Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը։

Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգի (այսուհետ՝ կարգ) ընդունումը պայմանավորված է 2024 թվականի մայիսի 25-26-ին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի դիմաց փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 27-ի N 772-Ն որոշմամբ  Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ և սահմանվել են դրանց տարածքները։ 2024 թվականի մայիսի 25-26-ը հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով Լոռու և Տավուշի մարզերում գյուղատնտեսական գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ առաջացել են ֆինանսական խնդիրներ՝ կապված գյուղատնտեսական կենդանիների անկման կամ կորստի, ինչպես նաև պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների ոչնչացվելու կամ կորստի հետ։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը չի բխում ոլորտային կամ այլ ռազմավարական փաստաթղթերից։

Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծով հաստատվող կարգի հիմնական նպատակն է` Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում զբաղված տնտեսավարողներին, անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիների, ոչնչացված կամ կորսված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների դիմաց տրամադրվող փոխհատուցման միջոցով նպաստել աղետի գոտու տարածքներում գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների կրած վնասների մեղմանը։

Սույն կարգով փոխհատուցումը տրամադրվում է Ներքին գործերի նախարարության կողմից Էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն)  տրամադրած արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովներում Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման (գույքագրման) համայնքային հանձնաժողովների կողմից կազմված և արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված, ըստ համայնքների անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանների, ոչնչացված կամ կորսված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների ամփոփված տվյալների հիման վրա: Նախարարությունն ամփոփում է տվյալները և փոխհատուցման համար նախատեսված գումարը փոխանցում համայնքի հաշվեհամարին։ Համայնքը գումարը փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամարներին։

 

Տարերային աղետի հետևանքով անկած, կորսված գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և մեղվաընտանիքների արժեքի և փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման համար կիրառվել են հետևյալ սկզբունքները․

  • Խոզերի արժեքը հաշվարկելու համար յուրաքանչյուր սեռահասակային խմբի համար հաշվարկվել է միջին կենդանի զանգվածը և հաշվի առնելով սպանդային ելքը (խոզերի համար 60%), որոշվել է մսեղիքի զանգվածը։ Ապա մսեղիքի զանգվածը բազմապատկվում է 1 կգ խոզի մսի իրացման գնով և որոշվում 1 գլուխ կենդանու միջին արժեքը։
  • Խոշոր եղջերավոր կենդանիների արժեքը հաշվարկելու համար յուրաքանչյուր սեռահասակային խմբի համար հաշվարկվում է միջին կենդանի զանգվածը և հաշվի առնելով սպանդային ելքը (տավարի համար՝ 50%), որոշվում է մսեղիքի զանգվածը։ Ապա մսեղիքի զանգվածը բազմապատկվում է 1կգ տավարի մսի իրացման գնով և որոշվում 1 գլուխ կենդանու միջին արժեքը։
  • Մանր եղջերավոր կենդանիների արժեքի հաշվարկման համար հիմք է հանդիսացել 1 գլխի հաշվով ստացվող մսեղիքի իրացման արժեքը։
  • Մեղվափեթակի, ճագարների, թռչունների արժեքը հաշվարկելու համար հիմք է ընդունվել 1 միավորի միջին շուկայական արժեքը։

     Հարկ է նշել , որ վերոհիշյալ հաշվարկների համար հիմք են հանդիսացել օպերատիվ տվյալները, շուկայական արժեքները, քանի որ չկան պաշտոնական վիճակագրական տվյալներ։

Հաշվի առնելով, որ ոչնչացված կամ կորսված պտղատու ծառերի կորուստը արձանագրվում է ըստ ծառի քանակի, նախագծով փոխհատուցումը դիտարկվել է ըստ տնկանյութի արժեքի, ծառի տնկման և հողախառնուրդի արժեքի և առաջին տարվա խնամքի ծախսերի (տնկանյութի արժեքը` շուրջ 800 դրամ, տնկում և հողախառնուրդ՝ շուրջ 200 դրամ, առաջին տարվա խնամքի ծախսեր՝ շուրջ 1500 դրամ), որը կկազմի շուրջ 2500 ՀՀ դրամ 1 ծառի հաշվով, հատապտուղների դեպքում՝ ըստ տնկանյութի արժեքի և խնամքի 1-ին տարվա ծախսի, որը կկազմի շուրջ 450 դրամ (1 քմ-ի հաշվով 1 հատ տնկանյութ)։

Ինչ վերաբերում է միամյա բույսերին, ապա փոխհատուցումը դիտարկվել է ըստ մշակաբույսերի տեսակների 1 հա-ի վրա կատարվող աշխատանքների համար նախատեսված ծախսերի հաշվով։ Այսպես, համաձայն օպերատիվ տեղեկատվության, բանջարային մշակաբույսերի համար 1 հեկտարի հաշվով կատարվող ծախսերը կազմում են շուրջ 1,7 մլն դրամ, կարտոֆիլինը՝ 1,5 մլն դրամ, եգիպտացորենը՝ 500 000 դրամ և հաշվի առնելով, որ վնասված տարածքները հիմնականում փոքր տնամերձ հողատարածքներ են, ապա փոխհատուցվող գումարի հաշվարկը կատարվել է քմ-ի հաշվով։

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները։

    Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ կառաջանան։ Ըստ այդմ՝ զուգահեռաբար ներկայացվում է առաջարկություն՝ նախագծով նախատեսված փոխհատուցման տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ: Ըստ նախնական օպերատիվ տվյալների, գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման համար կպահանջվի շուրջ 150 մլն դրամ։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը։ Ծրագրի իրականացման արդյունքում՝

Հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով աղետի գոտիների տարածքներում տուժած գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին պատճառված վնասի դիմաց փոխհատուցման տրամադրում, ինչը կնպաստի վերջիններիս ֆինանսական կայունացմանը և հետագա գյուղատնտեսական գործունեության վարմանը։

  • Քննարկվել է

    08.07.2024 - 23.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2057

Տպել