«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
0 - Կողմ
-
10 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Նախագծերով նախատեսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի դրույթների գործնական կիրառման ընթացքում ծագած խնդիրների լուծման, օրենքով սահմանված մի շարք դրույթների հստակեցման, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դրույթների հետ հակասությունների վերացման, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից իրականացվող վարչարարական գործընթացների պարզեցման, իրականացվող մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան փոփոխությունների և լրացումների իրականացում։ Միաժամանակ, նախատեսվում են օրենքով սահմանված անձանց առանձին կատեգորիաների (օրինապահ տնտեսվարողներ, անմաքս առևտրի խանութների տիրապետողներ, մաքսային ներկայացուցիչներ) առավել արդյունավետ գործունեությունն ապահովող, ինչպես նաև նշված անձանց նկատմամբ մաքսային մարմինների կողմից արդյունավետ հսկողության իրականացումն ապահովող դրույթներ։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
1․ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում են հետևյալ կարգավորումները․
- Մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրի վարման և մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների բացթողման նկատմամբ համապատասխան հսկողական միջոցառումների իրականացման ընթացքում առաջացել է օրենքով սահմանված որոշ դրույթների հստակեցման և հսկողության գործընթացն ապահովող նորմերի լրացման անհրաժեշտություն։ Մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում արդեն իսկ գրանցված օբյեկտների՝ ռեեստրում ներառման ժամանակահատվածի երկարաձգման վերաբերյալ որոշման կայացման դեպքում իրավատիրոջ կողմից անձանց վնաս պատճառելու համար պատասխանատվության ռիսկի ապահովագրություն ներկայացնելու նորմ սահմանված չէ, ինչը հանդիսանում է մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում ներառման համար պարտադիր պայման։ Նախատեսվում են որոշ հստակեցումներ՝ իրավատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձին մաքսային մարմնի կողմից իրազեկման նպատակով վերջիններիս կողմից համապատասխան տվյալների ներկայացման, տերմինների հստակեցման, մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրի հրապարակման մասով։
Միաժամանակ, նախատեսվում է, որպես մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրում մտավոր սեփականության օբյեկտների չընդգրկման կամ արդեն իսկ ընդգրկված օբյեկտների՝ ռեեստրից հանման հիմք՝ նախատեսել Միության անդամ պետությունների միասնական ռեեստրում այդպիսի օբյեկտների ընդգրկվելու հանգամանքը։ Որպես մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրից մտավոր սեփականության օբյեկտների հանման հիմք նախատեսվում է նաև սահմանել մտավոր սեփականության օբյեկտի ռեեստրում գրանցման ժամկետի ընթացքում պատասխանատվության ռիսկի ապահովագրության ժամկետի ավարտվելու հանգամանքը, եթե նոր ապահովագրություն չի ներկայացվել։
- Նախատեսվում է առանձնաշնորհումների կիրառման համար ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման գործառույթը վերապահել մաքսային մարմիններին, ինչի արդյունքում ակնկալվում է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցում, մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակի նվազեցում և վարչարարական այլ գործընթացների պարզեցում։ Նախատեսված նորմի ընդունման պարագայում սակագնային առանձնաշնորհումների կիրառման նպատակով տնտեսվարողները կառնչվեն մեկ պետական մարմնի հետ, ինչի արդյունքում կկրճատվեն տնտեսվարողների ժամանակային ծախսերը։ Միաժամանակ, մաքսային մարմինների տեսանկյունից կապահովվի վարչարարական գործընթացների դյուրինացում։
- Նախագծով նախատեսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում կիրառված որոշ հասկացություններ համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված հասկացությունների հետ։
- Նախատեսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքով ՀՀ կառավարությանը և պետական եկամուտների կոմիտեին վերապահված իրավասությունների համապատասխանեցում միմյանց, ինչպես նաև իրավասությունների խմբագրում՝ դրանք համապատասխանեցնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված նորմերին։
- Նախատեսվում է կանոնակարգել ժամանակավոր ներմուծման և ժամանակավոր արտահանման ժամկետների երկարաձգման հետ կապված հարաբերությունները՝ դրանք համապատասխանեցնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված կարգավորումներին։ Նախատեսվում է նաև ժամանակավոր արտահանման ժամկետների երկարաձգման կամ մերժման վերաբերյալ հայտարարատուին ծանուցման ժամկետի սահմանում՝ ժամանակավոր ներմուծման ժամկետների երկարաձգման մասով օրենքով սահմանված նորմերին համանման։
- Նախատեսվում է «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման համար թույլտվության տրամադրման մերժման հիմքերը լրացնել տվյալ ընթացակարգի պայմանների չպահպանման համար՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված նորմերով, ինչպես նաև խմբագրել համապատասխան թույլտվության մերժման հետ կապված նորմերը։ Նախատեսվում է նաև տվյալ մաքսային ընթացակարգի համար Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված բոլոր պայմանների պահպանվածության հանգամանքը ստուգել համապատասխան թույլտվության տրամադրման փուլում, որից հետո ապրանքները կձևակերպվեն համապատասխան մաքսային ընթացակարգով։
- Նախատեսվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող, ինչպես նաև մաքսային ներկայացուցիչների գործունեություն իրականացնող անձանց համար սահմանել օրինապահ համարվելու դրույթներ և նախատեսել նշված անձանց համար մաքսային սահմանով ապրանքների տեղափոխմանն առնչվող հատուկ պարզեցումների կիրառման հնարավորություն։ Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներին բավարարող անձանց համար օրինապահության հավաստագրի տրամադրման, այդպիսի հավաստագրի գործողության ժամկետի, դադարեցման և գործողության այլ պայմանների մասով կարգավորումներ։ Համապատասխան հավաստագիր ունեցող անձինք հնարավորություն կունենան օգտվելու մաքսային գործառնությունների մասով որոշակի պարզեցումներից, որոնց ցանկը կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։
- Նախատեսվում է ապահովել արտագնա մաքսային ստուգման իրականացման նպատակով մաքսային ստուգում անցկացնելու մասին որոշումը (կարգադրագիրը) ստուգման ենթարկվող անձին էլեկտրոնային եղանակով ծանուցելու հնարավորությունը։ Միաժամանակ, նախագծով նախատեսվում է նաև բացառել մաքսային ստուգման ընթացքում մաքսային մարմինների կողմից իրականացվող լրացուցիչ վարչարարական գործընթացները։
- Նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված՝ պարտադիր կազմով ներկայացված նախնական տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում ապրանքների ներմուծման գրծարքներին վերագրել բարձր ռիսկ՝ նախնական տեղեկատվության համակարգի կիրառման շրջանակների ընդլայնումը խթանելու նպատակով: Նախնական տեղեկատվության համակարգի կիրառման շրջանակների ընդլայնման անհրաժեշտությունը պայմանավորված է նախապես հավաքագրված տեղեկությունների վերլուծության հիման վրա մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության ձևերի և (կամ) օբյեկտների ընտրության իրականացման անհրաժեշտությամբ։ Նշվածի արդյունքում նախապես կայացված որոշումների հիման վրա կկրճատվի սահմանահատման և մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացի տևողությունը։
- Նախատեսվում է ապրանքների բացթողումից հետո իրականացվող ստուգման շրջանակներում ապրանքների դասակարգման իրականացման անհրաժեշտության դեպքում ապահովել մաքսային մարմնի կողմից համապատասխան փաստաթղթի կազմման հնարավորությունը, որի հիման վրա կիրականացվի ապրանքների դասակարգումը: Նախագծով նաև նախատեսվում է սահմանել, որ ապրանքների դասակարգման որոշման բողոքարկումը չի կասեցնում նշված որոշման գործողությունը՝ հիմք ընդունելով այն, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի համաձայն այդպիսի որոշումը պարտադիր է հայտարարատուի համար:
- Ապրանքների դասակարգման շրջանակներում նախատեսվում է նաև մեկ անվանումով (առևտրային) և նկարագրությամբ ապրանքների մասով ապրանքների դասակարգման մեկ որոշման ընդունման հնարավորություն։
- Նախատեսվում է արտագնա մաքսային ստուգման կասեցման կարգավորումների վերանայում՝ համապատասխան հարցումների իրականացման անհրաժեշտության առկայության դեպքում ստուգման արդյունքների ամփոփման ժամանակ այդպիսի հարցումների պատասխանը ստանալու և կիրառելու նպատակով: Միաժամանակ, որպես մաքսային ստուգման ժամկետի կասեցման լրացուցիչ հիմք նախատեսվում է սահմանել ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված գործողությունների իրականացումը:
- Նախատեսվում է «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգերի ավարտից հետո նոր մաքսային ընթացակարգով ձևակերպման արդյունքում օտարերկրյա ապրանքների՝ դեպի նոր նշանակման վայր փոխադրման նկատմամբ արդյունավետ մաքսային հսկողության իրականացման նպատակով այդպիսի ապրանքների՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման հնարավորություն:
- Նախագծով նախատեսվում է ընդլայնել ստացողի պահեստում ապրանքների ժամանակավոր պահպանության իրականացման դեպքերը: Մասնավորապես, նախատեսվում է, որ ստացողի պահեստում ապրանքների ժամանակավոր պահպանությունը թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ ապրանքների ստացողը պետական մասնակցության կամ համայնքային մասնակցությամբ ստեղծված կամ պետական մարմնի կամ համայնքի ենթակայության տակ գտնվող կազմակերպություն է։
- Նախագծով նախատեսվում է վերամշակման մաքսային ընթացակարգերին առնչվող նորմերի հստակեցում։ Մասնավորապես, նախատեսվում է լիազորող նորմերի լրացում, վերամշակման թույլտվությունների ժամկետների երկարաձգման առավել արտոնյալ պայմանների սահմանում (տնտեսվարողները հնարավորություն կունենան վերամշակման թույլտվությունների ժամկետների երկարաձգման համար դիմել նաև վերամշակման ժամկետի ավարտից հետո), վերամշակման թույլտվությունների հետկանչի համար համապատասխան հիմքերի խմբագրում, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից իրականացվող վարչարարության պարզեցում։
- Նախագծով նախատեսվում է հստակեցնել մաքսային գործի բնագավառում ռեեստրային գործունեություն իրականացնող անձանց՝ համապատասխան ռեեստրներից հանելու հիմքերը և ռեեստրում ներառման պայմանները։ Մասնավորապես, նախատեսվում է մաքսային հսկողության գոտիների պահանջները ժամանակավոր և մաքսային պահեստների համար համապատասխանեցնել միմյանց, ռեեստրային գործունեության համար առանձին պարտականությունների չկատարման հանգամանքը նախատեսել որպես ռեեստրից հանելու հիմք՝ այն հիմնավորմամբ, որ հաճախակի խախտումների իրականացման դեպքում սահմանված պատասխանատվությունը գործնականում բավարար չէ համապատասխան պարտականությունների կատարման ապահովման համար։
- Նախագծով նախատեսվում է խմբագրել մաքսային կանոնների խախտման համար սահմանված պատասխանատվության դրույթները։ Մասնավորապես, մի շարք դեպքերում իրավախախտման համար սահմանված պատասխանատվությունը անհամաչափ է նախատեսված կատարված արարքի համեմատությամբ։ Ընդ որում, որոշ դեպքերում սահմանված է անհամեմատ ավելի մեղմ պատասխանատվություն, քան կատարված իրավախախտումը, իսկ որոշ դեպքերում՝ անհամեմատ խիստ։ Նշվածով պայմանավորված նախագծով առաջարկվում է մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվություն նախատեսող որոշ դրույթների խմբագրում՝ սահմանելով կատարված իրավախախտմանը համաչափ պատասխանատվություն։
- Նախագծով նախատեսվում է մաքսային կանոնների խախտման համար սահմանված պատասխանատվության նորմերում կիրառված հասկացությունները համապատասխանեցնել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված դրույթներին։ Մասնավորապես, բոլոր այն դեպքերում, երբ պատասխանատվությունը վերաբերում է ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքներին և պատասխանատվությունը փոխկապակցվածության մեջ է ապրանքների մաքսային արժեքի հետ, նախատեսվում է նորմերը խմբագրել և պատասխանատվությունը փոխկապակցվածության մեջ նախատեսել ապրանքների արժեքի հետ՝ հաշվի առնելով այն, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային արժեք չի հաշվարկվում և կիրառվում է «անձնական օգտագործման ապրանքների արժեք» հասկացութունը։
- Նախագծով նախատեսվում է ապրանքների բացթողումից հետո թույլատվական փաստաթղթերի ներկայացմանն առնչվող դրույթների համապատասխանեցում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված նորմերին։ Մասնավորապես, նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ առկա կլինեն ապրանքների բացթողումից հետո հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրում համապատասխան ճշգրտումների իրականացման հիմքեր, ապա հայտարարատուի կողմից օրենքով նախատեսված լրացուցիչ դիմումի փոխարեն կներկայացվեն միայն այդպիսի փաստաթղթերն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված ապրանքների ճշգրտման ձևը։
- Նախագծով նախատեսվում է հստակեցնել ապրանքների բացթողնման մերժման դեպքում այդպիսի մերժման պատճառների վերացման վերաբերյալ առաջարկությունների՝ մաքսային մարմնի կողմից հայտարարատուին ներկայացման վերաբերյալ դրույթները։ Մասնավորապես, օրենքի գործող՝ հայեցողական դրույթի փոխարեն նախատեսվում է, որ այդպիսի առաջարկությունները կներկայացվեն մաքսային մարմինների կողմից իրականացված հսկողության արդյունքների հիման վրա։
Նախագծով նախատեսվում են մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դրույթների գործնական կիրառման ընթացքում ծագած խնդիրների կարգավորման, առանձին կատեգորիայի անձանց նկատմամբ պարզեցված ընթացակարգերի սահմանման և մաքսային մարմինների կողմից արդյունավետ հսկողության ապահովման դրույթներ, ինչպես նաև մաքսային մարմիններին լրացուցիչ գործառույթների վերապահման կարգավորումներ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վարչարարական գործընթացների պարզեցում, մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատում, մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետության աճ։
2․ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է մաքսային մարմինների կողմից առանձնաշնորհային հավաստագրերի տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերի սահմանում՝ ըստ առանձին դեպքերի, ինչպես նաև պետական տուրքի վճարման ժամկետների սահմանում։
3․ «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է առևտրաարդյունաբերական պալատի կողմից ապրանքների ծագման սերտիֆիկատների տրամադրմանն առնչվող դրույթից բացառություն նախատեսել՝ սակագնային առանձնաշնորհումների կիրառման նպատակով մաքսային մարմինների կողմից տրամադրվող առանձնաշնորհային հավաստագրերի մասով։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերն առնչվում են ՀՀ կառավարության 18․11․2021թ․ N1902-Լ որոշմամբ սահմանված՝ «ՀՀ պետական եկամուտների կոմիտե» բաժնի 2․3-րդ կետով նախատեսված՝ «Օրինապահ հարկ վճարողների համակարգի կատարելագործում» միջոցառմանը, ինչպես նաև ՀՀ կառավարության 12․12․2019թ․ N1830-Լ որոշմամբ նախատեսված՝ «2.1.4. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում» միջոցառմանը։
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Միաժամանակ, նախագծերով մաքսային մարմիններին նոր գործառույթի՝ առանձնաշնորհային հավաստագրերի տրամադրման գործառույթի վերապահման արդյունքում անհրաժեշտություն կարող է առաջանալ՝ մաքսային մարմնում կառուցվածքային նոր միավորի ստեղծման, համապատասխան մասնագետների ներգրավման և (կամ) մասնագետների վերապատրաստման:
-
Քննարկվել է
23.08.2024 - 07.09.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 949
Տպել