Հիշել նախագիծը

««Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունն, ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արտակարգ իրավիճակներում կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում անհապաղ միջոցներ ձեռնարկելու կարևորությամբ՝ հաշվի առնելով, որ օրենքի ներկայիս կարգավորումը սահմանափակում է նման իրավիճակներում գործնականում առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործման արդյունավետությունը:

Հարկ է ընդգծել, որ օրենքի ներկայիս կարգավորմամբ, հասարակության շահից ելնելով, մասնավորապես, ազգային անվտանգության, սննդի, առողջապահության (ներառյալ՝ բժշկական ապրանքների հասանելիության և մատչելիության բացակայությունը) կամ կենսական նշանակություն ունեցող այլ բնագավառներում, առանց արտոնագրատիրոջ համաձայնության պահպանվող գյուտի օգտագործումը օրինական ուժի մեջ մտած դատական ակտով չունի բավարար չափով արդյունավետություն, նույնիսկ, այն պարագայում, երբ դիմումի դատական քննության պարտադիր պայմանները բացառության կարգով չեն կիրառվում, և դիմումատուն ազատվում է արտոնագրատիրոջ հետ լիցենզային պայմանագիր կնքելու անհաջող փորձերն ապացուցելու պարտավորությունից: Նշված բացառությունները, իհարկե, կրճատում են հարկադրական լիցենզիա ստանալու ժամկետները, այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակները, ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքները, ելնելով մարդկային կյանքեր փրկելու անհրաժեշտությունից,  պահանջում են որոշումների անհապաղ ընդունում և անհրաժեշտ քայլերի շտապ ձեռնարկում: Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջանում առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործման հնարավորություն սահմանել նաև կառավարության թույլտվությամբ, վերջինիս  կողմից ընդունված որոշման հիման վրա։

Ուստի կարգավորման կիրառելիության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախագծով առաջարկվում է թվարկված իրավիճակներում առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործումը թույլատրելու իրավասությունը վերապահել  ՀՀ կառավարությանը:

 

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանն իրավունք վերապահել արտակարգ իրավիճակներում կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում ազգային անվտանգության, սննդի, առողջապահության (ներառյալ՝ բժշկական ապրանքների հասանելիության և մատչելիության բացակայությունը) կամ կենսական այլ անհրաժեշտության ապահովմամբ պայմանավորված, երբ դա պահանջում է հասարակության շահը, թույլատրել առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործումը՝ վերջինիս այդ մասին տեղեկացնելով ամենասեղմ ժամկետում և համաչափ փոխհատուցում վճարելով:

Միաժամանակ, առաջարկվում է վերոնշյալ փոխհատուցման ենթակա գումարի չափը և վճարման կարգը որոշելու ընթացակարգը ևս հաստատել ՀՀ կառավարության որոշմամբ:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կդառնա արտակարգ իրավիճակներում կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում, երբ իրավիճակը պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել մարդկային կյանքեր փրկելու համար, ամենասեղմ ժամկետներում  կայացնել որոշում՝ առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործումը թույլատրելու վերաբերյալ: Վերոնշյալը նաև հնարավորություն կընձեռի դեղագործական արդյունաբերության ոլորտի տնտեսվարողներին արտադրելու մինչ այդ չարտադրված արտադրատեսակներ՝ ապահովելով ինքնաբավություն ոլորտում, ինչպես նաև ներմուծման կրճատում՝ ի հաշիվ տեղական արտադրության ավելացման։

Մասնավորապես, առաջարկող փոփոխությունը կարող է արդյունավետ օգտագործվել հասարակության առողջության պահպանման նպատակով՝ հակազդելով վարակիչ հիվանդությունների տարածմանը և արտակարգ իրավիճակներում հանդիսանալ դեղերի, բժշկական ապրանքների հասանելիության ու մատչելիության բացակայությունը լրացնելու, ներմուծումը կրճատելու, արտադրության ծավալներն ավելացնելու օպտիմալ ճանապարհ:

       Այսպիսով, այն հնարավորություն կընձեռի թվարկված իրավիճակներում ամենասեղմ ժամկետներում սպասարկել հասարակության շահը, սեփական միջոցների վրա հիմնվելով լինել ինքնաբավ, ինչը նման իրավիճակներին դիմագրավելու կարևորագույն նախապայմաններից է:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2. «Տնտեսություն» գլխից և  «4.5 Առողջապահություն» ենթագլխից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N 811-Լ որոշումից։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի և  առողջապահության նախարարությունների կողմից:

 

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Օրենքի նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

 

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Օրենքի նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    03.09.2024 - 24.09.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 779

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

03.09.2024

Հարգելի գործընկերներ, ցանկացած իրավակարգավորումով չպետք է հասցնել աբսուրդության գագաթնակետին։ Եթե ցանկանում եք արտոնագրեր օգտագործել արտակարգ իրավիճակներում դա նորմալ է։ Բոլոր այլ; հավասար պայմաններում այն կոչվում է "ինքիրավչություն"։ Ձեր ներկայացված նախագիծը հարիր չէ իրավական պետության համար։ Խնդրում եմ բերեք առնվազն երկու այլ միջազգային իրավակարգավորման փորձ, որից հետո լայն քննարկում կազմակերպեք, որից հետո նոր քննարկման ներկայացրեք նման նախագիծ։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ արտակարգ իրավիճակի հայտարարելու դեպքում միայն այդ ժամանակահատվածում պետությունն իրավասու է Առանց արտոնագրատիրոջ համաձայնության այն օգտագործել։ Ինչ վերաբերվում է ներկայացված նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետին, ապա ՀՀ կառավարության թույլտվությամբ գյուտի օգտագործման, վարձատրության կարգը և վարձատրության չափը չի կարող պակաս լինել գործող չափսերից և/կամ շուկայական արժեքներից։ Կամ պետությունը թող բանակցություններ իրականացնի և ստացված ընդհանուր եկամուտից հարկվող մասով սահմանի արտոնություն և այդ չափով նվազեցնի պետության ծախսերը։ Այս տեսքով նախագիծն առաջարկում եմ հանել շրջանառությունից։

Տեսնել ավելին