«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը
«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-88-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, մասնավորապես` Պետական եկամուտների կոմիտեում (այսուհետ` Կոմիտե) պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 6.3-րդ մասի (լրացված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-88-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետով) համաձայն Կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելավճար կատարողականի գնահատման հիման վրա: Կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հավելավճարի տրամադրման, հաշվարկման կարգն ու մեթոդաբանությունը` Կոմիտեի նախագահը:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-88-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 6.3-րդ մասում նշված` կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
Միաժամանակ, ՀՀ վարչապետի 27.05.2024թ. թիվ 497-Ա որոշմամբ հաստատվել են վերոնշյալ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները, մասնավորապես` «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը 2024թ. հունիսի 1-ին տասնօրյակում ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է Նախագիծը, որով նախատեսվում է հաստատել Կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և Կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափերը:
Նախագծով սահմանվում է, որ Կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատումը կարող է հիմնված լինել հետևյալ չափանիշների վրա.
- Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների ժամկետի կրճատում և(կամ) որակի բարձրացում, ինչպես նաև հարկային կամ մաքսային վարչարարության ժամկետի կրճատմանն ուղղված նախագծերի իրականացում,
- Հարկային կամ մաքսային գործընթացների պարզեցմանը (այդ թվում` թվայնացմանը), հարկային կամ մաքսային վարչարարության (այդ թվում` վերլուծական կարողությունների) զարգացմանը, իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծերի (այդ թվում` օրենսդրական նախաձեռնությունների գծով) իրականացում,
- Կոմիտեի լիազորությունների շրջանակներում հայտնաբերված իրավախախտումների չափ և (կամ) հսկողական միջոցառումների արդյունավետություն,
- Կոմիտեի կողմից դատական արդյունավետ պաշտպանություն,
- Հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող եկամուտների պարտավորությունների գանձման արդյունավետություն և չափ,
6.Ներքին հսկողական և(կամ) հաշվառման համակարգերի կատարելագործում,
- Կոմիտեի աշխատակիցների գծով ներքին կարգապահական կանոնների խախտման դեպքերի, հանցագործության հատկանիշներ պարունակող գործողությունների կանխում, բացահայտում,
- Կոմիտեի աշխատակիցների աշխատանքի որակ, նախաձեռնողականություն, պատասխանատվություն,
- Կոմիտեի ծախսերի խնայողություն և միջոցների տնտեսում:
Միաժամանակ, Նախագծով սահմանվում է, որ Կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման արդյունքում հավելավճարի ամսական առավելագույն չափ է համարվում.
1) Կոմիտեի նախագահի, նախագահի առաջին տեղակալի, նախագահի տեղակալի, գլխավոր քարտուղարի, նախագահի խորհրդականի, նախագահի օգնականի, նախագահին առաջին տեղակալի օգնականի, նախագահի տեղակալի օգնականի, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի համար` հիմնական աշխատավարձի կրկնապատիկին հավասար գումարը:
2) Հարկային, մաքսային և(կամ) քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող վարչության պետի, վարչության պետի տեղակալի, բաժնի պետի, բաժնի պետի տեղակալի, բաժանմունքի պետի, գլխավոր հարկային տեսուչի, գլխավոր մաքսային տեսուչի, գլխավոր օպերլիազորի, գլխավոր մասնագետի համար` հիմնական աշխատավարձի եռապատիկին հավասար գումարը:
3) Հարկային, մաքսային և(կամ) քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող ավագ հարկային տեսուչի, ավագ մաքսային տեսուչի, ավագ օպերլիազորի, ավագ մասնագետի, առաջատար մասնագետի համար` հիմնական աշխատավարձի քառապատիկին հավասար գումարը:
4) Հարկային, մաքսային և(կամ) քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող հարկային տեսուչի, մաքսային տեսուչի, օպերլիազորի, մասնագետի, առաջին կարգի մասնագետի համար` հիմնական աշխատավարձի հնգապատիկին հավասար գումարը:
Միաժամանակ, հավելավճարի ձևավորման ժամանակ հաշվի են առնվելու օրենքով նախատեսված պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելու հանգամանքը, որի պարագայում աշխատակիցն արդեն իսկ ունենալու է հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախատեսվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։
- Նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կհաստատվեն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կատարողականի գնահատման չափանիշները և դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը, այսինքն` կապահովվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-88-Ն օրենքի կիրարկումը:
- Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
07.06.2024 - 22.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1404
Տպել