Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 23-ի N 727-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման

 

  1. Անհրաժեշտությունը

  Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը կանոնակարգման ճկունությունն ապահովելու, տեղական մետալուրգիական և մետաղամշակման արտադրությունը զարգացնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում մի շարք մետաղների հանքավայրերի բացակայության պարագայում Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկությունները որպես հումք օգտագործում են սև և գունավոր մետաղների ջարդոն ու թափոն՝ Կառավարության 23.05.2024թ. N 727-Ն որոշմամբ արգելվել է այդ մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը։

Սակայն սահմանափակումների կիրառման ընթացքում առաջացել են խնդիրներ կապված ԱՏԳ ԱԱ 84 և 85 ծածկագրին դասվող որոշ օգտագործված ապրանքների մասով, ինչն իր հերթին, առաջացնում է որոշակի բարդություններ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման կենցաղային ապրանքների արտահանման դեպքում։

Նշված բարդությունները բացառելու նպատակով առաջարկում ենք արտահանման արգելք կիրառված ցանկից հանել ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող՝ 8451 (սարքավորումներ, որոնք նախատեսված են մանվածքը, գործվածքները եւ պատրաստի մանածագործական արտադրատեսակները լվանալու, մաքրելու, քամելու, չորացնելու, արդուկելու, մամլելու համար), 8452 (կարի մեքենաներ), 8453 (սարքավորումներ՝ մորթի կամ կաշի նախապատրաստելու, դաբաղելու կամ մշակելու համար, կաշվե կոշիկներ կամ մորթուց կամ կաշվից այլ իրեր պատրաստելու կամ նորոգելու համար) և 8480 (ձուլման կաղապարարկղեր մետաղաձուլական արտադրության համար, ձուլման տակդիրներ)ծածկագրին դասվող ապրանքները (նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետ):

Նախագծի 3-րդ ենթակետով առաջարկվում է բացառություններ սահմանել նաև «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող և հետագայում վերադարձվող ապրանքների համար, ինչը հնարավորություն կտա գործունեության ընթացքում շարքից դուրս եկած մասերը (օրինակ՝ շարժիչներ, գեներատորներ, տրանսֆորմատորներ և գործող սարքավորումների այլ մասեր) արտահանել վերը նշված ընթացակարգով վերանորոգման և վերադարձման համար։

Հարկ է նշել որ Հայաստանում կոռոզիակայուն (չժանգոտվող) պողպատի ջարդոնի և թափոնի ծավալները մեծ չեն, հետևաբար հանրապետությունում մետաղի ջարդոնի և թափոնի հավաքմամբ զբաղվող տնտեսվարողները հիմնականում չեն զբաղվում  կոռոզիակայուն պողպատի հավաքմամբ։ Միաժամանակ, կոռոզիակայուն պողպատի վերամշակման պրոցեսը նույնպես ունի իր տեխնոլոգիական առանձնահատկությունները ու բարդությունները, ուստի, (ըստ մետաղի ձուլմամբ զբաղվող ընկերությունների) հանրապետությունում առկա արտադրական հզորություններով ու տեխնոլոգիաներով դրանց վերամշակումը դառնում է ոչ արդյունավետ, իսկ նոր տեխնոլոգիաների ներդրումը հանրապետությունում առկա սահմանափակ պաշարների վերամշակման համար տնտեսապես չի հիմնավորվում։ Ուստի, կոռոզիակայուն պողպատի ջարդոնի և թափոնի արտահանման արգելքի պարագայում (երբ տեղական մետալուրգիական ու մետաղագործական ընկերությունները հետաքրքրված չեն այն վերամշակելու)՝  հավաքված ջարդոնն ու թափոնը չգտնելով կիրառություն՝ տնտեսավարողների համար առաջացնում է խնդիրներ, մասնավորապես՝ ֆինանսական միջոցների սառեցման և տարածքների աննպատակ զբաղեցման տեսքով։

Այդ իսկ նպատակով Կառավարության 23.12.2023թ. N 2269-Ն որոշմամբ 5 ամիս ժամկետով (29.01.2024-29.06.2024թ.) թույլատրվել էր  ընդհանուր մինչև 5000 տոննա ԱՏԳ ԱԱ 7204 21 100 0 դասակարգչին համապատասխանող 8% կամ ավել նիկելի պարունակությամբ լեգիրացված կոռոզիակայուն պողպատի ջարդոնի և (կամ) թափոնի Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխումը և/կամ երրորդ երկրներ արտահանումը։ Սակայն, պայմանավորված որոշ հանգամանքներով (մասնավորապես՝ Դեբեդ գետի հունի բարձրացման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում երկաթգծի շարքից դուրս գալը), տնտեսավարողները չեն հասցրել արտահանել վերը նշված որոշմամբ սահմանված չափաքանակները, ուստի անհրաժեշտություն է առաջացել հնարավորություն տալ տնտեսավարողներին արտահանելու շուրջ 3000 տոննա դեռևս չարտահանված կոռոզիակայուն պողպատի ջարդոնն ու թափոնը։ Հարկ է նշել, որ  բիզնեսի կողմից ներկայացվել է սույն խնդիրը Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ոլորտի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցած հանդիպում-քննարկումների ժամանակ, որի վերաբերյալ Ազգային Ժողովի գործընկերների կողմից առաջարկվել է բացառություն սահմանելու միջոցով լուծել բիզնեսի կողմից բարձրացված խնդիրը։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Վարչապետին են դիմել նաև ցիրկոնիումի ջարդոնի և թափոնի արտահանման թույլտվության համար (որը նույն տեխնոլոգիական խնդիրներից ելնելով չի վերամշակվում Հայաստանում և չունի կիրառություն)՝ նախագծով նախատեսվում է թույլատրել (5 ամիս ժամկետով) 3 տոննա ցիրկոնիումի ջարդոնի և թափոնի արտահանումը (նախագծի 1-ին կետի 4-րդ ենթակետ)։

Նախագծի մեկ այլ կետով (նախագծի 1-ին կետի 1-ին ենթակետ) շտկվում է վրիպակը, որը տեղ է գտել մայր որոշման մեջ։   

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 23-ի N 727-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 23-ի N 727-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հասարակության և պետության կողմից հատկացված մարդկային, նյութական, ֆինանսական և այլ ռեսուրսները պետության ու հասարակության անվտանգությանն առավելագույն արդյունավետությամբ ծառայեցում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Տնտեսավարողների մոտ կուտակված և Հայաստանում կիրառություն չունեցող ջարդոնի և թափոնի որոշակի տեսակների արտահանմանը չխոչընդոտելը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն նախագծի ընդունումը կնպաստի տնտեսավարողներին լուծել Հայաստանում կիրառություն չունեցող որոշ մետաղների ջարդոնի և թափոնի իրացման խնդիրները։

7 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

-

  1. Այլ տեղեկություններ

-

  • Տևողություն

    12.07.2024 27.07.2024
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 469

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: