Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգ ներդնելու, դրա նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին որոշում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«  »                 2018  թվականի N             -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼՈՒ, ԴՐԱ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ  ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք  ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման հավելված 2-ի 138-րդ կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական վտանգների, սպառնալիքների և ռիսկերի առկայության պայմաններում միջոցառումների համակարգված գործողությունների անհապաղ իրականացման նպատակով՝ ներդնել կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգ:
  2. Սահմանել «Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի նկարագիրը»` համաձայն N 1 հավելվածի,
  3. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի ներդրման ծրագիրը»՝ համաձայն N 2 հավելվածի:
  4. Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի ներդրման պետական կառավարման լիազոր մարմինը ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը (այսուհետ` Լիազոր մարմին):
  5. 5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի ներդրումն իրականացվում է տվյալ համակարգի մասնակից կառույցների կողմից` յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    21.02.2018 - 09.03.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10558

Տպել

Առաջարկներ`

Թաթուլ Ստեփանյան

04.03.2018

Դիտարկումներ և առաջարկություններ <<Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգ ներդնելու, դրա նկարագիրը սահմանելու եվ Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու եվ լիազոր մարմին ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Որոշման նախագծի մշակման հարգելի հեղինակներ, ներկայացնում եմ երկու՝ ընդհանրական և մասնակի առաջարկություններ, որոնք ընդհանուր առմամբ ամփոփում են իմ դիտարկումներն ու վերաբերմունքը ձեր կողմից ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ: 1. Ընդհանրական Հաշվի առնելով, որ ներկայացված որոշման նախագիծը և նրա մաս հանդիսացող հավելվածները ընդհանուր առմամբ հեռու են կենսաբանական վտանգների կառավարման կայուն համակարգ ստեղծելու և գործարկելու ընդհանրական կարողությունից, ապա առաջարկում եմ ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնել միայն <<Կենսաբանական վտանգների կառավարման միասնական համակարգ ստեղծելու մասին>> որոշման նախագիծ, համաձայն որի կձևավորվի ներկայացուցչական աշխատանքային խումբ: Աշխատանքային Խումբը լիազորված կլինի մշակել և համապատասխան հաստատման ներկայացնել համակարգի կառուցվածքը, բովանդակությունը, ենթակայությունը, ֆինանսավորման աղբյուրը, ներառված սուբյեկտների լիազորությունների շրջանակները և այլ անհրաժեշտություններ համակարգի բնականոն և կայուն գործունեությունը ապահովելու նպատակով: Եթե առաջին /ընդհանրական/ առաջարկը ինչ-ինչ պատճառներով անհնար է ընդունել, ապա ներկայացված որոշման նախագիծը մինչ հաստատման ներկայացնելն առաջարկում եմ վերախմբագրել հաշվի առնելով ստորև բերված մասնակի բնույթ կրող առաջարկությունները: 2. Մասնակի Առաջարկություններս ու դիտարկումներս ներկայացնում եմ ըստ որոշման նախագծի մաս հանդիսացող յուրաքանչյուր մասնակի փաստաթղթի վերաբերյալ: 2.1. <<Որոշում>> փաստաթղթում. ա/ 1 կետում …<<սպառնալիքների և ռիսկերի առկայության պայմաններում>>… պարբերությունը վերախմբագրել, հաշվի առնելով, որ կառավարումը չի ենթադրում միայն առկայության պայմաններ, բ/ 4-րդ կետում. հանել ՀՀ առողջապահության նախարարությանը Լիազոր Մարմնի կարգավիճակ շնորհելու դրույթը, քանի որ դա ամբողջապես հակասում է ներկայացված փաստաթղթի գաղափարին և բովանդակությանը: Այստեղ կամ չպետք է լինեն Լիազոր մարմիններ, կամ Լիազոր մարմին կարող է հանդիսանալ Մշտական գորշող հանձնաժողովը, կամ մեկ այլ լիազորություններով օժտված մարմին: Կենսաբանական վտանգների կառավարումը մի քանի գերատեսչությունների լիազորություններին առնչվող գործառույթ է, սա պետք է հաշվի առնել, հակառակ դեպքում նախագծի առաջարկի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում ստեղծում ենք մի իրավիճակ, որտեղ կազմակերպչական շահը գերակայում է նպատակին: գ/ 5-րդ կետը անհասկանալի է, քանի որ իրավասությունների սահմաններից դուրս չի կարող գործառույթ նախատեսվել, առավել ևս իրականացվել: 2.2. <<Հիմնավորում>> փաստաթղթում.  1. կետ. <<Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը /նպատակը/>> պարբերությունն ամբողջապես ենթակա է վերախմբագրման, քանի որ ներկայացված անհրաժեշտությունները ուղակիորեն կապված չեն մեր երկրի իրականության հետ, չեն արտացոլում այն անհրաժեշտությունները, որոնք հանդիսացել են այս որոշման նախագիծն ընդունելուն,  2. կետով ձևակերպված <<Ընթացիկ իրավիճակը և խնդիրները>> չեն համապատասխանում վերնագրին: Ներկայացված չէ առկա իրավիճակը, առավել ևս ձևակերպված չեն խնդիրները: Չկան հստակ գնահատականներ ներկա իրավիճակի վերաբերյալ և չեն առաջարկվում այդ իրավիճակը փոխելու լուծումները,  <<Կարգավորման նպատակը և բնույթը>> պարբերությունը, որը ներկայացված է 3-րդ կետով ենթակա է վերախմբագրման, քանի որ <<...ձևավորելը...>> նպատակ չի կարող լինել,  5-րդ կետով սահմանված <<Ակնկալվող արդյունքները>> վերախմբագրելու անհրաժեշտություն ունի, ներկայացված տեքստը շարադրված չէ, որպես արդյունք: 2.3. Հավելված 2 <<Ծրագիր Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի ներդրման>> Այս հավելվածում ներկայացված են առավելապես հավելյալ ուշադրության արժանացած իրավական ակտերի վերաբերյալ տեղեկություններ: Այնինչ առաջարկում եմ ներակայացնել ծրագրային քայլեր, որոնք կապահովեն համակարգի ստեղծումը և կայուն զարգացումը: Այս տեսանկյունից ներկայացված հավելվածը ենթակա է վերանայման և համապատասխանեցմանը վերնագրին: 2.4. Հավելված 1 << Նկարագիր Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի>> ա/ <<I. Ներածություն>> պարբերության մեջ ներկայացված չեն մեր երկիրը բնութագրող տեղեկություններ, իրավիճակներ, փաստեր: Առավելապես խոսվում է միջազգային հարթությունում կատարվող գործընթացների մասին և չի կապվում մեր իրականության հետ, բ/ <<II. Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության ապահովման գործընթացի ներկա վիճակը>> մեկնաբանող պարբերությունում առաջարկում եմ ներկայացնել ներկա համակարգի թույլ կողմերը, հաշվի առնելով ուղղահայաց և հորիզոնական համագործակցության հարթություններում: Առավել մանրամասն նշել թիրախները, որպեսզի պարզ լինի, թե ինչ խնդիրներ է լուծում ներկայացվող առաջարկը, գ/ <<III. Կիրառվող հասկացություններ և սահմանումներ>> պարբերությունում և ընդհանրապես նախագծում ներկայացված չէ, թե ինչպես ենք բանաձևում կենսաբանական վտանգ եզրույթը,  11 կետով նախատեսված կենսաբանական նյութը մեկնաբանված է վարակիչ հիվանդությունների ախտածիններ, կենսաբանական ծագում ունեցող թույներ ձևակերպմամբ: Իսկ ինչպե՞ս ենք գնահատում ոչ վարակիչները, կամ բոլոր վարակիչներն են արյո՞ք համարվում կենսաբանական նյութ, թե այստեղ ևս անհրաժեշտ են հստակեցումներ մտցնել,  12 կետում ներկայացված կենսաապահովում տերմինը տեքստում ներկայացված է որպես կենսաանվտանգությանը համարժեք, արդյո՞ք դա այդպես է, և արդյո՞ք խոսքը վերաբերվում է միայն կանխարգելմանը,  14 կետում խոսվում է <<հսկողական ցանկի>> մասին և պարզաբանված չէ. թե ո՞վ է սահմանում ցանկը և ինչ ընթացակարգով, ին՞չ ազդեցություն ունի նա այս գործընթացում և այլն,  15 կետում ստուգաբանված է <<Հսկողական ցանկը>>, որի <<...պաշտպանված վայրերում...>> բառերից հետո ներկայացված միտքը մասամբ անհասկանալի է,  16 կետում ներկայացված <<Առաքման համակարգեր>> եզրույթը լրացուցիչ մեկնաբանելու կարիք ունի, դ/ <<IV. Հայաստանի Հանրապետությունում կենսաանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի նկարագիրը>> պարբերության 1 կետում խոսվում է ...նոր տիպի կենսաբանական սպառնալիքների հայտնաբերման մասին, իսկ որո՞նք են ոչ նոր տիպերը, և ինչ՞ու միայն հայտնաբերման,  նույն 1-5 կետերով սահմանված են համակարգի միջոցառումները, որոնք սահմանափակ են և ամբողջական ընդգրկված չեն, այսինքն միայն այս գործառույթների իրականացումը բավարար չէ կայուն և գործուն կենսաանվտանգության համակարգ ունենալու տեսանկյունից,  24 կետով նախատեսված հանակարգի մասնակիցների թվագրումը, առանց նրանց համագործակցության ձևերն ու մեթոդները նշելու, դառնում է անիմաստ: Նաև պետք է հաշվի առնել, որ տնտեսական հարաբերություններին զուգընթաց կարող են ձևավորվել նոր կառույցներ,  25 կետը շատ ընդհանրական է, ուղղակի կապ չունի առաջարկի հետ, ուստի նրա ներկայությունը այս հավելվածում համարում եմ ավելորդ: ե/ <<V. Կենսաանվտանգության համակարգի կառուցվածքը>> 1 կետում ...հանձնաժողով.. բառի սկզբում ավելացնել <<մշտական գորրծող>> բառերը, և արդյո՞ք նա պիտի լինի խորհրդատվական մակարդակում,  2-րդ ենթակետում- ովքե՞ր են ազգային ասոցիացիաները,  3-րդ ենթակետի տրամաբանությունը անհասկանալի է,  4-րդ ենթակետը ամբողջապես կապ չունի ներկայացված վերնագրի հետ, ուստի առաջարկում եմ վերանայել նրա այստեղ լինելու անհրաժեշտությունը,  5-րդ ենթակետը խոսում է համակարգի մասին, որը ստուգաբանաված չէ և անհասկանալի է թե ի՞նչ է դա,  6-րդ ենթակետը ամբողջապես առաջարկում եմ վերախմբագրել, քանի որ դրանք գրեթե վերաբերվում են մեկ գերատեսչության գործառույթներին, որոնք կարող են սահմանվել օրինակ՝ նախարարի հրամաններով կամ այլ իրավական ակտերով,  7-րդ ենթակետի բովանդակությունը չի վերաբերում համակարգի կառուցվածքին, անհասկանելի է նրա անհրաժեշտությունը,  7-րդ ենթակետի ժե-ն առաջարկում եմ վերախմբագրել, քանզի ներկայացված միտքն անհասկանալի է,  նույն պարբերության իը-ն, ին՞չ օգնության մասին է խոսքը, ին՞չ կապ ունի այն կառուցվածքի հետ,  8-րդ ենթակետի տեքստի սահմանները սահմանում է համապատասխան բնագավառի Լիազոր մարմինը, ուստի արդարացված չէ հավելվածում նրա գոյությունը: զ/ <<Համակարգի ներդրման հարցով պետական կառավարման լիազոր մարմնի լիազորություններն ու գործառույթները>> բաժնում ներկայացված բովանդակությունը առաջարկում է համակարգողի գործառույթներ, այնինչ գրեթե բոլոր ենթակետերում վերազանցված են այդ լիազորությունները: Ամփոփում Քննարկման ներկայացված որոշման նախագծի ընդունումը շատ կարևոր է մեր երկրի կայուն զարգացման համար, ուստի նրա շուտափույթ ընդունումը հրատապ է, բայց ոչ որակի հաշվին: Ներկայացված նախագիծը հեռու է այս կարևորագույն խնդիրը լուծելու հնարավորությունից: Համակարգաստեղծ գործընթացի տեսանկյունից դիտարկելով հանգում ենք այն փաստին, որ առաջարկված նախագծում ներկայացված չէ նպատակը, խնդիրները, թիրախները, առաջարկվող լուծումները, համակարգի կառուցվածքը, համակեցության ձևերն ու մեթոդները և այլ անհրաժեշտ նախադրյալները: Ուստի առաջարկում եմ առաջնորդվել <<Ընդհանրական>> վերնագրված առաջարկության տրամաբանությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ ստեղծել մշտական գործող հանձնաժողով, որին վերապահել կենսաանվտանգության կայուն համակարգ ստեղծելու կառուցվածքային և բովանդակային լիազորություններ: Թաթուլ Ստեփանյան Հեռ. 093191319

Տեսնել ավելին