«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1438-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Համաձայն ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների կողմից ՀՀ անունից «Սևան» ազգային պարկի (այսուհետ՝ «Սևան» ԱՊ) տարածքի պետական սեփականություն հանդիսացող և «Սևան» ԱՊ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացված հողամասերի վարձակալության, անհատույց օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մասին կնքված պայմանագրերով նախատեսված ՀՀ ներկայացուցչի լիազորություններն անցնում են «Սևան» ԱՊ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ այդ պայմանագրերով նախատեսված հողօգտագործման համար նախատեսված վճարները պետք է փոխանցվեն «Սևան» ԱՊ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին։
Որպես սույն դրույթի իրավական հիմք ամրագրված է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ ամրացված գույքի օգտագործման արդյունքում պետական կազմակերպության ստացած եկամուտները պետական կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ պետական կազմակերպության կանոնադրությամբ: Մինչդեռ, Որոշման ընդունման համար որպես հիմք վկայակոչվող «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածում 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-380-Ն օրենքով կատարվել է փոփոխություն՝ առաջացնելով անհամապատասխանություն Որոշման իրավական հիմքերում:
Միաժամանակ, համաձայն Որոշման 2-րդ ենթակետի՝ «Սևան» ԱՊ տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օգտագործման համար «Սևան» ԱՊ կողմից գանձված վճարների ավելացված արժեքի հարկ և հողի հարկ վճարելուց հետո մնացած մասի առնվազն 30 տոկոսը պետք է փոխանցվի այն համայնքի բյուջե, որի վարչական սահմաններում գտնվում է տվյալ հողամասը` «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ի և համապատասխան համայնքի ղեկավարի միջև կնքված պայմանագրերին համապատասխան.»: Մինչդեռ խնդրո առարկա ենթակետի իրավական հիմքերը բացակայում են:
«Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ը 16 համայնքի հետ կնքել է «Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված և ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերից գանձված վճարների 30 տոկոսը կազմող գումարը ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջե փոխանցելու մասին» պայմանագրեր: ՊՈԱԿ-ի կողմից 16 համայնքներին փոխանցման ենթակա գումարը կազմում է տարեկան շուրջ 40-44 մլն.դրամ՝ կախված վարձակալության վճարներից հավաքագրված գումարի չափից:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության համայնքները շահութահարկ վճարողներ չեն համարվում: Վերը նշված գումարը ՊՈԱԿ-ի համար, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի, որպես ծախս չի դիտարկվում և համարվում է շահույթի օգտագործում, հետևաբար՝ ենթակա է շահութահարկով հարկման, ինչն էլ իր հերթին ծանրաբեռնում է ՊՈԱԿ-ի հարկային բեռը՝ տարեկան ևս 8-9 մլն. դրամով: Քանի որ մինչև համայնքներին փոխանցելը նշված գումարն արդեն իսկ հարկվում է անշարժ գույքի և ավելացված արժեքի հարկերով, ՊՈԱԿ-ի համար առաջանում է ևս 10 մլն դրամի չափով լրացուցիչ հարկ, ինչի հետևանքով ՊՈԱԿ-ն ունենում է տարեկան շուրջ 60-64 մլն. դրամ ֆինանսական բեռ:
Ընդ որում՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքների օգտագործման համար գանձված միջոցներից Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջե փոխանցելու վերաբերյալ կարգավորումներ նախատեսված են միայն «Սևան» ԱՊ-ի համար, մինչդեռ մյուս բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) համար նման մոտեցում ամրագրված չէ։
Ներկայումս «Սևան» ԱՊ» ՊՈԱԿ-ը «Համայնքների վարչական սահմաններում ընդգրկված և ՊՈԱԿ-ի կողմից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերից գանձված վճարների 30 տոկոսը կազմող գումարը ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջե փոխանցելու մասին» պայմանագրերի շրջանակներում 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ ունի շուրջ 149 մլն.դրամ պարտք, և ՊՈԱԿ-ը չունի բավարար ֆինանսական միջոցներ վերոնշյալ կրեդիտորական պարտքերը մարելու համար: Կից ներկայացված են համայնքների ցանկը։
