Հիշել նախագիծը

«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-42-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

« 4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրման նպատակով տրվող փորձագիտական եզրակացությունը պարտավոր են կազմել և Կոմիտե ներկայացնել Կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով` sw.gov.am էլեկտրոնային համակարգի միջոցով` պարտադիր լրացնելով ապրանքի մոդելը, մակնիշը և նկարագրությունը:

Կոմիտեն, սույն մասի 1-ին պարբերության համաձայն ստացված տեղեկատվության հիման վրա, վարում և իր պաշտոնական ինտերնետային կայքում, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը, աճողական եղանակով հրապարակում է այն ապրանքների ցանկը, որոնց վերաբերյալ սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան տրվել է փորձագիտական եզրակացություն այն մասին, որ դրանք չեն հանդիսանում հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում ներառված ապրանքներ: Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում փոփոխություններ կատարելու դեպքում` նախքան փոփոխող իրավական ակտի ուժի մեջ մտնելը շրջանառության հսկողության պետական կառավարման լիազոր մարմինն ապահովում է  սույն մասում նշված ցանկից այն ապրանքները հանումը, որոնք ներառվել են հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների ցանկում:»:

 

Հոդված 2. 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամիսը լրանալու օրվան հաջորդող օրը:
  2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 12.1-ին հոդվածը լրացնել 4-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ.

 

«4. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանք հանդիսանալու վերաբերյալ փորձաքննություն իրականացնող յուրաքանչյուր անձ պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրման նպատակով տրվող փորձագիտական եզրակացությունը կազմել և Կոմիտե ներկայացնել Կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով` sw.gov.am էլեկտրոնային համակարգի միջոցով` պարտադիր լրացնելով ապրանքի մոդելը, մակնիշը և նկարագրությունը:

Մաքսային մարմինը վարում և իր պաշտոնական ինտերնետային կայքում մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը, աճողական եղանակով հրապարակում է այն ապրանքների ցանկը, որոնց վերաբերյալ ապրանքի փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ դրանք չեն հանդիսանում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում ներառված ռազմական նշանակության արտադրանք: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում փոփոխություններ կատարելու դեպքում` նախքան փոփոխող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ՀՀ պաշտպանության նախարարությունն ապահովում է  սույն մասում նշված ցանկից այն ապրանքները հանումը, որոնք ներառվել են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ցանկում:»:

 

Հոդված 2. 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող վեցերորդ ամիսը լրանալու օրվան հաջորդող օրը:
  2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

 

 

  • Քննարկվել է

    08.08.2024 - 23.08.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1183

Տպել