Լրամշակման փուլում է
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման
1․ Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը
Ազատությունից զրկված անձանց՝ բժշկական զննության մատչելիության իրավունքը խոշտանգման և վատ վերաբերմունքի կանխարգելման տեսանկյունից հիմնարար նշանակություն ունեցող հետ կապված միջազգային չափանիշները և ուղեցույցները նախատեսվել են Ստամբուլի երաշխիքներից է։[1]
Այս իրավունքի իրացման արձանագրությամբ, որն ազատությունից զրկված անձանց խոշտանգումներից պաշտպանելու, ինչպես նաև նման դեպքերը կանխելու և բացահայտելու առնչությամբ միջազգային իրավական չափորոշիչները սահմանող հիմնական փաստաթուղթն է և պաշտոնապես հաստատվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից 1999թ. օգոստոսի 9-ին:
Ստամբուլի արձանագրությամբ սահմանվում են այն նվազագույն չափանիշները, որոնք պետության կողմից պետք է բավարարվեն՝ ապահովելու համար խոշտանգման պատշաճ փաստագրումը և արդյունավետ քննությունը։ Արձանագրությամբ հատկապես կարևորվում է հետևյալ բժշկա-իրավական ապացույցների հավաքագրումը՝
ա. ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի պատմությունը,
բ. բժշկական զննությունը և դրա արդյունքների արձանագրումը,
գ. իրեղեն ապացույցները։
Արձանագրությամբ ընգծվում է ապացույցների միասնական հավաքագրման ձևաթղթերի առկայության, ինչպես նաև բժշկական անձնակազմի վերապատրաստումների անհրաժեշտությունը։
Հայաստանի Հանրապետությունում ձերբակալված անձանց բժշկական զննության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք), որի 21-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մասնակցել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը:
ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 574-Ն որոշմամբ հաստատված՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 10-րդ կետի համաձայն՝ ՁՊՎ ընդունվող անձինք ենթակա են բժշկական զննության, որի համար հերթափոխի ավագի կողմից անմիջապես հրավիրվում է շտապ բժշկական օգնության ծառայություն։
Միաժամանակ, ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված՝ Ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայրի ներքին կանոնակարգի (այսուհետ՝ ԱԱԾ կանոնակարգ) 11-րդ կետի համաձայն՝ ՁՊՎ-ի հերթափոխի պետը բուժաշխատողի է հրավիրում ձերբակալվածի մոտ մարմնական վնասվածք կամ ակնհայտ հիվանդության նշաններ հայտնաբերելու կամ առողջության վերաբերյալ գանգատ լինելու դեպքում:
Վերոնշյալից ելնելով՝ կարող ենք արձանագրել, որ ի տարբերություն Օրենքի և ԱԱԾ կանոնակարգի, որոնցով նախատեսվում է ձերբակալված անձանց բժշկական զննության պահանջ միայն մարմնական վնասվածք հայտնաբերելու կամ անձի կողմից առողջության վերաբերյալ գանգատ ներկայացնելու դեպքում՝ Կանոնակարգով ամրագրվում է ձերբակալավածների պահման վայր ընդունվող բոլոր անձանց պարտադիր բժշկական զննության պահանջ։
Ձերբակալված անձանց պարտադիր բժշկական զննության ապահովման անհրաժեշտությունն արձանագրվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի (UN CAT) կողմից դեռևս 2016 թվականի նոյեմբերի 23-ից 24-ը կայացած նիստին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցի վերաբերյալ ամփոփիչ դիտարկումներում։ Մասնավորապես, նշվել է, որ պետությունը պետք է ձեռնարկի արդյունավետ միջոցներ՝ ապահովելու համար, որ ազատությունից զրկված բոլոր անձանց ազատությունից զրկելու սկզբնական պահից գործնականում տրամադրվեն խոշտանգման դեմ բոլոր հիմնարար իրավական երաշխիքները։ Նման երաշխիքները, ի թիվս այլնի, ներառում են անկախ բժշկի կողմից բժշկական զննության ենթարկվելու իրավունքը։ Ընդ որում, բժշկական զննությունը պետք է կատարվի ոստիկանության անձնակազմի լսելիության և, թե բժիշկը հակառակը չի պահանջում, նաև տեսանելիության սահմաններից դուրս։ Կոմիտեն ընդգծել է, որ պետությունը պետք է գործնականում երաշխավորի ազատությունից զրկված անձանց հետ առնչվող բժիշկների և այլ բժշկական անձնակազմի անկախությունը, ապահովի, որպեսզի նրանք պատշաճ արձանագրեն և փաստաթղթավորեն վատ վերաբերմունքի կամ խոշտանգման ցանկացած նշան և կասկած[2]:
Այս համատեքստում կարևոր է, որ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (CPT) 2023 թվականի սեպտեմբերի 12-ից 22-ը Հայաստան կատարած այցի արդյունքում Հայաստանի վերաբերյալ նախնական դիտարկումներում, անդրադառնալով վատ վերաբերմունքի դեմ պայքարի իրավական երաշխիքներին, նշել է, որ իրավիճակը, ընդհանուր առմամբ, բարելավվել է 2019 թվականին կատարած պարբերական այցի համեմատ: Ի թիվս այլնի, դրական է գնահատվել այն հանգամանքը, որ ձերբակալված անձանց ձերբակալվածներին պահելու վայր բերման ենթարկելուց հետո հրավիրվում է շտապ օգնության ծառայություն, որի աշխատակիցը ձերբակալված անձին ենթարկում է բժշկական զննության և արձանագրում նրա մարմնական վնասվածքները։[3]
Ըստ այդմ, Մարդու իրավունքների պաշտպանն ընգծել է օրենսդրական մակարդակում ձերբակալված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ միասնական մոտեցումներ և պահանջներ ձևավորելուն ուղղված միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ ապահովելով ՁՊՎ մուտք գործած յուրաքանչյուր անձի բժշկական զննությունը և դրա պատշաճ արձանագրումը՝ անկախ նրանց կողմից գանգատներ ներկայացնելու, զննության ենթարկվելու պահանջի կամ տեսանելի մարմնական վնասվածքների առկայության հանգամանքներից։
Բացի այդ, զեկույցով նաև ընդգծվել է ձերբակալված անձանց բժշկական զննության ընթացքում անկախ բժիշկ մասնագետների կողմից Ստամբուլի արձանագրությանը համապատասխան ձևաթղթերի ու ուղեցույցների կիրառման անհրաժեշտությունը՝ խոշտանգման և վատ վերաբերմունքի դրսևորման կանխարգելման, նման դեպքերի արդյունավետ քննության և բացահայտման ապահովման տեսանկյունից:
Հարկ է նկատել, որ խոշտանգման և վատ վերաբերմունքի նշանների փաստագրման և հաղորդման միասնական օրենսդրական մոտեցումների և չափանիշների բացակայությունը գործնականում հանգեցնում է մարտահրավերների խտրականության կանխարգելման և արդյունավետ քննության տեսանկյունից։ Այսպես, չափանիշների բացակայության պայմաններում դեպքերը փաստագրվում և հաղորդվում են ոչ պատշաճ կամ թերի՝ տեղի տալով կամայականությունների կամ բացթողումների։ Բացի այդ, հնարավոր չի լինում նաև ապահովել բժշկական անձնակազմի և ՁՊՎ-ների վարչակազմի պատշաճ պատրաստվածությունը։
Հարկ է նկատել նաև, որ միասնական չափանիշների առկայությունը կարող է երաշխիք հանդիսանալ հենց ՁՊՎ-ների վարչակազմի համար, քանի որ այդպիսով կսահմանափակվեն ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության ծառայողների վերաբերյալ կեղծ մեղադրանք ներկայացնող կամ իրենց իրավունքները չարաշահող անձանց հնարավորությունները։ Որակավորված փաստաթղթերի բացակայությունը կարող է ներքաշել ՁՊՎ-ների ծառայակիցներին երկարատև քննության մեջ և թեև, ի վերջո, նրանք կարող են արդարացվել, սակայն նման գործընթացները հանգեցնում ծառայակիցների ապամոտիվացմանը և բացասաբար անդրադառնում իրավապահ համակարգի հեղինակության վրա:
Հարկ է նկատել նաև, որ սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է նաև Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խմբի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հրամայականից։ Մասնավորապես, նշված վճիռներ կատարման մշտադիտարկման շրջանակներում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն 2024 թվականի մարտի 12-ից 14-ին կայացած նիստի շրջանակներում կայացված թիվ CM/Del/Dec(2024)1492/H46-1 որոշմամբ տեղեկատվություն է հայցել ձերբակալված անձանց խոշտանգման և վատ վերաբերմունքի արձանագրման և հաղորդում ներկայացնելու վերաբերյալ հանձնարարականների և ձևաթղթերի մշակման առնչությամբ։
Իրավիճակի համապարփակ գնահատման և վերոնշյալ խնդիրները հասցեագրելու նպատակով Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում մշակվել է Ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքերի արձանագրման հետ կապված Ներքին գործերի նախարարության կարողությունները բարելավելու վերաբերյալ կարիքների գնահատման զեկույցը։ Զեկույցով Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված միջազգային չափանիշների համաձայն և հիմնվելով ՀՀ պետական մարմինների հետ հարցազրույցների միջոցով կատարված իրավիճակի գնահատման վրա, ի թիվս այլնի, առաջարկվել է՝
- վերանայել գործող օրենսդրությունը՝ ազատությունից զրկված բոլոր անձանց պատշաճ կերպով բժշկական զննությունները ապահովելու և բոլոր հնարավոր վնասվածքները պատշաճ արձանագրելու և զեկուցելու համար,
- մշակել հատուկ վատ վերաբերմունքի դեպքերի պատշաճ փաստագրման և հաղորդման ձևաթուղթ (բժշկական զննման արձանագրություն)՝ համաձայն Ստամբուլի արձանագրության ու Եվրոպայի խորհրդի ստանդարտների, և կիրառել նման ձևաթուղթը լրացման ուղեցույցների հետ միասին։
Վերոգրյալից ելնելով՝ անհրաժեշտ է օրենսդրական մակարդակում ամրագրել բոլոր ՁՊՎ-ներում բերման ենթարկված անձանց պարտադիր բժշկական զննության պահանջ։ Բացի այդ, անհրաժեշտ է նաև սահմանել օրենսդրական հիմքեր խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի արձանագրման միասնական ձևաթղթի և ուղեցույցի նախատեսման համար, ինչպես նաև նախատեսել բժշկական զննություն իրականացնող աշխատակցի պարտականությունը՝ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթադրյալ դեպքի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում այդ մասին հաղորդելու համապատասխան քննչական մարմնին։
Նմանատիպ կարգավորումներ են նախատեսված նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքով, որոնք կիրառելի են ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց բժշկական զննության նկատմամբ։
Անդրադառնալով կալանավորված անձանց բժշկական զննությանը՝ հարկ է նախ նկատել, որ Օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորվածներին պահելու վայր փոխադրված անձը բժշկական զննություն անցնելու և կալանավորվածներին պահելու վայրի պայմաններին ծանոթանալու նպատակով մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում։
Ըստ այդմ, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» թիվ 825-Ն որոշմամբ նախատեսվել են կարանտինային ստորաբաժանումում իրականացվող բժշկական զննության մանրամասները, այդ թվում՝ նախատեսվել է, որ բժշկական զննությունն իրականացվում է, ի թիվս այլնի, կալանավորված անձի մոտ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի արդյունքում ստացված հնարավոր մարմնական վնասվածք հայտնաբերելու նպատակով։
Ըստ այդմ, ենթաօրենսդրական ակտի մակարդակում արդեն իսկ ամրագրվել են կալանավորված անձանց բժշկական զննությունը և խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի դրսևորումների վերաբերյալ պատշաճ արձանագրումն ապահովող իրավակարգավորումներ։ Միաժամանակ, օրենսդրական ակտում միասնական մոտեցումներ ապահովելու և տարընկալումներից խուսափելու տեսանկյունից անհրաժեշտ է նաև ամրագրել այս երաշխիքները Օրենքով։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ ձերբակալված և կալանավորված անձինք ՁՊՎ կամ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելիս բոլոր դեպքերում ենթարկվում են բժշկական զննության, այլ ոչ թե միայն այն դեպքում, երբ նրանց մոտ հայտնաբերվել է մարմնական վնասվածք, ինչպես նախատեսված է գործող Օրենքով։
Ընդ որում, նկատի ունենալով, որ ներկայումս ձերբակալված անձանց բժշկական զննությունն իրականացվում է շտապ օգնության ծառայության բժիշկների կողմից և հաշվի առնելով, որ այս պրակտիկան Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից գնահատվել է որպես դրական՝ առաջարկվում է Օրենքում ամրագրել, որ ձերբակալված անձինք բժշկական զննության են ենթարկվում հրավիրված շտապ օգնության բժշկական ծառայության բուժաշխատողի կողմից։
Առաջնորդվելով Ստամբուլյան արձանագրության դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի կարգավորումները՝ նախագծով նաև առաջարկվում է սահմանել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրման մանրամասները։ Այսպես, նախագծով առաջարկվում է սահմանել նման արձանագրության ձևաթուղթ կազմելու պարտականությունը հետևյալ դեպքերում՝
1) առկա է ձերբակալված կամ կալանավորված անձի գրավոր կամ բանավոր հայտարարությունը՝ մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետևանք լինելու վերաբերյալ.
