Լրամշակման փուլում է
«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ
-
1 - Կողմ
-
3 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1․Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ թիկնապահական և պահնորդական գործունեությունն իրականացնելիս կարող են մատուցվել հետևյալ ծառայությունները.
1) ֆիզիկական անձի կյանքի և առողջության պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից (այդ թվում` զենքի օգտագործմամբ),
2) սեփականության կամ օրինական տիրապետման ներքո գտնվող օբյեկտների, անշարժ և շարժական գույքի, տարածքի պահպանությունը,
3) պահպանվող օբյեկտներում անցագրային և ներօբյեկտային պայմանակարգերի ապահովումը,
4) հատուկ կապի և տրանսպորտային միջոցների տրամադրումը:
Այս առումով պետք է նշել, որ անվտանգային սարքավորումների տեղադրման միջոցով իրականացվող տեսահսկման ծառայությունները, ահազանգման համակարգի միջոցով պահպանությունը և արագ արձագանքման ծառայությունները, ըստ էության, օրենքի կարգավորման առարկա չեն հանդիսանում, սակայն ծառայության այս ենթատեսակը փաստացի կիրառվում է մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից։
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թիկնապահական և պահնորդական գործունեության համար տրվում է բարդ ընթացակարգով լիցենզիա:
Ընդ որում, «Լիցենզավորման մասին» օրենքի 24-րդ հոդվածը, որով սահմանված են եղել լիցենզիաների տեսակները, այն է՝ պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներ և բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ, 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-121-Ն օրենքով ուժը կորցրած է ճանաչվել։
Այսպիսով, «Լիցենզավորման մասին» ներկայիս օրենսդրությամբ, 2015 թվականից ի վեր, չի կիրառվում «բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա» հասկացությունը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2024 թվականի հուլիսի 1-ից մասնավոր պահնորդական ծառայությունների գործունեության դաշտն ընդլայնվել է նախկինում ոստիկանության կողմից պահպանվող օբյեկտների հաշվին, այդ թվում՝ պետական կառավարման մարմինների շենքերի մասով, առաջնահերթություն է դառնում հիշյալ կազմակերպությունների լիցենզավորմանը ներկայացվող պահանջների հստակեցումը և որոշակի խստացումը՝ այն համատեքստում, որպեսզի նման լիցենզիա ստանան որակյալ ծառայություններ մատուցելու ունակ կազմակերպությունները։
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ թիկնապահական և պահնորդական գործունեության լիցենզավորման, այդ թվում` լիցենզիայի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման և այլ ընթացակարգերն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
«Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն՝ երկարաձգվում են այն լիցենզիաները, որոնք տրված են եղել որոշակի ժամկետով։ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 1152-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ով սահմանված՝ մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 8-րդ կետի համաձայն՝ մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիան տրվում է անժամկետ։
Ներկայումս լիազոր մարմնի կողմից չի վարվում մասնավոր պահնորդական կազմակերպությունների և պահնորդների ռեեստր, ինչը հնարավորություն չի տալիս ըստ ուղղությունների ձևավորել անհրաժեշտ և բավարար վիճակագրություն, իրականացնել ոլորտի տենդենցների օբյեկտիվ վերլուծություն։ Այդ իսկ պատճառով լիազոր մարմինը հենվում է հատվածային, հիմնականում լիցենզավորման կամ ստուգման փուլում կազմակերպությունների և պահնորդների վերաբերյալ ստացված տվյալների վրա, ինչը չի արտացոլում տվյալ ժամանակահատվածի համար իրական պատկերը, և հետևաբար բացասաբար է ազդում ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, ինչպես նաև որոշումների կայացման արդյունավետության վրա։
Այսպիսով, գործող օրենսդրությամբ հստակ տարանջատված չէ, թե ինչ տիպի կամ բնույթի ծառայություն մատուցող կազմակերպություններն են պարտավոր իրենց կազմակերպությունների անվտանգությունն ապահովել մասնավոր պահնորդական ծառայությունների հետ պարտադիր պայմանագիր կնքելու, իսկ որոնք՝ կազմակերպությունների հաստիքային ծառայողների /անվտանգության աշխատակից, պահակ և այլն/ միջոցով։
Նշված հանգամանքը, հատկապես խոշոր կազմակերպությունների մասով, պարունակում է ի շահ տվյալ կազմակերպության՝ ստվերային մասնավոր պահնորդական գործունեություն ծավալելու ռիսկ՝ առանց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքով սահմանված պարտականությունները կրելու կամ սահմանափակումներին ենթարկվելու, ընդ որում՝ պահնորդի որակավորում չունեցող և համապատասխան դասընթացներ չանցած աշխատակիցների միջոցով։
Մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից պահպանվող օբյեկտների ցանկի և այդ օբյեկտների բնույթի փոփոխությամբ պայմանավորված՝ խնդրահարույց է նշված կազմակերպությունների համար պարտադիր կատարման ենթակա և ընդհանուր այնպիսի կարգի բացակայությունը, որը կկանոնակարգեր նշված կազմակերպություններում պահնորդական ծառայության կազմակերպման, դրա մոնիթորինգի և ստուգման, պահակետերի տեղադրման ու անհրաժեշտ ուժերի քանակի որոշման, օբյեկտները պահպանության ընդունելիս որոշակի պահանջների համապատասխանելու և կազմակերպչական այլ հարցերի հետ կապված իրավահարաբերությունները։ Առանց նշված իրավահարաբերությունների կարգավորման՝ մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից որակյալ ծառայությունների մատուցումը բավականին կբարդանա։
Ընդ որում, պետական պահպանություն իրականացնող ոստիկանության մասնագիտացված ծառայության համար վերոնշյալ իրավահարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական ակտեր են հանդիսանում ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 151-Ն որոշումը և ՀՀ ոստիկանության պետի 2002 թվականի հուլիսի 2-ի թիվ 287-Ա հրամանը։
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պահնորդի (թիկնապահի) կյանքն ու առողջությունը ապահովագրվում են գործատուի հաշվին, իսկ նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մասնավոր պահնորդական կազմակերպության լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերից է գործատուի կողմից պահնորդի (թիկնապահի) կյանքն ու առողջությունը չապահովագրելը։ ՀՀ ապահովագրական շուկայում ներկայումս չի մատուցվում կյանքի ապահովագրման ծառայություն, ինչն անհնար է դարձնում օրենքի այս պահանջի իրագործումը։
Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ պայմանավորված՝ ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 270-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն է իրականացնում նախարարության գործունեության ոլորտին վերապահված լիցենզավորման գործընթացի ապահովումը, ինչպես նաև լիցենզիաների պահանջների կատարման կապակցությամբ վարչարարության իրականացումը, ինչը նախկինում իրականացնում էր Ոստիկանությունը՝ որպես ՀՀ վարչապետին ենթակա պետական մարմին։ Վերոնշյալ փոփոխությունը պետք է նախատեսվի նաև «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում։
Հատկանշական է, որ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքների պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս, լիազոր մարմինն իրավունք ունի պահնորդական ծառայություններ մատուցելու վայրում սահմանված կարգով իրականացնել ստուգում՝ միայն պատվիրատուների համաձայնությամբ, ինչն էական բարդացնում է մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության լիարժեք իրականացումը՝ սահմանափակելով օրենսդրության պահանջների խախտումների հայտնաբերման հնարավորությունները։
Ոլորտային կազմակերպությունների գործունեության ստուգման և առհասարակ արդյունավետ վերահսկողության առումով ներկայումս առկա են խնդրահարույց գործոններ, որոնք ավելի ռիսկային են դառնում մասնավոր պահնորդական կազմակերպությունների և պահնորդների թվի կանխատեսվող աճի պարագայում։
Այսպես՝ մասնավոր պահնորդական կազմակերպություններում ստուգումների հաճախականությունը որոշվում է ըստ հետևյալ ռիսկայնության խմբերի.
- ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված կազմակերպություններում՝ յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ,
- միջին ռիսկայնության խմբում ընդգրկված կազմակերպություններում՝ յուրաքանչյուր 3 տարին 1 անգամ,
- բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված կազմակերպություններում՝ տարեկան 1 անգամ։
Սակայն, այս ռիսկայնության խմբերի որոշման համար, ըստ գործող օրենսդրության, անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպությունում մեկ անգամ արդեն անցկացված լինի ստուգում, որի արդյունքներով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ստուգաթերթով նախատեսված միավորների կիրառմամբ է /կոնկրետ խախտումը գնահատվում է X միավոր/ որոշվում, թե կազմակերպությունը որ ռիսկային խմբին է պատկանում։ Այսինքն՝ հենց առաջին ստուգման արդյունքներով էլ կանխորոշվում է տվյալ կազմակերպությունում հետագա ստուգումների հաճախակիությունը։
Ընդ որում, հարկ է նշել, որ առկա չէ որևէ գործիքակազմ, որը հնարավորություն կտար քիչ թե շատ օբյեկտիվ չափորոշիչներով որոշել, թե դեռևս առաջին անգամ չստուգված և ռիսկայնության որևէ խմբում չընդգրկված որ կազմակերպությունում /դրանք բավական ծավալ են կազմում/ է առավել նպատակահարմար իրականացնել ստուգում, որն է դրանցից առավել ռիսկայինը։
Բացի այդ, ներդրված չէ որևէ կառուցակարգ այն կազմակերպությունների հետագա գործունեության օրինականությունը մոնիթորինգի ենթարկելու համար, որն արդեն իրականացված ստուգումների արդյունքներով դասվել է ցածր ռիսկայնության խմբում։
Նաև առկա չէ մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու օրենսդրական պահանջ:
ՀՀ ներքին գործերի նախարարությունում իրականացված վերլուծությունները փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի արատավոր և հակաօրինական պրակտիկա, երբ որոշ մասնավոր անձինք շրջում են թիկնապահների տպավորություն թողնող խմբերի ուղեկցությամբ, ինչը դրսևորվում է նաև նշված այդ անձանց՝ տրանսպորտային միջոցների շարասյուններով ուղեկցելով։
Վերոնշյալ թիկնապահական գործունեությունն առաջացնում է նաև ռիսկեր՝ երթևեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության ու առհասարակ օրինականության ապահովման տեսանկյունից։
Պետք է նաև նշել, որ նման անօրինական թիկնապահական ծառայություններ մատուցող անձինք հաճախ դրսևորում են հակաիրավական վարքագիծ: Ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի, երբեմն նաև պահպանվող անձի կարևորությունն անհարկի ընդգծելու հետևանքով բախումներ են գրանցվում օրինապահ քաղաքացիների հետ, ինչն արդարացիորեն առաջացնում է վերջիններիս դժգոհությունը։
Հատկանշական է, որ նման ծառայություններից հաճախ օգտվում են նաև անձինք, որոնք հարում են որոշակի հանցագործ խմբավորումների, և վերջիններիս մոտ շատ դեպքերում պահվում է կամ ապօրինի զենք կամ կրման և պահման կանոնների խախտմամբ քաղաքացիական զենք, ինչը իրավապահ մարմինների համար առաջացնում է մարդու դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման համատեքստում դժվար կառավարելի ռիսկեր։
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ թիկնապահական գործունեություն իրականացնող կազմակերպությունը պայմանագրով նախատեսված դեպքերում կարող է իրականացնել հատուկ կապով և տրանսպորտային միջոցով սպասարկում, սակայն պաշտպանվող յուրաքանչյուր անձի կարող է ուղեկցել միայն մեկ տրանսպորտային միջոց և երեքից ոչ ավելի թիկնապահ /այդ թվում՝ վարորդ-թիկնապահը/։ Նշված խախտումների համար ներկայումս կիրառվող պատասխանատվության միջոցներն են․
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124․1-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է նախատեսված տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությամբ այնպիսի խմբակային տեղաշարժի համար, որը խոչընդոտում է ճանապարհային երթևեկությանը կամ ստեղծում է երթևեկության անվտանգության սպառնալիք /պատիժը՝ տուգանք, նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով/։
Ակնհայտ է, որ հիշյալ զանցակազմերի սանկցիաներով նախատեսված պատասխանատվության միջոցներն այլևս համաչափ չեն կատարված իրավախախտման բնույթին ու վտանգավորության աստիճանին և չեն կարող արդյունավետ կանխարգելիչ ազդեցություն ունենալ։
