Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
-
8 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ընկերության գործունեության ֆինանսավորման երկու ավանդական եղանակներն են պարտքային (debt) և բաժնեմասնակցային (equity) ֆինանսավորումը: Այնուամանայնիվ ներկայումս թե աշխարհում և թե Հայաստանի Հանրապետությունում մեծացել է երկու եղանակների տարրերի համակցմամբ ներդրումների կատարման համար մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետություն 31.12.2022թ. դրությամբ գրանցված 82236 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից շատերի դեպքում ֆինանսական միջոցների ներգրավումն իրականացվում է պարտքային գործիքներով` հաճախ մասնակիցների կամ այլ ներդրողների կողմից տրված փոխառությունների միջոցով: Նման ֆինանսական ներդրումներ կատարելիս մասնակիցները կամ այլ ներդրողները հաճախ ցանկանում են հետագայում` ընկերության ֆինանսական վիճակի բարելավման դեպքում այդ ներդրումը վերածել բաժնեմասի, այլ ոչ ստանալ փոխառության գումարի վերադարձ` դրամի տեսքով:
Նման մոտեցումը կարող է նաև շահավետ լինել ընկերության համար, որը կարող համեմատաբար ավելի լավ պայմաններով (ցածր տոկոս, երկար ժամկետ և այլն) ներգրավել ներդրումներ` ներկա կամ հնարավոր ապագա մասնակիցներից` խոստանալով ավելի լավ տնտեսական ցուցանիշներ ապահովել, որոնց դեպքում էլ տեղի կունենա պարտքի փոխարկումը բաժնեմասի:
Միաժամանակ, փոխարկելի պարտքի միջոցով ներդրումների կատարումն ընդուված եղնակ է նաև միջազգային փորձի տեսանկյունից: Նման հնարավորություն սահմանված է ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստանի Դաշնություն, Իռլանդիայի և այլ պետությունների օրենսդրությամբ:
Չնայած դրան ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ խոչնդոտում են նման մեխանիզմների կիրառմանը և/կամ չեն սահմանում դրա կիրառման համար անհրաժեշտ կառուցակարգեր:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 98-րդ և 111-րդ հոդվածները և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածն արգելում են ձեռք բերված բաժնետոմսի/բաժնեմասի դիմաց վճարման պարտավորությունից ազատել համապատասխանաբար բաժնետիրական ընկերության բաժնետիրոջը և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցին, ինչը հաճախ մեկնաբանվում է որպես փոխարկելի փոխառության պայմանագրի հիման վրա բաժնեմասի/բաժնետոմսերի տրամադրման արգելք, քանի որ այդ դեպքում փոխարկման արդյունքում փոխառության նախկինում ստացված գումարը կհաշվանցվի որպես բաժնետոմսի/բաժնեմասի համար վճարում:
Այս առումով հարկ է նշել, որ առնվազն բաժնետիրական ընկերությունների մասով ՀՀ օրենսդրությունն արդեն իսկ նախատեսում է պարտքից բաժնեմասնակցության փոխարկման հնարավորություն` փոխարկելի պարտատոմսերի փոխարկման միջոցով` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա, սակայն նման հնարավորություն նախատեսված չէ ոչ ՍՊԸ-ների համար, ոչ էլ բաժնետիրական ընկերությունների կողմից այլ պարտքային գործիքներով ներգրավված փոխառությունների համար:
Հատկանշական է նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14 դեկտեմբերի 2022 թվականի «Ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ» թիվ 2 պաշտոնական պարզաբանմամբ արդեն իսկ կարևոր քայլ է կատարվել նշված խնդրի լուծման ուղղությամբ: Մասնավորապես, նշված պարզաբանմամբ նշվել է, որ «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերը կարող են ՀՀ-ում գրանցված և գործող կազմակերպություններին մեզանին ֆինանսավորում տրամադրել (mezzanine finance) և, հետևաբար, ձեռք բերել այդ կազմակերպությունների բաժնետոմսերը այդ կազմակերպության նկատմամբ պահանջների հաշվանցով, եթե գործարքն ի սկզբանե և իր բնույթով նախատեսում է պարտքի դիմաց կապիտալի մասնակցության հնարավորություն և գործարքը հաստատվել է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգերով:»
Այնուամենայնիվ, նշված պարզաբանումը անդրադարձ է կատարվում միայն ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդերի կողմից նման գործիքների կիրառմանը, ինչպես նաև չկարգավորված է մնում նման պայմանագրերի կնքման և բաժնեմասի/բաժնետոմսի փոխարկման ընթացակարգը:
- ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ելնելով վերոգրյալից` նախագծերի փաթեթի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ փոխարկելի փոխառության պայմանագրերի կնքման և կատարման համար:
- ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:
Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ Փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և տոկոսների կամ դրանց մի մասի վճարուման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր): Առաջարկվում է նաև սահմանել, որ փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը պետք է սահմանված լինի պայմանագրի կնքման պահին:
Առաջարկվում է նաև կանոնակարգել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և բաժնետիրական ընկերությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրի կնքման մասին որոշման կայացման և դրա հիման վրա բաժնետոմսերի/բաժնեմասի տրամադրման կարգը:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն ՀՀ ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողների ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջև ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը:
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
- ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ
Նախագծի ընդունումը ապահովում է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 27–ի №1443-Լ որոշման Հավելված №2–ի 1.4.2 կետի (Անհրաժեշտության դեպքում մշակել ներդրումնային ֆոնդերի և բիզնես-հրեշտակների կայացմանը նպաստող օրենսդրական բարեփոխումների փաթեթ) դրույթների կատարումը։
- ՆԱԽԱԳԻԾԸ ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Հայաստանի Ներդրումային Խորհրդի կողմից:
Նախագիծը քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախագահությամբ 24.11.2023 կայացած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստում:
-
Քննարկվել է
04.06.2024 - 19.06.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2184
Տպել