Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունումը պայմանավորված է oտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության և բնակության հարցերով մատուցվող ծառայությունների էլեկտրոնային միասնական հարթակի (այսուհետ՝ Հարթակ) ներդրմամբ։      
Հարթակը միտված է՝

1) օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների նոր հայեցակարգային մոտեցման աստիճանակարգային ձևավորմանը, որը պետք է հիմնված լինի «Առաջինը՝ թվային» (Digital first) սկզբունքի վրա,    
2) Իմիգրացիոն հոսքերի կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու օտարերկրացիների աճող հետաքրքրվածությունը, ինչը պահանջում է հստակ գործիքակազմի մշակում և ազգային անվտանգության ապահովման առավել խորը և համապարփակ մեխանիզմների կիրարկում,
3) Հայաստանի Հանրապետության կացության կարգավիճակների ձևերի և տրամադրման հիմքերի հստակեցմանը,     
4) Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրյա քաղաքացիներին մատուցվող ծառայություններին՝ մասնավորապես բանկային, առողջապահական և հանրակրթական ծառայություններին հասանելիության ապահովմանը,       
5) Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրացիներին տրամադրվող փաստաթղթերի արդիականացմանը՝ տեղեկատվական չիպեր ունեցող նույնականացման քարտերի տրամադրման միջոցով, որոնք տալիս են խիստ նույնականացման գործիքակազմի կիրարկման հնարավորություն։

2022թ. հունվարից գործարկվել է օտարերկրյա աշխատողների ներգրավման միասնական էլեկտրոնային workpermit.am հարթակը (այսուհետ՝Հարթակ)։ Հարթակը միաժամանակյա հասանելիություն է ապահովում աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման գործընթացում ներառված բոլոր պետական մարմինների համար՝ կրճատելով գործընթացի վրա ծախսվող ժամանակը և բարելավելով վարչարարությունը։ Նախկինում աշխատանքի թույլտվությունը տրամադրվում էր գործատուին, իսկ դրա հիման վրա աշխատողը ստանում էր կացության կարգավիճակ. գործընթացը տեղի էր ունենում երկու տարբեր գերատեսչություններ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և Ոստիկանություն դիմումատուների ֆիզիկական այցլությունների միջոցով։ Նոր կարգով գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային է և պետական մարմնի հետ ենթադրում է մեկանգամյա շփում՝ կացության կարգավիճակը հավաստող քարտը պետք է վերցնել Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակից։ Նախկին կարգով դիմումատուները վճարում էին թե՛ աշխատանքի թույլտվություն, և՛ թե կացության կարգավիճակ ստանալու համար, իսկ նոր կարգով՝ միայն կացության կարգավիճակ ստանալու համար։       

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագածի կարգավորման նպատակն է օտարերկրացիներին Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակների տրամադրման և օտարերկրացիների հաշվառման վարչարարության իրականացումը դարձնել ավելի դյուրին՝ օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների կառավարման էլեկտրոնային միասնական հարթակի ներդրման միջոցով։ Ներկայումս խնդիր է դրվել workpermit.am հարթակի օրինակով թվայնացնել օտարեկրյա քաղաքացիներին մյուս հիմքերով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը, ներդնել օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների կառավարման էլեկտրոնային միասնական հարթակ։ Հարթակին հասանելիություն կունենան գործընթացներում ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինները, իսկ տվյալների շտեմարանից կկարողանան օգտվել բոլոր շահագրգիռ մարմինները։ Հարթակի ներդրումը հնարավորություն կտա՝  
1) ապահովել Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրացիների նույնականացումը,
2) պարզեցնել Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու ընթացակարգը,          
3) հստակեցնել կացության կարգավիճակների ձևերը՝ ընդլայնելով տրամադրման հիմքերը, թվայնացնելով դիմումների ներկայացման և քննարկման գործընթացները,       
4) ապահովել Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրացիների ամբողջական հաշվառումը, նույնականացումը և նրանց հասանելիությունը քաղաքացիներին մատուցվող ծառայություններին,        
5) պարզեցնել և հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ իրականացնելու և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրություն ունեցող օտարերկրացիների օրինական կացության կազմակերպման գործընթացը,     
6) իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրացիների վերաբերյալ առավել համընդգրկուն և ամբողջական վիճակագրության հավաքագրումը։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Ներկայացվող նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» մասի 11-րդ «Քաղաքացիներին, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների թվայնացում, պարզեցում և ավտոմատացում» կետից:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում, IN9YB պայմանավորված Է օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տրամադրման դիմումի վարույթի իրականացման համար գանձվող պետական տուրքի սահմանմամբ։