2) բուժաշխատողը հայտնաբերում է, որ ձերբակալված կամ կալանավորված անձի մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը կարող է լինել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետևանք.
3) ձերբակալվածների պահման վայրի կամ կալանավորվածների պահման վայրի վարչակազմի ծառայողը բուժաշխատողին հայտնում է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքի մասին։
Ապահովելու համար բժշկական զննության և արձանագրման միասնականությունը՝ նախագծով առաջարկվում է նաև նախատեսել լիազորող նորմ՝ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթղթի ձևը և դրա կազմման ուղեցույցը սահմանելու համար։ Կալանավորված անձանց պարագայում նշված ձևն ու ուղեցույցն արդեն իսկ սահմանվել են ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի ապրիլի 21-ի թիվ 163-Լ որոշմամբ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման դրույթները։
Ինչ վերաբերում է ձերբակալված անձանց, ապա նախատեսվում է, որ համապատասխան ձևաթղթի ձևը և ուղեցույցը կսահմանվեն ՀՀ ներքին գործերի և առողջապահության նախարարների համատեղ հրամանով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՁՊՎ-ների համար, և ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի համատեղ հրամանով՝ ՀՀ ԱԱԾ ՁՊՎ համար։
Նկատի ունենալով, որ նախագծի կարգավորումների արդյունքում պետք է ներդրվեն ձերբակալված անձանց բժշկական զննության և արձանագրման նոր մեխանիզմներ՝ անհրաժեշտ կլինի ապահովել բժշակական օգնություն և սպասարկում իրականացնող անձնակազմի վերապատրաստումներ՝ նրանց կարողությունները զարգացնելու և մշակված ուղեցույցի և ձևաթղթի վերաբերյալ գիտելիքներ փոխանցելու նպատակով։ Միաժամանակ, նոր մեխանիզմների ավելի սահուն ներդրման նպատակով նախագծի անցումային դրույթներով սահմանվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՁՊՎ-ներում խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական արձանագրման պիլոտավորման պահանջ։
Միաժամանակ, նախագծով առաջարկվում է նախատեսել բժշկի պարտականությունը՝ մարմնական վնասվածք հայտնաբերելու կամ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթուղթ կազմելու դեպքում այդ մասին իրազեկելու իրավասու քննչական մարմնին։ Այս կարգավորումը հնարավորություն կտա ապահովելու ՁՊՎ-ներում ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հայտնաբերման բոլոր դեպքերում քննչական մարմնին պատշաճ հաղորդման ներայացումը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու դրա արդյունքների ամբողջական արձանագրումը՝ միասնական չափանիշների հիման վրա, ինչի արդյունքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ կերպով քննել խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթադրյալ դեպքերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան կերպով հավաքագրված բժշկա-իրավական ապացույցների հավաքմամբ։
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերից։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
[1] Տես «Ոստիկանությունում կալանք», Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) երկրորդ ընդհանուր զեկույցից քաղվածք, CPT/Inf(92)3-part1, հասանելի՝ https://rm.coe.int/16806cea2f
[2] Հասանելի՝ https://tbinternet.ohchr.org/_layouts/15/treatybodyexternal/Download.aspx?symbolno=CAT%2FC%2FARM%2FCO%2F4&Lang=en
[3] Հասանելի՝ https://rm.coe.int/1680aeb3f7
-
Քննարկվել է
26.09.2024 - 11.10.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 756
Տպել