Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը
- Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգում իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերությունները, ներառյալ ակադեմիական քաղաքին և գիտական փորձաքննությանը վերաբերող հարաբերությունները:
- Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների վրա՝ անկախ նրանց կազմակերպական-իրավական ձևից, եթե առանձին բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների համար միջազգային պայմանագրերով դրանց կարգավիճակը, կառավարման ու գործունեության առանձնահատկությունները սահմանող այլ բան նախատեսված չէ:
Հոդված 2. Բարձրագույն կրթության և գիտության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
- Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) բարձրագույն կրթություն՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթութան ծրագրերով իրականացվող կրթական գործընթաց, որի սահմանված կարգով հաջող ավարտի դեպքում ուսանողը ստանում է տվյալ մակարդակին համապատասխանող որակավորում (բակալավրի, մագիստրոսի կամ դոկտորի).
2) բարձրագույն ուսումնական հաստատություն (այսուհետ՝ բուհ)՝ հիմնադրամի ձևի ոչ առևտրային կազմակերպություն, որի գործունեության առանձնահատկությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, կախված հիմնադրից՝ կարող են լինել՝
ա․ հանրային (պետական) բուհ՝ պետության կողմից հիմնադրված բուհ,
բ․ միջպետական բուհ՝ միջպետական պայմանագրի հիմքով հիմնադրված բուհ,
գ․ մասնավոր բուհ՝ ոչ պետական կազմակերպության կողմից հիմնադրված բուհ, այդ թվում՝ արտերկրի բուհի մասնաճյուղ.
3) համալսարան՝ բուհ, որն իրականացնում է կրթական ծրագրեր բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում, ինչպես նաև ունի իր կազմում գործող մեկ կամ մի քանի գիտական կազմակերպություններ, ինչպես նաև մասնագիտական ուսուցման կառուցվածքային միավորներ, ավագ դպրոցներ կամ վարժարաններ.
4) գիտական գործունեություն՝ նոր գիտելիքի ստեղծմանը կամ դրա կիրառման նոր ուղղությունների հայտնաբերմանն ուղղված ստեղծագործական համակարգված գործունեություն.
ա. հիմնարար գիտական հետազոտություն՝ բնության օրենքների, մարդու գործունեության, հասարակության կառուցվածքի և զարգացման հիմնական օրինաչափությունների մասին ունեցած համընդհանուր գիտելիքների ընդլայնմանն ու նոր գիտելիքներ ձեռք բերելուն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեություն՝ առանց որոշակի ուղղակիորեն գործնական նկատառման,
բ. կիրառական գիտական հետազոտություն՝ հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի հայտնի կամ սահմանված խնդիրների լուծմանն ուղղված տեսական կամ փորձարարական գործունեություն,
գ. փորձարարական մշակում՝ գիտական հետազոտությունների կամ պրակտիկ փորձարկումների միջոցով ձեռք բերված գիտելիքների վրա հիմնված՝ նոր արտադրանքի կամ գործընթացների ստեղծմանը կամ առկա արտադրանքի կամ գործընթացների կատարելագործմանն ուղղված համակարգված գործունեություն.
5) գիտական կազմակերպություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն կամ օրենքով սահմանված հիմնարկի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ համալսարանի կազմում ինքնուրույն գործող կառուցվածքային միավոր, որն իրականացնում է գիտական և գիտատեխնիկական գործունեություն: Գիտական կազմակերպությունը կարող է զբաղվել նաև նորարարական գործունեությամբ: Ըստ հիմնադրի գիտական կազմակերպությունները կարող են լինել՝
ա. հանրային (պետական) գիտական կազմակերպություն՝ պետության կողմից հիմնադրված գիտական կազմակերպություն,
բ. միջպետական գիտական կազմակերպություն՝ միջպետական պայմանագրի հիմքով հիմնադրված գիտական կազմակերպություն,
գ. մասնավոր հետազոտական կազմակերպություն, ոչ պետական կազմակերպության կողմից հիմնադրված գիտական կազմակերպություն.
6) ակադեմիական միավոր՝ բուհի ինքնուրույն կառուցվածքային միավոր, որը որոշակի մասնագիտություններով իրականացնում է կրթական կամ գիտական գործունեություն․
7) ակադեմիական քաղաք՝ կրթության, հետազոտության և մշակումների, ինչպես նաև մշակութային և մտավոր ժամանցի համար պետության կողմից ստեղծված արդիական միջավայր, որն ապահովում է ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային համընթաց համագործակցությունը և երաշխավորում է միջազգային գերազանցությունը․
8) ուսանող (կուրսանտ)՝ բարձրագույն կրթության որևէ մակարդակի կրթական ծրագրով ուսումնառող անձ.
9) հետավարտական լրացուցիչ ուսուցում՝ Կառավարության կողմից սահմանված կարգավորվող մասնագիտություններով ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու նպատակով հավելյալ գործնական, որոշ դեպքերում նաև տեսական ուսուցում՝ աշխատանքային միջավայրում՝ մասնագետի հսկողությամբ:
10) բարձրագույն կրթության որակավորում (այսուհետ՝ որակավորում)՝ կրթական կամ գիտական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության տվյալ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը և հաստատվում է համապատասխան ավարտական փաստաթղթով.
ա. բակալավրի որակավորում՝ կրթական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության առաջին մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության հաջող ավարտը,
բ. մագիստրոսի որակավորում՝ կրթական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության հաջող ավարտը,
գ. դոկտորի որակավորում՝ գիտական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության հաջող ավարտը՝ ներառյալ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը.
11) կրթական ծրագիր՝ բարձրագույն կրթության որևէ մակարդակի և մասնագիտության ուսումնական և հետազոտական բաղադրիչների ամբողջություն, որն իրականացվում է ուսումնառության որոշակի վերջնարդյունքներով պայմանավորված հաջորդականությամբ և դասավանդման մեթոդներով.
12) համատեղ կրթական ծրագիր՝ երկու կամ ավելի բուհերի, կամ բուհի ու գիտական կազմակերպության համագործակցությամբ իրականացվող կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է ներգրավված բոլոր կազմակերպությունների համատեղ դիպլոմ.
13) ինտեգրված ծրագիր՝ բարձրագույն կրթության իրար հաջորդող երկու կրթական մակարդակներին համարժեք ուսումնառություն մեկ կրթական ծրագրով, որի ավարտին շնորհվում է ավելի բարձր մակարդակին համապատասխանող որակավորում.
14) կարգավորվող մասնագիտություն՝ ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու համար հետավարտական լրացուցիչ ուսուցման պահանջներ և աշխատանքի փորձառություն պահանջող մասնագիտություն․
15) հեռավար ուսումնառություն՝ հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման ձև, որն իրականացվում է համաժամանակյա ու տարաժամանակյա մեթոդով, որի ընթացքում դասավանդողի և ուսանողների միջև հաղորդակցումն իրականացվում է հեռահաղորդակցման տեխնոլոգիաների միջոցներով.
16) որակավորումների մասնագիտական շրջանակ (այսուհետ՝ ՈՄՇ)՝ որոշակի մասնագիտության համար ուսումնառության վերջնարդյունքները սահմանող շրջանակ՝ համահունչ որակավորումների ազգային շրջանակին (այսուհետ՝ ՈԱՇ)․
17) կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ (այսուհետ՝ ԿՓՀ)՝ Հայաստանի Հանրապետության կրթական տարածքում կիրառվող ակադեմիական կրեդիտների հաշվարկման, կուտակման և փոխանցման համակարգ, որն ապահովում է ակադեմիական կրեդիտների համադրելիությունը և փոխանցելիությունը, ինչպես հանրապետության, այնպես էլ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի կազմակերպությունների հետ, ու դյուրացնում է ուսանողների շարժունությունը և ուղղված է կրթական ծրագրերի ու դասընթացների թափանցիկությանը.
18) ԿՓՀ ակադեմիական կրեդիտ (այսուհետ՝ կրեդիտ)՝ կրթական ծրագրով ուսումնառություն ստանալիս ուսանողի ծանրաբեռնվածության ու կրթական կամ հետազոտական վերջնարդյունքների ձեռքբերման չափման պայմանական միավոր.
19) ակադեմիական մոդուլ՝ կրթական ծրագրի բաղադրիչ հանդիսացող ամբողջական դասընթաց, դասընթացի մի մաս կամ հետազոտական բաղադրիչ, որի վերջնարդյունքների գնահատման հիման վրա շնորհվում է կրեդիտ․
20) ուսումնառության վերջնարդյունք՝ դասընթացի կամ կրթական ծրագրի ավարտին ակնկալվող գիտելիքի, կարողությունների և հմտությունների նվազագույն լրակազմ.
21) ամփոփիչ ատեստավորում՝ բարձրագույն կրթության համապատասխան մակարդակի կրթական ծրագրով սահմանված ուսումնառության վերջարդյունքներին շրջանավարտի գիտելիքի, կարողությունների և հմտությունների համապատասխանության ստուգման և գնահատման գործընթաց, որի դրական արդյունքով շնորհվում է համապատասխան որակավորում.
22) դիպլոմ (ավարտական փաստաթուղթ)՝ որակավորում շնորհելու փաստը հավաստող պաշտոնական փաստաթուղթ.
23) համատեղ որակավորում՝ երկու կամ ավելի բուհերի կողմից համատեղ իրականացվող կրթական ծրագրի արդյունքում շնորհված բարձրագույն կրթության որակավորում.
24) որակավորման ճանաչում՝ լիազոր մարմնի կողմից օտարերկրյա որակավորման համադրելիության պաշտոնական ճանաչում (հավաստում)՝ որակավորումը կրողի մուտքը բարձրագույն կրթության հաջորդ աստիճան կամ աշխատանքային գործունեություն արտոնելու համար.
25) որակի ապահովում՝ որակի ներքին (ներբուհական) և արտաքին (պետական) գնահատման սահմանված չափանիշներին համապատասխան՝ բուհի և դրա կրթական ծրագրերի մշտադիտարկման, գնահատման և բարելավման շարունակական գործընթաց.
26) բուհի ինստիտուցիոնալ (այսուհետ՝ ինստիտուցիոնալ) կամ կրթական ծրագրի (այսուհետ՝ ծրագրային) հավատարմագրում՝ որակի գնահատման գործընթաց, որի միջոցով հավաստվում է բուհի կամ դրա կրթական ծրագրի համապատասխանությունը հավատարմագրման սահմանված չափանիշներին.
27) կրթաթոշակ՝ պետության կամ մասնավոր կազմակերպությունների կողմից կրթության շարունականությունը կամ ուսումնառության ընթացքն ապահովելու նպատակով սովորողներին անհատույց տրամադրվող ֆինանսական աջակցություն, որը կարող է տրվել բուհ ընդունելության արդյունքների կամ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության կամ այլ ձեռքբերումների համար.
28) ներառականություն՝ յուրաքանչյուր ուսանողի և աշխատողի համար, այդ թվում՝ կրթության և աշխատանքի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական և հետազոտաան գործընթացին առավելագույն մասնակցության ապահովում.
29) մատչելի միջավայր՝ կրթության և աշխատանքի ներառականութայն ապահովմանը միտված միջավայր, որը ներառում է ֆիզիկական միջավայրի (շենքային պայմնաններ, փոխադրամիջոցի հարմարեցումներ, սննդի կետեր, սանհանգույցներ, հանգստյան գոտիներ), տեղեկատվության (տեղեկատվության միջոցներ, ուսումնական ծրագրեր և նյութեր, ներառյալ մեթոդական) և հաղորդակցության միջոցների (հաղորդակցման հարմարեցված գործիքներ ներառյալ ջջային հավելվածներ կամ այլ միջոցներ) բաղադրիչները.
30) գիտական դրամաշնորհ՝ Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կամ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտներին գիտական հետազոտությունների իրականացման նպատակով անհատույց և անվերադարձ տրամադրվող ֆինանսական կամ այլ միջոցներ.
31) ակադեմիական գործունեություն՝ բուհում իրականացվող ուսումնամեթոդական, գիտական և գիտատեխնիկական գործունեություն.
32) ակադեմիական բարեվարքություն՝ գիտական և կրթական գործունեության իրականացում մասնագիտական էթիկայի և վարքագծի սահմանված կանոններին համապատասխան.
33) ակադեմիական ազատություն՝ ակադեմիական կազմի և գիտական աշխատողների մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ մտքի ու խոսքի, հետազոտության և դասավանդման մեթոդներն ընտրելու, գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնելու և դրանց արդյունքները հրապարակելու ազատություն.
34) ակադեմիական շարժունություն՝ որոշակի ժամկետով ուսանողների ուսումնառության առանձին փուլերի, հետազոտական աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև ակադեմիական և վարչական / կառավարման գործառույթներ իրականացնող կազմի մասնագիտական զարգացման, հետազոտական և դասավանդման աշխատանքների իրականացումն այլ բուհում կամ գիտական կազմակերպությունում.
35) բուհական ինքնավարություն՝ բուհի ակադեմիական և կազմակերպական, այդ թվում՝ մարդկային ու ֆինանսատնտեսական ռեսուրսները կառավարելու գործառույթները ինքնուրույն սահմանելու, որոշումներ կայացնելու և իրականացնելու իրավասություն, որով երաշխավորվում է բուհի՝ գաղափարական, քաղաքական և կրոնական միջամտությունից զերծ գործունեությունը.
36) նորարարական (ինովացիոն) գործունեություն՝ կիրառության մեջ գտնվող արտադրանքի կամ գործընթացների համեմատ էականորեն բարելավված արտադրանքի կամ գործընթացների մշակմանն ու ներդրմանն ուղղված գործունեություն.
37) գիտական աշխատող (հետազոտող)՝ գիտական կազմակերպությունում գիտական գործունեություն իրականացնող, առնվազն մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորում ունեցող և գիտական արդյունք ստեղծող անձ.
38) ճարտարագիտատեխնիկական աշխատող՝ գիտական կազմակերպությունում կամ բուհում գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացմանը նպաստող և գիտական արդյունքի ստեղծման գործընթացում ներգրավված անձ.
39) որակավորումների պետական գրանցամատյան՝ ուսանողների ակադեմիական առաջխաղացման, ինչպես նաև հետավարտական լրացուցիչ ուսումնառության արդյունքում շնորհված որակավորման ինչպես նաև նրանց տրված ավարտական փաստաթղթերի և դրանց վերաբերյալ տեղեկատվության գրանցման միասնական թվային շտեմարան.
40) բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգ՝ տվյալների հավաքագրման, վերլուծման և տեղեկատվության տարածման միասնական էլեկտրոնային համակարգ, որը ներառում է տեղեկություններ բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարման, տնտեսական, ուսումնական և հետազոտական գործընթացների, այդ թվում՝ ուսանողների, կլինիկական ռեզիդենտների ու աշխատողների (այդ թվում՝ գիտական) մասին, որում ներմուծված տեղեկատվությունը օգտագործվում է լիցենզավորման, պետական ֆինանսավորման գործընթացների կազմակերպման, մշտադիտարկման և թափանցիկության ապահովման նպատակով.
41) գիտական փորձաքննություն՝ ստեղծման և ներդրման տարբեր փուլերում գտնվող գիտական գործունեության օբյեկտի գիտական մակարդակի ուսումնասիրության, վերլուծության և գնահատման, ինչպես նաև այդ օբյեկտի վերաբերյալ որոշում կայացնելու համար հիմնավորված մասնագիտական եզրակացություն պատրաստելու նպատակով իրականացվող համակարգված գործունեություն.
42) գիտական փորձագիտական եզրակացություն (այսուհետ՝ փորձագիտական եզրակացություն)՝ գիտական փորձաքննության օբյեկտի ուսումնասիրության արդյունքներն արտացոլող և փորձաքննության առջև դրված հարցերի պատասխանները պարունակող փաստաթուղթ.
43) փորձագետ՝ համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող և գիտական փորձաքննության օբյեկտի ուսումնասիրությունը, վերլուծությունն ու գնահատումը կատարող ֆիզիկական անձ, որն իր փորձագիտական աշխատանքը կատարելիս առաջնորդվում է միայն փորձաքննության օբյեկտի վերաբերյալ համակողմիանի, անկողմնակալ և հիմնավոր կարծիք տրամադրելու սկզբունքով.
44) միկրո-որակավորում՝ որակավորում չշնորհող (ոչ ֆորմալ) և առաձին կրթական ծրագրով ուսուցման արդյունքում որոշակի մասնագիտական հմտությունների կամ կարողությունների ձեռքբերման հավաստման եղանակ, որն ամրագրվում է ծրագիրն իրականացնող կազմակերպության կողմից տրամադրվող ստուգելի փաստաթղթով, և, որը կարող է հիմք հանդիսանալ զբաղվածության համար.
45) ակադեմիական կոչում՝ կրթական և գիտական գործունեության որոշակի մակարդակը հավաստող կարգավիճակ, որն ամրագրվում է համապատասխան դիպլոմով և հանդիսանում է գործոն ակադեմիական պաշտոնների հավակնելու համար.
46) ակադեմիական կազմ՝ բուհի կամ գիտական կազմակերպության դասախոսական, գիտական և ճարտարագիտատեխնիկական աշխատողների համախումբ.
47) ուսանողի փորձառություն՝ բուհի ուսանողի կողմից՝ ակադեմիական, սոցիալական և անհատական հարթություններում ստացած փոխգործակցության միասնական արդյունք, ինչն ապահովվում է կրթական ծրագրերի, ակադեմիական կազմի, ֆիզիկական ենթակառուցվածքների և ծառայությունների հասանելիության, ինչպես նաև անհատական զարգացման հնարավորությունների միջոցով և երաշխավորվում է բուհի ներքին կանոնակարգերով, ծրագրերով, մշակութային, մարզական և ժամանցային միջավայրով:
Հոդված 4. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում պետական քաղաքականության սկզբունքները և հիմնական ուղղությունները
- Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության սկզբունքներն են՝
1) ստեղծագործական և հետազոտական ազատությունը.
2) ակադեմիական էթիկան.
3) ակադեմիական ազատությունը և ինքնավարությունը.
4) կառավարման թափանցիկությունը և հրապարակայնությունը.
5) իրավահավասարությունը և խտրականության բացառումը.
6) բարձրագույն կրթության հասանելիությունը և ներառականությունը.
7) բարձրագույն կրթության շարունակականությունը.
8) բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարձր ստանդարտներն ու միջազգային մրցունակությունը.
9) միջմասնագիտական երկխոսությունը և շարժունությունը.
10) կենտրոնացումը բազմակողմանի զարգացած անհատի ձևավորման վրա.
11) փոխանցելի գիտելիքների և հմտությունների տրամադրումը.
12) ուսանողի համանման փորձառության երաշխավորումը.
13) գործունեության անվտանգությունն ու ենթակառուցվածքների մատչելիությունը.
14) մարդասիրական և ժողովրդավարական սկզբունքների ապահովումը.
15) ակադեմիական կազմի կողմից հանրային պատասխանատվության գիտակցման ձևավորումը.
16) ազատությունների և պատասխանատվությունների հավասարակշռված կիրարկումը:
2. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են՝
1) հայագիտության զարգացումը.
2) գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման արդունավետ համակարգի ձևավորումն ու զարգացումը, ներառյալ տեխնոլոգիաների գնահատման համակարգի ձևավորումը.
3) հանրապետության տնտեսական առաջընթացին և տեխնոլոգիական զարգացմանը նպաստող հետազոտությունների խթանումը.
4) մրցունակ անհատի ձևավորմամբ հասարակության կայուն զարգացմանը նպաստելը.
5) գիտական ներուժի զարգացումը և առավել արդյունավետ կիրառումը.
6) մտավոր սեփականության պաշտպանությունը և առավելագույն սոցիալ-տնտեսական արդյունքի ստացումը.
7) նորարարության խթանումը և գիտատար ձեռնարկությունների խթանման համար արդյունավետ միջավայրի ստեղծումը.
8) բուհերի և գիտական կազմակերպությունների հետ պետության և մասնավոր հատվածի կազմակերպությունների գործընկերության խթանումը.
9) Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին և Եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգի ինտեգրումը՝ կրթական լավագույն ավանդույթների և նվաճումների պահպանմամբ ու զարգացմամբ.
10) բարձրագույն կրթություն ստանալու և հետազոտություններ իրականացնելու համար հավասար հնարավորությունների ու հասանելիության ապահովումը.
11) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար բարձրագույն կրթություն ստանալու մատչելի պայմանների և խելամիտ հարմարեցումների ապահովումը՝ համընդհանուր դիզայնի սկզբունքներին համապատասխան.
12) բարձրագույն կրթության համակարգում լրացուցիչ և շարունակական կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնումը.
13) բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության, կրթական և հետազոտական գործընթացների մասնակիցների ակադեմիական ազատության երաշխավորումը.
14) բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստումը՝ հաշվի առնելով անձի պահանջմունքները, պետության կարիքները, համաշխարհային զարգացման ուղղությունները և աշխատաշուկայի պահանջները.
15) գիտական և նորարարական գործունեության զարգացման ապահովումը և արտադրության հետ դրանց ինտեգրմանը նպաստելը, ինչպես նաև տնտեսության մեջ նոր գիտական արդյունքների և տեխնոլոգիաների կիրառման խրախուսումը.
16) բուհերի ուսանողների սոցիալական երաշխիքների ապահովումը և կրթաթոշակների տրամադրումը.
17) բարձրագույն կրթության, գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնմանը նպաստելը.
18) Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության միջազգային հեղինակության ու գրավչության բարձրացումը.
19) ուսանողների և ակադեմիական կազմի ակադեմիական շարժունության խթանումը.
20) բուհի և գիտական կազմակերպության աշխատողի աշխատանքային առաջխաղացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը.
21) արտերկրի հայագիտական կենտրոնների աջակցությունը և Հայաստանի Հանրապետության բուհերի և գիտական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը.
22) բուհի և գիտական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեությանը և ֆոնդհայթայթման միջոցառումներին աջակցելը, բարձրագույն կրթության և գիտության ոլորտում ներդրումների խրախուսումն ու բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովումը.
23) բուհերին և գիտական կազմակերպություններին գիտական և գիտատեխնիկական, նորարարական գործունեության համար, ինչպես նաև ուսանողական նախաձեռնությունները խթանելու, սոցիալական աջակցություն ցուցաբերելու, բուհի զարգացման ռազմավարական ծրագրերն ապահովելու նպատակով պետական աջակցության ցուցաբերելը՝ դրամաշնորհների, կրթաթոշակների, վարկավորման, լրացուցիչ ֆինանսավորման միջոցով.
24) բուհերի նկատմամբ վերահսկողությունը՝ մատուցվող կրթական ծառայությունների որակի մշտադիտարկման և ապահովման նպատակով:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 5. Բարձրագույն կրթության և գիտության համակարգը
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգը ներառում է՝
1) բարձրագույն կրթության և գիտության համակարգի պետական կառավարման մարմինները և այն կազմակերպությունները, որոնք բարձրագույն կրթության և գիտության համակարգում իրականացնում են օրենքով սահմանված համապատասխան գործառույթներ.
2) բուհերը և գիտական կազմակերպությունները.
3) բարձրագույն կրթության և գիտության համակարգում ներգրավված ուսանողներին, ակադեմիական և վարչական կառավարման գործառույթներ իրականացնող կազմի աշխատողներին, գիտական կազմի աշխատողներին և այլ մասնակիցներին.
4) լիցենզավորման գործընթացները և չափանիշները.
5) ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման գործընթացները և չափանիշները.
6) որակավորումների ազգային շրջանակը, որակավորումների ոլորտային շրջանակները, հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը.
7) ուսումնառության արդյունքների ճանաչմանը, գնահատմանը և որակավորումների շնորհմանն առնչվող չափանիշները և գործընթացները.
8) որակավորումների պետական գրանցամատյանը.
9) բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգը:
Հոդված 6. Բուհի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները
1. Բուհի գործառույթներն են՝
1) բարձրագույն կրթության տարբեր մակարդակներում ուսումնական գործընթացի կազմակերպումը և որակյալ, հետազոտահենք կրթության իրականացումը.
2) բուհի առաքելությանը հավատարիմ և դրան անշեղորեն ուղղված գործունեության կազմակերպումը.
3) որակավորումների ազգային շրջանակով և որակավորումների մասնագիտական շրջանակներով սահմանված նկարագրերին համապատասխանության ապահովումը.
4) բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավումը, դասավանդման, ուսումնառության արդիական մեթոդների ներդրումը և դրանց բազմազանության ապահովումը.
5) կրթական գործընթացի շարունակականության և թափանցիկության ապահովումը.
6) ժամանակակից և մրցունակ բարձրագույն կրթության կրթական ծրագրերի մշակումը, այդ թվում՝ շահակիցների ներգրավմամբ.
7) քաղաքացիական գիտակցության, պատասխանատվության և համամարդկային արժեքների արմատավորումը:
2. Համալսարանները, ի հավելումն վերը նշվածների, իրականացնում են հետևյալ գործառույթները՝
1) նոր գիտելիքի ստեղծումը, ընդլայնումը և տարածումը.
2) բարձրագույն կրթության ու գիտական և գիտատեխնիկական գործունեության միջազգայնացումը.
3) բարձրագույն կրթության ու գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական և մասնավոր միջոցների ներգրավումը.
4) Հայաստանի Հանրապետության տնտեսության և պետական այլ գերատեսչությունների կարիքների համար գիտական հետազոտոթյունների և փորձարարական մշակումների իրականացումը.
5) իր կողմից ստեղծված գիտելիքի առևտրայնացումը և ստացված եկամուտի տնօրինումն առաքելությամբ սահմանված նպատակների համար:
3. Բուհը, սույն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված լիազորություններին համապատասխան.
1) կազմակերպում և իրականացնում է ընդունելության գործընթացը, ներառյալ՝ օտարերկրյա քաղաքացիների՝ ըստ բուհի կրթական մակարդակների և կրթական ծրագրերի.
2) ստեղծում է մատչելի միջավայր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով կրթության կազմակերպման համար.
3) մշակում և հրատարակում է ուսումնամեթոդական նյութեր ու գրականություն.
4) կազմակերպում է ուսումնական գործընթացը՝ ընտրելով ուսուցման անհրաժեշտ մեթոդները և տեխնոլոգիաները, զարգացնում է ուսանողների հետազոտական և ակադեմիական գրագրության հմտությունները.
5) սահմանում է ուսանողների կողմից կրեդիտների կուտակման կարգը, ուսումնառության վերջնարդյունքների գնահատման, ամփոփիչ ատեստավորման ձևերն ու պարբերականությունը.
6) կատարում է ուսանողների ուսումնառության ընդհատումը (ազատումը, հեռացումը, դադարեցումը), տեղափոխումը և ուսանողական իրավունքների վերականգնումը.
7) մշակում և հաստատում է ուսումնական, գիտահետազոտական, վարչական, ֆինանսական և տնտեսական գործունեությանն առնչվող, ներառյալ՝ աշխատողների ընտրության և նշանակման կարգերը.
8) կազմակերպում է ակադեմիական, գիտական և կառավարման (վարչական) գործառույթներ իրականացնող կազմի մասնագիտական զարգացմանն ուղղված դասընթացներ.
9) ներառականության իրացման նպատակով ապահովում է մասնագիտացված աջակցության ծառայություններ, այդ թվում՝ մեթոդական, հոգեբանական, հավելյալ կրթական ծրագրեր, ինչպես նաև անհատական ուսուցման պլանի կազմում, որոնք ցուցաբերվում են ուսանողին, ակադեմիական և գիտական կազմին.
10) որոշում է ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները, կազմում և հաստատում է տարեկան բյուջեն և դրան համապատասխան՝ կատարում ծախսեր.
11) իրականացնում է գիտական ու գիտատեխնիկական և նորարարական գործունեություն, ինչպես նաև ստացված արդյունքների առևտրայնացման ուղղությամբ աշխատանքներ.
12) մատուցում է վճարովի կրթական և հետազոտական այլ ծառայություններ, ինչպես նաև իրականացնում է օրենքով չարգելված և իր անմիջական գործունեությանն առնչվող տնտեսական և ձեռնարկատիրական գործունեություն.
13) ըստ կրթական ծրագրերի՝ սահմանում է ուսման վարձերի չափերը.
14) իր մշակումների իրացման և տարածման նպատակով ստեղծում է ընկերություններ, հիմնարկներ, մասնաճյուղեր և կառուցվածքային միավորներ, այդ թվում՝ օտարերկրյա պետություններում, ինչպես նաև հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կառուցվածքային միավորներ.
15) տնօրինում է իրեն տրամադրված գույքը և այդ գույքի վարձակալությունից ստացված եկամուտները.
16) տնօրինում է և իր հայեցողությամբ օգտագործում պետական բյուջեից հատկացված ու տվյալ տարում չօգտագործված ֆինանսական միջոցները, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.
17) իրականացնում է օրենքներով և իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:
4. Բուհն իր մշակումների հիման վրա կարող է ստեղծել առևտրային կազմակերպություններ կամ մասնակցել դրանց՝ ընդ որում ունենալով նշված առևտրային կազմակերպությունների ստեղծած շահույթի մեջ 20 տոկոս կամ ավել մասնաբաժին, ինչը կախված է ստեղծման ժամանակ բուհի ներդրումների չափից և որոշվում է հոգաբարձուների խորհրդի կողմից:
5. Համալսարանն իր կառուցվածքում բացի կրթական ենթակառուցվածքներից ունի մեկ կամ մի քանի գիտական կազմակերպություններ, որոնցում իրականացվում են հետազոտական ծրագրեր ու փորձարարական մշակումներ, համաձայն իր կանոնադրության կարող է ունենալ նաև մասնագիտական, հանրակրաթկան (ավագ դպրոց) ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, աշխատանոցներ, համալսարանական ինկուբատորներ և այլ ենթակառուցվածքներ:
Հոդված 7. Բուհական ինքնավարությունը և հաշվետվողականությունը
1. Բուհն իր գործունեությունն իրականացնում է ինքնակառավարման իրավունքի լիարժեք իրացման միջոցով՝ բուհական ինքնավարության, ակադեմիական և հետազոտությունների ազատության, կոլեգիալության, մասնակցայնության սկզբունքներով՝ պահպանելով հաշվետվողականության պահանջներն ու որոշումների կայացման թափանցիկությունը:
2. Բուհը, սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան, ունի՝
1) ակադեմիական գործունեության ինքնավարություն՝ իր կրթական ու գիտական և գիտատեխնիկական գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու, իրականացնելու և կառավարելու իրավասություն.
2) կազմակերպական գործունեության ինքնավարություն՝ իր կառուցվածքը, կառուցվածքային միավորներն ինքնուրույն սահմանելու, օրենքով սահմանված կարգով կառավարման և այլ մարմինները ձևավորելու, իրավաբանական անձ ստեղծելու, ինչպես նաև ներքին կանոնակարգերը և ընթացակարգերն ինքնուրույն հաստատելու իրավասություն.
3) մարդկային ռեսուրսների կառավարման ինքնավարություն՝ իր ակադեմիական, կառավարման(վարչական) գործառույթներ իրականացնող, տնտեսական և օժանդակ կազմի ընտրության, նշանակման, առաջխաղացման և ազատման գործառույթներն ինքնուրույն սահմանելու, կազմակերպելու և կառավարելու իրավասություն.
4) ֆինանսական ռեսուրսների կառավարման ինքնավարություն՝ ինքնուրույն իր բյուջեն ձևավորելու, ֆինանսական և այլ միջոցներ կառավարելու, եկամուտները ձևավորելու և ծախսեր կատարելու իրավասություն:
3. Բուհի ակադեմիական միավորների կառավարման և ֆինանսական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և բուհի կանոնադրությամբ՝ ամրագրելով դրանց ֆինանսական և կառավարման որոշակի ինքնավարության երաշխիքներ։
4. Բուհի գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը և իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են բուհի հիմնադիրը (հիմնադիրները), պետական կառավարման համապատասխան լիազոր մարմինը և օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմինները:
5. Բուհը պարտավոր է ապահովել անշեղությունն իր առաքելությունից, որի վերահսկողությունն իրականացնում են բուհի հիմնադիրը (հիմնադիրները), պետական կառավարման համապատասխան լիազոր մարմինը, կառավարման մարմիններն ու ինքնակառավարման և ներկայացուցչական կառույցները:
6. Բուհը յուրաքանչյուր տարի իր կայքում հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության, ներառյալ՝ ֆինանսական և բուհի ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքների մասին հաշվետվությունները և ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:
7. Բուհը յուրաքանչյուր տարի իր կայքում հրապարակում է իր կրթական ծրագրերի և շնորհվող որակավորումների մասին տեղեկատվությունը:
8. Բուհն իր կայքում հրապարակում է զարգացման ռազմավարական և տարեկան ծրագրերը, ակադեմիական բարեվարքության կանոնակարգը և այլ ներքին իրավական ակտեր։
9. Բուհը երաշխավորում է իր ֆինանսական թափանցիկությունը յուրաքանչյուր տարի հրապարակելով ֆինանսավորման աղբյուրների, ծախսերի և մնացորդների մասին տեղեկատվություն:
10. Բուհն անկախ հիմնադրից և տեսակից պետք է գրանցված լինի բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգում, որի միջոցով սահմանված կարգով վարվում է իր ենթակառուցվածքների, վարչական և ակադեմիական անձնակազմի ինչպես նաև սովորողների հաշվառումը:
Հոդված 8. Գիտական կազմակերպությունը
1. Գիտական կազմակերպությունը սույն օրենքով և իր կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում՝
1) ինքնուրույն է գիտական և գիտատեխնիկական կամ նորարարական գործունեության կազմակերպման, գիտական աշխատողների ատեստավորման ձևերի և պարբերականության ընտրության հարցերում.
2) որոշում է բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, ինքնուրույն իրականացնում է աշխատողների մրցութային ընտրությունը և բաշխումը.
3) կարող է այլ գիտական կազմակերպությունների կամ բուհերի հետ ստեղծել համագործակցային ցանցեր (կոնսորցիումներ) կամ անդամակցել դրանց՝ գիտական և գիտատեխնիկական կամ նորարարական խնդիրների համատեղ լուծման նպատակով։
2. Գիտական կազմակերպությունը՝
1) կազմակերպում և իրականացնում է գիտական գործունեություն, ինչպես նաև կարող է իրականացնել նորարարական գործունեություն.
2) համալսարանի հետ համատեղ կամ համալսարանի կազմում ապահովում է բարձրագույն կրթության երկրորդ կամ երրորդ մակարդակում կրթության իրականացումը.
3) ըստ կառուցվածքային միավորների՝ կատարում է աշխատողների համալրում՝ բաց մրցույթի եղանակով.
4) կազմակերպում է գիտական աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացը.
5) մշակում և հաստատում է գնումների իր ընթացակարգը և դրանց համաձայն՝ կատարում գնումներ, բացառությամբ պետական բյուջեից տրամադրված միջոցների.
6) իր կանոնադրական նպատակներին հասնելու համար տնօրինում է իր բյուջեն, որը ձևավորվում է հիմնադիրի հատկացված միջոցներից, գիտական դրամաշնորհային ծրագրերից, իր գործունեության արդյունքի իրացումից կամ այլ օրենքով չարգելված աղբյուրներից: Համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունների պարագայում բյուջեն համալրվում է նաև համալսարանի ունեցած եկամուտներից արվող հատկացումներից, որի նվազագույն չափը սահմանվում է համալսարանի ներքին իրավական ակտերով և հաստատվում է ընդհանուր բյուջեի հետ.
7) տնօրինում և օգտագործում է պետական բյուջեից հատկացված ու տվյալ տարում չօգտագործված ֆինանսական միջոցներն իր ենթակառուցվածքների բարելավման ու գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների համար, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ.
8) իրականացնում է օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.
9) հանրային գիտական կազմակերպությունը լինում է երեք տարատեսակի՝
ա. համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպություն՝ գիտական գործունեության բոլոր տարատեսակներով, ինչպես նաև նորարարական մշակումներով զբաղվող ինքնուրույն կառուցվածքային միավոր,
բ. գերատեսչական պատկանելության հետազոտական կազմակերպություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որն իրականացնում է կիրառական գիտական հետազոտություններ, փորձարարական մշակումներ ինչպես նաև նորարարական գործունեություն միայն տվյալ գեատեսչության խնդիրների շրջանակներում,
գ. հետազոտական հիմնարկներ՝ հանրային այլ կազմակերպության (թանգարաններ, առողջապահական հաստատություններ, արտադրական կազմակերպություններ) կազմում գործող, հիմնարկի կարգավիճակ ունեցող հետազոտական կազմակերպություններ, որոնք զբաղվում են հիմնադրող կազմակերպության հետազոտական խնդիրներով:
3. Գիտական կազմակերպությունն օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունների հետ կարող է իրականացնել համատեղ գիտական աշխատանքներ և ծրագրեր, եթե իր կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
4. Համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունը մասնակցում է համալսարանի կրթական ծրագրերին՝ բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով ապահովելով որոշակի կրեդիտներ՝ կրթական ծրագրերում ապահովելով ուսանողների հետազոտական և ակադեմիական մոդուլների մասով:
5. Հանրային գիտական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի՝ մինչև տվյալ տարվա մայիսի 1-ը, իր կայքում հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության, ներառյալ՝ ֆինանսական և գիտական կազմակերպության ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքների մասին հաշվետվությունները (իսկ համալսարանի կազմում գործող ակադեմիական կառուցվածքային միավոր հանդիսանալու դեպքում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված), ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:
6. Հանրային գիտական կազմակերպությունը հրապարակում է իր հնգամյա ռազմավարական ծրագիրն ու ակադեմիական բարեվարքության կանոնակարգը:
7. Գիտական կազմակերպության գործունեության համապատասխանությունը գործող օրենսդրությանը և իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են գիտական կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները), պետական կառավարման համապատասխան լիազոր մարմինը և օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմինները:
8. Գիտական կազմակերպությունը անկախ հիմնադրից և տեսակից պետք է գրանցված լինի բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգում, որի միջոցով սահմանված կարգով վարվում է իր ենթակառուցվածքների, վարչական և գիտական անձնակազմի հաշվառումը:
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետ՝ Ակադեմիա) Հայաստանի Հանրապետության հիմնադրած ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է, որն իր կազմում միավորում է Ակադեմիայի անդամներին, Ակադեմիայի գիտական բաժանմունքները, Ակադեմիայի աշխատակազմը, Ակադեմիայի պատվավոր և արտասահմանյան անդամներին և Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողներին:
2. Ակադեմիայի կանոնադրությունը՝ ներառյալ կառավարման և գործունեության առանձնահատկությունները և Ակադեմիայի անդամների ընտրության կարգը հաստատում է Կառավարությունը։
3. Ակադեմիայի կառավարման մարմիններն են՝
1) Ակադեմիայի ընդհանուր ժողովը.
2) Ակադեմիայի հոգաբարձուների խորհուրդը՝ Ակադեմիայի նախագահությունը.
3) Ակադեմիայի կառավարման գործադիր մարմինը՝ Ակադեմիայի նախագահը։
4. Ակադեմիայի ընդհանուր ժողովում ընդգրկվում են գիտական կազմակերպությունների պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողները և ակադեմիկոսները։
5. Ակադեմիայի ընդհանուր ժողովն իր կազմից ընտրում է Ակադեմիայի նախագահության անդամներին՝ 5 տարի ժամկետով, որոնց կազմը հաստատում է Կառավարությունը:
6. Ակադեմիայի նախագահությունն ակադեմիկոսների թվից ընտրում է Ակադեմիայի նախագահին՝ բաց մրցույթի արդյունքում՝ 5 տարի ժամկետով:
7. Հանրային համալսարանների կազմում գործող գիտական կազմակերպություններում ատեստավորման արդյունքում պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների հետագա վարձատրությունն իրականացվում է Ակադեմիայի միջոցով:
8. Հանրային համալսարանների կազմում գործող գիտական կազմակերպություններում ատեստավորման արդյունքում պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողները տարակարգը ստանալուց հետո ենթակա չեն ատեստավորման։
9. Ակադեմիայի առաքելությունն է՝
1) հետազոտությունների գերազանցության խրախուսումը՝ քննարկումների և համաժողովների կազմակերպմամբ.
2) Կառավարությանը և հասարակությանը գիտականորեն հիմնավորված խորհրդատվության տրամադրումը.
3) գիտական մշակույթի տարածումը, գիտական գործունեության և գիտական հետազոտության արդյունքում ստացված գիտելիքի նկատմամբ վստահության ձևավորումը և գիտության հանրայնացումը.
4) միջդիսցիպլինար երկխոսության ապահովումը.
5) հանրային և համամարդկային նշանակության գիտական խնդիրների բացահայտումը.
6) ոլորտային քաղաքականությունների խորհրդատվության տրամադրում՝ գիտականորեն կշռադատված, անկախ և թափանցիկ եղանակով՝ ապահովելով գիտական արդյունքի փոխարկումը հանրային և համամարդկային արժեքի:
10. Ակադեմիան՝ որպես հիմնադրամ, իր առաքելությամբ սահմանված գործառույթների իրականացման համար կարող է դիմել ոլորտը ֆինանսավորող տարբեր մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ միջազգային:
11. Ակադեմիայի պահպանման համար հատկացվող պետական ֆինանսավորումը տրվում է որպես առանձին բյուջետային միջոցառում՝ բազային ֆինանսավորման ծրագրի կազմում։
12. Ակադեմիան բացի բազային ֆինանսավորումից իր կանոնադրության շրջանակներում կարող է դիմել այլ պետական և ոչ պետական ֆինանսավորման ծրագրերի։
13. Ակադեմիան իրեն հատկացված պետական ֆինանսավորման և ցանկացած այլ ֆինանսական մուտքերի և ծախսերի մասով հաշվետու է ոլորտի լիազոր մարմնին և հանրությանը:
14. Ակադեմիայի նախագահության և գործադիր մարմնում ընդգրկված անձի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 75 տարին:
15. Ակադեմիան յուրաքանչյուր տարի իր կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպում է նստաշրջան, որի ժամանակ հանրային գիտական կազմակերպություները ներկայացնում են իրենց գիտական գործունեության ուղղությամբ հաշվետվությունները: Նստաշրջանի արդյունքներով Ակադեմիան գնահատում է ներկայացված հաշվետվությունները և ներկայացնում է լիազոր մարմնին՝ որպես գիտական կազմակերպությունների արտաքին գնահատման բաղադրիչ:
Հոդված 10. Բարձրագույն կրթության կրթական ծրագրերը և դրանց ներկայացվող ընդհանուր պահանջները, ուսումնառության ժամկետները
1. Բարձրագույն կրթության կրթական ծրագրերը, ներառյալ գնահատման համակարգը կազմվում են ՈԱՇ-ի և ՈՄՇ-ների մակարդակների նկարագրիչների պահանջներին համապատասխան։
2. Յուրաքանչյուր կրթական ծրագրի (ներառյալ՝ համատեղ կրթական ծրագրի) համար բուհը կազմում և հաստատում է կրթական ծրագրի նկարագիր, որը ներառում է ծրագրին ներկայացվող հետևյալ ընդհանուր պահանջները՝
1) կրթական ծրագրի նպատակը, խնդիրները և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները.
2) կրթական ծրագրին ներկայացվող մուտքային (ներառյալ՝ ուսումնառության և որակավորման նվազագույն նախապայմանները) և ելքային (ներառյալ՝ ամփոփիչ ատեստավորման ձևերը և պարբերականությունը) պահանջները.
3) ուսումնական բեռնվածության ընդհանուր ծավալը՝ արտահայտված կրեդիտներով, և ուսումնառության նվազագույն տևողությունը.
4) ծրագրի բովանդակությունը՝ որակավորումն ապահովող կրթական մոդուլների ցանկը, դրանց հաջորդականությունը կամ փոխկապակցվածությունը և յուրաքանչյուր կրթական մոդուլին հատկացված կրեդիտը.
5) շնորհվող որակավորումը, մասնագիտությունը և հետագա մասնագիտական գործունեության հնարավոր ոլորտները.
6) գիտեիքների և հմտությունների շրջանակը, ինչպես նաև դրանց ամբողջական գնահատման գործիքակազմը:
3. Բուհի կրթական ծրագրերը երաշխավորում են բարձրագույն կրթության տարբեր կրթական մակարդակներում ուսանողների ուսումնառության գործընթացը՝ ապահովելով ԿՓՀ-ի կիրարկումը և որակավորման աստիճանների շնորհումը: Հանրային բուհերը կիրառում են ԿՓՀ-ն, իսկ այն բուհերը, որոնք ուսումնական գործընթացը կազմակերպում են այլ կրեդիտային համակարգով, պետք է բուհի կողմից սահմանված կարգով կիրառեն վերջինիս փոխարկման մեթոդաբանությունը՝ ԿՓՀ-ին համադրելիությունն ապահովելու համար:
4. Կրթական ծրագրերը՝ ըստ բարձրագույն կրթության մակարդակների, կարող են իրականացվել լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ:
5. Բուհերում կրթական ծրագրերի դասավանդման լեզուն գրական հայերենն է: Բուհի սահմանած կարգով կրթական ծրագրի կրթական մոդուլներ, դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ կարող են դասավանդվել օտար լեզվով այն պայմանով, որ տվյալ բուհում լիարժեքորեն առկա են տվյալ լեզվով դասավանդելու կարողություն ունեցող մասնագետներ և տվյալ լեզվով կրթական ռեսուրսներ:
6. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումը հնարավոր է նաև՝
1) եթե կրթական ծրագրի մասնագիտական ուղղվածությունը ենթադրում է օտար լեզվի ուսումնառություն.
2) եթե դասընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետի կողմից.
3) օտարերկրյա պետության բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական ծրագրերի դեպքում.
4) օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվող կրթական ծրագրերի դեպքում։
7. Ուսումնական գործընթացի կազմակերպումն ըստ սահմանված ժամանակահատվածների, սկիզբը և ավարտը, ինչպես նաև ուսանողի արձակուրդի տևողությունը սահմանում է բուհը:
8. Բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակներում բոլոր ձևերով իրականացվող կրթական ծրագրերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև համատեղ կամ ինտեգրված կրթական ծրագրերի բեռնվածության կրեդիտային սահմանաչափերը և ուսուցման տևողությունները, լրիվ և մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպման սկզբունքները և սահմանափակումները սահմանվում է բարձրագույն կրթության կազմակերպման մասին Կառավարության որոշմամբ՝ հաշվի առնելով եվրոպական բարձրագույն կրթության տարածքի պահանջները:
9. Լրիվ և մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կարգը սահմանում է բուհի ակադեմիական խորհուրդը։
10. Բարձրագույն կրթության կրթական ծրագրերի համապատասխանությունը սույն օրենքին և լիցենզավորման պայմաններին հավաստվում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնի կողմից և տրամադրվում է կրթական ծրագիրն իրականացնելու լիցենզիա որից հետո ծրագիրը գրանցվում է բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգում:
Հոդված 11. Բարձրագույն կրթության մակարդակները, որակավորումները և կրթական ոլորտները
1. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթությունն իրականացվում է իրար հաջորդող երեք կրթական մակարդակներում՝ աստիճանաշնորհող հիմնական կրթական ծրագրերով, ինչպես նաև աստիճան չշնորհող լրացուցիչ ծրագրերով.
1) առաջին մակարդակում ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ և ուսումնառությունը հաջողությամբ ավարտած անձին շնորհվում է բակալավրի որակավորում.
2) երկրորդ մակարդակում ուսումնառությունն ավարտվում է ամփոփվում ատեստավորմամբ և ուսումնառությունը հաջողությամբ ավարտած անձին շնորհվում է մագիստրոսի որակավորում.
3) երրորդ մակարդակում ուսումնառությունը և հետազոտական աշխատանքը ամփոփվում են դոկտորական ատենախոսության պաշտպանությամբ, որի արդյունքում անձին շնորհվում է դոկտորի գիտական աստիճան՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի մասնագիտություններով:
2. Ինտեգրված ծրագրերի պարագայում ուսումնառության վերջնարդյունքները համապատասխանում են ավարտական մակարդակի համար սահմանված վերջնարդյունքներին, և ուսումնառությունն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ:
3. Բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակների ինտեգրված ծրագրով ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորում, իսկ ինտեգրված բժշկական ծրագրերով ուսումնառած անձին՝ «բժիշկ» կամ «բժիշկ-ստոմատոլոգ» որակավորում:
4. Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կամ երկրորդ ու երրորդ մակարդակների ինտեգրված ծրագրերը համալսարանն իրականացնում է գիտական կազմակերպության հետ համագործակցությամբ:
5. Բարձրագույն կրթության հաջորդ կրթական մակարդակում սահմանված կարգով ուսումնառությունը շարունակելու իրավունք ունեն միայն այն անձինք, որոնք ստացել են բարձրագույն կրթության նախորդ մակարդակի որակավորում ծրագրային հավատարմագրում ստացած ծրագրից:
Հոդված 12. Կարգավորվող մասնագիտություններ
1. Կարգավորվող մասնագիտություններն առանձին կամ ինտեգրված կրթության ծրագրով ձեռք բերվող մասնագիտություններ են, որոնց ուղղությամբ ինքնուրույն գործունեություն իրականացնելու համար ուսանողը որակավորումը ստանալուց հետո պետք է ձեռք բերի հավելյալ, տվյալ մասնագիտական ուղղությանն անհրաժեշտ մասնագիտացված տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ համապատասխան հետավարտական ուսումնառության միջոցով:
2. Կարգավորվող մասնագիտությունների ցանկը, ինչպես նաև դրանց ուղղությամբ հետավարտական ուսումնառության (կլինիկական ռեզիդենտուրա կամ այլ ուսումնառության տեսակներ) ընդունելությանը և ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջները, կրթական ծրագրերին ներկայացվող նվազագույն պայմաններն ու պահանջները, ինչպես նաև մասնագիտական ուղղությունների վերջնարդյունքները, սահմանում է Կառավարությունը՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնի ներկայացմամբ:
3. Կարգավորվող մասնագիտություններ շնորհող կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտվում է միասնական պետական քննություններով, որի հաջող հանձնելուց հետո ուսանողը ստանում է տվյալ կրթական ծրագրին համապատասխանող որակավում և մասնագիտություն:
4. Կարգավորվող մասնագիտություններով ուսանողների ամփոփիչ ատեստավորումը սահմանված կարգով կարող է անցկացվել բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնի կողմից՝ կենտրոնացված եղանակով:
5. Կարգավորվող մասնագիտություններով հետավարտական ուսուցումից հետո՝ միասնական ատեստավորման արդյունքում մասնագետին շնորհվում է ինքնուրույն մասնագիտական աշխատանք ծավալելու լիցենզիա:
6. Կարգավորվող հետավարտական ուսումնառությունը կազմակերպվում է տվյալ մասնագիտությամբ գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպություններում մասնագիտական գործունեություն ծավալող լիցենզավորված մասնագետների ղեկավարությամբ որպես փորձնակ կամ այլ կրտսեր պաշտոնում աշխատելով, իսկ կրթական գործընթացի անհրաժեշտության պարագայում այն իրականացնում է տվյալ ուղղությամբ մասնագիտական կրթություն իրականացնող հանրային համալսարանը՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնի հաստատած ծրագրով՝ տվյալ մասնագիտական գործունեության ոլորտը համակարգող պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ:
7. Կլինիկական ռեզիդենտուրան (կլինիկական օրդինատուրան) ինտեգրված կամ դրան համարժեք բարձրագույն բժշկական կրթությանը հաջորդող կրթության ծրագրային փուլ է, որից հետո ուսումնառողը ձեռք է բերում տվյալ մասնագիտական ուղղությանն անհրաժեշտ մասնագիտացված տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ տվյալ մասնագիտական ուղղությամբ ինքնուրույն գործունեություն իրականացնելու համար: Բժշկական ծրագրերով մասնագիտություն ստացած անձինք կարող են աշխատել բժիշկների հսկողությամբ:
8. Կլինիկական ռեզիդենտուրայի մասնագիտական ուղղությունների (ըստ մասնագիտությունների, նեղ մասնագիտացումների) ցանկը և դրանց տևողությունները, հաստատում է Կառավարությունը՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնի ներկայացմամբ:
Հոդված 13. Բարձրագույն կրթության դիպլոմը և դրա հավելվածը
1. Բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակների կրթական ծրագրերով, ինչպես նաև ինտեգրված ծրագրով կրթական ծրագրի ավարտին և ամփոփիչ ատեստավորման դրական արդյունքի հիման վրա, անձին տրվում է շնորհված որակավորումը հավաստող դիպլոմ և հավելված (դիպլոմին կից տրվող համաեվրոպական ձևաչափի փաստաթուղթ):
2. Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի ծրագրերով ուսումնառության ավարտին, ամփոփիչ ատեստավորման և ատենախոսության պաշտպանության արդյունքում անձին շնորհվում է գիտական աստիճանը հավաստող դիպլոմ:
3. Բարձրագույն կրթության որակավորման աստիճան չշնորհող կրթական ծրագրի ավարտին անձին տրվում է բուհի կողմից սահմանված ձևանմուշով ուսումնառությունը հավաստող վկայական կամ հավաստագիր:
4. Դիպլոմի, այդ թվում՝ համատեղ դիպլոմի, և դիպլոմի հավելվածի ձևանմուշի, դրանց պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման, գրանցման և պահպանման կարգը, այդ թվում թվային տեխնոլոգիաների կիրառմամբ՝ սահմանում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմինը:
5. Դիպլոմները և դրանց հավելվածները բուհի կողմից տրամադրվում են անվճար, իսկ կրկնօրինակները՝ բուհի սահմանված կարգով:
6. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակներով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմների (այդ թվում՝ համատեղ դիպլոմի) և հավելվածի ձևերը բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:
7. Բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակներով շնորհվող որակավորումների, ինչպես նաև որակավորում չշնորհող կրթական ծրագրերով ստացված միկրո-որակավորումների վերաբերյալ տվյալները, ներառյալ դիպլոմների կամ վկայականների թվային տարբերակները և սովորողների ակադեմիկան առաջխաղացման վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում են բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնի կողմից վարվող որակավորումների պետական գրանցամատյանում:
8. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած նմուշի ակադեմիական տեղեկանք:
Հոդված 14. Օտարերկրյա որակավորումների ճանաչումը
1. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների կողմից շնորհված որակավորումները ճանաչվում և գնահատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու «Եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթությանը վերաբերող որակավորումների ճանաչման մասին» կոնվենցիայի (Լիսաբոնի ճանաչման կոնվենցիա), այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերի համաձայն՝ ճանաչման՝ իր գործառույթներում անկախ մասնագիտացված կառույցի միջոցով։
2. Փախստականների, տեղահանված անձանց և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց որակավորումները ճանաչվում են սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, իսկ այն դեպքերում, երբ անձի ձեռք բերված որակավորումը չի կարող ապացուցվել փաստաթղթի միջոցով, ապա որակավորման ճանաչման գործընթացն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգով:
Հոդված 15. Բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորումը
1. Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները ենթակա են լիցենզավորման։ Լիցենզիան տրվում է անժամկետ և գրանցվում է բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգում:
2. Լիցենզավորման նպատակն է հավաստել և երաշխավորել ոլորտի համար սույն օրենքով սահմանված պետական քաղաքականության սկզբունքների իրականացումը, բուհական համակարգում ուսանողի փորձառության համադրելիությունը և բուհի գործունեության համապատասխանությունը լիցենզավորման պայմաններին, պահանջներին և օրենսդրությանը:
3. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմինը պետության կողմից ստեղծված լիցենզավորում և հավատարմագրում իրականացնող մասնագիտացված կառույցի (այսուհետ՝ Մասնագիտացված կառույց) որոշման հիման վրա բուհին շնորհում է կրթական գործունեություն իրականացնելու թույլտվություն՝ լիցենզիա՝ սույն օրենքի, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, լիցենզավորման կարգի և այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան։
4. Լիցենզիայի տրամադրելուց հետո՝ 10 տարվա պարբերականությամբ Մասնագիտական կառույցի կողմից իրականացվում է լիցենզավորման պահանջների ստուգում, որոնց չհամապատասխանելու պարագայում բուհին տրվում է 1 տարի ժամանակահատված՝ անհամապատասխանությունները վերացնելու նպատակով: Դրա չվերացման պարագայում բուհին տրված լիցենզիան դադարեցվում է:
5. Լիցենզիայով սահմանվում են բուհում ուսանողների սահմանային տեղը, որը չի կարող պակաս լինել 4000-ից:
6. Բուհին տրված լիցենզիայում նշվում է գործունեության հասցեն, իսկ բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգում՝ բուհին վերաբերող տեղեկատվության բաժնում առանձին նշվում է ֆիզիկական ենթակառուցվածքների մանրամասն նկարագիրը՝ այդ թվում պատկերային տարբերակով: Գործունեության հասցեի փոփոխության կամ ենթակառուցվածքների փոփոխության պարագայում բուհին տրված լիցենզիան ենթակա է վերանայման:
7. Բուհի լիցենզիայի տրամադրման համար հիմքերն են՝
1) կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ ուսումնական տարածքի առկայությունը, որի նկատմամբ բուհն ունի սեփականության կամ առնվազն 20 տարով երաշխավորված օգտագործման իրավունք (վարձակալության, անհատույց oգտագործման), որի մեջ մտնում են հիմնական և օժանդակ տարածքները, շենքերը, շինությունները.
2) հիմնական աշխատող հանդիսացող ակադեմիական կազմի, ժամանակակից լաբորատոր և լսարանային բազայի, ուսումնական տարածքների և գույքի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը և ուսումնամեթոդական ապահովումը.
3) ուսանողի փորձառության պատշաճ ապահովումը երաշխավորող ենթակառուցվածքների առկայությունը, ներառյալ ներառականության ապահովման համար մատչելի միջավայրի առկայությունը (որի նկարագիրը սահմանվում է լիցենզավորման կարգում).
4) բուհի հինգ տարվա ռազմավարական ծրագրի առկայությունը և դրա իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրների և ֆինանսական կայունության երաշխիքների (լիցենզիայով տրվող տեղերի պատիկով՝ յուրաքանչյուր տեղի համար սահմանված չափի, սահմանված կարգով ապահովադրված գումար), տնտեսապես հուսալի բյուջեի և առնվազն 5 տարվա ֆինանսատնտեսական կայունության պլանի վերաբերյալ հիմնավոր տեղեկատվության առկայությունը, ինչպիսին կարող է հանդիսանալ նաև անհրաժեշտ ծավալով անձեռնամխելի դրամագլխի առկայությունը.
5) ներկայացված կրթական ծրագրերի համապատասխանությունը պետության ռազմավարական առաջնահերթություններին և դրանց համադրելիությունը բուհի ռազմավարության և առաքելության հետ.
6) ներքին իրավական հենքը և կառավարման համակարգը (ուսուցման, ուսումնառության, հետազոտական գործունեության կազմակերպական և կառավարչական իրավական փաստաթղթերի առակայություն, ուսանողներին տրվող ֆինանասկան աջակցության քաղաքականություն, ռազմավարությամբ սահմանված նպատակներին համահունչ կառավարման կազմակերպական կառուցվածք, ներքին կարգապահական փաստաթղթեր), բուհի գործուենության կայունության ապահովման համար անհրաժեշտ մարդկային բավարար ռեսուրսներ.
7) առաքելության փաստաթուղթը և դրանից անշեղությունն ապահովող ներքին ընթացակարգերը, որակի ապահովման ներքին ընթացակարգերն ու կառույցները,
8) բուհի հիմնադրման և ծրագիր իրականացնելու նպատակահարմարության հիմնավորումը, որի մաս են կազմում նախնական հետազոտական փաստաթուղթը, մասնագիտական կառույցներից կամ գերատեսչություններից գրությունները, առնվազն 5 տարվա կտրվածքով հնարավոր օգուտները, մրցակցային առավելության հասնելու տեսլականը.
9) բուհի ուսանողների սահմանային տեղը պետք է համապատասխանի ներկայացված ենթակառուցվածքներին.
10) բարձրագույն ուսումնական հասատությունների լիցենզավորման կարգով սահմանված այլ պահանջներրին համապատասխանությունը:
8. Բուհի գործունեության իրականացման ժամանակ լիցենզավորման կարգերով սահմանված պարտադիր պահանջների ու պայմանների, բուհի գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով բուհի նկատմամբ կիրառում է նախազգուշացում կամ կասեցում կամ դադարեցնում է լիցենզիայի գործունեությունը:
9. Բուհի լիցենզավորման կարգը, լիցենզավորման պայմաններն ու պահանջները, լիցենզիայի դադարեցման հիմքերը սահմանվում են բարձրագույն ուսումնական հասատությունների լիցենզավորման կարգով, որը կրթության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:
10. Համալսարանի լիցենզավորման ժամանակ հաշվի է առնվում նաև իր կազմում գործող գիտական կազմակերպությունների աշխատակազմը և հզորությունները:
11. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով նախազգուշացնում է բուհին՝
1) լիցենզավորման կարգերով նախատեսված պայմանների ցանկացած խախտումների հայտնաբերման․
2) բուհի կողմից լիցենզիայի գործողության ընթացքում բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնին ներկայացված փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման դեպքում.
3) բուհի կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնին ժամանակին չհայտնելու դեպքում.
4) սահմանված ժամկետում բուհը չի դիմել ինստիտուցիոնալ հավատարմագրման կամ ինստիտուցիոնալ հավատարմագրումը երկու անգամ անընդմեջ մերժվել է.
5) լիցենզավորման կարգով նախատեսված այլ դեպքերում:
12. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմինը սույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառում է բուհի թույլ տված համապատասխան խախտումը սահմանված ժամկետում վերացնելու և այդ խախտման վերացման մասին իրեն հայտնելու նպատակով: Խախտման վերացման համար նախատեսված ժամկետը, որը չի կարող պակաս լինել 10 օրից, որոշում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմինը՝ Մասնագիտացված կառույցի առաջարկությամբ՝ հաշվի առնելով խախտման հետևանքների վտանգավորությունը, խախտման վերացման հրատապությունը և խախտումը վերացնող բուհի հնարավորությունները:
13. Մասնագիտացված կառույցի առաջարկով բուհին տրված լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել, և լիցենզիան ուժը կորցրած ճանաչվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնի որոշմամբ, եթե՝
1) բուհը այդ մասին դիմում է ներկայացրել.
2) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվել է լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն.
3) բուհը լուծարվել կամ գործունեությունը դադարեցրել է.
4) բուհի կրթական ծրագրերի 30 և ավել տոկոսը չի ստացել նախահավատարմագրում կամ ծրագրային հավատարմագրում, կամ բուհը չի իրականացնում կրթական ծրագրեր.
5) բուհը սույն օրենքով սահմանված ժամկետում չի անցել կամ չի ստացել ինստիտուցիոնալ հավատարմագրում.
6) 3 տարի անընդմեջ համալրվում է լիցենզիայով տրամադրված ուսանողների սահմանային տեղերի 50 տոկոսից պակասը.
7) առկա են օրենքով նախատեսված այլ դեպքեր:
14. Սույն հոդվածով սահմանված լիցենզիայի դադարացվելուց հետո բուհն իրավունք չունի իրականացնելու կրթական ծրագրեր:
Հոդված 16. Բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորումը
1. Բարձրագույն կրթության որակավորում շնորհող բոլոր մակարդակների կրթական ծրագրերը ենթակա են լիցենզավորման:
2. Ինտեգրված ծրագրերը ենթակա են լիցենզավորման՝ ավելի բարձր կրթական մակարդակի համար նախատեսված պայմաններին համապատասխան:
3. Կրթական ծրագրերի լիցենզավորման նպատակն է երաշխավորել կրթական ծրագրերի իրականացումն այնպես, որ ապահովվի ուսանողի կողմից կրթության վրա ներդրված ժամանակի և ռեսուրսների առավելագույնս արդյունավետ օգտագործումը, ծրագրի իրականացման մեջ ներգրավված ակադեմիական կազմի պատշաճ և ծրագրին համապատասխան մակարդակը, ծրագրի իրականացման համար օգտագործվող գույքային և նյութատեխնիկական հագեցվածության մակարդակը ինչպես նաև ծրագրի վերջնարդյունքների համապատասխանությունը տվյալ մակարդակի համար ՈԱՇ և ՈՄՇ սահմանված շրջանակներին:
4. Կրթական ծրագրերի լիցենզավորման համար փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմինը Մասնագիտացված կառույցի առաջարկով ստեղծում է մասնագիտական հանձնաժողովներ՝ ըստ Կառավարության սահմանած բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի: Հանձնաժողովների աշխատանքի կարգը սահմանում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը։
5. Կրթական ծրագիրը գիտական կազմակերպության հետ համատեղ իրականացնելիս ներկայացվում է նաև գիտական կազմակերպության կողմից ծրագրի իրականացման գործընթացին տրամադրվող մարդկային և նյութատեխնիկական և հետազոտական ռեսուրսների և ենթակառուցվածքների վերաբերյալ, որոնք համալրում են լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների հիմքերը:
6. Բուհին կրթական ծրագրի լիցենզիայի տրամադրման համար հիմքերն են՝
1) տվյալ մակարդակում և առաջարկվող կրթական ծրագրով ուսուցման և գիտական աշխատանքների ապահովման համար անհրաժեշտ և բուհին պատկանող ու բուհի հաշվեկշռում հաշվառված, պատշաճ մակարդակի վրա գտնվող ուսումնական, արտադրական, կլինիկական պրակտիկայի բազաների, գույքի, համապատասխան սարքավորումների, ինչպես նաև հեռավար ուսուցման գործիքակազմի, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը և ուսումնամեթոդական ապահովումը.
2) համապատասխան կրթական մակարդակներում կրթական ծրագրով ուսուցում ապահովելու համար անհրաժեշտ ակադեմիական կազմի, գիտական աշխատողների և ուսումնաօժանդակ կազմի առկայությունը, որոնց առնվազն կեսը պետք է հանդիսանան բուհի հիմնական աշխատողներ.
3) ուսանողների (ըստ կուրսերի) նախատեսվող սահմանային թվի և բուհում իրականացվող այլ կրթական ծրագրերով սովորողների նախատեսված սահմանային թվերի հանրագումարի չգերազանցելը բուհի լիցենզիայով տրամադրված սահմանային թվից.
4) աշխատաշուկայի պահանջարկին ծրագրի համապատասխանության ուսումնասիրությունը և ծրագրի իրականացման նպատակահարմարության գնահատումը.
5) համապատասխանությունը բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորման կարգով սահմանված այլ պահանջներին.
6) կրթական ծրագիրն իրականացնելու նպատակահարմարության հիմնավորումը, որի մաս են կազմում նախնական հետազոտական փաստաթուղթը, մասնագիտական կառույցներից կամ շահագրգիռ գերատեսչություններից գրությունները, առնվազն 5 տարվա կտրվածքով հնարավոր օգուտները, մրցակցային առավելության հասնելու տեսլականը.
7) որակի ապահովման համակարգը, որը երաշխավորում է ուսումնառության և հետազոտության որակի համապատասխանությունը բուհի ռազմավարությանը և առաքելությանը, ինչպես նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն չափանիշներին.
8) ուսուցման և գնահատման համակարգը, որը երաշխավորում է կրթական վերջնարդյունքների հասնելը և հավաստումը, ինչպես նաև համապատասխանում է ԿՓՀ մեթոդաբանությանը:
7. Որակավորում շնորհող կրթական ծրագրերի համար սահմանային տեղերը պետք է լինեն նվազագույնը տասը՝ բակալավրի և հինգը՝ մագիստրոսի կրթական մակարդակների համար:
8. Բուհում իրականացվող որակավորում շնորհող կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը, լիցենզավորման պայմաններն ու պահանջները, լիցենզիայի դադարեցման հիմքերը սահմանվում են բարձրագույն կրթության կրթական ծրագրերի լիցենզավորման կարգով, որը բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:
9. Բուհին տրված համապատասխան մակարդակի կրթական ծրագրի լիցենզիայի գործողությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմինը դադարեցնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև՝
1) բուհի ներկայացրած հայտի հիմքով իրեն հատկացված ուսանողների (ըստ կուրսերի) նախատեսվող սահմանային թվի վերազանցման դեպքում մեկ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ նախազգուշացման դեպքում.
2) սահմանված ժամկետում տվյալ ծրագրի հավատարմագրման չդիմելու, կամ տվյալ ծրագրի հավատարմագրումը երկու անգամ անընդմեջ մերժվելու դեպքում.
3) կրթական ծրագրով երեք տարի անընդմեջ սահմանային տեղերի կեսից պակաս ընդունելության արդյունքներ գրանցվելու դեպքում․
4) այն դեպքում, երբ շրջանավարտների առնվազն կեսի շրջանակում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ տվյալ կրթական ծրագրով շրջանավարտների հետազոտության մեջ ներգրավված խմբի կեսից ավելին որակավորումը ստանալուց հետո երեք տարիների ընթացքում չեն ծավալում մասնագիտական կամ հարակից աշխատանք.
5) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքեր։
10. Կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքում կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներն իրավունք ունեն շարունակելու ուսումնառությունը՝ ընդգրկվելով տվյալ կամ մեկ այլ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում ունեցող բուհի կրթական ծրագրերում կամ մասնակցելու այդ բուհի կրթական ծրագրերով ամփոփիչ ատեստավորմանը՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնի սահմանած կարգով:
11. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնի որոշմամբ:
12. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմինը նախազգուշացման կամ կասեցման մասին պատշաճ ձևով տեղեկացնում է բուհին՝ տեղեկացմանը կից ուղարկելով նաև նախազգուշացման կամ լիցենզիայի կասեցման մասին որոշման պատճենը:
13. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
14. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված բարձրագույն կրթության և գիտության ոլորտի լիազոր մարմնի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից: Լիազոր մարմինը լիցենզիայի գործողության դադարեցման մասին պատշաճ ձևով տեղեկացնում է բուհին՝ ուղարկելով նաև լիցենզիայի գործողության դադարեցման մասին որոշման բնօրինակը:
15. Սույն հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետի հիմքերով լիցենզիայի դադարեցման որոշումը չի տարածվում այդ ծրագրով արդեն սովորող ուսանողների վրա:
Հոդված 17. Բարձրագույն կրթության և գիտության որակի ապահովումը
1. Բուհերը և գիտական կազմակերպությունները պատասխանատու են կրթական և հետազոտական աշխատանքների որակի համար և պարտավոր են իրականացնել և հանրային եղանակով ներկայացնել Կառավարության կողմից հաստատված կատարողականի ցուցանիշների վերաբերյալ վերլուծություններ:
2. Բուհերը և գիտական կազմակերպությունները որակի ներքին վերահսկողությունն իրականացնում են որակի ապահովման ներքին համակարգի միջոցով:
3. Բուհերի որակի արտաքին վերահսկողությունն իրականացվում է Մասնագիտացված կառույցի կամ Կառավարության հաստատած չափանիշներին համապատասխանող միջազգային հավատարմագրող կազմակերպությունների կողմից:
4. Հանրային գիտական կազմակերպությունների արտաքին գնահատումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից ձևավորած գիտական փորձագիտական հանձնաժողովների կողմից՝ արտերկրի հեղինակավոր գիտնականների ներգրավմամբ՝ 5 տարվա պարբերականությամբ:
5. Մասնագիտացված կառույցը պետք է՝
1) ունենա իր գործունեության իրականացումն ապահովող հրապարակված քաղաքականություններ և ընթացակարգեր.
2) գործի անկախ և ինքնավար.
3) պարբերաբար անցնի իր գործունեության արտաքին գնահատում եվրոպական ճանաչված կառույցների կողմից.
4) իրականացնի բուհերի և դրանց կրթական ծրագրերի որակի արտաքին գնահատում կամ հավատարմագրում.
5) իրականացնի կանոնադրությունից բխող այլ գործառույթներ:
6. Մասնագիտացված կառույցը բացի սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործառությներից, իրականացնում է նաև՝
1) հավատարմագրման և որակավորումներին ներկայացվող պահանջների կատարման ընթացիկ մշտադիտարկումը.
2) ՈԱՇ-ի և ՈՈՇ-ի փաստաթղթերի մշակման և պարբերական վերանայման կազմակերպումը:
Հոդված 18. Բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը
1. Ինստիտուցիոնալ հավատարմագրումը պարբերաբար կրկնվող գործընթաց է, որի նպատակն է ապահովել լիցենզիայի պահանջների նկատմամբ վերահսկողությունը, պետության կողմից բուհերի համար սահմանված արդյունքային ցուցանիշների նկատմամբ կատարողականի և բուհերի ռազմավարական կառավարման համակարգի և դրա արդյունավետության գնահատումը:
2. Բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը կառավարության սահմանած կարգով իրականացնում է կառավարության կողմից ստեղծված Մասնագիտացված կառույցը կամ կառավարության հաստատած չափանիշներին համապատասխանող միջազգային հավատարմագրող կազմակերպությունը:
3. Նոր հիմնադրված բուհը ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում հիմնադրումից հինգ տարի հետո՝ ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում:
4. Լիցենզավորումից հետո բուհերը կամ կրթական ծրագրերը համարվում են նախահավատարմագրված, մինչև սահմանված կարգով և սահմանված ժամկետներում հավատարմագրումը:
5. Բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման կարգերը, պահանջները և չափանիշները լիազոր մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը:
6. Ինստիտուցիոնալ հավատարմագրման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բուհերը և բուհերի մասնաճյուղերը, այդ թվում օտարերկրյա պետությունների բուհերը կամ բուհերի մասնաճյուղերը, ինչպես նաև միջպետական բուհերը:
7. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում ինստիտուցիոնալ հավատարմագրում չանցնելու դեպքում բուհի գործունեությունը դադարեցվում է։
8. Նոր կրթական ծրագրերը ենթակա են ծրագրային հավատարմագրման առաջին շրջափուլի ավարտից հետո՝ ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում։
9. Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ է համարվում միայն նախահավատարմագրված կամ հավատարմագրված բուհի նախահավատարմագրված կամ հավատարմագրված կրթական ծրագրի արդյունքում տրված դիպլոմը:
10. Ծրագրային հավատարմագրման նպատակն է կրթական ծրագրերի որակավորման չափանիշների պահանջներին, որակավորումների ազգային և ոլորտային շրջանակներին, տնտեսության և պետության կարիքներին, համապատասպանության գնահատումը:
11. Մասնագիտացված կառույցի կողմից ծրագրային հավատարմագրում ստանալու դեպքում բուհն իրավունք է ստանում հաջորդ փուլում իրականացնել կրթական ծրագրերի ինքնագնահատում և արդյունքները ներկայացնել Մասնագիտացված կառույց:
12. Բուհերի լիցենզիաները, ինստիտուցիոնալ, կրթական ծրագրերի նախնական և ծրագրային հավատարմագրումները գրանցվում են լիցենզավորման և հավատարմագրման պետական գրանցամատյանում, որը վարում է Կառավարության կողմից ստեղծված Մասնագիտացված կառույցը:
Հոդված 19. Բուհ ընդունելությունը
1. Հայաստանի Հանրապետությունում գործող բուհեր ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով՝ ըստ բարձրագույն կրթության մակարդակների և դրանց կրթական ծրագրերի: Ընդունելությունը կատարվում է առնվազն նախորդ մակարդակի կրթություն ունեցող անձանց դիմումների հիման վրա՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Բարձրագույն կրթության տվյալ մակարդակի համար բուհն իրավունք ունի ընդունելություն հայտարարելու միայն համապատասխան լիցենզիայի (լիցենզիաների) առկայության դեպքում: Բուհը պարտավոր է իր կայքում հրապարակել իր լիցենզիայի և ներքին կանոնակարգերի, ինչպես նաև՝ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման վկայականի կամ (առկայության դեպքում) վերաբերյալ տեղեկությունները:
3. Ընդունելությունն առաջին մակարդակի, ինչպես նաև առաջին և երկրորդ մակարդակների ինտեգրված կրթական ծրագրերով կատարվում է անձի գիտելիքների, իսկ արվեստի, ճարտարապետության և սպորտի ոլորտներում՝ նաև նրանց համապատասխանաբար ստեղծագործական կամ ֆիզիկական կարողությունների ստուգման արդյունքների հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած բուհ կամ բուհի մասնաճյուղ բարձրագույն կրթության առաջին մակարդակի և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց համար «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերը պարտադիր են:
5. Առաջին մակարդակի, ինչպես նաև առաջին և երկրորդ մակարդակների ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելություն իրականացնող բուհերը համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան երեք տարի առաջ հրապարակում են ընդունելության լրացուցիչ պահանջները՝ ըստ կրթական ծրագրերի, որը կարող է ներառել այն հանրակրթական առարկաների ցանկը, որոնց համար ներկայացվելու է պետության լիազորած մասնագիտացված կազմակերպության տված արտաքին գնահատման վկայագիրը: Հրապարակված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելն արգելվում է, բացառությամբ ավելի նպաստավոր պայմանների սահմանման, ինչպես նաև այն դեպքերի, երբ փոփոխությունների և լրացումների կատարման կամ նոր ցանկի հաստատման անհրաժեշտությունը պայմանավորված է հայտարարված արտակարգ կամ ռազմական դրությամբ:
6. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք տարին սովորել են օտարերկրյա պետությունների հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և ավարտել դրանք՝ բուհ են ընդունվում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության համար Կառավարության սահմանած կարգով:
7. Բարձրագույն կրթության առաջին մակարդակի և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության ընդհանրական պամանները սահմանում է Կառավարությունը: Դրանց հիման վրա բուհը հաստատում ու հրապարակում է մրցույթի կարգը և չափանիշները:
8. Բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակների ընդունելության կարգերը հաստատում է բուհի ակադեմիական խորհուրդը՝ սահմանելով յուրաքանչյուր կրթական ծրագրով մուտքային պայմանները և ՈԱՇ-ով սահմանված հաջորդականությունը:
9. Բարձրագույն կրթության առաջին մակարդակի և ինտեգրված կրթական ծրագրերով դիմորդներն արտաքին գնահատման վկայագրերով կարող են դիմել սովորելու մեկ և ավելի բուհերի մեկից ավելի կրթական ծրագրերով, և կարող են սովորել միաժամանակ երկու մասնագիտություններով, որոնցից միայն մեկը կարող է լինել առկա: Կարգավորվող մասնագիտություններով ուսումնառությունը կազմակերպվում է միայն առկա եղանակով։
10. Բուհն ուսանողի հետ կնքում է ուսումնառության պայմանագիր, որի տեքստը նախօրոք հրապարակվում է բուհի ընդունելության հայտարարության հետ միաժամանակ:
11. Ուսանողի հետ կնքված պայմանագրի պայմանները, ներառյալ՝ այդ պայմանագրով նախատեսված ուսման վարձի չափը, ուսումնառության ամբողջ ընթացքում չի կարող ավելացվել: Վերականգնված ուսանողի ուսման վարձի չափը սահմանվում է տվյալ ուսումնական տարվա համար սահմանված վարձի չափով և նրա հետ կնքվում է նոր պայմանագիր:
12. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, զորահավաքային վարժանքների մասնակցելու, առողջական վիճակի պատճառով, ինչպես նաև՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրված արձակուրդից վերադարձած ուսանողի կարգավիճակը վերականգնելիս պահպանվում է բուհ ընդունվելու պահին սահմանված ուսման վարձավճարի չափը (բացառությամբ տվյալ ուսումնական տարում ուսման վարձավճարի նվազման դեպքի), որը ենթակա չէ փոփոխման ամբողջ ուսումնառության ընթացքում, եթե ուսանողն իր կարգավիճակը վերականգնելու վերաբերյալ դիմումը ներկայացրել է բուհի սահմանած ժամկետներում ուսումնառության ընդհատման պատճառը վերանալու օրվանից հետո ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
13. Տվյալ կրթական ծրագրով ընդունելություն կազմակերպելիս բուհը պարտավոր է հայտարարության հետ ներկայացնել նաև տվյալ կրթական ծրագրի լցենզիայով նախատեսված սահմանային տեղերի թիվը:
14. Բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակներում, ընդունելության կարգը սահմանում է բուհը՝ ելնելով տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ մուտքային որակավորման պահանջներից ինչպես նաև մասնագիտությունների կամ կրթական համապատասխան մոդուլների և անհրաժեշտ կրեդիտների շրջանակից, որոնք նկարագրվում են նաև կրթական ծրագրի լիցենզավորման փաստաթղթերում:
15. Օտարերկրյա ուսումնական հաստատություններից դիմորդների ընդունելությունը կատարվում է միջազգային շարժունության սկզբունքների հիման վրա՝ ընդունելության մակարդակին նախորդող մակարդակի համապատասխանող որակավորում ստանալու մասին ճանաչված վկայականի առկայության պարագայում՝ բուհի կողմից սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված ընդունելության պայմաններին բավարարելու պարագայում:
16. Բարձր առաջադիմություն ցուցաբերած որակավորումների ազգային շրջանակի 5-րդ մակարդակի շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհում՝ կառավարության սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 3
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 20. Ուսանողները, ուսանողների ներկայացուցչական մարմինները և միավորումները
1. Ուսանողը կարող է իր հայեցողությամբ ընտրել կրթական ծրագիրը սահմանված կարգով զբաղվել հետազոտություններով, ցանկացած կրթական մակարդակում ընդհատել կամ շարունակել բարձրագույն կրթությունը՝ բուհի կանոնադրության և օրենսդրության համաձայն:
2. Ուսանողն իրավունք ունի՝
1) սովորելու իր ընտրած և ընդունված կրթական ծրագրով.
2) բուհի սահմանած կարգով կազմելու ուսուցման անհատական պլան՝ ընտրելով տվյալ կրթական ծրագրով նախատեսված դասընթացները (ուսումնական մոդուլները) սահմանված դեպքում պահպանելով դասընթացների մուտքային պայմանները, ինչպես նաև բուհի սահմանած կարգով գրանցվելու ցանկացած այլ ուսումնական մոդուլի, որը դասավանդվում է տվյալ կամ այլ բուհում.
3) առաջարկելու ավարտական աշխատանքի թեման կամ ընտրելու առաջարկվող թեմաներից.
4) անվճար օգտվելու գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ծառայություններից, մասնակցելու հետազոտական աշխատանքներին և գիտակրթական միջոցառումներին.
5) օգտվելու ուսանողական կրթաթոշակ ստանալու իրավունքից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
6) սահմանած կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ մինչև մեկ տարի ժամկետով.
7) մեկ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, գտնվելու արձակուրդում.
8) ԿՓՀ հետ համադրելիության ապահովման պարագայում տեղափոխվելու մեկ այլ բուհ ուսումնառելու կամ ուսումնառության առանձին փուլեր իրականացնելու՝ (ներառյալ՝ օտարերկրյա պետությունների բուհերում).
9) ազատորեն արտահայտելու իր մտքերն ու կարծիքը.
10) իր ուսումնառած կրթական ծրագրերից որևէ մեկի դադարեցման դեպքում՝ կրթության ոլորտի պետական լիազոր մարմնի սահմանված կարգով շարունակելու ուսումնառությունը տվյալ կամ մեկ այլ բուհի կրթական ծրագրով.
11) օրենքով կամ բուհի կանոնադրությամբ նախատեսված կարգով մասնակցելու բուհի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին.
12) գնահատելու բուհի ակադեմիական կազմի աշխատանքի և առաջարկվող դասընթացների որակը.
13) նախաձեռնելու և ստեղծելու ուսանողական կառույցներ, միավորումներ՝ ուսանողական ինքնակառավարման մարմիններ, ընդգրկվելու և անդամակցելու դրանց ու հանդես գալու ուսանողական նախաձեռնություններով, ծրագրերով, սոցիալական կամավորական միջոցառումներով:
3. Ուսանողը պարտավոր է՝
1) իր կարողությունների ամբողջ ներուժը ներդնել սովորելու և մասնագիտական առաջընթացի համար.
2) կատարել բուհի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և ուսումնառության պայմանագրով սահմանված պարտականությունները.
3) պահպանել բուհի կողմից սահմանված ակադեմիական բարեվարքության և էթիկայի կանոնակարգի պահանջները:
4. Ուսանողն ունի սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև բուհի կանոնադրությամբ և ուսումնառության պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
5. Բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում ուսանողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բուհից հեռացնելը:
6. Ուսանողը չի կարող հեռացվել ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:
7. Ուսանողն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու բուհի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները:
8. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողը, անկախ ընդհատման պատճառից և ժամկետից, իրավունք ունի բուհի կողմից սահմանված կարգով վերականգնելու ուսանողի իր կարգավիճակը:
9. Ուսանողն ունենում է իր անհատական թվանիշային տիրույթը բարձրագույն կրթության և գիտության կառավարման համակարգում, որի միջոցով կառավարում է իր կրթական գործընթացը՝ ներառյալ անհատական կրթական պլանի կազմումը՝ կրեդիտների հսկողությունը, ինչպես նաև օգտվում է իրեն հասանելիք արտոնություններից:
10. Բուհում ուսանողական ինքնակառավարման մարմինները գործում են սույն օրենքի ու բուհի կանոնադրության շրջանակներում: Ուսանողական համայնքի ներկայացուցիչների ընտրության համար բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվում է ուսանողական ինքնակառավարման մարմինների ձևավորման և աշխատանքի կարգը, ներառյալ ընտրությունների պարբերականությունը:
11. Ուսանողական ինքնակառավարման մարմինը պարտավոր է՝
1) ունենալ կազմակերպական հստակ կառուցվածք.
2) ունենալ սահմանված առաքելություն և գործունեության հստակ ոլորտներ և չշեղվել իր առաքելությունից՝ ուսանողների լավագույն շահերը ներկայացնելուց.
3) ներկայացնել ուսանողական լայն համայնքը՝ ապահովելով ներկայացուցչականությունը և ներառականությունը.
4) ձևավորվել դեմոկրատական սկզբունքներով՝ ուսանողական համայնքի առնվազն 60 տոկոսի արձանագրված մասնակցությամբ, այդ թվում՝ համապատասխան էլեկտրոնային քվեարկության գործիքների կիրառմամբ.
5) ապահովել հաշվետվողականությունն ուսանողական համայնքին՝ պարբերական համաժողովների, ինչպես նաև այլ հարթակների միջոցով.
6) ապահովել աշխատանքի փոխանցելիությունը՝ վարելով համապատասխան գործավարություն.
7) ենթարկվել ուսանողական համայնքի՝ քվեարկության միջոցով կայացրած որոշումներին.
8) բարեխղճորեն մասնակցել բուհի կառավարման մարմինների ախատանքներին իր ներկայացուցիչների միջոցով:
12. Ուսանողական ինքնակառավարման մարմիններին հատկացվող ընդհանուր ֆինանսավորման չափը, գույքի և այլ ռեսուրսների (այդ թվում՝ հավելյալ) տրամադրման դեպքերը, նվազագույն չափը, դրանց օգտագործման պայմանները և հաշվետվողականության կարգը սահմանում է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
13. Արգելվում է ուսանողական մարմինների գործունեության ֆինանսավորման կամ գործունեության համար բուհի տրամադրած միջոցներից բացի այլ միջոցների ներգրավումը:
14. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված պարտավորությունների չկատարման հանգամանքի առաջանալու պարագայում բուհի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նշանակվում են բուհի ուսանողական ինքնակառավարման մարմնի նոր ընտրություններ:
15. Ուսանողական ինքնակառավարման մարմինը իրավասու է բուհի կառավարման բոլոր օղակներից ստանալ տեղեկատվություն կրթության կազմակերպմանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ։
Հոդված 21. Բուհի և գիտական կազմակերպության աշխատողները, նրանց իրավունքներն ու պարտականությունները
1. Բուհի և գիտական կազմակերպության աշխատողների ընտրության, նշանակման (աշխատանքի ընդունման), առաջխաղացման և վերանշանակման չափանիշներն ու պայմանները, իրավունքներն ու պարտականություններն ու դրանց առնչվող դրույթներն ամրագրվում են բուհի և գիտական կազմակերպության կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և ներքին այլ իրավական ակտերով՝ սույն հոդվածի ընդհանուր դրույթներին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջները ինչպես նաև սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:
2. Բուհում սահմանվում են՝ ակադեմիական, իսկ գիտական կազմակերպությունում՝ գիտական և ճարտարագիտատեխնիկական կազմի, ինչպես նաև ուսումնաօժանդակ, արտադրական, վարչական, կառավարման գործառույթներ իրականացնող և այլ կազմի աշխատողներ:
3. Ակադեմիական կազմի աշխատողների տարակարգերը և պաշտոնեական նվազագույն պահանջները սահմանվում են բարձրագույն կրթության կազմակերպման մասին Կառավարության որոշմամբ։
4. Գիտական և ճարտարագիտատեխնիկական կազմի աշխատողների տարակարգերը սահմանվում են գիտական կադրերի ատեստավորման կարգով:
5. Բուհի և գիտական կազմակերպության առանձնահատկություններից ելնելով՝ տվյալ կազմակերպությունը կարող է սահմանել այլ պաշտոններ։
6. Բուհի կանոնադրությամբ ամրագրվում են նաև առանցքային կառավարման գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց՝ ռեկտորի տեղակալների (պրոռեկտորների, ռազմաուսումնական հաստատության պետի տեղակալների), կառուցվածքային միավորների ղեկավարների, կառավարման գործառույթներ իրականացնող աշխատակազմի և նմանատիպ այլ պաշտոնների իրավունքներն ու պարտականությունները:
7. Կառավարման գործառույթներ իրականացնող (վարչական պաշտոն զբաղեցնող) անձինք կարող են համատեղությամբ իրականացնել նաև ակադեմիական գործունեություն՝ իրենց մասնագիտության և որակավորման համապատասխան:
8. Կառավարման գործառույթներ իրականացնող (վարչական պաշտոն զբաղեցնող) անձը չի կարող զբաղեցնել կառավարման գործառույթներ իրականացնող (վարչական) այլ պաշտոն՝ բացառությամբ կառավարման կամ հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնների:
9. Ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավարի և տեղակալի, ինչպես նաև կրթական ծրագրի, ամբիոնի վարիչի կամ գիտական ստորաբաժանման ղեկավարի գործունեությունը համարվում է ակադեմիական աշխատանք:
10. Բուհի՝ ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավարը պետք է ունենա դրա ուղղվածությանը համապատասխան որակավորում կամ գիտական աստիճան: Նույն անձն իրավունք ունի այդ պաշտոնը զբաղեցնելու հինգ տարի ժամկետով՝ ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխության դեպքում։ Բուհի՝ ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավարի լիազորությունները սահմանվում են այդ միավորի կանոնադրությամբ:
11. Բուհի ընտրովի պաշտոններն են՝ ռեկտորի, ռազմաուսումնական հաստատության պետի ուսումնական գծով տեղակալի, ակադեմիական կառուցվածքային միավորի ղեկավարի պաշտոնները: Գիտական կազմակերպությունում ընտրովի պաշտոն է գիտական կազմակերպության ղեկավարի պաշտոնը:
12. Բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալումն իրականացվում է բաց մրցութային կարգով՝ երեքից հինգ տարի ժամկետով, իսկ ռազմաուսումնական հաստատության ակադեմիական կազմի թափուր պաշտոնների դեպքում՝ մինչև երեք տարի ժամկետով: Ակադեմիական կազմի գործունեության արդյունքների գնահատման հիման վրա նրանց հետ աշխատանքային հարաբերությունները կարող են շարունակվել հինգ տարի ժամկետով՝ առանց մրցութային ընտրության: Մրցույթի արդյունքով ակադեմիական կազմի թափուր պաշտոնը չհամալրվելու դեպքում բուհի ռեկտորը կառուցվածքային միավորների կամ կրթական ծրագրի ղեկավարի առաջարկությամբ կարող է պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին բավարարող անձի հետ կնքել աշխատանքային պայմանագիր, բայց ոչ ավել, քան մեկ տարի ժամկետով։
13. Բուհի և գիտական կազմակերպության ակադեմիական կազմի աշխատողները ունենում են իրենց անհատական թվանիշային տիրույթը բարձրագույն կրթության և գիտության կառավարման համակարգում, որի միջոցով կառավարում են իրենց անհատական տվյալները, դիմում են ծրագրերի և հետևում են իրենց մասնակցությամբ ծրագրերի ընթացքին:
14. Բուհում վարչական ինչպես նաև ակադեմիական ղեկավար պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում վարչական պաշտոնում (ներառյալ համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության ղեկավար պաշտոնները) նշանակված (ընտրված) անձի լիազորությունները դադարեցվում են ռեկտորի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:
15. Բուհի և գիտական կազմակերպության ակադեմիական և գիտական կազմի աշխատողն իրավունք ունի՝
1) իր հայեցողությամբ կրթական ծրագրի շրջանակներում կազմելու դասընթացի կամ ուսումնական մոդուլի բովանդակությունը, ընտրելու դասավանդման և ուսումնառության մեթոդներ, գիտական հետազոտությունների թեմաներ և դրանք իրականացնելու իր ընտրած մեթոդներով.
