Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 21.09.2024 19:31:38 1․ Ռազմավարության նախագծում իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված դրույթներում առաջարկում ենք ավելացնել նաև համապատասխան դրույթ որևէ իրազեկման արշավ սկսելուց առաջ պատշաճ ուսումնսիրություն իրականացնելու վերաբերյալ, քանի որ հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում դրանք կարող ենք հակառակ՝ առավել բացասական, ազդեցություն թողնել։ Պատասխանատուներ՝ ԱՆ, ԱՍՀՆ, ՖՆ, Արդարադատության Նախարարություն
2 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 21.09.2024 19:31:38 2. Գործողությունների ծրագրի ռազմավարական ուղղության 2- ի 14-րդ գործողությունը նախատեսում է տեղեկատվական թերթիկների մշակում և տպագրություն: Տեղեկատվական թերթիկների մշակումը, իհարկե, ռազմավարական նշանակություն ունի, սակայն այդ թերթիկների հանրահռչակումն ու նպատակային օգտագործումը ենթադրում է սոցիալական ցանցերի օգտագործումը: Փորձը ցույց է տալիս, որ դեռահասները տեղեկատվության լավագույն միջոց են դիտարկում հենց սոցիալական ցանցերը կամ տեղեկատվական այն հարթակները, որոնք նրանց հասանելի են համացանցի միջոցով: Ուստի, առաջարկում ենք վերախմբագրել տվյալ ուղղությունը՝ սույն առաջարկի հաշվառմամբ։
3 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 21.09.2024 19:31:38 3․ Գործողությունների ծրագրի ռազմավարական 3-րդ ուղղության 20-րդ գործողության շրջանակներում նախատեսվում է «Դատավճռով թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցանքների, ինչպես նաև թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում հանցանք կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ բուժման և սոցիալական վերականգնման ծառայություններ ստանալու պարտականություն ենթադրող անվտանգության միջոց կիրառելու ինստիտուտի նախատեսման անհրաժեշտության ուսումնասիրում։ Առաջարկություն․Պատասխանատու/համակատարող մարմինների մեջ ավելացնել նաև Առողջապահության նախարարությանը, քանի որ նշված է նաև բուժման բաղադրիչը։
4 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 21.09.2024 19:31:38 4․ Բազմաթիվ են նաև դեպքերը, երբ թմրամիջոցներից կախվածությունը որևէ առնչություն չի ունենում անձանց քրեական գործի հետ, այլ նրանք թմրամիջոցներ սկսում են գործածել քրեակատարողական հիմնարկում հայտնվելուց հետո։ Առաջարկություն․ Ընդլայնել Ռազմավարության նախագծի 39-րդ գործողության շրջանակը և դիտարկել ազատազրկված անձանց շրջանում թմրամիջոցների գործածումը և այդ հիմքով կախվածությունը՝ անկախ քրեական գործի հետ ունեցած առնչությունից։ 
5 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 21.09.2024 19:31:38 5․Առաջարկում ենք Ռազմավարության նախագծի 41․1-ի գործողության մեջ շեշտը դնել ոչ միայն թմրամիջոցների հայտնաբերման համար տեխնիկական վերազինման վրա, այլև ներթափանցման ուղիների բացահայտման վրա, որոնք կարող են ներառել աշխատողների, այդ թվում՝ բուժանձնակազմի և ուսուցչական կազմի, տեսակցության եկած անձանց միջոցով ներս տանելու, քաղաքացիական բժշկական հաստատություններում դրանք ձեռք բերելու դեպքերը և այլն։ Դա որպես առանձին գործողություն նախատեսելը հնարավորություն կտա նաև չեզոքացնել ներթափանցման ուղիները։ Այս համատեքստում նաև անհրաժեշտ է պատշաճ վերահսկողության մեխանիզմներ սահմանել ներթափանցման փորձ կատարող անձանց պատժի և պատասխանատվության ենթարկելու գործընթացի նկատմամբ։ Այսինքն, տեխնիկական վերազինման զուգընթաց անհրաժեշտ է նաև դիտարկել ներթափանցման ուղիների բացահայտման և կանխարգելման վերաբերյալ գործողություն, որպեսզի համալիր մոտեցում ցուցաբերվի։ 
