Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ««ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

««ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

Հոդված 1. «Նախադպրոցական կրթության մասին» 2005 թվականի նոյեմբերի 15-ի        ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝

 

  1. 3-րդ հոդվածի 1-ին մասի՝
  • 2-րդ կետում «ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը» բառերից հետո լրացնել «(զարգացման ոլորտներով պայմանավորված վերջնարդյունքները),» բառերը.
  • 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագիր՝  նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված, սաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի բազմազանություն առաջարկող, զարգացման որևէ ոլորտի գերակայմամբ նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է նախադպրոցական պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքները.».

  • 21-րդ կետում «միջոցառումներ» բառից հետո լրացնել «, որոնք հանդիսանում են նախադպրոցական կրթական և ծառայությունների ծրագրերի անբաժանելի մաս» բառերը.
  • 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«23. մանկավարժական աշխատող`  ուսուցման և դաստիարակության մեթոդների կիրառման միջոցով սաների կողմից նախադպրոցական կրթական (այդ թվում՝ լրացուցիչ) ծրագրերի յուրացմանը, համապատասխան գիտելիքի և հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի և դիրքորոշման ձևավորմանը նպաստող, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներն  ապահովող նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակից.».

  • 23-րդ կետից հետո լրացել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24-րդ և 25-րդ կետեր՝

«24) դաստիարակ` ուսումնական հաստատությունում սաների կողմից նախադպրոցական կրթական ծրագրերի յուրացումն ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու, մանկավարժական աշխատող.

25) մենթոր հաստատություն՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից ընտրված նախադպրոցական ուսումնական հաստատություն, որը վերապատրաստումների և խորհրդատվությունների միջոցով նպաստում է նախադպրոցական կրթության պետական չափորոշչի և նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերի ներդրմանը, մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացմանը:»:

  1. 10-րդ հոդվածի՝ 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է՝

  • նախադպրոցական կրթության ավարտին ակնկալվող կարողունակությունները.
  • նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման ոլորտներով սահմանված վերջնարդյունքները՝ ըստ տարիքային խմբերի.
  • նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը. ուսումնադաստիարակչական հիմնական ուղղությունները և դրանցով պայմանավորված կրթական ծրագրի բաղադրիչները.
  • նախադպրոցականուսումնական հաստատությունում սաներին զարգացնող միջավայրի չափանիշները:».
  1. 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով՝

«5. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված կրթության բովանդակության հասանելի մակարդակը ապահովվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված նախադպրոցական կրթական ծրագրերի (հիմնական, այլընտրանքային) միջոցով:»:

  1. 11-րդ հոդվածի՝
  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) Նախադպրոցական կրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է ոլորտային վերջնարդյունքների ապահովմանը միտված զարգացման հետևյալ ուղղություններով՝

1) սանի ֆիզիկական զարգացում, առողջ ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների և սովորությունների ձևավորում.

2) խոսքի և հաղորդակցման, լեզվամտածողության, տրամաբանության, մաթեմատիկական տարրական պատկերացումների զարգացում, գրաճանաչության նախապատրաստում.

3) ճանաչողության զարգացում, փորձարարության և հնարամտության խթանում, խաղային գործունեության խրախուսում.

4) ազգային ինքնության, սեփական և այլոց իրավունքների և պարտականությունների մասին տարրական պատկերացումների ձևավորում․

5) ուսման նկատմամբ վերաբերմունքի ձևավորում.

6) անձնային, հուզակամային զարգացում, համատեղ գործունեության և համագործակցության խթանում, սոցիալականացում.

7) հիգիենիկ և ինքնասպասարկման կարողությունների, անվտանգ կենսագործունեության, կյանքի հմտությունների ձևավորում:».

  • 6-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ մասով՝

«7. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում գործածվում են միայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կրթական ծրագրերը, այդ թվում՝ փորձարարական:».

  1. 17-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1 մաս՝

«1.1 Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնը կարող

է զբաղեցնել այն անձը, որը՝

1) ունի միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ.

2) ունի միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և հատուկ դասընթացի միջոցով (այսուհետ՝ մոդուլ) ձեռք է բերել նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 20 կրեդիտ:».

  1. 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով՝

«5. Սույն հոդվածի 1.1-ին մասի 2-րդ կետերով սահմանված մոդուլը կարող է իրականացնել մանկավարժի որակավորում շնորհող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորվելուց հետո։

  1. 19-րդ հոդվածի 3-րդ մասում «մանկավարժական» բառից հետո լրացնել «կամ գիտամանկավարժական» բառերը:
  2. 21-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են:»:

  1. 23-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «նախադպրոցական ուսումնական հաստատությունների» բառերից հետո լրացնել «օրինակելի հաստիքացուցակը.» բառերը:
  2. 24-րդ հոդվածի 1-մասի՝
  • 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4)  հաստատում է նախադպրոցական կրթական և նախադպրոցական ծառայությունների ծրագրեր.».

  • 6-րդ կետում «տնօրենների և մանկավարժական աշխատողների» բառերը փոխարինել «տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի» բառերով.
  • 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17) սահմանում է նախադպրոցական կրթական ծրագրերի (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ և ծառայությունների), ուսումնական նյութերի՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխանության փորձաքննության կարգը.».

  • 18-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
  • 24-րդ կետում «կարող է սահմանել» բառերը փոխարինել «սահմանում է» բառերով.
  • 25-րդ կետում «սահմանում է» բառերից հետո լրացնել «պետական և» բառերը.
  • 25-րդ կետից հետո լրացել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26-րդ և 27-րդ կետեր՝

«26) հաստատում է մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթների սահմանման կարգը.

27) հաստատում է մանկավարժի որակավորում շնորհող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություն կողմից իրականացվող մոդուլի երաշխավորման կարգը:

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:

     Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    01.07.2024 - 16.07.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2373

Տպել