Լրամշակման փուլում է
ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1581-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«----» ------------------ 2024 թվականի N –Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1581-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 17-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
- Սահմանել «Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման կարգը»՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Պետական և ծառայողական գաղտնիք բովանդակող տեղագրագեոդեզիական նյութերից ու տվյալներից օգտվելու համար թույլտվություն ստանալու կարգը հաստատելու մասին» N 1581-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Երևան
2024 թ.
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի -ի
N -Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում է պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, տրամադրման, տարածման, օգտագործման գործընթացը:
- Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը և պահպանվում ու պաշտպանվում են պետության կողմից:
- Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները տրամադրում և տարածում է պաշտպանության ոլորտի լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
- Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները տրամադրվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք ունեն գաղտնի տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն:
- ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
- Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտները պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման՝ աշխատանքների իրականացումը համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ։
- Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման նպատակով, համապատասխան իրավասու կազմակերպությունները աշխատանքները սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ աշխատանքների համաձայնեցման համար հայտեր են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ Հայտերը պետք է ներառեն տարածական տվյալների հավաքման, ստեղծման մանրամասները՝ նպատակը, խնդիրները, ժամանակահատվածը, ակնկալվող արդյունքները և տեղանքի վերաբերյալ նույնականացման տվյալները, աշխատանքների իրականացման եղանակների ու օգտագործվող տեխնիկական միջոցների մասին տեղեկությունները, աշխատանքների նախագիծը և տեխնիկական առաջադրանքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում այլ պետական մարմինների կողմից տրամադրված թույլտվությունները։
- Հայտերը ներկայացվում են ոչ գաղտնի ձևով, բացառությամբ այն դեպքերի, երբ տարածական տվյալների հավաքման, ստեղծման նպատակով իրականացվող աշխատանքները համապատասխան կազմակերպությունների կողմից հրապարակման ենթակա չեն:
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է ստացված հայտերը՝ դրանց ամբողջականությունը և սույն կարգի պահանջներին համապատասխանությունը ստուգելու նպատակով: Անհամապատասխանության առկայության դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է լրամշակման։
9․ Լրամշակված հայտերը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն են ներկայացվում 5 աշխատանքային օրվա ընթացքում։
10․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ստացված հայտերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համաձայնեցմանը։
11․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ներկայացված հայտերի վերաբերյալ 10 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է դրական կամ բացասական կարծիք:
12․ Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման աշխատանքների իրականացման հետ կապված հարցերը՝ հայտերում, աշխատանքների նախագծերում և տեխնիկական առաջադրանքներում նշված դրույթները կարող են հստակեցվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցման փուլում։
13․ Հայտը (այդ թվում՝ լրամշակված) ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ամփոփում է ստացված տվյալները և պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման աշխատանքների իրականացման վերաբերյալ գրավոր պատասխանում է հայտատուին՝ տրամադրելով համաձանություն կամ բացասական եզրակացություն։ Համաձայնությունը տրվում է հայտում նշված ժամկետներում իրականացվող աշխատանքների ամբողջ ծավալի համար:
- Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման աշխատանքների ավարտից հետո նյութերի ամբողջական փաթեթը (ելակետային տվյալներ, ստեղծված նյութեր և այլն) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ ուսումնասիրության նպատակով:
- Իրականացված պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման աշխատանքների արդյունքում ստացված տվյալները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներառում է համապատասխան քարտադարանում:
- Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների օգտագործումը կազմակերպությունների կողմից թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից սահմանված ստուգողական միջոցառումների անցկացումից հետո:
- Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների օգտագործման համաձայնությունը տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից՝ կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումների հիման վրա:
18․ Կազմակերպությունների կողմից պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների օգտագործումը թույլատրվում է միայն դիմումում նշված նպատակով։ Օգտագործված տվյալներն ենթակա չեն տարածման և տրամադրման երրորդ անձի։
- ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳ
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներն իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրում է ներկայացված դիմումների հիման վրա։
- Դիմումները ներկայացվում են՝ նշելով անհրաժեշտ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների վերաբերյալ հստակ նույնականացման տվյալներ՝ կոորդինատները, քարտեզների անվանահամարները (նոմենկլատուրաներ) և այլն։ Դիմումում նշվում են նաև պահանջվող նյութերի կիրառմամբ իրականացվելիք աշխատանքի նպատակը, անհրաժեշտությունը։
- Դիմումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ սույն կարգի 20-րդ կետի համաձայն:
- Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների առաջնային նյութերն, սարքավորման տեխնիկական բնութագիրը, իրականացված աշխատանքների վերաբերյալ պարամետրերը անհրաժեշտության դեպքում կարող են սահմանված կարգով տրամադրվել շահագրգիռ կազմակերպություններին՝ միայն ժամանակավոր օգտագործման համար:
- Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների տրամադրումը պետական և տեղական ինքնառավարման մարմիններին իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սահմանված՝ հատուկ ընթացակարգով:
- Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպություններին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացված պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների փոխանցումը այլ կազմակերպություներին և մարմիններին՝ երրորդ կողմին, ինչպես նաև ցանկացած փոփոխություն արգելվում է:
- Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման աշխատանքների արդյունքում ստացված տվյալները և նյութերը սահմանված կարգով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ չպահպանելով կրկնօրինակները:
- Կազմակերպություններին՝ այդ թվում օտարերկրյա, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից տրամադրված պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներ ենթակա են վերադարձման սահմանված՝ հատուկ, ընթացակարգով՝ չպահպանելով կրկնօրինակները:
- ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
- Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներից օգտվելու իրավունք ունեցող կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն անձնական պատասխանատվություն են կրում սույն կարգով սահմանված պահանջների խախտման, պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների և նյութերի պահպանման, հաշվառման ու օգտագործման համար:
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը վերահսկողություն են իրականացնում կազմակերպություններում պահվող պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների պահպանման ու գաղտնազերծման նկատմամբ:
- Կազմակերպությունները պետք է պատշաճ հսկողություն իրականացնեն իրենց մոտ գտնվող պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների ճիշտ հաշվառման, պահպանման, պատրաստման ու օգտագործման նկատմամբ, պետք է ուսումնասիրեն, ստուգումներ կատարեն՝ նյութերի պահպանման վիճակի համար՝ սույն կարգի պահանջներին համապատասխան:
- Կազմակերպությունների կողմից պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների գաղտնիության ապահովման նպատակով՝ սույն կարգի պահանջների պարբերաբար և այլ կոպիտ խախտումների հայտնաբերման դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը սահմանում է ժամկետ՝ խախտումների ամբողջական վերացման համար, և դրա մասին հայտնում համապատասխան պետական կառավարման մարմիններին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Եթե կազմակերպությունը չի կատարում գաղտնիության ռեժիմի խախտումների վերացման միջոցառումները, ապա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իրավունք ունի դադարեցնելու պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների,նյութերի օգտագործման նրանց իրավունքը:
- Պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների կորստի դեպքում կազմակերպությունները դրա վերաբերյալ հայտարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
- Հայտարարության մեջ նշվում են կորած նյութերի անվանումները, քանակը, քարտեզի անվանահամարը (նոմենկլատուրան), կոորդինատային համակարգը, մասշտաբը, կորստի հանգամանքների համառոտ նկարագրությունը և այդ նյութերի կորստի պատճառների վերացման միջոցառումները:
- Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:
-
Քննարկվել է
27.06.2024 - 13.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Հանրային քննարկում
27.06.2024 10:00
Երևան 0023, Արշակունյաց պողոտա 7, info@cadastre.am
Դիտումներ` 1288
Տպել