6 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 21.09.2024 19:31:38 Առաջարկում ենք Ռազմավարության նախագծի 41․2-րդ գործողությունն առավել լայն դիտարկել և թեստավորում կամ փորձաքննություն կատարելու հնարավորություն նախատեսել ազատազրկված բոլոր անձանց համար՝ չսահմանափակելով այն միայն դատապարտյալներով, որոնց դեպքում թմրամիջոցների գործածումը կապ ունի քրեական գործի հետ։ Բացի այդ, հնարավոր է, անձի կալանավորումը որևէ ձևով առնչվում է թմրամիջոցների հետ, սակայն կալանավորումը փոխարինվում է այլ խափանման միջոցով։ Հետևաբար կալանավորված անձանց չներառելով՝ ինքնաբերաբար այս շրջանակից դուրս է մնում թմրամիջոցների գործածման տեսանկյունից առավել ռիսկային և մեծ թիվ կազմող անձանց շրջանակը։ Այս համատեքստում կարևոր է, որպեսզի թմրամիջոցների գործածման կանխարգելմանն ուղղված գործողությունները ինքնաշխատ կերպով չկապվեն վերասոցիալականացման հետ, և կալանավորված անձինք այդ հիմքով դուրս չթողնվեն։ Բացի այդ, անհրաժեշտ է տարբերակել այն դեպքերը, երբ թեստավորման կամ փորձաքննության արդյունքում բացահայտվում է կախվածություն, որը բժշկական միջամտություն է պահանջում, քանի որ առողջապահական ծառայությունները տրամադրվում են Քրեակատարողական բժշկության կենտրոնի կողմից, որը ներկայումս գործում է Առողջապահության նախարարության ենթակայության ներքո։ Նշված կենտրոնն է պատասխանատու անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար։ Ներկայումս վերանայվել են վերասոցիալականացման հանձնաժողովների գործունեության կարգը սահմանող՝ Արդարադատության նախարարի համապատասխան հրամանը, որով սահմանված է դատապարտյալների կարիքների և ռիսկերի գնահատման գործիքակազմը։ Առաջարկում ենք նշված գործողությունը հնարավորինս համաձայնեցնել այս հրամանին։ Բացի այդ, վերջերս ամբողջությամբ վերանայվել է պայմանական վաղաժամկետ ազատման ընթացակարգը, որի հայեցակարգը ներկայացվել է ոլորտային քննարկան ժամանակ։ Նշված հայեցակարգով նոր չափորոշիչներ են սահմանվել և հակառակ մոտեցումն է որդեգրվել կախվածություն ունեցող դատապարտյալների վերաբերյալ։ 
Մասնավորապես, Հայեցակարգով նախատեսվում է, որ կախվածություն ունենալու դեպքում ՊՎ-ի համար նախատեսված միավորներից միավորներ են հանվում։ Հայեցակարգից ներկայացնում ենք վերաբերելի մեջբերումը․ Առաջարկվող փոփոխությունը. Որոշակի հակում կամ բուժման փուլում չգտնվող կախվածություն ունենալու դեպքում հանել 10 միավոր, իսկ այդպիսի հակումներ կամ կախվածություններ չունենալու կամ կախվածությունից բուժման ընթացքում գտնվելու դեպքում՝ սահմանել 0 միավոր։ Հետևաբար, առաջարկում ենք հարցը քննարկել Արդարադատության նախարարության հետ, դիտարկել ՊՎ ազատման նոր մեխանիզմը և ըստ այդմ վերանայել այս գործողությունը։
7 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 21.09.2024 19:31:38 7․ Ռազմավարության նախագծի 41․3-րդ գործողությամբ նախատեսվում է ուսումնասիրել դատավճռով թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցանքերի, ինչպես նաև թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ազդեցության հետևանքով ոչ սթափ (հարբած) վիճակում հանցանք կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ բուժման և սոցիալական վերականգնման ծառայություններ ստանալու պարտականություն ենթադրող անվտանգության միջոց կիրառելու ինստիտուտի նախատեսման անհրաժեշտությունը։ Առաջարկում ենք հստակեսնել, թե արդյոք տվյալ գործողությունը ծածկում է Պրոբացիայի ծառայությունը, թե՞ նաև քրեակատարողական հիմնարկները։ Քրեակատարողական հիմնարկների դեպքում դա կարող է հակասության տեղիք տալ գործառույթների մասով, քանի որ բուժման համար այլ ՊՈԱԿ է պատասխանատու, իսկ սոցիալական վերականգնման առումով անհրաժեշտ է նաև դիտարկել սոցիալական աշխատողների և հոգեբանների վերապատրաստման հարցը, քանի որ նրանք չունեն նման նեղ մասնագիտական որակավորում։ Բացի այդ, նման պարտականություն սահմանելը կարող է հավելյալ բեռ առաջացնել քրեակատարողական հիմնարկների համար, քանի որ վերջիններս չունեն բավարար ծավալի վերականգնողական ծրագրեր, հետևաբար ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց համար անվտանգության նման միջոցի նախատեսումը կարող է տարաձայնություն և բախումներ առաջացնել քրեակատարողական հիմնարկների ղեկավարության և դատապարտյալների միջև՝ հանգեցնելով ղեկավարության կողմից դատապարտյալների համար այդ միջոցների իրագործման համար ոչ բավարար պայմանների ապահովմանը։  
8 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 21.09.2024 19:31:38 8․ Առաջարկում ենք Ռազմավարության նախագծի 41․4-րդ գործողության շրջանակներում ազատությունից զրկված անձանց շրջանում «Հավասարը՝ հավասարին» մեթոդով ուսուցում և այս նպատակով դասավանդողների պատրաստման համատեքստում դիտարկել նաև քրեակատարողական հիմնարկների սոցիալական աշխատողներին և հոգեբաններին, քանի որ դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացի համար պատասխաանատու են նաև նրանք։
9 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 21.09.2024 19:31:38 9․ Ռազմավարության նախագծի 41․5-ի գործողության շրջանակներում նախատեսվում է ուսումնական նյութերի և համապատասխան ծրագիրի մշակում՝ հիմք ընդունելով ընհանուր հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդվող՝ «Առողջ ապրելակերպ» առարկայի լրամշակված դասագրքերը։ Առաջարկում ենք նախատեսել նման գործողություններ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից իրականացվող գեղագիտական կրթության ծրագրերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից իրականացվող վերասոցիալականացման ծրագրերում։
10 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 21.09.2024 19:31:38 11. ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում ներկայումս անվճար պայմաններում փոխարինող բուժում են ստանում 426 պացիենտներ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում՝ 188, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում՝ 16, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում՝ 20 և Կապանի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում՝ 16 պացիենտներ։ 2021 թվականին ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնի կողմից իրականացված հետազոտությամբ Հայաստանում թմրամիջոցների ներարկային եղանակով գործածողների թիվը կազմել է 14000։ Հայաստանում տարածված թմրամիջոցներից ներարկային եղանակով գործածվում են գերազանցապես ապօրինի ափիոնատիպ նյութեր՝ հերոին, ացետիլացված ափիոն, բուպրենորֆին և այլն։ Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ ներարկային եղանակով թմրամիջոցներ գործածող անձանց գերակշիռ մասը ափիոնատիպ նյութեր գործածողներ են։ Փոխարինող բուժումն այսօր հանդիսանում է ափիոնատիպ նյութերից կախվածության գոյություն ունեցող ամենաարդյունավետ բուժման մեթոդներից մեկը: Այս մասին վկայում են ինչպես կուտակված հավաստի բժշկագիտական տվյալները (ստացված խոշորածավալ կլինիկական փորձարկումների արդյունքում), այնպես էլ միջազգային փորձը։ Պարզապես հարկ է առանձնահատուկ ընդգծել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մոտեցումները փոխարինող բուժման նկատմամբ: Այսպես, ԱՀԿ-ն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիրը դեռևս 2004 թվականին հանդես եկան համատեղ հայտարարությամբ ի պաշտպանություն փոխարինող բուժման՝ կարևորելով վերջինս դերը ափիոնատիպ նյութերից կախվածությամբ հիվանդների առողջական, հոգեբանական և սոցիալական վիճակները բարելավելու և արյան միջոցով փոխանցվող վարակների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման մեջ, միաժամանակ կոչ անելով ՄԱԿ անդամ պետություններին ներդնել և զարգացնել փոխարինող բուժում տրամադրող ծրագրերը։ Թմրամիջոցների չարաշահմանը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն արդյունավետորեն հակազդելու նպատակով խիստ անհրաժեշտ է Երևանում և մարզերում զարգացնել փոխարինող բուժման ծառայությունները՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տրամադրելով համապատասխան ֆինանսավորում, ինչպես նաև հասանելի դարձնելով ծառայությունները մարզերում բնակվող ափիոնատիպ նյութեր գործածող անձանց։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք մինչև 2027 թվականի ավարտը անվճար պայմաններով փոխարինող բուժում ստացող անձանց թիվը սահմանել 2000։
11 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 21.09.2024 19:31:38 12․ Ռազմավարության նախագիծը չի անդրադառնում առողջապահական նպատակներով թմրամիջոցների դուրսգրման գործընթացին: Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում բարձրացնել քաղաքականություն մշակողների իրազեկվածությունը թմրամիջոցների վերահսկման մեխանիզմների վերաբերյալ՝ թույլ տալով թմրամիջոցների ռացիոնալ բժշկական օգտագործումը բժշկական և գիտական նպատակներով, միաժամանակ, նվազեցնելով ոստիկանության չափից ավելի միջամտությունը դեղատոմսերով դուրսգրման գործընթացում: Դա է վկայում նաև տեղական հասարակական կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ իրականացվող մշտադիտարկումները՝ Հայաստանում պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման հասանելիության վերաբերյալ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Ռազմավարության նախագծում կատարել մի շարք լրացումներ՝ միջազգային իրավական և բժշակական չափանիշների վրա հիմնված հետևյալ սկզբունքներով կամ մոտեցումներով․ Քաղաքականություն մշակողների իրազեկվածության բարձրացում և կրթություն • Համաձայն «Վերահսկվող թմրամիջոցների մասին ազգային քաղաքականություններում հավասարակշռություն ապահովելու վերաբերյալ (Ensuring Balance in National Policies on Controlled Substances)» ԱՀԿ ուղեցույցի՝ քաղաքականություն մշակողները պետք է ստանան թիրախավորված ուսուցում՝ թմրամիջոցների վերահսկման հավասարակշռված մեխանիզմների վերաբերյալ՝ ապահովելու, որ հանրային առողջապահական կարիքները բավարարվեն (օրինակ՝ ցավի մեղմացումը)՝ առանց ավելորդ միջամտությունների: Ուսուցումը պետք է կենտրոնանա հասարակության պաշտպանվածության և անհրաժեշտ դեղամիջոցների հասանելիության երկակի պարտավորությունների վրա, ինչպես նշված է ԱՀԿ Հիմնական դեղերի մոդելային ցանկում (WHO Model List of Essential Medicines), որը ներառում է նաև օփիոիդները (թմրամիջոց պարունակող դեղերը)՝ ցավի կառավարման համար: • ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (HRC) 12/24 որոշմամբ (2009 թ.) շեշտվում է, որ պետությունները պարտավոր են ապահովել վերահսկվող դեղերի հասանելիությունը՝ առողջության իրավունքի համատեքստում: Անհրաժեշտ դեղամիջոցների հասանելիության սահմանափակումները՝ իրավապահ մարմինների ավելորդ միջամտության կամ բյուրոկրատական խոչընդոտների միջոցով, առողջության իրավունքի խախտում են հանդիսանում: Թմրամիջոցների ռացիոնալ բժշկական օգտագործում • Համաձայն Թմրամիջոցների մասին 1961 թ. միասնական կոնվենցիայի և Հոգեմետ նյութերի մասին 1971 թ. կոնվենցիայի, թմրամիջոցների ռացիոնալ օգտագործումը բժշկական նպատակներով պետք է թույլատրվի և խրախուսվի ազգային քաղաքականությամբ: Պետությունները պարտավոր են ապահովել, որ թմրամիջոցների վերահսկման մեխանիզմները չխոչընդոտեն դրանց հասանելիությանը՝ օրինական բժշկական նպատակներով: • Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիր (ICESCR), 12-րդ հոդվածը, ընդգծում է առողջության հնարավորինս բարձրագույն ստանդարտի իրավունքը, որը ներառում է անհրաժեշտ բուժումներին հասանելիություն, օրինակ՝ օփիոիդներ, ցավի մեղմացման համար: Պետությունները պետք է առաջնահերթություն տան այնպիսի քաղաքականություններին, որոնք կանխարգելում են առողջապահության ոլորտի աշխատողների՝ դեղատոմսերով դեղերի սահմանափակման ավելորդ պահանջները: Իրավապահ մարմինների, մասնավորապես՝ ոստիկանության չափից ավելի վերահսկողության կամ միջամտության դադարեցում • Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի՝ իրավապահ մարմինների կողմից բժշկական մասնագետների նկատմամբ ավելորդ վերահսկողությունը կամ միջամտությունը կարող է խախտել բժշկի և պացիենտի հարաբերությունների գաղտնիությունն ու անձնական կյանքի իրավունքը՝ պաշտպանված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով (Անձնական կյանքի իրավունք): Օփիոիդային դեղերի դեղատոմսերի վերաբերյալ բժիշկների կողմից ոստիկանությանը հաշվետվություններ ներկայացնելու պահանջը կարող է խախտել այս սկզբունքը, հատկապես, երբ հանցագործության կասկածներ չկան: • ԱՀԿ Դեղերի արդյունավետ կառավարման վերաբերյալ (Good Governance for Medicines) ծրագիրը խորհուրդ է տալիս, որ վերահսկվող թմրամիջոցների հսկողությունն իրականացվի հիմնականում առողջապահական հաստատությունների կողմից, այլ ոչ թե իրավապահների: Ոստիկանությունը պետք է միջամտի միայն այն դեպքում, երբ կա ակնհայտ ապացույց՝ դեղերի չարաշահման կամ հանցավոր մտադրության մասին՝ ապահովելով, որ առողջապահական ոլորտի մասնագետները անտեղի չծանրաբեռնվեն կամ իրավապահ մարմինների ճնշման չենթարկվեն: Առողջապահական մասնագետների համար հստակ ուղեցույցների սահմանում • ԱՀԿ «Մեծահասակների և երեխաների մոտ մնացորդային ցավերի բուժման ֆարմակոլոգիական մեթոդների վերաբերյալ» (WHO Guidelines on the Pharmacological Treatment of Persisting Pain in Adults and Children) 2012 թ.-ի ուղեցույցը կոչ է անում պաշտպանել բժիշկների հիմնավորված հայեցողությունը օփիոիդների նշանակման հարցում՝ առանց իրավապահ մարմիններին ավելորդ հաշվետվողականության պահանջների: Բժիշկները պետք է ղեկավարվեն կլինիկական չափանիշներով և պացիենտների կարիքներով, ոչ թե իրավական հետևանքների մտավախությամբ: • Քաղաքականություն մշակողները պետք է հրահանգեն առողջապահական ոլորտի մասնագետներին, որ իրենք պարտավոր չեն ներկայացնել օփիոիդային դեղատոմսերը ոստիկանությանը, եթե չկա ապացույց՝ հանցավոր գործունեության մասին: Այս հրահանգը պետք է արտացոլի Թմրամիջոցների միջազգային վերահսկման խորհրդի (International Narcotics Control Board) չափանիշները, որոնք նույնպես կոչ են անում նվազագույն միջամտություն բժշկական նպատակներով թմրամիջոցների օգտագործման հարցում:
12 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 21.09.2024 19:31:38 Սույն առաջարկությունները նախատեսված են թմրամիջոցների դեմ պայքարի ազգային ռազմավարության շրջանակում արդյունավետորեն պայքարելու հատկապես խոցելի խմբերի, մասնավորապես՝ ԼԳԲՏՔ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս, քվիր) անձանց, կանանց, ՄԻԱՎ-ով անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության դեմ պայքարին, բարձրացնելու հանրային իրազեկվածությունը, և ապահովելու խոցելի խմբերի համար ներառական, խտրականությունից զերծ և հասանելի առողջապահական ծառայություններ ունենալուն: Վերջիններիս հիմնված են Հայաստանի Հանրապետության՝ ԱՀԿ, ՄԱԿ, ՄԻԵԴ և մարդու իրավունքների շրջանակներում ունեցած այլ միջազգային պարտավորությունների վրա։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Ռազմավարության նախագծում ավելացնել մի շարք գործողություններ։ Խոցելի խմբերի նկատմամբ խտրականության դեմ պայքարը և նրանց վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը • Խտրականությունը՝ հատկապես խոցելի խմբերի, մասնավորապես՝ ԼԳԲՏՔ անձանց, կանանց, ՄԻԱՎ-ով ապրող անձանց և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, խոչընդոտում է առողջապահական ծառայությունների հասանելիությանը: Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին ՄԱԿ-ի կոմիտեի (UN Committee on Economic, Social, and Cultural Rights General Comment No. 14 ) թիվ 14 ընդհանուր մեկնաբանության համաձայն՝ առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլորի համար՝ առանց խտրականության: ԱՀԿ-ի ՄԻԱՎ-ի համաշխարհային առողջապահական ոլորտի 2016-2021թթ. ռազմավարությունը (WHO’s Global Health Sector Strategy on HIV 2016-2021) ընդգծում է խարանի և խտրականության վերացման անհրաժեշտությունը՝ առողջապահական ծառայություններում, քանի որ դա անմիջականորեն ազդում է վնասի նվազեցման և առողջապահական ծառայությունների մատուցման վրա: • Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածն արգելում է խտրականությունը՝ անկախ որևէ հատկանիշից, ինչը խոչընդոտում է մարդու իրավունքների լիարժեք իրացմանը՝ ներառյալ առողջապահական ծառայությունների հասանելիության համատեքստում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Դադջոն ընդդեմ Միացյալ Թագավորության (Dudgeon v. United Kingdom) գործի օրինակով, պետությունները պարտավոր են ակտիվ միջոցներ ձեռնարկել խտրականության դեմ, որը միտված է ԼԳԲՏՔ անձանց և այլ խոցելի խմբերին: Առաջարկություն. Ռազմավարությունով նախատեսել համապարփակ խտրականության դեմ արշավ, որն հիմնական թիրախները կլինեն առողջապահության ոլորտի մասնագետները, իրավապահ մարմինները և հանրությունը: Անհրաժեշտ է իրականացնել կրթական ծրագրեր և հանրային իրազեկման աշխատանքներ՝ հիմնված ԱՀԿ և ՄԱԿ սկզբունքների վրա, խարանի դեմ պայքարելու և առողջապահական ոլորտում ներառական միջավայր ստեղծելու համար, ինչը կապահովի, որ խոցելի խմբերը հավասար հնարավորություն և իրավունքներ կունենան օգտվելու անհրաժեշտ առողջապահական ծառայություններից: Վնասի նվազեցման ծառայությունների ապահովումը խոցելի խմբերի համար • Համաձայն ԱՀԿ-ի՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման, ախտորոշման, բուժման և խնամքի համախմբված ուղեցույցների (WHO Consolidated Guidelines on HIV Prevention, Diagnosis, Treatment and Care for Key Populations), վնասի նվազեցման ծառայությունները, ինչպիսիք են՝ ասեղների փոխանակման ծրագրերը, օփիոիդային փոխարինման բուժումը (ՕՓԲ), և սպառման համար ապահով սենյակները, կարևոր բաղադրիչներ են թմրամիջոցների օգտագործման հետ կապված առողջական վտանգների նվազեցման համար: ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի՝ երկրների համար ՄԻԱՎ-ի կանխարգելման համընդհանուր հասանելիության թիրախներ սահմանելու վերաբերյալ տեխնիկական