ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Մեղվաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված մի շարք միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Հայաստանի Հանրապետությունում թեև կա մեղվաբուծության զարգացման զգալի ներուժ, այնուամենայնիվ մեղվաբուծության վարման գործընթացում գերակշռում են ավանդական մեթոդները, բացակայում են ժամանակակից ինտենսիվ տեխնոլոգիաները, իսկ մեղվաբույծները զգալի կորուստներ են կրում մեղուների հիվանդության հետևանքով անկած մեղվաընտանիքների պատճառով: Այս ամենի հետևանքով դանդաղ է ընթանում մեղվաընտանիքների վերարտադրության և մեղվանոցների ընդլայնման գործընթացը, որի արդյունքում տարիներ շարունակ մեղվափեթակների թիվը տատանվում է 207-238 հազարի սահմաններում: Մինչդեռ վերլուծությունները ցույց են տալիս, որ մեր երկրի տարածքի վայրի բուսականության և մշակովի բույսերի լիարժեք փոշոտումն ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 250 հազար մեղվաընտանիք: Անհրաժեշտություն է առաջացել նաև մեղուների փոշոտման միջոցով նպաստել Արագածի լանջերին աճող բազմազան ու արժեքավոր բույսերի տեսակային կազմի պահպանմանը։ Ցածր է նաև մեղվաընտանիքների բերքատվության ցուցանիշը՝ 13-15 կգ, ինչը 2-3 անգամ զիջում է զարգացած մեղվաբուծություն ունեցող երկրների համանման ցուցանիշներին: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ սահմանամերձ բնակավայրերի հազարավոր հեկտար բնական կերահանդակներ, հարևան երկրի զինվորների նշանառության տակ գտնվելու հետևանքով, խոտհնձի և կենդանիների արածեցման նպատակով չեն օգտագործվում: Մինչդեռ դրանք հանդիսանում են նաև բազմապիսի մեղրատու բույսերով հարուստ մարգագետիններ և յուրահատուկ ու անփոխարինելի կերի բազա՝ մեղուների համար: Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում համապատասխան քայլեր ձեռնարկել ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ տրամադրվում են արտոնյալ տոկոսադրույքներով գյուղատնտեսական վարկեր, իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիր, որոնց շրջանականերում, մի շարք մեղվաբույծներ, վարկերի շնորհիվ իրենց մեղվանոցներում իրականացրել են որոշակի ներդրումներ, լիզինգային եղանակով ձեռք բերել որոշ սարքավորումներ: Այնուամենայնիվ, դրանք կրել են սահմանափակ բնույթ, մինչդեռ ոլորտում էական աճ ապահովելու և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման համար անհրաժեշտ են ծավալուն ներդրումներ և պետական աջակցության այլ մեխանիզմների կիրառում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050 թվականի, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ Որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի N 1886-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «3. Առաջնահերթությունները, առաջադրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները» բաժնի՝ «28. բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունից:
- Կարգավորման նպատակը և բնույթը Կարգավորման նպատակն է պետական միջոցներից փոխհատուցել ձեռք բերվող մեղվաընտանիքների (մեղվափեթակների հետ միասին) արժեքի 50%-ը (բայց ոչ ավելի, քան 40000 դրամը)՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում և նպաստել այդ մարզերի ազգաբնակչության կողմից տնօրինվող մեղվանոցների ընդլայնմանը և նոր մեղվանոցների ձևավորմանը, արդյունավետ օգտագործել որոշ բնակավայրերի չօգտագործվող բնական կերահանդակները, ինչպես նաև նպաստավոր պայմաններ ստեղծել Արագածի ստորին լանջերին հանդիպող արժեքավոր բույսերի տեսակային կազմի պահպանման համար:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերի բնակավայրերը կհամալրվեն շուրջ 8000 մեղվաընտանիքներով, տարեկան կարտադրվի առնվազն 120000 կգ հավելյալ բարձրորակ մեղր, հնարավորություն կընձեռնվի արդյունավետ օգտագործել սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերահանդակները, և պահպանել Արագածի լանջերին աճող արժեքավոր բույսերի տեսակային կազմը:
- Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումների համար, պետական բյուջեից անհրաժեշտ է հատկացնել 320.0 մլն դրամ, որից 120․0 մլն դրամը՝ 2024, իսկ 200․0 մլն դրամը՝ 2025 թվականին:
9. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին Նախագծի ընդունման կապակցությամբ կմշակվի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ազգաբնակչության կողմից ձեռքբերված մեղվաընտանիքների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: