ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 254-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012թ. ապրիլի 5-ի
n 254-ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին»
հրամանի հաստատման վերաբերյալ
- Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 254-Ն հրամանի հավելվածով հաստատված կարգով (այսուհետ` Կարգ) սահմանված է Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) (այսուհետ` արհեստագործական) և միջին մասնագիտական պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների (այսուհետ` Հաստատություն) արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության կազմակերպման և իրականացման գործընթացը:
Ընդունելության գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում դիմորդների և Հաստատությունների տնօրինության կողմից բարձրացվում են հարցեր, որոնք կարգավորումներն անհրաժեշտ է սահմանել կարգում, ինչպես նաև որոշ մասնագիտությունների գծով ընդունելության մրցույթն անցկացնելիս նպատակահարմար է ցուցաբերել այլ մոտեցում:
Նախարարության կողմից մշակված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» («Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքն ամբողջությամբ լրամշակվել է և անվանվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենք), «Կրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ՀՀ Ազգային Ժողով երկրորդ ընթերցմամբ ընդունվել է: Հրամանի նախագծում ներառվել են որոշ մոտեցումներ՝ մասնավորապես՝ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության գործընթացի կազմակերպման մասով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Յուրաքանչյուր ուումնական տարի լիազորված պետական մարմինները, հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հաստատված ըստ մասնգիտությունների անվճար ուսուցման տեղերը, հատկացնում են իրենց ենթակայությամբ գործող Հաստատություններին, այդ թվում վճարովի ուսուցման տեղերը և հնարավորություն է տրված Հաստատություններին փոփոխություններ կատարել վճարովի տեղերի քանակում, բայց չգերազանցելով լիցենզիայով հատկացված տեղերը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի օգոստոսի 1-ի թիվ 100-Ն հրամանով փոփոխություններ էր կատարվել դիմորդների հայտերի ընդունման և քննությունների անցկացման ժամկետներում, որը պայմանավորված էր ՀՀ կառավարության կողմից ըստ մասնգիտությունների անվճար ուսուցման տեղերի հատկացման որոշման ընդունման ուշացմամբ:
Գործող կարգով նախատեսված է, որ «0215 Երաժշտություն և կատարողական արվեստ» գլխի և սպորտի մասնագիտությունների գծով ընդունելության մրցույթն իրականացվում է քննությունից ստացված գնահատականների հիման վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հաստատություն են դիմում ճանաչում ունեցող երաժիշտներ և մարզիկներ, քննություններից ստանալով բարձր գնահատական, սակայն ավարտական փաստաթղթի ցածր գնահատականների պատճառով, դուրս էին մնում ընդունելության մրցույթից: Նախագծում առաջարկվել է ավելացնել նաև «Գեղանկարչություն» և «Քանդակագործություն» մասնագիտությունները՝ հաշվի առնելով վերոնշյալ փաստարկը:
Նախագծով առավել հստակեցվել են նաև կրթության կառավարման տեղեկատվական համակարգում Դիմորդի հայտի ընդունման գործընթացը, ինչպես նաև թույլատրվել է ոչ ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության երկրորդ փուլին մասնակցեն բոլոր դիմորդները (գործող կարգով թույլատրվում է մասնակցել միայն առաջին փուլի մրցույթից դուրս մնացած դիմորդներին):
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սույն հրամանի նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Գործող կարգը ընդունվել է 2012 թվականին և տարիների ընթացքում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ: Նախագծով առաջարկվում է ամբողջությամբ խմբագրել այն՝ նպատակ ունենալով ունենալ մեկ ամբողջական կարգ, ինչպես նաև կարգավորել վերոնշյալ խնդիրները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն հրամանի նախագծի մշակման գործընթացին այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
- Ակնկալվող արդյունքը
Սույն հրամանի նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռի Հաստատություններում ընդունելության գործընթացը կազմակերպել առավել արդյունավետ:
-
Քննարկվել է
30.05.2024 - 15.06.2024
-
Տեսակ
Կարգ
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1291
Տպել