Հիշել նախագիծը

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԼՂ ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցներ ցանկություն են հայտնել շա­րու­նակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում: Սակայն, հաշ­վի առնելով այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության մարմիններում ծառ­այության մասին օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության մարմիններում մարմիններում ծառայության կարող են անցնել բացառապես ՀՀ քաղաքացիները, իսկ Կառա­վարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթա­կետի և 3-րդ կետի համաձայն՝ ԼՂ բնակչության պետական ռեգիստրի հաշվառում­ներով անցնող անձինք ՀՀ կառավարության կողմից վերցվել են ժամանակավոր պաշտ­պա­­նության տակ և ճանաչվել փախստական, ինչը ՀՀ ազգային անվտանգության մարմին­ներում ծառայությանն ուղղակիորեն խոչընդոտող հանգամանք է: Եվ, եթե նույնիսկ ԼՂ ԱԱԾ ծառայողները դիմեն և ստանան ՀՀ քաղաքացիություն, ապա վերջիններս՝ տարիքային սահմանափակումների հաշվառմամբ, հնարավորություն կունենան ընդունվելու ՀՀ ԱԱ մարմիններում ծառայության միայն կրտսեր և միջին խմբի պաշտոններում որպես Ծառայությունում նոր ընդունվողներ:
Միաժամանակ, ՀՀ ԱԱ մարմիններում ծառայություն անցնելու ցանկություն ունեցող ան­ձանց մի մասը ԼՂ ԱԱԾ համակարգում զբաղեցրել է ավագ կամ գլխավոր խմբի պաշ­տոն­ներ և ունեցել սպայական բարձր կոչումներ, և վերջիններիս կողմից ՀՀ քաղ­աքացի­ու­թյուն ձեռք բերելը բավարար չի լինի ՀՀ ազգային անվտանգության մարմիններում` ԼՂ ԱԱԾ-ում իրենց զբաղեցրած պաշտոններին հավասարեցված պաշտոններում նշանակվելու համար:
Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարելու «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, որով 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կունենան շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում, եթե բավարարեն տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:
Մասնավորապես, Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի 19-րդ հոդվածի 6.1 մասով սահմանված կարգավորման համաձայն` պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել և պաշտոնի նշանակվել նաև այլ մարմինների (ԶՈՒ, ՆԳՆ, ՊՊԾ և այլն) աշխատակիցները:
Նախագծով առաջարկվում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում պաշտոն առաջանալու դեպքում ծառայությունը շարունակելու հիմք նախատեսել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց համար:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Վերոգրյալի հաշվառմամբ՝ նախագծով նախատեսվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասով նախատեսված` պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայությունը շարունակելու հիմքը նախատեսել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձանց համար:
Նախագծով նախատեսվում է դրույթ, որի համաձայն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում պաշտոնի նշանակելիս հաշվի կառնվեն Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը, իսկ օրենքի գործողությունը տարածվելու է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած և մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը լիազոր մարմնում ծառայությունը շարունակելու համար պաշտոնի նշանակվող անձանց վրա: Միաժամանակ, կատարվող լրացումը կրելու է ժամանակավոր բնույթ՝ նպատակ ունենալով անցումային փուլում ապահովել լիազոր մարմնում ծառայությունը շարունակելու ցանկություն հայտնած անձանց իրավունքի իրացման հնարավորությունը, և նշված դրույթի գործողության ժամկետ է սահմանվելու 2025 թվականի հուլիսի 1-ը, որից հետո այն դադարեցնելու է իր գործողությունը և հանվելու է օրենքի 19-րդ հոդվածի խմբագրությունից։
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայությունում պաշտոն զբաղեցրած անձինք հնարավորություն կստանան շարունակելու ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության մարմիններում:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերա­փոխ­ման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլոր­տա­յին և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

  • Քննարկվել է

    10.06.2024 - 25.06.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1349

Տպել