Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2024-2029 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. 

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում վերջին տարիների ռազմավարական փաստաթղթերը եղել են Երեխայի իրավունքների պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարական ծրագիրը, որին հաջորդել է ՀՀ կառավարության կողմից 2020 թվականի ապրիլի 2-ի N 432-Լ որոշմամբ հաստատված Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագիրը ։ Վերջինը բովանդակում էր 12 միջոցառումներ, որոնք բացառապես ենթակա էին կատարման ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից և ըստ էության այդ տարիներին երեխայի իրավունքների պաշտպանության գործընթացում այլ գերատեսչությունների կողմից կատարման ենթակա գործողությունները արտացոլվում էին երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով, որոնք կազմվում և կառավարության կողմից հաստատվում էին Երեխայի իրավունքների մասին օրենքի համապատասխան կարգավորումները հիմք ընդունելով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարեկան ծրագրերը հնարավորություն են ընձեռել ոլորտային միջոցառումներ պլանավորել միայն մեկ տարվա կտրվածքով՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում լիազոր մարմինը հնարավորություն չի ունեցել համապարփակ միջոցառումներ սահմանելու, մինչդեռ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում երկարաժամկետ պլանավորման ենթակա գործողություններ սահմանելը էական նշանակություն ունի համակարգի բարելավման, երկրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար կայուն և երկարաժամկետ ծրագրեր սահմանելու, ինչպես նաև տարեցտարի ոլորտի զարգացման շնորհիվ երեխաներին առավել բարեկեցիկ և արժանապատիվ կյանք ապահովելու գործում։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականին մշակեց և շրջանառության մեջ դրեց Երեխայի իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի արդյունքում սահմանվեց, որ երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, ռազմավարական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակի վերլուծությունը, առաջնահերթությունները, ֆինանսական աղբյուրներն ու անհրաժեշտ ֆինանսական միջոցները, առաջընթացի ցուցանիշները, ելակետային և թիրախային արդյունքները, իրականացվելիք աշխատանքների մշտադիտարկման ընթացակարգը սահմանվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով: Սույն համալիր ծրագրի մշակումը բխումը է ՀՀ վարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 23-ի N N 1056-Ա որոշման պահանջներից։

Համալիր ծրագիրը կոչված է ապահովելու երեխայի իրավունքների իրացման համար նպաստավոր պայմաններ, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական և արդյունավետ իրականացում:

Համալիր ծրագիրը սահմանում է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի առաջընթացի առաջիկա տարիների տեսլականը և ուղղված է առանց բացառության բոլոր երեխաների  իրավունքների պաշտպանությանը և բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծմանը:

Առաջարկվող իրավակարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է սահմանել 2024-2029 թվականներին երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված հիմանական միջոցառումները՝ համախմբելով դրանք համապատասխան նպատակների ներքո, որոնք հիմնված են երեխայակենտրոն սկզբունքների վրա։ Համալիր ծրագրի սկզբունքները ներառում, սակայն չեն սահմանափակվում ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի սկզբունքներով։ Այսպիսով, համալիր ծրագիրը մշակվել է ներքոգրյալ սկզբունքների հիման վրա.

  • երեխաների վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելիս՝ երեխայի լավագույն շահի ապահովումը,
  • երեխաներին տրամադրվող ծառայությունների մատչելիության, հասանելիության ապահովումը և հասցեականությունը,
  • երեխաների գործուն և իմաստավորված մասնակցության, սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքի ապահովումն՝ իրենց վերաբերող բոլոր դեպքերում,
  • սեռի, տարիքի, էթնիկ ծագման, կամ կյանքի դժվարին իրավիճակի (կամ դրա ռիսկի գոտում գտվող) որևէ հատկանիշով պայմանավորված խտրականության բացառումը և հավասար հնարավորությունների ապահովումը,
  • երեխայի կյանքի ու զարգացման իրավունքի իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը,
  • երեխայի պաշտպանության հարցում բոլոր շահագրգիռ կողմերի երեխայակենտրոն և երեխայազգայուն միասնական մոտեցման և փոխհամագործակցության, ինչպես նաև միջգերատեսչական մակարդակում մշտադիտարկման և հաշվետվողականության գործուն համակարգի ապահովումը,
  • ոչ ոքի ետևում չթողնելը։

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել երեխաների պաշտպանությանն ուղղված առաջիկա տարիներին իրականացման ենթակա գործողությունները՝ ընդ որում ոչ միայն երեխայի հիմնարար իրավունքների համար պատասխանատու քաղաքականություն մշակողների կողմից, այլ նաև շահեկից մարմինների, ինչը համալիր ծրագրի ուժեղ կողմերից է հանդիսանում՝ ևս մեկ անգամ ամրագրելով, որ երեխայի իրավունքների պաշտպանությունը գերակայություն է պետության համար։ Նախագծի ընդունման արդյունքում կշարունակվեն ընթացող բարեփոխումները՝ այդ թվում երեխայի պաշտպանության համակարգի փոփոխությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև կմեկնարկեն մեծածավալ աշխատանքներ՝ ուղղված երեխային բարեկեցիկ և արժանապատիվ կյանք ապահովելուն։