2) ընտրելու իր հետաքրքրություններին և ստեղծագործական ունակություններին համապատասխան գիտական գործունեության ձևեր, ուղղություններ և միջոցներ.
3) գիտական համատեղ գործունեություն ծավալելու նպատակով միավորվելու այլ գիտական աշխատողների հետ և կազմակերպելու ժամանակավոր գիտական խմբեր.
4) պատճառաբանված կերպով հրաժարվելու այն հիմնարար կամ կիրառական գիտական հետազոտություններին կամ փորձարարական մշակումներին մասնակցելուց, որոնք կարող են բացասական ազդեցություն թողնել մարդու, հասարակության կամ շրջակա միջավայրի վրա կամ հակասում են ակադեմիական էթիկայի չափանիշներին.
5) վարձատրվել կամ եկամուտ ստանալ իրենց հեղինակած կամ իրենց մասնակցությամբ ստացված գիտական կամ գիտատեխնիկական գործունեության արդյունքի իրացումից.
6) մասնակցելու պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսավորվող հետազոտական մրցույթներին.
7) ազատորեն օգտագործելու, տարածելու և փոխանակելու գիտական տեղեկատվություն, տպագրելու և հրապարակելու սեփական հետազոտությունների արդյունքները, եթե դրանք չեն պարունակում օրենսդրությամբ նախատեսված պետական, ծառայողական, առևտրային և այլ գաղտնիք համարվող տեղեկատվություն.
8) իրականացնելու գիտական և գիտատեխնիկական փորձաքննություն ու խորհրդատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
9) գիտական արդյունքները ներկայացնելու գիտական զեկուցումների, հրապարակումների ու ատենախոսությունների պաշտպանության եղանակով, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ կամ աշխատանքային պայմանագրով.
10) բուհի և գիտական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու բուհի համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
11) մասնակցելու բուհի և գիտական կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.
12) օգտվելու ակադեմիական ազատության սկզբունքներից բխող այլ իրավունքներից.
13) իրականացնելու օրենքներով չարգելված այլ գործունեություն:
16. Բուհի և գիտական կազմակերպության ակադեմիական և գիտական կազմի աշխատողը պարտավոր է՝
1) պահպանել ազնվության և ամբողջականության սկզբունքը իրենց աշխատանքում և պարտականությունների կատարման ժամանակ՝ խուսափելով գրագողությունից, տվյալների կեղծումից կամ այլ ակադեմիական զեղծարարություններից և կանխելով դրանց դրսևորումները.
2) պահպանել իրենց կողմից տրամադրվող կրթության կամ իրականացվող հետազոտության որակի բարձր մակարդակը և բարելավել այն՝ ապավինելով տվյալ ոլորտի լավագույն միջազգային չափանիշներին.
3) պահպանել բուհի և գիտական կազմակերպության կանոնադրությամբ ու ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.
4) բուհի սահմանած կարգով և ժամկետներում անցնել մասնագիտական զարգացման դասընթացներ.
5) պահպանել բուհի կամ գիտական կազմակերպության սահմանած ակադեմիական բարեվարքության և էթիկայի կանոնակարգի պահանջները.
6) գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ վնաս չհասցնել մարդու կյանքին, առողջությանը և շրջակա միջավայրին.
7) իրականացնել գիտական և գիտատեխնիկական փորձաքննություն և խորհրդատվություն.
8) կրթական ծրագիր մշակելիս կամ կրթական մոդուլի դասընթացը մշակելիս կամ վերանայելիս արտացոլել ժամանակակից ակադեմիական և մասնագիտական ստանդարտները.
9) ուսանողին գնահատելիս առաջնորդվել գնահատման արդար, թափանցիկ և կրթական թիրախներին համապատասխանող մեթոդներով.
10) հրապարակել իր (այդ թվում՝ համահեղինակած) հետազոտության արդյունքները՝ ընթերցողների հնարավորինս լայն մասնագիտական շրջանակ ունեցող հեղինակավոր գիտական հարթակներում.
11) ըստ անհրաժեշտության ներգրավվել գիտելիքի տարածմանը և հանրային հաղորդակցմանը նպաստող միջոցառումներում.
12) իր գործունեությամբ նպաստել բուհի հեղինակության ամրապնդմանը և զարգացման ծրագրերի իրականացմանը.
13) անցնել ատեստավորում՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հավաստման նպատակով.
14) կատարել բուհի կամ գիտական կազմակերպության կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և աշխատանքային պայմանագրով սահմանված այլ պարտականություններ:
17. Գիտական կազմակերպության գիտական աշխատողը կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ենթակա է պարտադիր ատեստավորման:
18. Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի ատեստավորումն իրականացվում է առնվազն մեկ անգամ հինգ տարվա ընթացքում: Ատեստավորումը նպատակ ունի գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա ստացած գիտական արդյունքները՝ գիտական աշխատողի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին պարզելու համար:
19. Բուհը և գիտական կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր աշխատողի աշխատանքի վարձատրության ձևը և աշխատավարձի չափը, ինչպես նաև նյութական և այլ խրախուսանքի միջոցների տեսակները, չափերը և տրամադրման կարգը:
Հոդված 22. Գիտաշխատողի և ակադեմիական կազմի աշխատողների աշխատանքի վարձատրությունը և ակադեմիական գործունեության ստաժը
1. Բուհում և գիտական կազմակերպությունում ակադեմիական կազմի և գիտական աշխատողի վարձատրությունը բաղկացած է օրենսդրությամբ սահմանված աշխատավարձից, պարգևատրումներից, գիտական աստիճանի համար տրվող հավելավճարից և այլ հավելավճարներից, լրավճարներից և հավելումներից: Հանրային բուհում և հանրային գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի վարձատրության պայմանները և նվազագույն շեմը սահմանում է Կառավարությունը:
2. Պետությունը հանրային բուհում և հանրային գիտական կազմակերպությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն ութ տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալու ու պետական ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում տալիս է ամենամսյա դրամական վճար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտահետազոտական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ամենամսյա դրամական վճարի տրամադրումը կատարվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով գիտության բնագավառի գծով նախատեսվող ընդհանուր հատկացումների շրջանակներում:
Հոդված 23. Կազմակերպությունները և միավորումները բուհում ու գիտական կազմակերպությունում
1. Բուհերում և գիտական կազմակերպություններում կարող են գործել մասնագիտական միավորումներ կամ մասնագիտական միջազգային միավորումների մասնաճյուղեր, ուսանողական ինքնակառավարման կառույցներ, մշակութային, սպորտային միավորումներ կամ արհեստակցական միություններ:
2. Բուհերում և գիտական կազմակերպություններում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական ինչպես նաև կրթության և գիտության հետ անմիջական առնչություն չունեցող կազմակերպությունների և միավորումների գործունեությունը:
3. Բուհերում և գիտական կազմակերպություններում աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն և քարոզչություն իրականացնելը, այդ թվում՝ քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն կամ քարոզչություն իրականացնելու նպատակով բուհի և գիտական կազմակերպության ֆինանսական, տեղեկատվական, նյութական միջոցները, տարածքները, տաբերանշանները, մարդկային ռեսուրսները օգտագործելը, ինչպես նաև քաղաքական, կուսակցական, կրոնական քարոզչություն կամ գործունեություն իրականացնելիս բուհի և գիտական կազմակերպության անունից հանդես գալը։
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում սահմանված պահանջների խախտումը քննարկվում է սույն օրենքի և բուհերի և գիտական կազմակերպությունների ներքին կարգապահական կանոնների համաձայն՝ էթիկայի կոմիտեում և կարող է հանգեցնել նախատեսված պատասխանատվության, ինչպես նաև հիմք հանդիսանալ աշխատանքից կամ կառավարման մարմնից ազատման համար։
ԳԼՈՒԽ 4
ԲՈՒՀԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ԲՈՒՀԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ (ՍՏԵՂԾՈՒՄԸ), ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 24. Բուհի կառավարումը և կառավարման մարմինները
1. Բուհի կառավարման մարմիններն են՝
1) հոգաբարձուների խորհուրդը.
2) ակադեմիական խորհուրդը.
3) կառավարման գործադիր մարմինը՝ ռեկտորը (տնօրեն, պետ):
2. Բացի վերը նշվածից՝ համալսարանների կառավարման մարմիններն են՝
1) կառավարման (կամ տնօրենների) խորհուրդը.
2) բուհի կառուցվածքային միավորների գիտական խորհուրդները.
3) բուհի կառուցվածքային միավորների գործադիր մարմինը՝ տնօրենը։
3. Բուհի կանոնադրությամբ բուհի կառուցվածքում կարող են գործել այլ կոլեգիալ կառավարման մարմիններ՝ ելնելով բուհի գործունեության առանձնահատկություններից:
4. Բուհերում գործում է Էթիկայի կոմիտե, որը բուհի կազմում գործող մասնակցային ընտրությունների միջոցով ձևավորվող անկախ մարմին է, որի գործառույթները սահմանվում են սույն օրենքով, Էթիկայի կոմիտեի կանոնադրությամբ և բուհի ներքին իրավական ակտերով:
5. Բուհերում գործում է ընտրական անկախ մարմին, որը պատասխանատու է ընտրական գործընթացների կազմակերպման և դրանց դեմոկրատական ու մասնակցային պատշաճ մակարդակով իրականացման համար, որի ձևավորման կարգն ու աշխատակարգը սահմանվում է բուհի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով, որոնք պետք է երաշխավորեն ընտրական մարմնի անկախ գործունեությունը:
6. Բուհի կառավարումն իրականացվում է սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով և բուհի կանոնադրությամբ:
7. Սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
8. Բուհի և դրա կառուցվածքային միավորների կառավարման գործադիր մարմնում ինչպես նաև ակադեմիական և գիտական խորհուրդներում արգելվում է կուսակցական անձանց ներգրավումը, նման հանգամանքի առաջացումը հիմք է հանդիսանում նշված պաշտոններից անձի ազատման համար՝ տվյալ պաշտոնում նշաակելու կամ առաջադրելու իրավասություն ունեցող մարմնի կողմից՝ նշված հանգամանքի առաջացման մասին իրազեկվելու պահից:
Հոդված 25. Գիտական կազմակերպության կառավարումը և կառավարման մարմինները
1. Գիտական կազմակերպության կառավարման մարմիններն են՝
1) հոգաբարձուների խորհուրդը.
2) գիտական խորհուրդը.
3) կառավարման գործադիր մարմինը՝ տնօրենը:
2. Համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհուրդ է հանդիսանում համալսարանի հոգաբարձուների խորհուրդը։
3. Գերատեսչական պատկանելության գիտական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահին նշանակում է տվյալ գերատեսչության ղեկավարը, իսկ հոգաբարձուների խորհրդի մեծամասնությունը ձևավորվում է տվյալ գերատեսչության ղեկավարի ներկայացմամբ, հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը սահմանվում է կանոնադրությամբ:
4. Գիտական կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգում է գիտական խորհուրդը:
5. Հիմնարկի կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպությունների կառավարման կառուցվածքը կարգավորվում է հիմնադրի կողմից։
6. Հիմնարկի կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպությունները պետք է ունենան գիտական խորհուրդ, որի ձևավորման կարգը սույն օրենքի շրջանակներում սահմանվում է հիմնադիր փաստաթղթով։
7. Հանրային գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի կազմակերպության գիտական գործունեության ուղղությամբ գիտական աստիճան և ոլորտի կառավարման ակադեմիական մոդուլը կամ միկրո-որակավորման ծրագիրը լավ կամ գերազանց ամփոփելու վկայական:
8. Հանրային գիտական կազմակերպության տնօրենը իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
9. Հանրային գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները, վերջինիս 65 տարին լրանալիս, իրավասու մարմնի որոշմամբ դադարեցվում են:
10. Հանրային գիտական կազմակերպության տնօրեն ընտրվում է սույն օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով, հինգ տարի ժամկետով, որի հետ իրավասու մարմինը կնքում է աշխատանքային պայամանգիր: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նույն կազմակերպությունում ընտրվել տնօրենի պաշտոնում:
11. Հանրային համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության տնօրենի ընտրության ժամանակ դիմողների տվյալները Համալսարանի հոգաբարձուների խորհրդին է ներկայացվում կազմակերպության գիտական խորհրդի, համալսարանի գիտական խորհրդի և համալսարանի գործադիր կառավարիչի կարծիքների հետ մեկտեղ:
12. Հանրային համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության տնօրենը կազմակերպում է ընթացիկ աշխատանքները: Կազմակերպության վարչական և սպասարկող աշխատանքները, եթե չկան սահմանված առանձնահատկություններ, իրականացվում է կենտրոնացված՝ համալսարանի հետ համատեղ։
13. Հանրային համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունը ունի առանձին բանկային ենթահաշիվ և ազատ է տնօրինելու պետական բյուջեով և դրամաշնորհներով կամ այլ ծրագրերով իրեն տրամադրված միջոցները՝ միևնույն ժամանակ դրամաշնորհային և արտաբյուջետային այլ ծրագրերի մասով որոշակի վերադիր գումար հատկացնելով համալսարանի ընդհանուր բյուջեին, որի առավելագույն սահմանաչափը սահմանվում է համալսարանի կանոնադրությամբ։
14. Հանրային համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության աշխատողների ընտրությունը կատարվում է բաց մրցույթով՝ կազմակերպության սահմանած ընթացակարգերով՝ կազմակերպության գիտական խորհրդի երաշխավորությամբ, որի արդյունքները՝ ընթացակարգային (ներառյալ էթիկական կանոնակարգերը) խախտումների բացակայության դեպքում հաստատում է համալսարանի կառավարիչը:
15. Գիտական կազմակերպության կառավարման կարգը, գիտական խորհրդի ձևավորման կարգը, անդամների քանակը, աշխատակարգը և լիազորությունները սահմանվում են կազմակերպության կանոնադրությամբ:
16. Գիտական կազմակերպության կանոնադրությունը հաստատվում, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
17. Նոր ստեղծվող կամ վերակազմավորման, բաժանման, միաձուլման ձևով վերակազմակերպվող գիտական կազմակերպությունում մինչև սահմանված կարգով տնօրենի ընտրությունը համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը նշանակում է տնօրենի պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:
18. Համալսարանի կառուցվածքում չգործող հանրային գիտական կազմակերպություն հիմնադրվում է միան այն դեպքերում, եթե այն իրականացնելու է կիրառական բնույթի թիրախային հետազոտություններ կամ փորձարարական մշակումներ գերազանցապես պետական որևէ գերատեսչության խնդիրների շրջանակում: Ընդ որում դրա հիմնադրման որոշման կայացման հիմքում պետք է դրվեն տվյալ բնույթի հետազոտությունները համալսարանների գիտական կազմակերպություններում իրականացնելու անհնարինության հիմնավորումները, տվյալ գերատեսչության կողմից պատշաճ մակարդակի և պատշաճ ծանրաբեռնվածությամբ հետազոտական խնդիրներ առաջադրելու կարողունակության վերլուծությունը և լիազոր մարմնի կողմից ստեղծված մասնագիտական փորձագիտական խորհրդի դրական եզրակացությունը:
19. Հանրային կազմակերպությունները կարող են ունենալ հիմնարկի կարգավիճակ ունեցող գիտական կազմակերպություններ, որոնք զբաղվում են բացառապես հիմնադրող կազմակերպության գիտական խնդիրներով, ընդ որում դրանց ստեղծումը պետք է հիմնավորված լինի հիմնադրող կազմակերպության առանձնահատկությամբ:
20. Գիտական կազմակերպությունը, անկախ հիմնադրից և իրավական ձևից գիտական կադրեր կարող է պատրաստել միայն համալսարանի հետ համագործակցությամբ:
21. Համալսարանը իր գիտական գործունեությունը կազմակերպում է միայն իր կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններում:
Հոդված 26. Հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի ձևավորումը
1. Հանրային բուհի հոգաբարձուների խորհուրդը բուհի կառավարման մշտապես գործող բարձրագույն մարմինն է:
2. Հանրային բուհի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է քսան անդամից:
3. Հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներ կարող են լինել գիտության և կրթության ինչպես նաև հումանիտար, արվեստների կամ գործարար միջավայրի բարձր հեղինակություն վայելող և պատասխանատու պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող անձիք՝ այդ թվում Սփյուռքի կամ այլ երկրի ներկայացուցիչներից (դրույթները կիրառելի չեն ուսանողության ներկայացուցիչների համար) պահպանելով որոշակի համամասնություն:
4. Հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից 10-ին առաջադրում է լիազոր մարմինը՝ սույն հոդվածի 3-րդ մասում նշված ոլորտներից:
5. Հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից տասին, բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով, ներկայացնում է բուհը՝ հինգին՝ ակադեմիական կազմի ներկայացուցիչներից (ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից) հնարավորինս ապահովելով բուհի տարբեր ակադեմիական միավորների ներկայացվածությունը, և հինգին՝ ուսանողական ներկայացուցչական մարմինների ներկայացուցիչներից:
6. Հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամի լիազորությունների ժամկետը հինգ տարի է, եթե սույն օրենքով կամ կանոնադրությամբ սահմանված հիմքերով և կարգով տվյալ անդամի կամ հոգաբարձուների խորհրդի լիազորությունները ավելի վաղ չեն դադարեցվում։
7. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորության ժամկետի լրանալուց առնվազն երկու ամիս առաջ հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի նախագահի պարտականությունները կատարողը, տեղեկացնում է տվյալ անդամին առաջադրող մարմնին, որն իր սահմանած կարգով 30 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է ներկայացնում նոր անդամի թեկնածությունը, որը լիազոր մարմինը ներկայացնում է հաստատման։
8. Հոգաբարձուների խորհրդի անվանական կազմը հաստատում է հիմնադիր մարմնի ղեկավարը լիազոր մարմնի ներկայացմամբ՝ խորհրդի անդամներին և նրանց առաջադրմանը ներկայացվող սույն օրենքով և բուհի կանոնադրությամբ նախատեսված պայմաններին համապատասխանության դեպքում:
9. Հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնը չի կարող թափուր մնալ 40 աշխատանքային օրվանից ավելի։
10. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում՝
1) ռեկտորի ներկայացմամբ՝ բուհի տարեկան բյուջեի ու դրա փոփոխությունների հաստատումը.
2) բուհի ռազմավարական ծրագրի հաստատումը, որը ներկայացնում է գործադիր մարմինը (ռեկտորը)՝ ակադեմիական խորհրդի դրական երաշխավորությամբ և առաջարկներով.
3) ակադեմիական խորհրդի առաջարկով կամ հաստատմամբ հիմնադրին բուհի կանոնադրության մեջ փոփոխությունների առաջարկ ներկայացնելը.
4) բուհի ներքին կառուցվածքի փոփոխության առաջարկության հաստատումը՝ գործադիր մարմնի ներկայացմամբ, ընդ որում համալսարանների պարագայում գիտական կազմակերպությունների կառուցվածքի փոփոխությունը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի առաջարկով.
5) բուհի ակադեմիական միավորների փոփոխության առաջարկը հիմնադրին ներկայացնելը՝ բուհի ակադեմիական խորհրդի որոշմամբ. գիտական կազմակերպությունների պարագայում կցելով նաև ներքին գնահատման եզրակացությունը.
6) ակադեմիական խորհրդի դրական եզրակացությամբ ռեկտորի և գիտական կազմակերպությունների տնօրենների բաց մրցույթով ընտրության կազմակերպման ընթացակարգերի և այդ պաշտոններին հավակնողներին ներկայացվող ընտրական հավելյալ պահանջների հաստատումը.
7) ռեկտորի և գիտական կազմակերպության տնօրենի ընտրությունը, պաշտոնում նշանակումը և պաշտոնից ազատումը՝ թեկնածուների վերաբերյալ ակադեմիական խորհրդի եզրակացության քննարկմամբ.
8) բուհի ներքին բարեվարքության և վարվեցողության կանոնակարգի հաստատումը.
9) ռեկտորի, իսկ համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության դեպքում դրա ղեկավարի առաջարկների հիման վրա բուհի և գիտական կազմակերպության հաստիքացուցակի հաստատումը.
10) բուհի տարեկան բյուջեի ու դրա փոփոխությունների, ներառյալ համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունների բյուջեն հաստատումը.
11) ակադեմիական խորհրդի դրական երաշխավորությամբ՝ բուհի ակադեմիական և ուսանողական անձնակազմի մասնակցությամբ քննարկված և առաջարկությունների ամփոփաթերթով նարկայացված հինգամյա ռազմավարության հաստատումը.
12) ռեկտորի ներկայացմամբ՝ բուհի գործունեության տարեկան հաշվետվության քննարկումը և գնահատումը՝ այդ թվում համադրելով գործող ռազմավարության հետ.
13) ֆինանսական աուդիտ իրականացնող իրավաբանական անձի ընտրության հաստատումը.
14) բուհի կանոնադրությամբ սահմանված խոշոր գործարքների վերաբերյալ ռեկտորի առաջարկությունների քննարկումն ու հաստատումը.
15) բուհի կրթկան ծրագրերով ուսման վճարների չափի հաստատումը.
16) բուհի աշխատողների կամ ուսանողների մշակումների կամ հեղինակային իրավունքի հիման վրա և բուհի մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնադրման առաջարկների քննարկումը և դրանցում բուհի մասնակցության սահմանչափի հաստատումը.
