենթակետով հաստատված N 3 հավելվածը:

Միաժամանակ, ստուգաթերթերը պարունակում են տնտեսավարողին ավելորդ ծանրաբեռնող հարցաշարեր, որոնք պահանջում են կրթության որակի վրա ոչ էականորեն անդրադարձող թղթաբանության ստուգում, ինչը երկարացնում է մեկ ստուգման վրա ծախսվող ժամանակը, հետևաբար նաև բացասական է ազդում ստուգման արդյունավետության վրա: Ուստի հաշվի առնելով Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի առանձնահատկությունները անհրաժեշտություն է առաջանել նաև վերանայել ստուգաթերում նշված որոշ հարցերի ստուգման մեթոդները։

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը: Նախագծի ընդունման նպատակն է բարելավել 2018 թվականի N 1139-Ն որոշման N3 հավելվածով հաստատված ստուգաթերթերը, որի արդյունքում կբարձրանա Տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների արդյունավետությունն ու կնպաստի կրթության ուսումնական հաստատություններում կրթության որակի առկա խնդիրների ավելի օբյեկտիվ բացահայտմանը:

Այդ նպատակով՝ Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել՝

  1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական (այսուհետև՝ ՈՒսումնական հաստատության) կրթության ոլորտում գործող հետևյալ ստուգաթերթերը՝
  2. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենին եվ կրթության կազմակերպմանը ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացվող ստուգումների
  3. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ընդունելության կարգերի պահանջների կատարման նկատմամբ իրականացվող ստուգումների
  4. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման ու անցկացման և շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերի պահանջների կատարման նկատմամբ իրականացվող ստուգմների
  5. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության սովորողների ակադեմիական արձակուրդում գտնվելու, տեղափոխման և վերականգնման կարգերի պահանջների կատարման նկատմամբ իրականացվող ստուգումների
  6. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության մանակավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման, դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման կարգերի պահանջների կատարման նկատմամբ իրականացվող ստուգումների
  7. Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու վերաբերյալ իրականացվող ստուգումների:

Տեսչական մարմնի ստուգաթերթերում, ըստ անհրաժեշտության, որպես ստուգման մեթոդ սահմանվում է նաև սյունակաշարերի կիրառումը։

Հարկ է նշել, որ վերոգրյալ գործող ստուգաթերթերում առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև օրենքի պահանջների անհարկի հղումներ, վերախմբագրման ենթակա ձևակերպումներ, ինչը նվազեցնում է ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։

4․Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվող ստուգումների ստուգաթերթերը կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությանը և կապահովեն ոլորտի վերահսկողության անխոչընդոտ, առավել ամբողջական և արդյունավետ իրականացումը:

 5․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Տեսչական մարմնի կողմից՝ համատեղ:

6.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

7.Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:

8․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

 

  • Քննարկվել է

    29.09.2024 - 16.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 826

Տպել