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։

Հատկանշական է, որ Նախագիծը մշակվել է փաստահենք սկզբունքների վրա՝ ապահովելով երեխաների պաշտպանության ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կիրարկումը, ինչպես նաև հաշվի են առնվել Երեխաների իրավունքների կոմիտեի, նախարարական կոմիտեի դիտարկումներն ու ուղեցույցները։ Ընդգծելով մասնակցությունը կարևոր է շեշտել, որ նախագծի մշակման գործընթացում ընդգրկվել են ոչ միայն պետական գերատեսչություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, տեղական և միջազգային կազմակերպություններ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, այլ նաև երեխաներ, որոնց հետ տեղի է ունեցել ինչպես դեմ առ դեմ քննարկումներ, այնպես էլ առցանց։ Համալիր ծրագիրն իր բովանդակությամբ անդրադարձ է կատարում բոլոր երեխաներին՝ անկախ առողջական խնդիրներից, էթնիկական պատկանելիությունից, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված լինելու կամ այլ հանգամանքներից և նույն մոտեցումը կիրառվել է նաև երեխաների մասնակցայնության ապահովման գործում։

Համալիր ծրագրի մշակման գործընթացում իրենց մասնակցությունն են ունեցել սոցիալական տարբեր խմբերի և կյանքի տարբեր դժվարին իրավիճակներում գտնող 60-ից ավել աղջիկներ և տղաներ։ Երեխաների և դեռահասների կողմից վերհանված խնդիրներից և առաջարկված լուծումներից ելնելով, Համալիր ծրագրում ներառվել են բազմաթիվ միջոցառումներ։ Մասնավորապես, ներառվել են գործողություններ  ուսումնական հաստատություններում բռնության և բռնության ռիսկի ուսումնասիրության և կանխարգելման նպատակով։ Երեխաների և դեռահասների առաջարկների հիման վրա, Համալիր ծրագրով երեխաների շրջանում նախատեսված բազմաթիվ իրազեկման միջոցառումների համար կիրառվելու է հավասարը հավասարի հետ սկզբունքը՝ միջոցառումների արդյունավետությունն ու երեխաների կողմից ընկալելիությունը բարձրացնելու նպատակով։  Երեխաների կողմից բարձրաձայնված խնդիրներից են բխում նաև երեխաների շրջանում թմրանյութերի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ալկոհոլի և ծխախոտի օգտագործման վերաբերյալ նախատեսվող ուսումնասիրությունն ու այդ ուղղությամբ պլանավորված կանխարգելիչ աշխատանքները, ինչպես նաև երեխաների համար վստահության շուրջօրյա թեժ գծի ստեղծումը։ 

Որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

 Նախագծի ընդունման կապակցությամբ հնարավոր է առաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի գնահատականը կտրվի լրացուցիչ։

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ դրանց փոփոխման անհրաժեշտությունը բացակայում է:

       Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Համալիր ծրագիրը նախանշում է առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ կառավարության առաջնահերթությունները, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև հաշվի է առնում ոլորտում ընթացիկ համակարգային բարեփոխումներն ու առկա տեղական և միջազգային փորձը։

Համալիր ծրագիրը մասնավորապես համահունչ է․

▪   ՀՀ 2050 վերափոխման ռազմավարությանը, մասնավորապես հիշյալ ռազմավարության Մեգանպատակ 04-ին, որի համաձայն ապահովվելու է պետական ամբողջական և լիարժեք հոգածություն երեխաների նկատմամբ: Համալիր ծրագիրը նպաստում է նշված Մեգանպատակին հասնելուն այնքանով, որ սահմանում է միջոցառումներ, որոնք միտված են ընդլայնելու երեխաների համար պետական երաշխիքները, ընդլայնելու ծառայությունների ծածկույթը և հասանելիությունը, ապահովելու մասնագիտական որակյալ և արդյունավետ միջամտություն երեխայի պաշտպանության գործընթացներում։

▪   ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրին, մասնավորապես՝ հիշյալ ծրագրի 4․6 բաժնի 16, 17, 19, 21 կետերին՝  քանի որ Համալիր ծրագրի բոլոր միջոցառումների հիմքում ընկած է  երեխայի իրավունքների լիարժեք իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հզորացմամբ, ինչպես նաև առանձին բաժին հատկացված է երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելուն կամ հաստատություններից դուրս բերելուն՝ ապահովելով ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը[1]։

▪   Այլ գերատեսչությունների կողմից մշակված, ոլորտին առնչվող ռազմավարական փաստաթղթերին և բարեփոխումներին։ Մասնավորապես, երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից, հաշվի են առնված ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 351-Լ որոշման N1 Հավելվածով սահմանված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրում տեղ գտած միջոցառումները։ Առողջության պահպանման իրավունքի լիարժեք իրացման նպատակով հաշվի են առնված ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշման[2] N1 Հավելվածով սահմանված «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարության» մոր ու մանկան առողջության պահպանման բաժնում տեղ գտած իրավիճակի վերլուծությունը և բացահայտված հիմնախնդիրները։ Համալիր ծրագրի միջոցառումներով նախատեսվում է լրացնել և հարստացնել առկա հիմնախնդիրների լուծման եղանակները՝ հաշվի առնելով նույն որոշման N2 Հավելվածով սահմանված «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունից բխող միջոցառումների ցանկը»։

Հաշվի առնելով երեխաների առավել խոցելիությունը արտակարգ իրավիճակներում, աղետների ռիսկի կանխարգելման, ինչպես նաև շրջակա և ֆիզիկական անվտանգ միջավայրի ապահովման շրջանակներում հաշվի է առնվել ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշման[3] N1 Հավելվածով հաստատված «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը» և նույն որոշման N2 Հավելվածով  հաստատված  «Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը»։

                                                                            

 

 

[1] https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf

[2] https://www.arlis.am/documentview.aspx?docid=192002

[3] https://www.arlis.am/documentView.aspx?docID=183691

  • Քննարկվել է

    25.06.2024 - 10.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն, Մշակութային

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1916

Տպել