17) սույն օրենքով և կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:
11. Բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները՝ խորհրդի անդամների կազմից, բացառությամբ բուհի ակադեմիական կազմի և ուսանողության ներկայացուցիչների:
12. Հոգաբարձուների խորհուրդը կարող է ունենալ ոլորտային հանձնաժողովներ, որոնց ստեղծման և գործունեության կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:
13. Հոգաբարձուների խորհրդի անդամ չի կարող լինել այն անձը, որը՝
1) դատապարտվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
3) տվյալ բուհում զբաղեցնում է վարչական պաշտոն.
4) տվյալ բուհի ակադեմիական խորհրդի անդամ է:
14. Նշանակումից հետո՝ հորգաբարձուների խորհրդի անդամը հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի ժամանակ բուհի կանոնադրությամբ նախատեսված եղանակով ստորագրում է բուհի առաքելությանը և շահերին անվերապահորեն և իր կարողությունների ամբողջ ներուժով ծառայելու մասին հանրային հայտարարություն:
15. Հոգաբարձուների խորհուրդն ունի բուհում տեղակայված և բուհի բյուջեից վարձատրվող մինչև երեք աշխատող ունեցող քարտուղարություն, որը վարում է հոգաբարձուների խորհրդի գործավարությունը, կազմակերպում է նիստերի անցկացումը: Քարտուղարության ղեկավարը հանդիսանում է հոգաբարձուների խորհրդի քարտուղարը, որին ընտրում են մինչև 5 տարի ժամկետով հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի ժամանակ:
16. Հոգաբարձուների խորհրդի նախագահը և մյուս անդամները չեն համարվում հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ և իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով:
17. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը կարող է դադարեցվել նաև լիազորի միջորդությամբ՝ հիմնադրի որոշմամբ՝
1) երեք հաջորդական նիստերին անհարգելի չմասնակցելու կամ վերջին 10 նիստերից առնվազն 5-ին չմասնակցելու պատճառով.
2) հոգաբարձուների խորհրդի 2/3-ի որոշմամբ.
3) էթիկայի կոմիտեի միջնորդությամբ՝ էթիկայի խախտումը հաստատող որոշման հիման վրա:
18. Հոգաբարձուների խորհրդի այլ լիազորությունները, նախագահի և անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են բուհի կանոնադրությամբ:
19. Հոգաբարձուների խորհուրդի որոշումները և արձանագրությունները հրապարակվում են բուհի կայքում:
Հոդված 27. Բուհի ակադեմիական խորհուրդը
1. Ակադեմիական խորհուրդը՝ բուհի ուսումնամեթոդական, գիտական և գիտատեխնիկական գործունեության կառավարման մարմինն է որի իրավասությանն են վերապահված բուհի ուսումնամեթոդական, գիտական և նորարարական գործունեությանն առնչվող որոշումների ընդունումը:
2. Ակադեմիական խորհուրդը ձևավորվում և գործում է հինգ տարի ժամկետով, սույն օրենքին և բուհի կանոնադրությանը համապատասխան:
3. Ակադեմիական խորհրդի անդամների թիվը սահմանվում է բուհի կանոնադրությամբ և պետք է ներառի ներկայացուցիչներ բոլոր ակադեմիական միավորներից:
4. Ակադեմիական խորհրդի ի պաշտոնե անդամներ են հանդիսանում ռեկտորը ինչպես նաև ակադեմիական գծով պրոռեկտորները, որոնք պետք է կազմեն ոչ ավելի քան ակադեմիական խորհրդի անդամների ընդհանուր թվի 20 տոկոսը:
5. Բուհի ռեկտորը և պրոռեկտորները ինչպես նաև ուսանողական համակազմի ներկայացիչները չեն կարող լինել ակադեմիական խորհրդի նախագահ:
6. Ակադեմիական խորհուրդի կազմի ընդհանուր թվի ոչ պակաս քան 40 տոկոսը պետք է կազմեն բուհի ակադեմիական կազմի առաջատար պաշտոններ զբաղեցնող ներկայացուցիչները, այդ թվում համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպությունների գիտական խորհուրդների նախագահները, ոչ պակաս քան 30 տոկոսը՝ միջին ակադեմիական կազմի հիմնական աշխատող հանդիսացող ներկայացուցիչները, ոչ ավել քան 10 տոկոսը՝ ուսանողական համակազմի բարձր առաջադիմություն և ակադեմիական հետագիծ ունեցող ներկայացուցիչները:
7. Բուհի ակադեմիական խորհրդի իրավասություններին են պատկանում՝
1) կրթական գործընթացի կազմակերպման հարցերի վերաբերյալ ընդհանուր որոշումների կայացումը.
2) կրթական ծրագրերի հաստատումը, դրանց ֆինանսավորման վերաբերյալ ռեկտորին առաջարկություն ներկայացնելը.
3) որակի ներքին հսկողության ընթացակարգերի հաստատումը և դրա իրականացման վերահսկողությունը.
4) ակադեմիական կազմի որակավորման ներքին պահանջների հաստատումը և պաշտոնների համալրման մրցութային ընթացակարգերի պահանջների հաստատումը.
5) համալսարանի գիտական կազմակերպություններում իրականացվող հետազոտությունների կամ մշակումների որակի և մակարդակի քննարկումը՝ որակի ներքին ապահովման և կազմակերպությունների տնօրենների զեկույցների հիման վրա, և առաջարկությունների ներկայացում ռեկտորին ու հոգաբարձուների խորհրդին.
6) կրթական ծրագրերի որակի քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը ռեկտորին.
7) համալսարանի ակադեմիական ավելի ընդլայնված կազմի ներգրավմամբ գիտաժողովների կամ քննարկումների կազմակերպում՝ բուհին առնչվող ավելի լայն հարցերի քննարկման համար.
8) ակադեմիական կազմի պատվավոր կոչումների շնորհումը՝ օրենսդրությամբ և բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով.
9) Հոգաբարձուների խորհրդին բուհի ռազմավարության վերաբերյալ կարծիքի և առաջարկությունների ներկայացումը.
10) բուհի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկություններ ներկայացնելը հոգաբարձուների խորհրդին.
11) ռեկտորի կամ գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուների համապատասխանության վերաբերյալ կարծիքի ներկայացում հոգաբարձուների խորհրդին.
12) օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված այլ գործառույթների իրականացնումը.
13) բուհի կողմից մատուցվող բարձրագույն կրթության որակավորում չշնորհող կրթական ծրագրերի հաստատումը։
8. Ակադեմիական խորհրդի որոշումները հասանելի են բուհի ակադեմիական կազմի համար և տեղադրվում են բուհի կայքում՝ համապատասխան հասանելիությամբ:
9. Ակադեմիական խորհրդի աշխատակարգը հաստատվում է ակադեմիական խորհրդի կողմից։
Հոդված 28. Գիտական կազմակերպության գիտական խորհուրդը
1. Գիտական կազմակերպության գիտական խորհուրդն այդ կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է։
2. Գիտական խորհուրդը ձևավորվում և գործում է հինգ տարի ժամկետով, սույն օրենքի և գիտական կազմակերպության կանոնադրությանը համապատասխան:
3. Գիտական խորհրդի անդամների թիվը սահմանվում է գիտական կազմակերպության կանոնադրությամբ:
4. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե մտնում են գիտական ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև գիտական կազմաերպության գիտական աշխատողմների կողմից ընտրված գիտական համակազմի առաջատար պաշտոններ զբաղեցնող ներկայացուցիչներ ու գիտական կազմակերպության կանոնադրությամբ սահմանած այլ ներկայացուցիչներ, այդ թվում՝ այլ կազմակերպություններից:
5. Գիտական կազմակերպության գիտական խորհրդի իրավասություններին են պատկանում օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝
1) գիտական կազմակերպության կառուցվածքային փոփոխության ատաջարկության ներկայացումը.
2) գիտական գործունեությանն առնչվող ներքին փաստաթղթերի հաստատումը.
3) գիտական կազմակերպությունում իրականացվող հետազոտությունների և մշակումների մակարդակի և որակի հսկողությունը.
4) տնօրենի տարեկան զեկույցի հաստատումը.
5) հաստատում է գիտական կազմակերպության զարգացման ռազմավարությունը, որը համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության դեպքում պետք է չհակասի համալսարանի ընդհանուր ռազմավարությանը։
Հոդված 29. Հանրային բուհի ռեկտորը
1. Հանրային բուհի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարման գործադիր մարմինը՝ ռեկտորը:
2. Հանրային բուհի ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական կամ գիտական գործունեության և կրթության կամ գիտության ոլորտում կառավարման փորձ։ Ռեկտորի թեկնածուին ներկայացվող լրացուցիչ պահանջներ կարող են սահմանվել բուհի կանոնադրությամբ և հոգաբարձուների խորհրդի կողմից:
3. Հանրային բուհի ռեկտորի պաշտոնում ընտրված անձի լիազորությունները, վերջինիս 65 տարին լրանալիս, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ դադարեցվում են: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նույն բուհում ընտրվել ռեկտորի պաշտոնում, այդ թվում՝ բուհի վերակազմավորման կամ կազմակերպական-իրավական ձևի փոփոխության դեպքում։
4. Հանրային բուհի ռեկտորն ընտրվում է բաց միջազգային մրցույթի կարգով՝ բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով և խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:
5. Հանրային բուհի ռեկտորը պետք է ունենա աշխարհի առաջատար բուհերի կողմից տրամադրվող ոլորտի կառավարման որակավորում կամ առնվազն սերտիֆիկացված ծրագրը լավ կամ գերազանց ամփոփած լինելու վկայական կամ այլ հավաստող փաստաթուղթ:
6. Հանրային բուհի ռեկտորը իր առաջադրման ժամանակ և պաշտոնավարման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ, պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
7. Հանրային բուհի ռեկտորի հետ աշխատանքային պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ հայտարարվում է ռեկտորի ընտրություն՝ բաց միջազգային մրցույթի միջոցով: Նոր ռեկտորը ստանձնում է իր պարտականությունների կատարումը բուհի գործող ռեկտորի լիազորությունների ժամկետի ավարտի օրը:
9. Ռեկտորի թափուր հաստիք առաջանալու դեպքում հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց միջազգային մրցույթ՝ համապատասխան հիմքը առաջանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Ռեկտորի թափուր հաստիք առաջանալու դեպքում մինչև սույն օրենքով և բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունը՝ ռեկտորի պարտականությունների կատարումը բուհի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ դրվում է պրոռեկտորներից մեկ վրա:
10. Ռեկտորի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, բուհի կանոնադրությամբ և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրով։
11. Նոր ստեղծվող կամ վերակազմակերպվող բուհում մինչև կառավարման խորհրդի ձևավորումը բուհի հիմնադիրը նշանակում է ռեկտորի պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:
12. Ռեկտորի լիազորություններին են պատկանում՝
1) բուհի ընթացիկ կառավարումը և տարբեր հարթակներում բուհը ներկայացնելը.
2) հրամանների արձակումը.
3) աշխատողների հետ պայմանագրերի կնքումը, այդ թվում՝ ակադեմիական միավորների ղեկավարների ներկայացմամբ.
4) բուհի կանոնադրության և օրենսդրության համաձայն ուսանողներին ընդունելն ու ազատելը.
5) կրթական ծրագրերի վճարների մասին առաջարկություն ներկայացնելը հոգաբարձուների խորհրդին.
6) համալսարանի գործունեության մասին տարեկան հաշվետվության ներկայացումը հոգաբարձուների խոհրդին և ակադեմիական համակազմին.
7) ռազմավարական ծրագրի ներկայացումը հոգաբարձուների խորհրդի հաստատմանը.
8) համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության տնօրենի հետ պայմանագրի կնքումը։
13. Ռեկտորը պատասխանատու է բուհի ֆինանսական գործունեության և պատշաճ կառավարման համար, ինչպես նաև ֆոնդերի և այլ գույքի համար:
14. Ռեկտորի հետ պայմանագիրը խզվում է հոգաբարձուների խորհրդի ընդհանուր թվի 2/3-ի կողմից ռեկտորի հաշվետվությունը չընդունելու պարագայում կամ ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ անհամապատասխանություն առաջանալու պարագայում:
15. Նոր ստեղծվող կամ վերակազմակերպված բարձրագույն ուսումնական հաստատությունում մինչև խորհրդի ձևավորումը բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը նշանակում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:
Հոդված 30. Հանրային համալսարանի կառավարման խորհուրդը
1. Հանրային համալսարանի կառավարման խորհուրդը կառավարման կոլեգիալ մարմին է, որի մեջ մտնում են համալսարանի ռեկտորը, ակադեմիական ուղղությունների համար պատասխանատու պրոռեկտորները և համալսարանի կառուցվածքում գործող գիտական կազմակերպությունների տնօրեններն ու ակադեմիական միավորների ղեկավարները:
2. Կառավարման խորհրդի նախագահը ի պաշտոնե համալսարանի ռեկտորն է:
3. Կառավարման խորհուրդը քննարկում է համալսարանի ընդհանուր կառավարման խնդիրները, տարբեր ակադեմիական միավորների ընթացիկ կառավարման համաչափության ապահովման և խնդիրների վաղաժամ բացահայտման ու հասցեագրման նպատակով:
4. Կառավարման խորհրդի աշխատակարգը հաստատվում է հոգաբարձուների խորհրդի կողմից՝ ռեկտորի առաջարկությամբ:
Հոդված 31. Էթիկայի կոմիտեն
1. Էթիկայի կոմիտեն բուհի կազմում գործող անկախ մարմին է, որն իր իրավասության շրջանակում քննարկում և դիմումատուին է ներկայացնում որոշում՝ բուհի բոլոր մակարդակներում ակադեմիական էթիկային ինչպես նաև բարեվարքությանը վերաբերող դիմումների վերաբերյալ:
2. Էթիկայի կոմիտեի նախագահն ընտրվում է բուհի աշխատակիցների կողմից հինգ տարի ժամկետով՝ բաց մրցույթի միջոցով, գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է բուհի աշխատողների առնվազն 60 տոկոսը:
3. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել էթիկայի կոմիտեի նախագահի պաշտոնում: Էթիկայի կոմիտեի նախագահի հետ աշխատանքային պայմանագիր է կնքում հոգաբարձուների խորհրդի նախագահը:
4. Էթիկայի կոմիտեի ղեկավար կարող է լինել ակադեմիական անվիճարկելի հետագիծ, գիտական աստիճան և բարձրագույն կրթության կամ գիտության ոլորտներում ղեկավարման փորձ ինչպես նաև նշված ոլորտներում աշխատանքի առնվազն 25 տարվա ստաժ ունեցող անձ:
5. Էթիկայի կոմիտեի աշխատանքը հիմնված է անկողմնակալության, արդարության, իրավազորության և հանրայնության սկզբունքների վրա:
6. Էթիկայի կոմիտեն գրավոր դիմումի հիման վրա հարցերը քննում է 10 աշխատանքային օրվա ընթացքում, հավելյալ հետաքննության կարիք առաջանալու պարագայում ժամկետը կարող է երկարացվել հավելյալ երկու ամսով:
7. Դիմումը քննարկելուց կամ վարույթն ավարտելուց հետո էթիկայի կոմիտեն իր որոշումը ներկայացնում է դիմումատուին ինչպես նաև ըստ անխրաժեշտության՝ բուհի ղեկավարությանը, հոգաբարձուների խորհրդին կամ լիազոր մարմնի ղեկավարին՝ կախված հայտնաբերված խախտման բնույթից և դրա վերացման համար անհրաժեշտ միջատության տեսակից:
8. Էթիկայի կոմիտեի որոշումները կարող են լինել՝
1) տեղեկացնել խնդիրը լուծելու իրավասություն ունեցող համապատասխան մարմիններին ակադեմիական էթիկայի կամ ընթացակարգերի խախտում թույլ տված անձի մասին.
2) տեղեկացնել համալսարանին՝ գիտական աստիճանի շնորհման կամ պաշտոնին նշանակելու որոշումը չեղարկելու անհրաժեշտության մասին՝ աստիճանաշնորհման գործընթացի ժամանակ էթիկայի նորմերի խախտում հայտնաբրելու դեպքում.
3) տեղեկացնել բուհի կառավարման մարմիններին կամ լիազոր մարմնին՝ համապատասխան մակարդակում բուհի բարեվարքության կանոնակարգով կամ սույն օրենքով սահմանված բարեվարքության կանոնների խախտում հայտնաբերելու մասին.
4) ակադեմիական էթիկայի խնդրահարույց հարցերը քննարկելուց հետո խորհուրդ տալ աշխատողին կամ ուսանողին հետազոտության կամ մշակումների աշխատանքներին մասնակցության վերաբերյալ.
5) հայտնել իրավապահ մարմիններին եթե կատարվել է քրեորեն պատժելի արարք.
6) դիմել դատական մարմիններին եթե էթիկայի կոմիտեի որոշումները չեն կատարվել.
7) դիմումը ճանաչել չհիմնավորված.
8) հանրայնացնել ակադեմիական էթիկայի և ընթացակարգերի խախտման դեպքերը.
9) խնդրի լուծմանը նպաստող այլ որոշումներ:
9. Էթիկայի կոմիտեն յուրաքանչյուր տարի հաշվետվություն է ներկայացնում իր աշխատանքների մասին հոգաբարձուների խորհրդին իսկ հաշվետվությունները տեղադրվում են բուհի կայքում՝ բաց հասանելիությամբ:
10. Էթիկայի կոմիտեի կառուցվածքը, բյուջեն, ձևավորման և կառավարման կարգը ինչպես նաև լիազորությունների և գործառույթների իրականացման ընթացակարգերը սահմանող ներքին իրավական ակտերը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը:
11. Էթիկայի կոմիտեի կառուցվածքը, տրամադրվող բյուջեն և ներքին իրավական ակտերը պետք է նպաստեն Էթիկայի կոմիտեի անխափան աշխատանքին:
Հոդված 32. Բուհի և գիտական կազմակերպության հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը
1. Բուհը և գիտական կազմակերպությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Բուհը և գիտական կազմակերպությունը ստեղծվում է հիմնադրի որոշմամբ:
3. Բուհը կարող է իր գործունեությունը ծավալել միայն լիցենզավորումից հետո։
4. Բուհի կանոնադրության մեջ փոփոխություն կարող է անել միայն հիմնադիրը:
5. Հանրային համալսարանի կազմում գործող գիտական կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։
ԳԼՈՒԽ 5
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 33. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում Կառավարության լիազորությունները
1. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում Կառավարությունը՝
1) ստեղծում, վերակազմակերպում ու լուծարում է հանրային բուհը և հանրային գիտական կազմակերպությունը և հաստատում դրանց կանոնադրությունները.
2) հաստատում է բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց դասիչների ցանկերը, դրանց ուսուցման ձևերը և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկերը՝ ապահովելով միջազգային համադրելիությունը.
3) hաստատում է բարձրագույն ուսումնական հասատությունների լիցենզավորման կարգը՝ ներառյալ բուհի լիցենզավորման պայմաններն ու պահանջները և լիցենզիայի դադարեցման հիմքերը.
4) hաստատում է բարձրագույն ուսումնական հասատություններում կրթական ծրագրերի լիցենզավորման կարգը՝ ներառյալ լիցենզավորման պայմաններն ու պահանջները և լիցենզիայի դադարեցման հիմքերը.
5) hաստատում է բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման կարգը, որն իր մեջ ներառում է հավատարմագրման համար պահանջվող նվազագույն չափանիշները ինչպես նաև միջազգային հավատարմագրող հեղինակավոր կազմակերպությունների ընտրության չափանիշները.
6) hաստատում է բարձրագույն կրթության առաջին մակարդակի և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության կարգը՝ ներառյալ ընդունելության ընդհանրական պայմանները.
7) հաստատում է որակավորումների ազգային շրջանակը ներառյալ դրա մակարդակների (որակավորումների) ընդհանրական նկարագրիչները.
8) հաստատում է կարգավորվող մասնագիտությունների ցանկը և դրանցով ուսումնառության առանձնահատկությունները՝ ներառյալ դրանց ուղղությամբ հետավարտական ուսումնառությանը (կլինիկական ռեզիդենտուրա կամ այլ ուսումնառության տեսակներ) ընդունելությանը և ամփոփիչ ատեստավորմանը ներկայացվող պահանջները, կրթական ծրագրերին ներկայացվող նվազագույն պայմաններն ու պահանջները, ինչպես նաև մասնագիտական ուղղությունների վերջնարդյունքները և հավաստագրերին ներկայացվող պահանջները.
9) սահմանում է ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման համար պետական կրթաթոշակ ստացող ուսանողների ուսման վարձի առավելագույն չափը ըստ մասնագիտությունների և որակավորումների.
10) հաստատում է հանրային բուհի ինստիտուցիոնալ ֆինանսավորման կարգը՝ ներառյալ կատարողականի արդյունքային ցուցանիշները.
11) հաստատում է պետության կողմից ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների տրամադրման կարգը՝ ներառյալ կրթաթոշակների տարատեսակները, պահանջներն ու չափանիշները, թիրախային խմբերը՝ այդ թվում միջպետական պայմանագրերով կամ որոշակի ձեռքբերումեր ունեցող օտարերկրյա ուսանողներին.
12) հաստատում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը, այդ թվում՝ նոր խմբագրությամբ, դրա մեջ կատարում փոփոխություններ և լրացումներ.
13) հաստատում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականությունը և համակարգի զարգացմանն ուղղված հայեցակարգերը.
14) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակա ուղղությունները.
15) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գիտության ոլորտի զարգացման ռազմավարական միջնաժմկետ և երկարաժամկետ ծրագրերը.
16) հաստատում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի արդյունավետության բարձրացմանը ուղղված այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների ծրագրեր.
17) հաստատում է գիտական գործունեության բազային, նպատակային և դրամաշնորհային ֆինանսավորման կարգերը, ներառյալ ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական փորձաքննության տեսակները, յուրաքանչյուր ֆինանսավորման ձևով կատարողականի գնահատման մեխանիզմները, իսկ բազային ֆինանսավորման պարագայում նաև արտաքին գնահատման հանձնաժողովի ձևավորման կարգը.
18) հաստատում է հանրային բուհերին տրամադրվող բազային և նպատակային ֆինանսավորման ձևերը և կարգերը, ներառյալ կատարողականի ցուցանիշների ձևավորման սկզբունքները և ֆինանսավորման կարգավորման՝ կատարողականի վրա հիմնված մեխանիզմները.
19) հաստատում է հայագիտության և հումանիտար գիտությունների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը.
20) հաստատում է պետական գիտական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնները, դրանց ներկայացվող նվազագույն չափանիշները և ատեստավորման կարգը.
21) հաստատում է գիտական կազմակերպությունների տարատեսակները, դրանց կառուցվածքներին ներկայացվող պահանջները և դասակարգման չափանիշները, այդ թվում գործունեության նկատմամբ ակնկալվող արդյունքային ցուցանիշները.
22) հաստատում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը.
23) հաստատում է գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի հավելավճարի տրամադրման կարգը և չափանիշները.
24) հաստատում է բարձրագույն կրթության կազմակերպման կարգը, որով կարգավորվում են բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակների, համատեղ և ինտեգրացված կրթական ծրագրերի բեռնվածության կրեդիտային սահմանաչափերը, ուսուցման տևողությունները, լրիվ և մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպման սկզբունքներն ու սահմանափակումները, բուհերի և կրթական ծրագրերի միջև տեղափոխման կարգը և սահմանափակումները, որակավորումները հավաստող դիպլոմների և հավելվածների ձևերը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ կարգավորումներ.
25) հաստատում է երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման և գիտական աստիճանաշնորհման կարգը, ներառյալ ընդունելության, ուսումնառության կազմակերպման պահանջները և գիտական աստիճանի շնորհման չափանիշներն ու գործընթացը․
26) հաստատում է ակադեմիական կոչումները, դրանց ներկայացվող նվազագույն պահանջները և տրամադրման կարգը.
27) հաստատում է հանրային համալսարանի կառուցվածքում գործող հանրային գիտական կազմակերպությունների ցանկը.
28) իրականացնում է սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 34. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում լիազոր մարմնի լիազորությունները
1. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում լիազոր մարմինը՝
1) մշակում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի պետական քաղաքականությունը և համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը, վերահսկում դրանց իրականացումը.
2) հաստատում է կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի մեթոդաբանությունը.
3) հաստատում է ըստ բարձրագույն կրթության մասնագիտություններին համապատասխան կրթական ծրագրերի (այդ թվում՝ ինտեգրված ծրագրով) ցանկը.
4) հաստատում է բարձրագույն կրթության որակավորումների մասնագիտական շրջանակները.
5) հաստատում է բարձրագույն կրթության օտարերկրյա որակավորումների գնահատման և ճանաչման կարգը.
6) բուհերի ուսումնական գործընթացի կազմակերպմանն աջակցելու նպատակով հաստատում է խորհրդատվական բնույթի մեթոդաբանություններ, ուղեցույցներ, օրինակելի կարգեր, այդ թվում՝ ակադեմիական բարեվարքության օրինակելի կանոնակարգը.
7) հաստատում է բուհի գործունեության կատարողականի ցուցանիշները.
8) հաստատում է ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման պետական գրանցամատյանի վարման կարգը․
9) հաստատում է որակավորումների պետական գրանցամատյանի վարման կարգը.
10) հաստատում է գիտական գործունեության բազային և նպատակային ֆինանսավորման ձևերով իրականացվող ծրագրերի հրավերների փաթեթները, որոնք նկարագրում են համապատասխան ընթացակարգերը և փորձաքննության ձևերը, և դրանց արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերը.
11) հաստատում է կարգավորվող մասնագիտություններով հետավարտական ուսումնառության կրթական ծրագրերը՝ տվյալ մասնագիտական գործունեության ոլորտը համակարգող լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ.
12) հաստատում է հանրային բուհերի պետական ֆինանսավորման ձևերին համապատասխան ընթացակարգերը և դրանցով ֆինանսավորման երաշխավորված ծրագրերը.
13) հաստատում է գիտության և բարձրագույն կրթության ոլորտների կառավարիչների վերապատրաստման միկրո-որակավորման ծրագրերը և վերապատրաստող համալսարանների ցանկը.
14) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում հրատարակվող գիտական պարբերականներին ներկայացվող նվազագույն չափանիշները.
15) կազմակերպում է ոլորտների բյուջետավորման և պետական բյուջետային ֆինանսավորման գործընթացները.
16) հաստատում է կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դեպքում կրթական ծրագրում ընդգրկված ուսանողների ուսումնառության շարունակելու կարգը.
17) հաստատում է հանրային բուհի ինստիտուցիոնալ ֆինանսավորման ծրագրերի հրավերների փաթեթները՝ ներառյալ կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա գնահատման կարգը, և դրանց արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերը.
18) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ գործառույթներ:
Հոդված 35. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լիազորությունները
1. Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝
1) մասնակցում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում կառավարության քաղաքականության մշակմանը, ինչպես նաև մշակում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր.
2) սահմանված կարգով մասնակցում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը.
3) հաստատում է բարձրագույն կրթության և գիտության կառավարման տեղեկատվական համակարգի նկարագիրը և վարման կարգը, դրա միջոցով իրականացնում է ոլորտների վերաբերյալ համապարփակ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձևավորում և վարում.
4) Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկի մասնագիտություններին համապատասխան ստեղծում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդներ և կազմակերպում է դրանց աշխատանքները.
5) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանը՝ հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը.
6) հաստատում է գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը.
7) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է ակադեմիական կոչումները՝ հիմք ընդունելով համալսարանների գիտական խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը.
8) աջակցում է գիտական արդյունքի առևտրայնացմանը և գործնական կիրառություններին և նորարարական գործունեության իրականացմանը.
9) կազմակերպում է գիտության հանրայնացման դրամաշնորհային ծրագրեր, հաստատում է դրանց հրավերները, փորձաքննության ձևերն ու ամփոփում արդյունքերը.
10) կազմակերպում է հանրային բուհերի պետական ֆինանսավորման ձևերին համապատասխան գործընթացները և իրականացնում է երաշխավորված ծրագրերի ֆինանսավորումը.
11) իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության համակարգի մշտադիտարկում և գնահատում.
12) կազմակերպում է որակավորումների պետական գրանցամատյանի և կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի աշխատանքը.
13) համապատասխան մարմինների հետ իրականացնում է աշխատաշուկայի վերլուծություն և ներկայացնում է առաջարկություններ բարձրագույն ուսումնական հաստատություններում ըստ մասնագիտությունների կրթաթոշակային տեղերի բաշխման վերաբերյալ.
14) բազային ֆինանսավորման միջոցառման շրջանակներում կազմակերպում է գիտության ոլորտի ենթակառուցվածքի և նյութատեխնիկական բազայի արդիականացմանը միտված, ինչպես նաև գիտական արդյունքի առևտրայնացման, տնտեսական շրջանառության մեջ ընդգրկման ու նորարարական գործունեության աջակցության ծրագրեր, հաստատում է ծրագրերի հրավերների փաթեթները.
15) կազմակերպում է գիտական դրամաշնորհային մրցույթներ, հաստատում է հրավերի փաթեթները և փորձաքննության ձևերը և սահմանված կարգով հաստատում է մրցույթների արդյունքները.
16) մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող և գիտության ոլորտում իրականացվող ծրագրերի մշտադիտարկման և արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը և կազմակերպում դրանց իրականացումը.
17) մշակում և հաստատում է գիտության ոլորտի պետական բյուջետային ֆինանսավորման հայտերի, պայմանագրերի, համաձայնագրերի և հաշվետվությունների ձևերը.
18) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մշակում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) ձևաչափերը, ըստ դրանց՝ հավաքում է համապատասխան տեղեկություններ և ստացված տվյալների հիման վրա սահմանված կարգով վարում է վարչական վիճակագրական ռեգիստրներ.
19) կազմակերպում է ռազմատեխնիկական և իր լիազորության շրջանակում այլ ծրագրերի գիտական փորձաքննությունը, մասնակցում է դրանց իրականացման մոնիտորինգի (մշտադիտարկման) աշխատանքներին՝ համապատասխան պետական մարմինների հետ.
20) հավաքում է գիտական և գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ տվյալներ, իրականացնում է գիտաչափական վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձևավորում և վարում.
21) իր իրավասության սահմաններում իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի պետական բյուջետային գործընթացը.
22) իրականացնում է գիտական միջոցառումների կազմակերպման համար ֆինանսական աջակցության ծրագրեր, հաստատում է հրավերների փաթեթները և ֆինանսավորման երաշխավորված միջոցառումների ցանկը.
23) իրականացնում է գիտական աստիճանաշնորհման կարգով նախատեսված գործառույթները.
24) իր իրավասության սահմաններում համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ.
25) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ գործառույթներ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունները, ինչպես նաև իր կանոնադրական գործառույթներն ապահովելու նպատակով բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կարող է ստեղծել հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, մասնագիտական և խորհրդակցական մարմիններ՝ հաստատելով դրանց աշխատակարգը, անվանական կազմը և վարձատրության չափը։
ԳԼՈՒԽ 6
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 36. Բուհի և գիտական կազմակերպության գործունեության նյութատեխնիկական հիմքերը
1. Հայաստանի Հանրապետության հանրային բուհի և հանրային գիտական կազմակերպության հիմնադիրը (հիմնադիրները) կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով բուհին սեփականության կամ անժամկետ օգտագործման (անհատույց) իրավունքով կարող է տրամադրել շենքեր, շինություններ, տրանսպորտ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ գույք:
2. Բուհին և գիտական կազմակերպությանն անժամկետ օգտագործման (անհատույց) իրավունքով տրված գույքը չի կարող լինել գրավի առարկա, ինչպես նաև չի կարող փոխանցվել կամ հանձնվել այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց որպես սեփականություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
3. Բուհը և գիտական կազմակերպությունը սեփականության իրավունք ունեն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բուհին նվիրատվության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, բուհի և գիտական կազմակերպության գործունեության արդյունք համարվող մտավոր ու ստեղծագործական աշխատանքի արդյունքների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:
4. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները բուհերին և գիտական կազմակերպություններին կարող են անհատույց կամ հատուցելի կարգով օգտագործման հանձնել ուսումնական տարածքներ և հողամասեր ու այլ գույք:
5. Հանրային բուհերը և հանրային գիտական կազմակերպությունները հաշվետու տարվա գործունեության արդյունքներով շահույթ ձևավորելու դեպքում զուտ ֆինանսական շահույթի առնվազն 10 տոկոսի չափով ուղղում է անձեռնմխելի կապիտալի համալրման համար: Պահուստային ֆոնդի օգտագործման կարգը սահմանում է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
6. Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ բուհի կամ գիտական կազմակերպության անձեռնմխելի կապիտալի գումարները կարող են ներդրվել պետական պարտատոմսերում կամ առևտրային բանկերում որպես ավանդ: Ներդրումներից ստացված եկամուտը բուհը կարող է օգտագործել իր ռազմավարական զարգացման ծրագրի իրականացման կամ կանոնադրական նպատակների համար:
7. Հանրային բուհերը կարող են ձևավորել անձեռնմխելի կապիտալ, որին կարող է մասնակցություն ունենալ նաև պետությունը:
8. Հանրային բուհը և հանրային գիտական կազմակերպությունն իրավունք ունեն իրենց ամրացված տարածքները հանձնել վարձակալության կրթական, հրատարակչական, գիտական և գիտատեխնիկական գործունեություն ծավալող, ինչպես նաև բուհին կամ գիտական կազմակերպությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններին: Տրամադրված տարածքները վարձակալության հանձնելուց ստացված վճարները բուհի կամ գիտական կազմակերպության սեփականությունն են: Վարձակալության տրամադրվող տարածքների սահմանաչափերը հաստատվում են բուհական գործունեության կազմակերպման մասին կառավարության որոշմամբ:
Հոդված 37. Բարձրագույն կրթության և գիտության համակարգի ֆինանսավորումը
1. Բարձրագույն կրթության և գիտության համակարգի ֆինանսավորման աղբյուրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված ֆինանսավորումը.
2) այլ աղբյուրներից ստացված դրամաշնորհները.
3) վճարովի ուսուցման ծառայություններից ստացված եկամուտները.
4) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
5) վարկային միջոցները.
6) գիտական արդյունքի ներդրումից և իրացումից գոյացած միջոցները.
7) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.
8) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից.
9) այլ պետություններից ստացված ֆինանսավորումը.
10) օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցները:
2. Բուհերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կարող են ֆինանսավորվել հետևյալ ձևերով՝
1) ինստիտուցիոնալ ֆինանսավորում, որը հատկացվում է հանրային բուհերին ենթակառուցվածքների պահմպանման և զարգացման, ինչպես նաև ակադեմիական կազմի աշխատավարձերի սահմանված սանդղակով վարձատրությունը կազմակերպելու նպատակով, և կախված չէ բուհին տրամադրվող պետական կրթաթոշակների թվից: Ինստիտուցիոնալ ֆինանսավորման հիմք է հանդիսանում բուհի գործունեության կատարողականի արդյունքային ցուցանիշները.
2) կրթաթոշակների տրամադրում՝ կրթաթոշակի ձևով ուսման վարձի լրիվ կամ մասնակի կամ կեցության ծախսերի փոխհատուցում բուհ ընդունելության արդյունքների կամ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության կամ ակադեմիական այլ ձեռքբերումների հիմքով այն ուսանողներին, որոնք բավարարում են կրթաթոշակի ստացման համար Կառավարության սահմանած պահանջները և չափանիշները կամ օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային ուսումնառության համար կնքել են համապատասխան պայմանագիր.
3) դրամաշնորհային ֆինանսավորում, որը տրամադրվում է բուհի զարգացմանն ուղղված նորարարական ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով.
4) նպատակային ֆինանսավորում՝ պետության կողմից կոնկրետ միջոցառումների իրականացման համար տրամադրվող ֆինանսավորում։
3. Պետական բյուջեից կրթաթոշակ կարող է տրամադրվել միայն հավատարմագրված կրթական ծրագրերի շրջանակներում բարձրագույն կրթություն ստացող ուսանողներին:
4. Գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական բյուջետային ֆինանսավորման ձևերն են՝ բազային, գիտական նպատակային և գիտական դրամաշնորհային՝
1) բազային ֆինանսավորումը հատկացվում է հանրային գիտական կազմակերպություններին՝ հիմնարար և կիրառական հետազոտությունների, ինչպես նաև փորձարարական մշակումների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, պետական նշանակություն ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման և գիտական կադրերի պատրաստման նպատակներով.
2) նպատակային ֆինանսավորումն իրականացվում է մրցութային հիմունքներով և հատկացվում է գիտական կազմակերպություններին՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացման գերակա ուղղություններին համապատասխանող համալիր ծրագրերի իրականացման նպատակով.
3) գիտական դրամաշնորհային ֆինանսավորումն իրականացվում է մրցութային հիմունքներով և հատկացվում է գիտական աշխատողներին ու գիտահետազոտական խմբերին՝ նրանց նախաձեռնությամբ ներկայացված հետազոտական նախագծերի, ինչպես նաև գիտության ոլորտի զարգացմանը միտված այլ ծրագրերի իրականացման նպատակով:
5. Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևերով՝
1) ենթակառուցվածքների պահպանման համար հատկացվող ֆինանսավորումը տրամադրվում է միայն հանրային գիտական կազմակերպությանը՝ իր ֆիզիկական ենթակառուցվածքների ներառյալ գիտական սարքավորումների ընթացիկ պահպանումն իրականացնելու նպատակով և կարող է վերանայվել՝ գույքային փոփոխությունների պարագայում.
2) հիմնարար և կիրառական հետազոտությունների ինչպես նաև փորձարարական մշակումների իրականացման համար ֆինանսավորումը տրամադրվում է գիտական փորձքննության հիման վրա՝ մինչև հինգ տարի ժամկետով՝ հաշվի առնելով կատարողականի արտաքին գնահատման և Ակադեմիայի եզրակացությունները, ինչպես նաև համապետական ատեստավորման արդյունքները.
3) պետական նշանակություն ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման համար հատկացվող ֆինանսավորումը տրամադրվում է գիտական այն ենթակառուցվածքների պահպանման և զարգացման համար, որոնք բացի գիտական նշանակությունից ունեն նաև պետական նշանակություն.
4) գիտական կադրերի պատրաստման մասով ֆինանսավորումը հատկացվում է մրցութային հիմունքներով՝ գիտական կազմակերպության աշխատողների գիտական շարժունության ծրագրերի իրականացման համար.
5) ֆինանսավորում կարող է տրամադրվել նաև այլ կազմակերպությունների՝ գիտության հանրայնացման, հետազոտության ոլորտի աջակցող գործունեության, միջազգային կառույցներին՝ որպես անդամության վճարների և ոլորտի զարգացմանը միտված այլ ծրագրերի իրականացման համար:
6. Գիտական և գիտատեխնիկական գործունեության դրամաշնորհային և նպատակային եղանակով պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական փորձաքննության հիման վրա՝ մինչև հինգ տարի ժամկետով մրցութային եղանակով՝ հայտերի հիման վրա:
7. Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևով մրցութային ծրագրերի շրջանակներում մեկ ամսից ավելի տևողությամբ մասնագիտական վերապատրաստման նպատակով գործուղումների համար օրապահիկի և գիշերակացի փոխհատուցման արժեքները սահմանվում են մրցութային ծրագրերի պայմաններով:
8. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ձևերով պետական ֆինանսավորումը տրամադրվում է որպես դրամաշնորհ՝ անհատույց և անվերադարձ:
9. Մրցութային եղանակով ֆինանսավորման կազմակերպման ժամանակ գիտական փորձաքննության ձևերը և դրանց համադրությունները՝ կախված մրցույթի նպատակներից սահմանվում են մրցույթի հրավերով:
10. Կառավարության կողմից կարող են հաստատվել նաև առանձին հատկացումներ կարևորագույն նշանակության հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների համար՝ Կառավարության հաստատած ծրագրերի հիման վրա՝ գիտական փորձաքննության ենթարկված ծրագրերի կտրվածքով:
11. Հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ծրագրի համար ֆինանսավորում նախատեսվում է ծրագրի ամբողջ ժամանակահատվածի համար ու ծրագրով նախատեսված միջանկյալ արդյունքների ապահովման դեպքում չի կարող ընդհատվել հաջորդ բյուջետային տարիներին:
12. Գիտության առանձին բնագավառներում հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհային միջոցները մրցութային կարգով տրամադրվում են՝
1) գիտական կազմակերպությանը.
2) բուհի ակադեմիական կազմի կամ գիտական կազմակերպության գիտական աշխատողների առանձին ներկայացուցիչներին.
3) բուհի ակադեմիական կազմի կամ գիտական կազմակերպության ներկայացուցիչներից կազմված խմբերին:
13. Բուհը պարտավոր է ապահովել սույն հոդվածի 12-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված սուբյեկտների կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների ֆինանսաբանկային և հաշվապահական սպասարկումը:
14. Պետական ֆինանսավորում ստացող բուհը և գիտական կազմակերպությունը պարտավոր են Կառավարության սահմանած կարգով յուրաքանչյուր տարի լիազոր մարմնին ներկայացնել հաշվետվություն՝ տրամադրված միջոցների ծախսման վերաբերյալ:
15. Բացի նշված ֆինանսական ներդրումներից՝ պետության կողմից բուհական և գիտական համակարգի արդիականացման համար իրականացվում են նաև կապիտալ ներդրումային ծրագրեր՝ խոշոր հետազոտական սարքավորումների, կրթական գիտական կամ սպասարկող ենթակառուցվածքների զարգացման համար, որոնք հատուկ ծրագրերի միջոցով տրամադրվում են հանրային կազմակերպություններին՝ ուղիղ կամ մրցութային եղանակով:
16. Գիտության և բարձրագույն կրթության ոլորտների բյուջետավորումն իրականացվում է առանձին բյուջետային ծրագրերով:
17. Հանրային բուհերը և հանրային գիտական կազմակերպությունները իրենց ֆինանսական գործընթացները վարում են հանրապետության առավել բարձր վարկանիշ ունեցող առևտրային բանկերի միջոցով՝ հայտարարագրելով բոլոր հաշիվները և դրանց շարժերը:
18. Բուհերին և գիտական կազմակերպություններին արգելվում է չհայտարարագրված հաշիվներով ֆինանսական գործարքների իրականացումը:
Հոդված 38. Գիտական փորձաքննությունը
1. Պարտադիր գիտական փորձաքննության օբյեկտներն են՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից կամ դրանց մասնակցությամբ հիմնադրված հիմնադրամներից ֆինանսավորման ենթակա կամ ֆինանսավորվող՝ ստեղծման և ներդրման տարբեր փուլերում գտնվող գիտական գործունեության նախագծերը, ծրագրերը, փորձարարական մշակումները, տեխնոլոգիաները, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական գործունեության այլ արդյունքը.
2) փորձաքննության օբյեկտ, որի նկատմամբ առաջացել է հիմնավորված փորձագիտական եզրակացություն ստանալու անհրաժեշտություն, որի վերաբերյալ տրվում է այն ընդունելու, ներդնելու, օգտագործելու, ֆինանսավորելու և տարածելու նպատակահարմարության վերաբերյալ երաշխավորություն:
2. Գիտական փորձաքննության կարող է ենթարկվել նաև գիտական գործունեության այն արդյունքը, որի հիման վրա պետք է կայացվի գիտական աշխատողի կարգավիճակի փոփոխությանը հանգեցնող որոշում։
3. Գիտական փորձաքննության հիմնական խնդիրներն են՝
1) փորձաքննության օբյեկտի համալիր ուսումնասիրությունը և հիմնավորված փորձագիտական եզրակացության պատրաստումն ու տրամադրումը.
2) փորձաքննության օբյեկտի գիտական մակարդակի գնահատումը և դրա ներդրման դեպքում նաև գիտատեխնիկական, սոցիալական, տնտեսական, էկոլոգիական, ֆինանսական և իրավական հետևանքների կանխատեսումը:
4. Գիտական փորձաքննության հիմնական սկզբունքներն են՝
1) փորձագիտական գնահատման անաչառությունը.
2) փորձագիտական եզրակացության հիմնավորվածության, ամբողջականության և հավաստիության համար պատասխանատվությունը.
3) փորձագետի անկախությունը փորձաքննության օբյեկտի հեղինակներից.
4) փորձագիտական գործունեության կազմակերպվածությունն ու մեթոդաբանական ապահովվածությունը.
5) համաշխարհային գիտական և գիտատեխնիկական առաջընթացի արդի մակարդակը, տեխնիկական և էկոլոգիական անվտանգության նորմերն ու կանոնները հաշվի առնելը.
6) փորձագետների մասնագիտական բարձր մակարդակը.
7) փորձագետների իրավական պաշտպանությունը, այդ թվում՝ փորձագետի պարտականությունների կատարման հետ կապված հետապնդումներից:
5. Գիտական փորձաքննության տեսակներն են՝
1) նախնական փորձաքննություն՝ նախատեսված տեխնիկական պայմաններին փորձաքննության օբյեկտի ինչպես նաև հեղինակի կամ խմբի համապատասխանության ստուգում.
2) հիմնական փորձաքննություն՝ փորձաքննության օբյեկտի վերաբերյալ հիմնավորված փորձագիտական եզրակացություն պատրաստելու համար անհրաժեշտ և փորձաքննության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների իրականացում.
3) կրկնակի փորձաքննություն՝ հիմնական փորձաքննություն իրականացնելու պահանջների և կանոնների խախտման կամ փորձագիտական եզրակացության վերաբերյալ հիմնավորված առարկությունների դեպքում փորձաքննության պատվիրատուի կամ փորձաքննության օբյեկտի հեղինակի պահանջով կամ փորձագիտական եզրակացության (ամբողջական կամ մասամբ) հետ փորձաքննության պատվիրատուի անհամաձայնության դեպքում նրա նախաձեռնությամբ և պատվերով իրականացվող փորձաքննություն.
4) լրացուցիչ փորձաքննություն՝ փորձաքննության օբյեկտի վերաբերյալ փորձաքննության պատվիրատուի կողմից գիտական և գիտատեխնիկական նոր պարագաների ի հայտ գալով կամ հիմնական և կրկնակի փորձաքննությունների փորձագիտական եզրակացությունների անհամապատասխանությամբ կամ ուժը կորցրած փորձագիտական եզրակացությամբ պայմանավորված փորձաքննություն:
6. Նախնական փորձաքննությունն իրականացնում է փորձաքննության պատվիրատուն՝ իր մասնագիտացված ստորաբաժանումների միջոցով կամ անկախ փորձագետներ ընդգրկելու ճանապարհով:
7. Հիմնական փորձաքննության իրականացման համար փորձաքննության պատվիրատուն ստեղծում է փորձագիտական խորհուրդներ ինչպես նաև ըստ ծրագրի հրավերով նախատեսված դեպքերի՝ կարող է ներգրավել անկախ փորձագետների:
8. Պետական ֆինանսավորմամբ ծրագրերի համար փորձաքննության պատվիրատու է հանդիսանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:
9. Գիտական աշխատողների ատեստավորման ինչպես նաև գիտական աստիճանի շնորհման համար գործերի գիտական մակարդկի փորձաքննության պատվիրատու է հանդիսանում գիտական կազմակերպությունը կամ համալսարանը:
10. Փորձաքննության պատվիրատուի հիմնական իրավունքներն են՝
1) նախնական, հիմնական, կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ որոշում ընդունելը.
2) փորձագետներին ընտրելը, այդ թվում՝ կիրառելով նաև էլեկտրոնային կամ համակարգչային վիճակահանության մեթոդը.
3) փորձագետի հետ պայմանագրեր կնքելը.
4) փորձագետներին փոխելու վերաբերյալ հիմնավոր որոշման կայացումը.
5) փորձաքննության արդյունքները սեփականության իրավունքով տնօրինելը, եթե փորձաքննություն կազմակերպելու պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
11. Փորձաքննության պատվիրատուն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
12. Փորձաքննության պատվիրատուի հիմնական պարտականություններն են՝
1) փորձաքննության օբյեկտի բազմակողմանի, անաչառ և գիտականորեն հիմնավորված համալիր վերլուծության ու անկախ փորձագիտական գնահատման հարցերում փորձագետին աջակցելը.
2) իր լիազորությունների շրջանակներում փորձագետին փորձաքննության օբյեկտին առնչվող լրացուցիչ տեղեկություններ տրամադրելը.
3) փորձագետների անանունության ապահովումը, եթե դա նախատեսված է փորձաքննության կազմակերպման պայմաններով.
4) փորձաքննության օբյեկտը կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննության ներկայացնելը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում.
5) փորձագետներին իրականացված փորձաքննության դիմաց վճարելը՝ պայմանագրով նախատեսված դեպքերում և չափով.
6) փորձաքննության նյութերի, փորձագետների կարծիքների և չհաստատված փորձագիտական եզրակացությունների հրապարակում թույլ չտալը՝ առանց փորձաքննության օբյեկտի հեղինակի և փորձագետի համաձայնության.
7) փորձագետների և փորձաքննական գործընթացում ներգրավված այլ անձանց անձնական շահագրգռվածությունը բացառելը:
13. Փորձաքննության պատվիրատուն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:
14. Փորձագետի հիմնական իրավունքներն են՝
1) փորձաքննության օբյեկտին և մեթոդաբանությանը վերաբերող բոլոր հարցերի վերաբերյալ մասնագիտական կարծիքն ազատ արտահայտելը.
2) փորձաքննության օբյեկտի ուսումնասիրությանը, վերլուծությանը և գնահատմանը մասնակցելը փորձաքննության բոլոր փուլերում.
3) անաչառ փորձագիտական եզրակացություն նախապատրաստելու համար լրացուցիչ նյութեր պահանջելը.
4) փորձաքննության օբյեկտի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալը, այդ թվում՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
5) փորձաքննության մասնակցելը կամ մասնակցելուց հրաժարվելը, եթե վերջինս անմիջականորեն կապված չէ ծառայողական պարտականությունների կատարման հետ.
6) փորձագիտական եզրակացություն հրապարակելը, եթե դա նախատեսված է փորձաքննություն իրականացնելու պայմանագրով:
15. Փորձագետն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
16. Փորձագետի իրավունքները ծագում են փորձաքննություն կատարելու նպատակով իր հետ կնքած պայմանագրի կամ նրա ծառայողական պարտականությունների հիմքով, եթե փորձաքննությունը կատարվում է որպես ծառայողական առաջադրանք:
17. Փորձագետի հիմնական պարտականություններն են՝
1) փորձաքննություն իրականացնելու պայմանագրի պահանջներին ու ժամկետին համապատասխան փորձաքննություն կատարելը.
2) փորձաքննության պատվիրատուի պահանջով իր մասնագիտական որակավորումը հաստատող վկայականներ կամ դրանց փոխարինող այլ փաստաթղթեր ներկայացնելը.
3) փորձագիտական եզրակացության կամ փորձագիտական երաշխավորության հիմնավորվածությունը, ամբողջականությունը և հավաստիությունն ապահովելը.
4) փորձաքննություն կատարելուց հրաժարվելը, եթե առկա է շահերի բախում՝ փորձաքննության օբյեկտի հեղինակություն կամ համահեղինակություն կամ այլ տիպի գործոններ, որոնք կարող են ազդել փորձաքննության օբյեկտի ուսումնասիրության, գնահատման ու վերլուծության անաչառության վրա.
5) փորձաքննության օբյեկտի ուսումնասիրություն, գնահատում և վերլուծություն իրականացնելիս գիտական և գիտատեխնիկական զարգացման համաշխարհային արդի մակարդակը հաշվի առնելը.
6) փորձաքննության օբյեկտի նկատմամբ հեղինակային և արդյունաբերական սեփականության իրավունքները պահպանելը, փորձաքննության պատվիրատուին փորձաքննության օբյեկտին առնչվող լրացուցիչ տեղեկությունների մեջ պարունակվող հեղինակային և արդյունաբերական սեփականության իրավունքների մասին տեղեկացնելը պայմանագրով նախատեսված ժամկետներում.
7) փորձաքննության նյութերի մեջ պարունակվող տեղեկատվության հրապարակում թույլ չտալը, եթե փորձաքննություն իրականացնելու պայմանագրով այլ բան նախատեսված չէ.
8) անհրաժեշտության դեպքում փորձաքննության օբյեկտի գիտական և գիտատեխնիկական բնագավառին հարակից կամ գիտության, տեխնիկայի ու արտադրության այլ բնագավառների անկախ փորձագետների լրացուցիչ ներգրավման վերաբերյալ հարց բարձրացնելը:
18. Փորձագետն ունի նաև սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:
19. Փորձաքննության պատվիրատուի և փորձագետների միջև հարաբերությունները կարգավորվում են ծառայությունների մատուցման պայմանագրերով: Փորձաքննության պատվիրատուն որոշում է փորձաքննության օբյեկտը, ձևակերպում է փորձաքննության խնդիրներն ու հարցերը, հաստատում փորձաքննություն իրականացնելու ժամկետը, փորձաքննության դիմաց փորձագետներին վճարման չափը, քննարկում է ներկայացված փորձագիտական եզրակացությունները:
20. Պետական ֆինանսավորման ծրագրերի շրջանակներում փորձաքննության կազմակերպման մեթոդաբանությունը, ներառյալ նախնական փորձաքննության ենթակա չափանիշների սահմանումը, հիմնական փորձաքննության կազմակերպման ձևի (մասնագիտական փորձագիտական հանձնաժողովի կամ մասնագիտական փորձագիտական հանձնաժողովի և անկախ փորձագետների համատեղ ներգրավմամբ) ինչպես նաև ներգրավվող փորձագետների քանակի, փորձաքննության թիրախների և փորձաքննության առջև դրվող խնդիրների ցանկը և մեթոդաբանության ընտրությունը վերապահված է լիազոր մարմնին, կամ ծրագրի հայտարարությունը հաստատող պետական մարմնին:
21. Փորձագետը փորձաքննությունը կատարում է պատվիրատուի հետ կնքած պայմանագրի հիման վրա և արդյունքը ներկայացնում փորձագիտական եզրակացության կամ փորձագիտական երաշխավորության տեսքով կամ պատվիրատուի սահմանած այլ ձևաչափով:
22. Փորձաքննության պատվիրատուի և փորձագետի միջև կնքվում է փորձաքննություն իրականացնելու պայմանագիր, որով սահմանվում են՝
1) պայմանագրի կողմերը.
2) փորձաքննության օբյեկտը.
3) փորձաքննություն իրականացնելու պայմանները, այդ թվում՝ փորձաքննության օբյեկտի գնահատման չափորոշիչների համակարգը.
4) կողմերի իրավունքները և պարտականությունները.
5) փորձաքննություն իրականացնելու ժամկետը.
6) փորձագիտական եզրակացության ուժը պահպանելու ժամկետը.
7) ֆինանսական պարտավորությունները.
8) փորձագիտական եզրակացության հավաստիության, հիմնավորվածության ամբողջականության համար պատասխանատվությունը.
9) փորձաքննության առանձնահատկությունից բխող այլ կարևոր պայմաններ:
23. Փորձաքննության ֆինանսավորման աղբյուրը որոշում է փորձաքննության պատվիրատուն:
24. Պետական փորձաքննության իրականացումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ բազային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հատկացված միջոցներից:
25. Ըստ անհրաժեշտության լիազոր մարմնի կողմից առանձին ծրագրերի համար կարող են սահմանվել փորձաքննության այլ տարբերակներ՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված սկզբունքների պահպանման պայմանով:
26. Փորձագիտական եզրակացություն ստանալու համար կարող են կիրառվել տարբեր մեթոդներ՝ հարցազրույցներ, տպագրված նյութի փորձաքննություն, նախատիպի դիտարկում, ենթակառուցվածքների ուսումնասիրություն:
27. Առանձին ծրագրերի դեպքում փորձաքննությունը կարող է արտապատվիրվել միջազգային մասնագիտացված կառույցների, որոնք ունեն գիտական փորձաքննության կազմակերպման փորձ և կարող են ապահովել սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված սկզբունքների պահպանումը:
Հոդված 39. Ուսանողների ուսման վարձը, կրթաթոշակ ստանալու իրավունք ունեցող ուսանողները
1. Բուհերը կրթական ծառայություններ մատուցելու համար կարող են սահմանել ըստ կրթական ծրագրերի ուսման վարձեր և որոշել դրանց չափերը:
2. Ուսման վարձերի չափը պետք է նշված լինի ընդունելության հայտարարության մեջ:
3. Բուհերը կարող են նաև հաստատության սահմանած կարգով լրացուցիչ ծառայությունների մատուցման համար գանձել ծառայության վճարներ:
4. Արգելվում է առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսումնառությունը կազմակերպելու նպատակով անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար գանձել հավելյալ վճարներ։
5. Կրթական ծրագրերի օտար լեզվով ուսուցման կազմակերպման դեպքում, բուհի կողմից կարող է սահմանվել ուսման վարձի ավելի բարձր չափ:
6. Պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակի տրամադրման կարգը ներառյալ դրան հավակնելու և դրանից զրկվելու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ:
7. Պետության կողմից տրամադրվող կրթաթոշակի կարող են հավակնել միայն լրիվ բեռնվածությամբ առաջին անգամ սովորող ուսանողները: Ուսումնառությունը մասնակի բեռնվածությամբ շարունակելու դեպքում ուսանողը զրկվում է պետության կողմից կրթաթոշակ ստանալու հնարավորությունից:
8. Բուհը վճարովի ուսուցմամբ սովորող ուսանողական համակազմի առնվազն 10 տոկոսին, ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն 5 տոկոսի չափով իրականացնում է ուսանողական կրթաթոշակի ձևով ուսման վարձի ամբողջական ինչպես նաև մասնակի փոխհատուցում՝ նախապես հաստատված և հրապարակված պայմաններով, որը պետք է հիմնված լինի ուսանողի առաջադիմության վրա:
9. Պետական բյուջեից ֆինանսական աջակցության կրթաթոշակ կարող են ստանալ Կառավարության կողմից առաջատար ճանաչված օտարերկրյա բուհում Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն հանդիսացող մասնագիտություններով բարձրագույն կրթություն ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ կառավարության սահմանված կարգով:
10. Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում պետության կողմից ուսումնառության կրթաթոշակի ձևով ուսումնառության վարձի լրիվ փոխհատուցմամբ բարձրագույն կրթություն կարող են ստանալ միջպետական պայմանագրերով նախատեսված կրթաթոշակային տեղերի շրջանակներում կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի դրույթներին համապատասխան բուհ ընդունվելու դեպքում:
11. Բուհերն ուսանողների տվյալ տարվա ուսման վարձի փոխհատուցման և ուսանողական ֆինանսական խրախուսումների տրամադրման վերաբերյալ մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը լիազոր մարմին ներկայացնում են հաշվետվություն:
12. Հանրային բուհերը ուսման վարձի փոխհատուցման համար պետական կրթաթոշակ ստացող ուսանողների ուսումնառությունը ապահովում են կառավարության կողմից ըստ մասնագիտությունների և որակավորումների սահմանված ուսման վարձի առավելագույն չափով՝ իրենց լիցենզիոն տեղերի մինչև 40 տոկոսի չափով:
13. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած քաղաքացիների ուսումնառությունը կազմակերպում է պետությունը՝ ուսումնառության կրթաթոշակների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ:
Հոդված 40. Ակադեմիական քաղաք
1. Ակադեմիական քաղաքը ուսումնական, գիտական և հարակից հաստատությունների համալիր է, որը միտված է ապահովելու կրթության, գիտության և արդյունաբերության ոլորտների միջև կապն ու համագործակցությունը՝ համապատասխան բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածքներով հանդերձ։
2. Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգի իրականացման, դրա ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և կառավարման աշխատանքների իրականացումը համակարգում է Կառավարության կողմից ստեղծված «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը:
3. Ակադեմիական քաղաքը տեղակայվելու է գումարային առնվազն 700 հեկտար մակերեսով տարածքների վրա:
4. Ակադեմիական քաղաքին հարող տարածքների շինարարական նորմերն ու գործունեության տեսակների սահմանափակումները հաստատվում են Կառավարության կողմից:
5. Ակադեմիական քաղաքի տարածքից դուրս արգելվում է բուհերի ակադեմիական միավորների ենթակառուցվածքների ստեղծում, եթե դա պայմանավորված չէ ենթակառուցվածքի բաղադրիչի կոնկրետ բնակլիմայական կամ աշխարհագրական առանձնահատկությունների հետ:
6. Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված տեղանքում արգելվում է սահմանված դիզայնի նորմերին չհամապատասխանող կառուցապատում:
7. Ակադեմիական քաղաքի տարածքում սահմանափակվում է մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ սպասարկող տրանսպորտային միջոցների մուտքն ու տեղաշարժը կազմակերպվում է սահմանված կարգով՝ միջավայրի միասնականությունը չխաթարելու սկզբունքով:
8. Ակադեմիական քաղաքի տարածքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և չի կարող օտարվել, բացառվում է նաև կառուցապատման, անհատույց օգտագործման և վարձակալության իրավունքների գրավադրման հնարավորությունը:
9. Ակադեմիական քաղաքի տարածքում կեցությունը կազմակերպվում է սովորողների և աշխատողների համար հատկացված համապատասխան տարածքներում՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կողմից սահմանված վարձակալության մեխանիզմով:
10. Ակադեմիական քաղաքի տարածքում մասնավոր կազմակերպությունները կարող են կազմակերպել գործունեություն, եթե այն բխում է Ակադեմիական քաղաքի զագացման հայեցակարգից:
11. Կառավարությունը հաստատում է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը, որը ներառում է ակադմիական, տնտեսական և քաղաքային բաղադրիչներ։
12. «Ակադեմիական քաղաք» հիմնադրամն իրականացնում է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների շահագործման արդյունքում այլևս չօգտագործվող բուհական և գիտական ենթակառուցվածքների կառավարումը, որից ստացված եկամուտն օգտագործվում է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների զարգացման նպատակով, իսկ չօգտագործված և որոշակի ծրագրերի իրականցման համար չնախատեսված գումարն օգտագործվում է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով:
13. Համալսարանները պատասխանատու են Ակադեմիական քաղաքում իրենց օգտագործմանը հանձնված գույքի պահպանման և նպատակային օգտագործման համար:
14. Ակադեմիական քաղաքում տեղակայված հանրային բուհերին գույքը հանձնվում է անժամկետ օգտագործման իրավունքով՝ տվյալ հանրային բուհի կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան, իսկ միջպետական կամ մասնավոր բուհերին՝ պայմանագրով սահմանված ժամկետով:
15. Ակադեմիական քաղաք հիմնադրամի ամբողջ գործունեությունը ներառյալ ֆինանսական հոսքերը թափանցիկ են, ինչն ապահովվում է նաև ժամանակակից մեդիա տեխնոլոգիաների միջոցով:
16. Ակադեմիական քաղաք հիմնադրամը կազմակերպում է համատեղ օգտագործման ենթակառուցվածքների համակարգումը և պատասխանատու է դրանց պահպանման ու զարգացման համար:
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 41. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված դրույթների:
2. Սույն օրենքի պահանջները բուհերի վրա տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2026-2027 ուսումնական տարվանից սկսած իսկ գիտական կազմակերպությունների դեպքում՝ 2026 թվականից:
3. Սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված ուսումնառության գործընթացների կազմակերպումը բուհերում ներդնել 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ «Բարձրագույն կրթության կազմակերպման մասին» Կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո: Մինչև սույն մասի ուժի մեջ մտնելը բուհ ընդունված ուսանողների ուսումնառության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի և «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:
4. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ուսումնառության գործընթացի կազմակերպումը ներդնել 2026 թվականից: Մինչև սույն մասի ուժի մեջ մտնելն ուսումնառության գործընթացի (այդ թվում՝ գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճանների հայցման համար սահմանված կարգով ու ժամկետներում հաստատված ատենախոսության թեմաների) և համապատասխան գիտական աստիճանների շնորհման հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի 16-րդ հոդվածի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով:
5. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում 2027 թվականի սեպտեմբերի 1-ից:
6. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջները հրապարակվում են 2025 թվականի մայիսի 1-ից իսկ նույն մասով նախատեսվող ընդունելությունը կազմակերպվում է 2028 թվականից: Մինչև սույն մասն ուժի մեջ մտնելը բուհ ընդունելության հետ կապված իրավահարաբերությունները շարունակվում են կարգավորվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի և 21-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի և «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների հիման վրա ընդունված իրավական ակտերով
7. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և 4-րդ մասի 1-ին կետը՝ հանրային բուհերի մասով ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
8. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
9. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2028-2029 ուսումնական տարվանից կամ դրանից շուտ՝ կառավարության որոշմամբ խոշորացված հանրային բուհերի դեպքում: Մինչ այդ՝
ա. հանրային բուհի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է բուհի ակադեմիական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից.
բ. Հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից հինգին առաջադրում է լիազոր մարմինը իսկ հինգին՝ հիմնադիրը.
գ. Հանրային բուհի հոգաբարձուների խորհրդի անդամներից տասին՝ բուհի կանոնադրությամբ սահմանված կարգով ներկայացնում է բուհը՝ հինգին՝ ակադեմիական կազմի ներկայացուցիչներից ներառյալ բուհի կառուցվածքում գործող գիտական կազմակերպություններից, հնարավորինս ապահովելով բուհի տարբեր ակադեմիական միավորների ներկայացվածությունը, և հինգին՝ ուսանողական ներկայացուցչական մարմնի ներկայացուցիչներից:
10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքը՝ բացառությամբ նույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ և 4.1-4.3 մասերի, 8-րդ հոդվածի 2-րդ մասի 21 կետի, 14-րդ հոդվածի, 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և 2-րդ մասի 10-րդ կետի դրույթների, որոնք շարունակում են գործել մինչև սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 6-րդ մասերով նախատեսված դրույթների ուժի մեջ մտնելը:
11. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքը, բացառությամբ գիտությունների թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճանների շնորհման մասով նույն օրենքի 16-րդ հոդվածի դրույթների, որոնք շարունակում են գործել մինչև սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթի ուժի մեջ մտնելը:
12. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքով սահմանված դեպքերում ու կարգով շնորհված գիտության դոկտորի գիտական աստիճանը, ինչպես նաև պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումները պահպանում են իրենց իրավաբանական ուժը:
13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-135-Ն օրենքը:
14. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» 2015 թվականի ապրիլի 7-ի ՀՕ-23-Ն օրենքը:
15. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի կազմակերպություններն անցնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերատեսչական պատկանելության, մինչև կառավարության որոշմամբ և սույն օրենքի կարգավորումներով համապատասխան խոշորացված հանրային համալսարանների կազմում ներառվելը:
Հոդված 42. Անցումային դրույթներ
1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը բուհին տրված լիցենզիաները գործում են մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և դրանց գործողությունը դադարում է 2028 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 15 և 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան նոր լիցենզիաներ ստանալու կամ լիցենզիաները վերաձևակերպելու համար բուհը պետք է դիմի մինչև 2027 թվականի մայիսի 1-ը։
2. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978-Ն որոշման ընդունումը շնորհված հավատարմագրման վկայականները վավեր են մինչև 2027 թվականի օգոստոսի 1-ը:
3. Մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող, սակայն տվյալ կրթական ծրագրով ծրագրային հավատարմագրում չունեցող բուհերի կողմից տրամադրված դիպլոմները և շնորհված որակավորումները ճանաչվում են պետության կողմից:
4. Սույն օրենքի 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան բուհերի առաջին և երկրորդ և երրորդ մակարդակների (այդ թվում՝ ինտեգրված) կրթական ծրագրերը ենթակա են ծրագրային հավատարմագրման մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը:
5. Ներառյալ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը շնորհված գիտության թեկնածուի գիտական աստիճանը պահպանում է իր իրավաբանական ուժը և հավասարեցվում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան շնորհված դոկտորի գիտական աստիճանին: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով գիտությունների դոկտորի գիտական աստիճանի տրամադրումը դադարեցվում է, իսկ այդ դրությամբ գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճանները գործառնական իմաստով հավասարեցվում են:
6. Սույն օրենքի 26-րդ հոդվածի դրույթներին համապատասխան հանրային բուհերի ինչպես նաև սույն օրենքի 25-րդ հոդվածի դրույթներին համապատասխան գիտական կազմակերպությունների հոգաբարձուների խորհուրդները ձևավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ութ ամսվա ընթացքում: Մինչ սույն օրենքով նախատեսված Համալսարանների ձևավորումը ԳԱԱ կազմում գործող հանրային գիտական կազմակերպությունները համարվում են ԿԳՄՍՆ գերատեսչական պատկանելության գիտական կազմակերպություններ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի 25-րդ հոդվածի 18-րդ կետի կարգավորումը: