Հիշել նախագիծը

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգադրագիրը տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով և լիազորությունների սահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է`

ա) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանը, եթե այն կամ դրանում օգտագործվող տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական սարքավորումները, շենքերն ու շինությունները չեն համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, արտադրական վտանգավոր օբյեկտը սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն կամ չի գրանցվել ռեեստրում.

բ) արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործման արգելմանը, եթե այն չի համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին կամ սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն:

 Օրենքի իմաստով տեխնածին վթարը՝ արտադրության մեջ կիրառվող տեխնոլոգիական սարքավորումների, շենքերի, շինությունների ավերածություններ, չվերահսկվող պայթյուն և հրդեհ, վտանգավոր, վնասակար նյութերի արտանետումներն են, որոնց հետևանքով վնաս է հասցվել մարդկանց առողջությանը, շրջակա միջավայրին, վնասվել կամ ոչնչացվել են նյութական միջոցներ։ Օրենքի իմաստով արտադրական պատահարը՝ արտադրական վտանգավոր օբյեկտներում օգտագործվող տեխնիկական միջոցների խափանումը կամ վնասումն է, տեխնոլոգիական պրոցեսի ռեժիմից շեղումը, տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջների խախտումները, որոնք կարող են ստեղծել տեխնածին վթարի սպառնալիք։

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Տեսչական մարմինը պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների կատարման նկատմամբ պետական հրդեհային հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս լիազորված է՝ հրդեհային անվտանգության պահանջները կատարելու համար կազմակերպությունների ղեկավարներին, պաշտոնատար անձանց և քաղաքացիներին տալու կատարման համար պարտադիր կարգադրագրեր՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների խախտումները վերացնելու, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հրդեհային անվտանգությունն ապահովելու, ապրանքներն արտադրությունից հանելու, դրանց թողարկումն արգելելու և իրացումը դադարեցնելու մասին։

Նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ Տեսչական մարմինը (…) պետական հրդեհային հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս լիազորված է՝ հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի (այդ թվում՝ նորմատիվատեխնիկական) պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝

ա. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու կազմակերպությունների, արտադրական տեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը,

բ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները,

գ. ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումը։

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը սահմանում է, որ վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը, բացառությամբ` օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման։

Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ն մասը, որպես ընդհանուր կանոն սահմանել է, որ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Այնուհետև, թվարկվել են այս ընդհանուր կանոնից 8 բացառությունները, որոնց դեպքում վիճարկման հայցը վարույթ ընդունելը չի կասեցնում վարչական ակտի կատարումը, որոնցից առաջինը (առաջին կետը) հետևյալն է՝ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման։ Ընդ որում, նույն  հոդվածի 2-րդ մասը թույլ է տալիս վարչական դատարանին, հայցվորի միջնորդությամբ, գործի քննության ժամանակ կասեցնել վարչական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման։

Այսպիսով, թե՛ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը և թե՛ Վարչական դատավարությանը օրենսգիրքը ընդհանուր կանոնից նախատեսել են բացառություն չկասեցնել վարչական ակտի կատարումը, եթե օրենքով նախատեսված դեպքում վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման։

Միաժամանակ, սուբյեկտների կողմից տեխնիկական և հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրության խախտումներն իրենց բնույթով երբեմն այնպիսին են, որ հանգեցնում են տեխնածին վթարի կամ արտադրական պատահարի առաջացմանը կամ անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝ անմիջական վտանգ առաջացնելով մարդու կյանքի կամ առողջության համար։ Այս դեպքում Տեսչական մարմինը արգելում է սուբյեկտի գործունեությունը, սակայն վերջիններս Տեսչական մարմնի վարչական ակտը բողոքարկում են դատական կարգով, որպիսի պայմաններում վարչական ակտի գործողությունը կասեցվում է, իսկ սուբյեկտները շարունակում են տեխնիկական կամ հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրությանը չհամապատասխանող և մարդու կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող գործունեությունը (տես՝ Վարչական դատարանի վարույթում քննվող թիվ ՎԴ/9323/05/23, թիվ ՎԴ/9323/05/23, թիվ ՎԴ/6476/05/23 և թիվ ՎԴ/6318/05/23 վարչական գործերը)։

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է՝ արտադրական վտանգավոր օբեկտի շահագործումը ժամանակավորապես դադարեցվելու դեպքում եռօրյա ժամկետում ապահովել դրա կոնսերվացումը, միաժամանակ նախատեսելով՝ կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտները երեք տարին մեկ անգամ փորձաքննության ենթակա լինելու վերաբերյալ դրույթ։ Նույն նախագծով սանկցիա է նախատեսվել՝ սահմանված ժամկետում արտադրական վտանգավոր օբյեկտի կոնսերվացման պահանջը չկատարելու համար, որի չափ է սահմանվել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, ելնելով այն հանգամանքից, որ Օրենքում ամրագրված արարքների համար սահմանված են՝ նշված և ավելի չափով տուգանքներ (տես՝ Օրենքի 21-րդ հոդվածի 1-6-րդ մասերը)։

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20․1 հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սահմանափակող ակտը ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում այդ ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվել է, որ սահմանափակող ակտը ներկայացվում է հարկադիր կատարման դրանում նշված ժամկետում չկատարվելու դեպքում անբողոքարկելի դառնալուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված ակտերը՝ դրանց չկատարման փաստը պարզելուց հետո՝ հինգօրյա ժամկետում: Այսինքն, անհապաղ կատարում ենթադրող սահմանափակող ակտերը ներկայացվում են հարկադիր կատարման դրանց չկատարման փաստը պարզելուց հետո՝ հինգօրյա ժամկետում։ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ևս նախատեսվել է համանման կարգավորում։

Միևնույն ժամանակ, հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կատարումը համաձայն գործող Օրենքի կատարում է տեսչական մարմինը, այդ ոլորտում լիազորված մարմնի հետ համաձայնեցնելով: Փրկարար ծառայությունը հրդեհների ահազանգերի ստացման, դրա արդյունքում իրականացրած աշխատանքների (այդ թվում հրդեհաշիջման) հիման վրա քաղաքացիներին տրամադրում է տեղեկանքներ: Կարող ենք փաստել, որ պետական մարմնի կողմից տրամադրած տեղեկանքը, որը կատարվում է գրանցամատյանների տվյալների ուսումնասիրման արդյունքում, իրականացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, այլ ոչ տեսչական մարմինը, ուստի առաջարկվում է հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կատարումը վերապահել Փրկարար ծառայությանը, տեսչական մարմնի կողմից հաշվառված տեղեկատվությանը հասանելության հնարավորությամբ: 

2 Առաջարկվող կագավորումների բնույթը

Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման։

Նկատի ունենալով, որ նշված դատավարական նորմի ուժով կասեցման ենթակա չէ Օրենքով նախատեսված այն վարչական ակտի կատարումը, որը ենթակա է անհապաղ կատարման, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեխնիկական և հրդեհային անվտանգության վերաբերյալ օրենսդրության խախտումները, որոնք կարող են տեխնածին վթար կամ արտադրական պատահար առաջացնել կամ անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար՝ էական և անմիջական վտանգ են սպառնում մարդու կյանքի և առողջության համար, Նախագծերով առաջարկվում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ՝ Օրենքում նախատեսելով այն դեպքերը, որի արդյունքում Տեսչական մարմնի կարգադրագիրը, խախտման բնույթից ելնելով ենթակա կլինի անհապաղ կատարման, տեխնածին վթարի կամ արտադրական պատահարի սպառնալիքի առաջացման ռիսկը հաշվի առնելով։ Միևնույն ժամանակ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջակվում է լրացում կատարել Օրենքի 20-րդ հոդվածում, որի արդյունքում անհապաղ կատարման ենթակա կլինեն նույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված ակտերը, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար, ինչպես նաև առաջարկվում է սահմանափակող ակտը հարկադիր կատարման ներկայացնելու ժամկետը փոփոխել և սահմանել երկամսյա ժամկետ՝ ակտն անբողոքարկելի դառնալուց հետո, որպիսի փոփոխության արդյունքում հարկադիր կատարման կներկայացվեն միայն սահմանափակող այն ակտերը, որոնք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 71-րդ հոդվածներով սահմանված կարգով դարձել են անբողոքարկելի։ 

3 Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից։ 

4 Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում Օրենքներում առաջարկվող նորմերի ամրագրումը կստեղծի իրավական հիմք՝ Տեսչական մարմին վարչական բողոք ներկայացնելու պարագայում կամ Վարչական դատարան՝ վիճարկման հայց ներկայացանելու դեպքում չկասեցնել Տեսչական մարմնի արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրի (վարչական ակտ)  կատարումը, որում նշված խախտումն իր բնույթով կարող է տվյալ պահին տեխնածին վթարի կամ արտադրական պատահարի սպառնալիք առաջացնել կամ անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ 

           5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը չեն բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից: 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։   

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    20.05.2024 - 06.06.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1305

Տպել