ուղեցույցը (UNODC Technical Guide for Countries to Set Targets for Universal Access to HIV Prevention) ընդգծում է, որ վնասի նվազեցման ծրագրերը պետք է հասանելի լինեն բոլորի համար՝ անկախ իրավական կամ սոցիալական կարգավիճակից: • ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի թիվ 12/24 (2009 թ.) որոշումը վերահաստատում է, որ վնասի նվազեցման ծառայությունների հասանելիությունը առողջության իրավունքի մի մասն է և պետք է երաշխավորվի բոլոր անձանց համար, հատկապես խոցելի խմբերի, ինչպիսիք են՝ ԼԳԲՏՔ անձինք, կանայք և ՄԻԱՎ-ով ապրող անձինք: Վնասի նվազեցման հասանելիության սահմանափակումները խախտում են Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրով (ICESCR) սահմանված հիմնարար իրավունքները: Առաջարկություն. Ռազմավարությունը պետք է առաջնահերթություն տա վնասի նվազեցման ծառայությունների ընդլայնմանը՝ ապահովելով դրանց հասանելիությունը բոլոր խոցելի խմբերի համար առանց խտրականության: Վնասի նվազեցման ծրագրերը պետք է գործեն անվտանգ, ապահով և չդատապարտող միջավայրում, և պետք է ջանքեր ներդնել՝ ապահովելու այս ծառայությունների մատուցումը թե՛ քաղաքային, թե՛ գյուղական համայնքներում: Սա համահունչ կլինի ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պարտավորություններին: Սոցիալ-հոգեբանական աջակցություն և հոգեկան առողջության ծառայություններ՝ հիմնված խոցելի խմբերի հատուկ կարիքների վրա • ԱՀԿ-ի Հոգեկան առողջության 2013-2030 թթ. գործողությունների ծրագիրն ընդգծում է, որ հոգեկան առողջության պահպանումն ու խնամքը պետք է ինտեգրվի առողջապահության բոլոր մակարդակներում և հասանելի լինի խոցելի խմբերի համար, ինչպիսիք են՝ թմրամիջոցներ գործածողները, ՄԻԱՎ-ով ապրող անձինք, ԼԳԲՏՔ անձինք և հաշմանդամություն ունեցող անձինք: Հոգեկան առողջության ծառայությունների՝ ներառյալ տրավմայի մասին տեղեկացված խնամքի (trauma-informed care) հասանելիության ապահովումը չափազանց կարևոր է այն բնակչության համար, որոնք ենթարկվում են մեծաթիվ խտրականության կամ բռնության: • ՄԻԵԴ Բենսաիդ ընդդեմ Միացյալ Թագավորության (ECHR Case Law (Bensaid v. United Kingdom) գործով՝ Եվրոպական դատարանը ճանաչել է, որ հոգեկան առողջությունը անձնական կյանքի իրավունքի անբաժան մասն է՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի, հաստատելով պետությունների պարտավորությունը՝ ապահովելու անհրաժեշտ հոգեկան առողջության ծառայությունները: Առաջարկություն. Ռազմավարությունը պետք է հստակորեն ներառի սոցիալ-հոգեբանական աջակցությունը խոցելի խմբերի համար՝ որպես առողջապահական համակարգի անբաժանելի մաս: Ծառայությունները պետք է հարմարեցվեն խոցելի խմբերի հատուկ կարիքներին՝ ներառյալ ԼԳԲՏՔ անձանց, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց: Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել, որ առողջապահության ոլորտի աշխատողները պատրաստված լինեն տրավմայի մասին տեղեկացված խնամքի ոլորտում՝ ապահովելու, որ պացիենտները արժանանան հարգանքի և կարեկցանքի: Առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում • ԱՀԿ Մարդկային ռեսուրսներն առողջության համար համաշխարհային ռազմավարությունը (WHO Global Strategy on Human Resources for Health) շեշտում է, որ առողջապահական ծառայությունների հասանելիությունը հիմնարար սկզբունք է: Առողջապահության համընդհանուր ծածկույթի վերաբերյալ ԱՀԿ-ի բանաձևը (WHO Resolution on Universal Health Coverage) և Կայուն զարգացման 3-րդ նպատակը (Sustainable Development Goal 3 (բարեկեցություն և առողջություն)) կոչ են անում, որ առողջապահական ծառայությունները