Բացի այդ, մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների պահանջարկի ավելացմանը զուգընթաց կաճի նաև առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն ծավալելու դեպքերի ավելացման ռիսկը՝ թե թիկնապահական և թե պահնորդական ծառայությունների մասով։ Նման գործունեության կանխարգելմանն ուղղված վարչական իրավախախտումները հետևյալն են․
1) ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը /ՎԻՎՕ հոդված 169/, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով:
2) մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի կողմից մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելը /ՎԻՎՕ հոդված 169․23 մաս 1/, որն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ այդ ծառայությունից օգտվելը /ՎԻՎՕ հոդված 169․23 մաս 2/, որն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով: Ակնհայտ է, որ առկա է հիշյալ զանցակազմերի սանկցիաներով նախատեսված պատասխանատվության միջոցների խստացման անհրաժեշտություն:
Նկատի ունենալով մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափի համեմատաբար փոքր չափը, այն է բազային տուրքի 500-ապատիկը, բազմաթիվ տնտեսվարողներ, չունենալով նման գործունեություն ծավալելու հստակ ցանկություն և համապատասխան ռեսուրսներ, նշված ցածր պետական տուրքի պարագայում ձեռք են բերում մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա, սակայն փաստացի նման գործունեություն չեն ծավալում։ Հատկանշական է, որ համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի՝ մասնավոր պահնորդական կազմակերպության լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիա ստանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պահնորդական ծառայություններ չիրականացնելու դեպքում, ինչով պայմանավորված՝ Լիազոր մարմինը ստիպված է լինում տարեկան կտրվածքով դադարեցնել մեծ թվով կազմակերպությունների տրված լիցենզիաները։
Բացի այդ, նման պայմաններում, հնարավոր չի լինում ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների կամ առհասարակ ոլորտի տենդենցների վերաբերյալ ձևավորել ստույգ վիճակագրություն և դրա հաշվառմամբ մշակել ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ քաղաքականություն։
2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը․
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանվող ծառայությունների տեսակները լրացվել են մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների բոլոր ենթատեսակներով:
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասից հանվել է «բարդ ընթացակարգով տրվող լիցենզիա» հասկացությունը, քանի որ «Լիցենզավորման մասին» ներկայիս օրենքով նման ընթացակարգ առկա չէ։
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածում նախատեսվել է նոր 3-րդ մաս, որով սահմանվել են մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման համար անհրաժեշտ պարտադիր նվազագույն պահանջներ, այն է՝ լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահի դրությամբ համապատասխան որակավորում ունեցող առնվազն 10 աշխատակցի (պահնորդի և (կամ) թիկնապահի) հետ կնքված աշխատանքային պայմանագրերի և նվազագույնը 10 միլիոն ՀՀ դրամի չափով կանոնադրական կապիտալի առկայություն։
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասից հանվել են «լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման,» բառերը, քանի որ ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1152-Ն որոշման համաձայն մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիան տրվում է անժամկետ։
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքը լրացվել է նոր` 8.1-րդ հոդվածով, որով սահմանվել է մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաշվառման էլեկտրոնային գրանցամատյան վարելու հնարավորություն և դրանում ընդգրկվող տեղեկությունների ցանկ:
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածում լրացվել է նոր 3-րդ մաս, որով սահմանվել են այն դեպքերը, որոնց պարագայում կազմակերպություններն իրենց օբյեկտների կամ տարածքների պահպանությունը, ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա, պետք է պարտադիր պատվիրակեն մասնավոր պահնորդական կազմակերպություններին։
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 24-րդ հոդվածում նախատեսվել է նոր 3-րդ մաս, որով լիազորող նորմ է սահմանվել լիազոր մարմնի կողմից պահնորդական և թիկնապահական գործունեության կազմակերպման կարգի հաստատման համար։
Առաջարկվում է նաև «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասից հանել պահնորդի (թիկնապահի) կյանքն ապահովագրելու պահանջը՝ մինչև ՀՀ ապահովագրական շուկայում նման ծառայության մատուցման ներդրումը։
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերում, ինչպես նաև 32-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանություն» բառը փոխարինվել է «Լիազոր մարմին» բառերով՝ ապահովելու համար հիշյալ գործառույթի համապատասխանությունը ՀՀ ներքին գործերի նախարարության կանոնադրությանը։
Միաժամանակ, օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասում հանվել են «(պատվիրատուների համաձայնությամբ)» բառերը, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից ստուգումների կազմակերպման և անցկացման վայրերի առումով բացառություն է նախատեսվել բնակարանների կամ բնակարանի հավասարեցված վայրերի համար։
«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 30-րդ հոդվածում նախատեսվել է նոր 4-րդ մաս, որով սահմանվել է լիցենզավորված մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին իրենց գործունեության վերաբերյալ կիսամյակային կտրվածքով հաշվետվություն ներկայացնելու պահանջ:
Նշված փոփոխություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն նախատեսել նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, որով լիցենզիայի տվյալ տեսակի, այն է՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող սուբյեկտի համար նախատեսվել է հաշվետվություն ներկայացնելու պահանջ։
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում նախատեսվել է նոր զանցանք, այն է՝ թիկնապահական գործունեության իրականացման ընթացքում պահպանվող անձին տեղափոխող կամ ուղեկցող տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունն այնպիսի խմբակային տեղաշարժի, որը խոչընդոտում է ճանապարհային երթևեկությանը կամ ստեղծում է երթևեկության անվտանգության սպառնալիք, և սահմանվել է տուգանքի համարժեք բարձր չափ:
Միաժամանակ, խստացվել են առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելու և այդ ծառայություններից օգտվելու համար օրենքով նախատեսված տուգանքի չափերը։
Առաջարկվում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը բազային տուրքի 500-ապատիկի փոխարեն սահմանել 3000-ապատիկի չափով, որի պարագայում կանխատեսելի է, որ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար կդիմեն և լիցենզիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնք հստակ նպատակադրված են գործունեություն ծավալելու նշված ոլորտում և տիրապետում են անհրաժեշտ ֆինանսական, կադրային, սպառազինային ռեսուրսների։
3․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Օրենքի նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծերով առաջարկվող փոփոխությունները և լրացումները դրական ազդեցություն կունենան ոլորտի մրցակցային միջավայրի բարելավման, մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների արդյունավետ վերահսկման, ստվերային պահնորդական կամ թիկնապահական գործունեության կանխարգելման վրա, ինչպես նաև մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիայի ստացման համար կնախատեսվեն ավելի խիստ չափորոշիչներ։ Բացի այդ, կհստակեցվի, թե որ կազմակերպություններն են պարտավոր իրենց օբյեկտների պահպանությունն իրականացնել մասնավոր պահնորդական կազմակերպությունների միջոցով և որոնք՝ հաստիքային աշխատակիցների միջոցով։
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի առաջացնի:
6․ Նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծերի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական կազմակերպությունների ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ստուգումների ստուգաթերթը հաստատելու մասին» թիվ 1116-Ն որոշման մեջ։
7․ Նախագծերի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
25.09.2024 - 10.10.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Լիցենզավորում և թույլտվություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 813
Տպել