 

  1. Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

Նախագծով սահմանվել է պետական տուրք՝ օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տրամադրման դիմումի վարույթի իրականացման համար։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում /ներկայացվել է կից նախագծով/։

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծով ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետությունում օտարեկրյա քաղաքացիներին կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային մեկ միասնական հարթակի ներդրումը։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Քննարկվել է

    27.08.2024 - 11.09.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Միգրացիա և քաղաքացիություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2077

Տպել

Առաջարկներ`

Անժելիկա Հակոբյան

10.09.2024

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սպառիչ կերպով թվարկում է այն բոլոր հիմքերը, որոնց առկայության պարագայում օտարերկրացիներին կարող է տրվել կացության կարգավիճակ։ Այդ հիմքերում բացակայում են այնպիսինները, որոնք հնարավորություն կտան այն օտարերկրացիներին, որոնք ունեն ցանկություն և բավարար գումար Հայաստանի Հանրապետությունում իրենց կեցությունն ապահովելու՝ առանց լրացուցիչ կապեր ունենալու պետության հետ, օրինականացնել իրենց բնակությունը պետությունում։ Առաջարկում ենք «Օտարերկրացիների մասին» օրենքում սահմանել ֆինանսապես կայուն անձ համարվելու հիմքով Հայաստանի Հանրապետության կացության կարգավիճակ ստանալու հիմք, որն ուղղված կլինի ինչպես պետության տնտեսական, այնպես էլ միգրացիոն ոլորտների զարգացմանը։ Նման ծրագրի մշակման համար որպես հաջողված օրինակներ կարող են դիտարկվել մի շարք պետությունների նույնաբնույթ ծրագրերը, օրինակ՝ Մեքսիկայի, Պորտուգալիայի, Արգենտինայի, Մալայզիայի և այլն։ Ծրագրի հիմնական նպատակներից մեկն ապահովելն է, որ օտարերկրացիները, որոնք ցանկանում են կապ ստեղծել Հայաստանի հետ, միաժամանակ ֆինանսապես ինքնաբավ լինեն՝ Հայաստանում սեփական միջոցները ծախսելու հնարավորությամբ։ Ծրագրով պետք է նախատեսվի, որ ֆինանսապես կայուն անձ համարվելու համար օտարերկրացին պետք է ունենա, օրինակ, տարեկան առնվազն ութ միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով եկամուտ, կամ բանկային հաշվին առկա լինեն դրամական միջոցներ՝ նվազագույնը տասնվեց միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով: Գումարի որոշված սահմանաչափը համապատասխանում է Հայաստանի կենցաղային ծախսերի տնտեսական պայմանների հետ՝ ապահովելով, որ կացության կարգավիճակ ստացած անձինք կկարողանան պահպանել արժանապատիվ կենսամակարդակ։ Առաջին տարբերակը, այն է՝ օտարերկրացին պետք է ունենա տարեկան առնվազն ութ միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով եկամուտ, ենթադրում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում անձը պետք է պարբերական կտրվածքով որևէ եկամտի աղյուրից ստացած լինի բավարար դրամական միջոցներ։ Սա վերաբերելի է այն անձանց, որոնք իրենց պետությունից ստանում են աշխատավարձ, կենսաթոշակ կամ այլ կայուն եկամուտ և ցանկանում են այդ եկամուտներն օգտագործել Հայաստանում։ Միևնույն ժամանակ, այն անձինք, որոնք չունեն կայուն եկամուտ, սակայն ունեն կուտակված դրամական միջոցներ, ևս հնարավորություն կստանան դրանց առկայության հիմքով Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու և միջոցները Հայաստանի տարածքում տնօրինելու։ Ծրագիրը նաև նպատակաուղղված կլինի այն անձանց, որոնց աշխատանքի բնույթը թույլատրում է հեռավար եղանակով կատարել այն (digital nomads) և բնակություն հաստատել այլ պետության տարածքում։ Ներկայումս նման գործունեությամբ զբաղվող անձինք, որոնք ցանկանում են Հայաստան տեղափոխվել, ստիպված են լինում Հայաստանում հիմնել իրավաբանական անձ կամ հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր՝ այդ հիմքով կացության կարգավիճակ ստանալու և Հայաստանում ազատորեն բնակվելու ու գործունեություն ծավալելու համար։ Մինչդեռ նման անձանց հնարավորություն տալն առանց մեկ լրացուցիչ քայլ անելու, այսինքն՝ առանց իրենց գործունեությանը Հայաստան տեղափոխելու, հեռավար կարգով եկամուտ ստանալն ու միաժամանակ Հայաստանում օրինական բնակություն հաստատելը միգրացիայի մեծ խթան կհանդիսանա։ Միևնույն ժամանակ, ծրագիրն օգտակար կլինի նաև թոշակառուների համար։ Վերջիններս, շարունակելով ստանալ իրենց կայուն եկամուտը՝ թոշակի տեսքով, հնարավորություն կունենան Հայաստան տեղափոխվելու և իրենց բնակությունը Հայաստանում օրինականացնելու։ Կարծում ենք՝ անվիճելի է, որ այն անձանց՝ Հայաստանում երկարաժամկետ բնակություն հաստատելը, որոնք ֆինանսապես ապահովված են, միայն արդյունավետ կլինի տնտեսական զարգացման տեսանկյունից։ Հարկ է նշել, որ նշված պայմաններին բավարարելու դեպքում օտարերկրացիները հնարավորություն կունենան ձեռք բերելու ժամանակավոր կացության կարգավիճակ։ Մինչդեռ կացության կարգավիճակի այլ տեսակների պարագայում պայմանները համապատասխանաբար կտարբերվեն։ Մասնավորապես, մշտական կացության կարգավիճակ ստանալու համար նշված եկամտի և դրամական միջոցների վերաբերյալ պահանջները ենթակա կլինեն բազմապատկման հինգով, իսկ հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար՝ տասով: Մշտական և հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար ավելի բարձր ֆինանսական շեմերի սահմանումը, նախևառաջ, հիմնվում է այն հանգամանքի հիման վրա, որ դրանք անձին առավել երկար ժամկետով են Հայաստանում օրինական բնակվելու հիմք շնորհում։ Բացի դրանից, սա ուղղված է ներգրավելու այն անձանց, որոնք ոչ միայն ֆինանսապես կայուն են, այլև պատրաստ են երկարաժամկետ կապ ստեղծել Հայաստանի հետ և, մեծ հավանականությամբ, խթանել տնտեսությունը, ներդրումներ կատարել և այլն։ Տարբեր պետությունների ծրագրերը, օրինակ՝ Մեքսիկայի «Residency Visa Through Economic Solvency», Պորտուգալիայի «Passive Income visa», Մալայզիայի «My Second Home Program», Արգենտինայի «Rentista and Pensionado Visa», ցույց են տվել, որ ֆինանսապես կայուն անձանց կացության կարգավիճակի տրամադրումը նպաստում է տնտեսության զարգացմանը՝ առանց պետությանը ծանրաբեռնելու։ Նախագծերի փաթեթով առաջարկվող ծրագիրը որպես հիմք է վերցրել վերոնշյալ հաջողված մոդելները՝ դրանք հարմարեցնելով Հայաստանի տնտեսական և սոցիալական առանձնահատկություններին։ Հարկ է նաև նշելը, որ համաձայն առաջարկվող ծրագրի՝ ֆինանսական ստուգման գործընթացը հիմնարար է ծրագրի ամբողջականության համար: Նախատեսվում է, որ եկամտի կամ դրամական միջոցների առկայությունը պետք է ապացուցվի Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ֆինանսական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի (օրինակ՝ քաղվածքի կամ տեղեկանքի) միջոցով, իսկ օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի դեպքում վերջինս պետք է վավերացված լինի: Փաստաթուղթը պետք է տեղեկություններ պարունակի այն մասին, որ կացության կարգավիճակ ստանալու դիմումի ներկայացմանը նախորդող 12 ամսվա ընթացքում անձի կողմից ստացված եկամտի չափը կամ բանկային հաշվի միջին մնացորդը հավասար կամ ավելին է, քան սահմանված նվազագույն չափը։ Այս փաստաթղթի ներկայացումը կարևոր նշանակություն կունենա, քանի որ բացի նրանից, որ կապացուցի գումարի անհրաժեշտ չափի առկայությունը, այլև թույլ կտա համոզվել, որ եկամուտներն օրինական են և որ դրամական միջոցները պահվում են օրինական եղանակով։ Եզրափակելով՝ հարկ է նշել, որ ֆինանսապես կայուն անձ համարվելու հիմքով Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ձեռք բերելու վերաբերյալ առաջարկվող ծրագիրը կհավասարակշռի նման անձանց ներգրավման տնտեսական օգուտները Հայաստանի միգրացիոն