լինեն մատչելի և հասանելի բոլորի համար՝ անկախ աշխարհագրական, տնտեսական կամ սոցիալական պայմաններից: • Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա (UN Convention on the Rights of Persons with Disabilities). Կոնվենցիան սահմանում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք պետք է ունենան հավասար հասանելիություն առողջապահական ծառայություններին՝ ներառյալ թմրամիջոցների օգտագործման հետ կապված ծառայությունները: Հասանելիության սկզբունքը պետք է տարածվի նաև ԼԳԲՏՔ անձանց, կանանց և ՄԻԱՎ-ով ապրող անձանց վրա՝ ապահովելով, որ ոչ ոք հետ չմնա իր անձնական կամ սոցիալական կարգավիճակի պատճառով: Առաջարկություն. Ռազմավարությունը պետք է առաջնահերթություն տա առողջապահական ծառայությունների հասանելիությանը խոչընդոտող ֆիզիկական, ֆինանսական և սոցիալական խոչընդոտների վերացմանը: Սա ենթադրում է, որ առողջապահական հաստատությունները լինեն հասանելի հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ առողջապահական ծառայությունները լինեն հասանելի այն անձանց համար, որոնք չունեն բավարար ֆինանսական ռեսուրսներ: Պետք է նաև ընդլայնել համայնքահեն աութրիչ աշխատողների շրջանակը՝ ապահովելու, որ հեռավոր բնակավայրերում ապրող անձինք ունենան ծառայությունների հասանելիություն: Մարդու իրավունքների խախտումների մոնիթորինգ և տվյալների հավաքագրում • ԱՀԿ առողջապահական ոլորտի մոնիթորինգի և գնահատման վերաբերյալ ուղեցույցները մատնանշում են տվյալների հավաքագրման կարևորությունը՝ մոնիթորինգի նպատակով՝ առողջապահական ոլորտում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, հատկապես խոցելի խմբերի նկատմամբ: Ճշգրիտ տվյալները օգնում են բացահայտել խտրականության, այլ իրավախախտումների կամ ծառայությունների մերժման դեպքերը, ինչը թույլ է տալիս ժամանակին և պատշաճ քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու նման դեպքերը կամ պաշտպանելու տուժած անձանց իրավունքները: • ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ զեկուցողը առողջության իրավունքի վերաբերյալ (UN Special Rapporteur on the Right to Health) մշտապես ընդգծել է պետությունների պարտականությունը՝ մշտադիտարկելու մարդու իրավունքների խախտումները առողջապահական ոլորտում, հատկապես խոցելի խմբերի նկատմամբ, մասնավորապես՝ ԼԳԲՏՔ անձանց, կանանց և ՄԻԱՎ-ով ապրող անձանց դեպքերում: Առաջարկություն. Ռազմավարությունում նախատեսել առողջապահական, այդ թվում՝ վնասի նվազեցման ծառայություններում մարդու իրավունքների խախտումների մոնիթորինգի և փաստաթղթավորման համար ստեղծելու տվյալների հավաքագրման համակարգ: Տվյալները պետք է տեսակավորված լինեն, այդ թվում՝ ըստ սեռի, գենդերի, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության, առողջական կարգավիճակի՝ ապահովելու, որ խտրականության դեպքերը հայտնաբերվեն և հասցեական լուծումներ գտնվեն: Այս տվյալները կօգնեն քաղաքականություն մշակողներին և առողջապահական մարմիններին՝ կատարելագործել միջամտությունները ավելի արդյունավետ պաշտպանելու խոցելի խմբերի իրավունքները:
13 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 21.09.2024 19:31:38 Առաջարկում ենք իրականացնել ուսումնասիրություններ և հաշվարկել պետության կողմից ծախսվող միջոցների հարաբերակցությունը՝ թմրամիջոցների օգտագործումը կանխարգելելու և թմրամիջոցների հետ կապված ՀՀ-ում իրականացվող քրեական հետապնդումների, դատապարտյալներին պահելու համար կատարվող ծախսերի մասով։ Նման ֆինանսական ուսումնասիրությունը թույլ կտա օգտագործել բյուջետային միջոցներն առավել թիրախավորված և արդյունավետ։