Սույն Նախագծի ընդունման, այն է՝ Որոշումն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում «Սևան» ԱՊ-ը չի ազատվում պարտավորությունների կատարումից։ Ընդ որում՝ «Սևան» ԱՊ տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վերաբերյալ Որոշման համատեքստում վարձակալության պայմանագրեր են կնքված ընդհանուր առմամբ 60 սուբյեկտների հետ, և ներկայումս նրանցից 45-ի հետ կնքվել են համաձայնագրեր, որոնք կապահովեն վարձակալության և դրա հետ կապված իրավահարաբերությունների անխափան ընթացքը Որոշումն ուժը կորցնելու պարագայում: Վարձակալներից 3-ը մահացած են, և նրանց դեպքում իրավահաջորդություն առկա չէ, 9-ը բացակայում են Հանրապետությունից. պատշաճ կերպով ծանուցվել են համաձայնագրեր կնքելու առաջարկի վերաբերյալ, տվել են հայտնել են պատրաստակամություն՝ վերադառնալուն պես ստորագրել համաձայնագրերը: Եվս 3 վարձակալների պարագայում առկա է կադաստրային քարտեզի ճշգրտման անհրաժեշտություն (աշխատանքներն ընթացքում են, և ավարտվելուն պես նրանց հետ նույնպես կկնքվեն համապատասխան համաձայնագրեր):
Շրջակա միջավայրի նախարարության ՊՈԱԿ-ներին ամրացված հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են համաձայն ՀՀ հողային օրենսգրքի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1578-Ն որոշումների, իսկ «Պետական գույքի կառավարման մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների իրավակարգավորումները կիրառելի (վերաբերելի) չեն բնության հատուկ պահպանվող տարածքների (հողերի, հողամասերի) նկատմամբ:
Սևան ԱՊ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականության հողամասերը վարձակալության են տրամադրվում համաձայն ՀՀ հողային օրենսգրքի, ինչի 76-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է. «Համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը (բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի, բնապահպանական և անտառային հողերի) վարձակալության կամ կառուցապատման իրավունքով են տրամադրում համայնքների ղեկավարները»:
Նույն օրենսգրքի 77-րդ հոդվածի 1.1 կետի համաձայն՝ «Անտառները և անտառային հողերը օգտագործման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների (բնապահպանական հողերի) հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը՝ կառավարության սահմանած կարգով»։
Ըստ այդմ՝ իրավական ակտի ընդունումը որևէ կերպ ազդեցություն չի ունենա Սևան ԱՊ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերը վարձակալության հանձնելու գործընթացի վրա։ Ընդ որում, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 281-րդ հոդվածի 1.4 կետի ա) ենթակետի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ա. ենթակետի դրույթները, ըստ որոնց՝ համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում համայնքի սեփականություն համարվող հողերի, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները, վերաբերում են համայնքի կողմից իր վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարներին, իսկ «Սևան» ազգային պարկի տարածքի պետական սեփականություն հանդիսացող հողամասերը «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին են հատկացվել անհատույց օգտագործման իրավունքով։ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության՝ «Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով»:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Հիմք ընդունելով իրավական կարգավորումների տեսանկյունից խնդրահարույց լինելու և օրենսդրական փոփոխությունների արդյունքում լիազորող նորմ չունենալու հանգամանքները՝ առաջարկվում է ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել:
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Շրջակա միջավայրի նախարարություն:
- Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է ոլորտը կարգավորող իրավական ակտերի միջև անհամապատասխանության վերացում։
- 5. Տեղեկատվություն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 10-ի N 1438-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չկա: Վարձակալության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են այլ օրենսդրական ակտերով և Սևան ԱՊ-ի և վարձակալների միջև կնքված համաձայնագրերով:
- 6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեի մուտքերի ավելացում:
- 7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Ներկայացված նախագիծը չի բխում Կառավարության 2021-2026թթ. Ծրագրից և «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ից։
-
Քննարկվել է
25.06.2024 - 17.07.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1197
Տպել