կարգավիճակի զարգացման հետ: Հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը և այն պրոյեկտելով հայաստանյան իրականությանը՝ ծրագիրը որպես արդյունավետ ռազմավարություն կհանդիսանա տնտեսական աճի խթանման և մշակութային բազմազանության ամրապնդման համար։ Այսպիսով, առաջարկում ենք «Օտարերկրացիների մասին» օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր մասով՝ «Սույն օրենքի 15-րդ, 16-րդ և 18-րդ հոդվածներով սահմանված՝ ֆինանսապես կայուն անձ համարվելու չափանիշները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»։ Նույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր կետով՝ «ֆինանսապես կայուն անձ համարվելը»։ Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր կետով՝ «ապացուցում է իր՝ ֆինանսապես կայուն անձ համարվելը։»։ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությամբ՝ «Հատուկ կացության կարգավիճակ կարող է տրվել նաև ֆինանսապես կայուն անձ համարվող օտարերկրացիներին։»։ Միևնույն ժամանակ, օրենսդրական առաջարկվող փոփոխություններն ապահովելու համար հարկավոր կլինի ընդունել Կառավարության որոշում՝ ֆինանսապես կայուն անձ համարվելու չափանիշները սահմանելու մասին։ Մասնավորապես, առաջարկում ենք Կառավարության որոշմամբ սահմանել, որ 1) Ֆինանսապես կայուն անձ է համարվում այն օտարերկրացին, որն ունի բավարար եկամուտ կամ դրամական միջոցներ Հայաստանի Հանրապետությունում գտնվելիս իր կեցության ծախսերը հոգալու համար և որի կողմից տնօրինվող եկամուտը կարող է դրական ազդել սպառման, ներդրումների կամ խնայողությունների մակարդակի վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, 2) Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար ֆինանսապես կայուն անձ համարվելու համար նվազագույն եկամտի պահանջը սահմանվում է տարեկան ութ միլիոն դրամ կամ դրան համարժեք արտարժույթ, 3) Ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար ֆինանսապես կայուն անձ համարվելու համար օտարերկրացին կարող է նաև ցույց տալ իր բանկային հաշվին դրամական միջոցների առկայությունը՝ նվազագույնը տասնվեց միլիոն դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, 4) Եկամտի կամ դրամական միջոցների առկայությունը կարող է ապացուցվել Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված ֆինանսական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի (օրինակ՝ քաղվածքի կամ տեղեկանքի) միջոցով։ Օտարերկրյա ֆինանսական կազմակերպության կողմից տրված փաստաթղթի դեպքում վերջինս պետք է լինի վավերացված: Փաստաթուղթը պետք է ցույց տա, որ դիմումի ներկայացմանը նախորդող 12 ամսվա ընթացքում ստացված եկամտի չափը կամ բանկային հաշվի միջին մնացորդը հավասար կամ ավելին է, քան սույն հավելվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված չափերը, 5) Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված եկամտի և դրամական միջոցների վերաբերյալ պահանջները ենթակա են բազմապատկման հինգով, իսկ հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար՝ տասով: Որպես վերոնշյալ առաջարկի լրացում՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N-134 որոշման Հավելված N4-ի 1-ին կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․ «Բանկի կամ ֆինանսական կազմակերպության կողմից տրված քաղվածք կամ տեղեկանք, որը պարունակում է բանկային հաշվի՝ վերջին տասներկու ամսվա շարժի վերաբերյալ տվյալներ կամ բանկային հաշվի միջին մնացորդի վերաբերյալ տվյալներ (միայն ֆինանսապես կայուն անձանց համար)»: Ինչպես նաև, առաջարկում ենք նույն որոշման Հավելված N5-ի 1-ին կետում «ինչպես նաև» արտահայտությունը փոխարինել ստորակետով, իսկ «օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» արտահայտությունից հետո լրացնել «, ինչպես նաև ֆինանսապես կայուն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» բառերով։

Անժելիկա Հակոբյան

10.09.2024

«Օտարերկրացիների մասին» օրենքի 29․2-րդ հոդվածով սահմանվում է, որ «աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի գործողության ժամանակահատվածում, աշխատանքային պարտականությունների կատարմամբ պայմանավորված, ինչպես նաև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով օտարերկրացու մահվան դեպքում գործատուն հոգում է նրա դին ծագման պետություն տեղափոխելու հետ կապված ծախսերը»։ Առաջարկում ենք նշված դրույթից հանել «ինչպես նաև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով օտարերկրացու մահվան դեպքում» արտահայտությունը։ Նախ՝ արտահայտության ձևակերպումը և բառերի ընտրությունը հաջող չէ։ Մասնավորապես, ձևակերպումը պետք է ի սկզբանե հետևյալ կերպ նախատեսված լիներ․ «ինչպես նաև դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով օտարերկրացուն մահացած ճանաչելու դեպքում»։ Սակայն, ձևակերպումից զատ՝ բովանդակային իմաստով դրույթը ևս անհասկանալի է։ Բանն այն է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի՝ քաղաքացին դատարանով կարող է մահացած ճանաչվել, եթե նրա բնակության վայրում որոշակի ժամանակահատվածում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, կամ եթե նա անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետևանքով։ Այսինքն՝ դատարանի կողմից անձին մահացած ճանաչելու դեպքում անձի գտնվելու վայրը հայտնի չի լինում, հետևաբար վերջինիս դին տեղափոխելը ծագման պետություն անհնար է։

Անժելիկա Հակոբյան

10.09.2024

«Օտարերկրացիների մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «աշխատանքային պայմանագրում (ծառայությունների մատուցման պայմանագրում) պետք է ներառվեն նաև օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետություն փոխադրման, սոցիալական ապահովության և ապահովագրության, դիմավորման, կացարանով ապահովման և բնակության վայրում հաշվառման և վերադարձի հետ կապված հարցերը»։ Առաջարկում ենք նշված դրույթից հանել «սոցիալական ապահովության և» արտահայտությունը, քանի որ հասկանալի չէ, թե ինչ է ենթադրում սոցիալական ապահովությունն այս պարագայում։ Միաժամանակ, հարկ է շեշտել, որ օտարերկրացի աշխատողի և նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության վերաբերյալ չափանիշներ որևէ ակտով սահմանված չեն։

Տեսնել ավելին