Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ  3-Ի N 276-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N 276-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության որոշման նախագծի  մշակումն ու ընդունումը պայմանավորված է գործող ծրագրի իրականացման ժամկետի երկարաձգման, ծրագրում նոր ներդրումների ներգրավման, ինչպես նաև ներդրումային ծրագրերի մոնիթորինգի, գնահատման ու աուդիտ իրականացնող ընկերությունների ցանկի և եզրակացությանը ներկայացվող պահանջների, կապիտալ ներդրումների կառուցվածքի և ծրագրի իրականացման գործընթացի հստակեցման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

Հանրապետությունը անասնաբուծական արտադրանքի նկատմամբ բնակչության պահանջարկը բավարարելու համար իրականացնում է ներկրումներ, մասնավորապես ներմուծումից կախվածության աստիճանը բարձր է հատկապես թռչնի և խոզի մսի ուղղությամբ։ Բացի այդ բավական շատ չոր կաթ է ներմուծվում, որը կարելի է փոխարինել տեղական կաթի վերամշակմամբ։

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում Հայաստանում թռչնամսի, իսկ ավելի կոնկրետ՝ հավի մսի պահանջարկը շարունակաբար աճել է, վերջին 5 տարիներին տատանվելով 40-58 հազար տոննայի շրջանակներում, որից, սակայն, միայն 20-28%-ն է ապահովվել տեղական արտադրության հաշվին, իսկ խոզի մսի ինքնաբավության մակարդակը տատանվել է 45-58 % -ի միջակայքում։

Գործող ծրագրի շրջանակում 2022 թվականին կնքվել է 1 պայմանագիր՝ շուրջ 11,7 մլրդ դրամ ներդրումային ծրագրով, իսկ 2023 թվականին կնքվել է ևս 6 պայմանագիր՝ ընդամենը շուրջ 32,1 մլրդ դրամի ներդրումային ծրագրերով։ Վերոնշյալ 7 ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում խոզի մսի ինքնաբավության մակարդակը մեր գնահատմամբ կբարձրանա շուրջ 14,9, թռչնի մսինը՝ 32,3, տավարի մսինը՝ 0,2, կաթինը՝ 2,5, ձվինը՝ 1,8 տոկոսային կետով։

Միաժամանակ, որոշակի հարցեր են առաջացել նոր ներդրումների ներգրավման նպատակով ծրագրի ժամկետի երկարացման, ծրագրի շահառու հանդիսացող իրավաբանական անձանց փոխկապակցված իրավաբանական անձերի մասնակցության, գույքի  գրավադրման վերաբերյալ դրույթները հստակեցնելու, նույն շահառուի կողմից 1-ից ավելի ներդրումային ծրագիր իրականացնելու, ինչպես նաև ներդրումային ծրագրի իրագործումը գնահատող խորհրդատվական և աուդիտորական ընկերությունների ցանկի և եզրակացությանը ներկայացվող պահանջների, ծրագրի իմաստով կապիտալ ներդրումների կառուցվածքի և հիմնական միջոցների և անհաղթահարելի ուժի սահմանման հստակեցման հետ կապված։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:

Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել շարունակել տրամադրել ֆինանսական ռեսուրսներ անասնապահությանը՝ կառուցելու նոր սերնդի անասնաշենքեր, ձեռք բերելու անասնակեր, կենդանիներ, մասնավորապես տոհմային կենդանիներ։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։

Կարգավորման նպատակը և բնույթը:  

Կատարվող փոփոխությունների և լրացումների նպատակն է նպաստել ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումային ծրագրերի ամբողջ ծավալով իրականացմանը, անասնաբուծության ճյուղում ներդրումների ներգրավմանը և անասնաբուծական հիմնական արտադրատեսակների գծով ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև հստակեցնել ներդրումային ծրագրերի իրագործումը գնահատող ընկերությունների ցանկը և ծրագրի իրականացման գործընթացը։

Կարևորելով անասնաբուծության ճյուղում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընձեռումը՝ նախագծով առաջարկվում է ծրագրում կատարել փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝ երկարացնել ծրագրին մասնակցելու համար դիմումների ներկայացման ժամկետը և հնարավորություն ընձեռել տնտեսավարողներին մասնակցության դիմումներ ներկայացնել 2023 թվականի փոխարեն մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը։

Միաժամանակ, տնտեսավարողներին աուդիտի, մոնիթորինգի և գնահատման, հաշվապահական բարձրորակ ծառայություններով ապահովելու և փորձառու կազմակերպությունների հետ համագործակցելու հնարավորություն ընձեռելու նպատակով՝ նախագծով առաջարկվում է ծրագրին մասնակից ներդրումային ծրագրի իրագործումը գնահատող «Խոշոր քառյակի» ընկերությունների հետ մեկտեղ ծրագրին մասնակից դարձնել նաև  «ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» և «Գրանթ Թորնթոն»  փակ բաժնետիրական ընկերություններին:

«ԲԻ-ԴԻ-Օ Արմենիա» ընկերությունը  հարկային, խորհրդատվական և բիզնես խորհրդատվական խորը մասնագիտական ծառայություններ մատուցող աշխարհում հինգերորդ ամենամեծ հաշվապահական ընկերությունն է, իսկ «Գրանթ Թորնթոն»  միջազգային կազմակերպություն է, եկամուտով աշխարհում յոթերորդը և աշխատողների թվով վեցերորդը, որը մատուցում է աուդիտորական, հարկային և խորհրդատվական ծառայություններ:

Միաժամանակ, տարընկալումից խուսափելու համար նախագծով, ծրագրի իմաստով  սահմանվել են կապիտալ ներդրումներ և հիմնական միջոցներ հասկացությունները, հստակեցվել է «անհաղթահարելի ուժ» եզրույթը  և հանվել է իրավաբանական անձանց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասնակցության վերաբերյալ դրույթը։

Հաշվի առնելով, որ ներդրումային ծրագրի ավարտից հետո շահառուն ներկայացնում է անշարժ գույքի վկայականի պատճենը, նախագծով առաջարկվում է հանել է շահառուի կողմից  ճարտարապետաշինարարական նախագիծ և նախահաշիվ ներկայացնելու վերաբերյալ դրույթը։

Անասնաբուծության ճյուղում ինքնաբավության մակարդակի բարձրացման համար նախագծով առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում միևնույն շահառուին հնարավորություն տալ իրականացնել 1-ից ավելի ներդրումային ծրագրեր և օգտվել տրամադրվող աջակցությունից, ինչպես նաև պայմանագրի գործողության ընթացքում շահառուն կարող է նախարարության համաձայնությամբ գրավադրել ներդրված հիմնական միջոցները, եթե ստացված ֆինանսական միջոցները ուղղվելու են բացառապես ներդրումային ծրագրի իրագործմանը և զարգացմանը։ Նախագծով գրավադրման գործընթացի ավարտից հետո շահառուն պետք է նախարարությանը տրամադրի գրավադրումը և դրա նպատակը հիմնավորող, ՖԿ-ի կողմից տրամադրված փաստաթուղթը, որով ՖԿ-ն կպարտավորվի նաև վերահսկել տրամադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը։ Միաժամանակ, նախագծով սահմանվել է, որ շահառուի կողմից գույքի գրավադրման պայմաններում ՖԿ-ի կողմից գույքի օտարման ժամանակ փոխհատուցված գումարի չափով շահառուի պետության հանդեպ պարտավորությունների մարումը առաջնահերթ է և պետության գումարի պահանջի վերաբերյալ գրավոր հարցումը պետք է իրականացվի ՖԿ-ի կողմից։

Նախագծով հստակեցվել է ներդրումային ծրագրի իրագործումը գնահատող ընկերության եզրակացությանը ներկայացվող պահանջները, որով սահմանվել են փոխհատուցման համար անհրաժեշտ պայմաննները և մերժման դեպքերը։ Մասնավորապես ավելացվել է նաև ձեռքբերված մեքենաների, սարքերի ու սարքավորումների և դրանց նույնականացման կոդերի  ցանկի և առկա անասնագլխաքանակի հաշվառման վերաբերյալ տեղեկանքի (խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում՝ նաև իրականացված համարակալման ցանկը) ներկայացման պահանջ։ Հստակեցվել է նաև հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ դրույթը՝ այն ներկայացվում է անկախ 2-րդ փուլով նախատեսված փոխհատուցման համար դիմելու և գումարը ստանալու հանգամանքից, ինչպես նաև բարվոք վարկային և հարկային պատմության վերաբերյալ փաստաթղթերի ներկայացման ժամկետներն ու ծրագրի շրջանակում ակնկալվող խոշոր և արդիական անասնաբուծական համալիրների քանակը։ Հստակեցվել են 1-ին և 2-րդ փուլերի համար փոխհատուցված գումարների ետվերադարձման դեպքերը, մասնավորապես․ սահմանված ժամկետում հաշվետվության չներկայացնելու դեպքում, նախարարության կողմից  շահառուին տրամադրվում է լրացուցիչ մեկամսյա ժամկետ հաշվետվության ներկայացման համար։ Սահմանված մեկամսյա ժամկետում շահառուի կողմից կրկին հաշվետվության չներկայացման դեպքում փոխհատուցված գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե։

Նախագծով ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում (2-րդ փուլից հետո) 3 տարի տարեկան պարբերականությամբ իրականացվող մոնիթորինգի իրականացումը վերապահվել է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 Տնտեսավարողների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով՝ նախագծով առաջարկվում է գրավադրման, մոնիթորինգի, ինչպես նաև ներդրումային ծրագրի իրագործումը գնահատող մասնագիտացված խորհրդատվական և աուդիտորական ընկերությունների և դրանց կողմից ներկայացվող եզրակացության վերաբերյալ դրույթները  տարածել  նաև մինչև որոշումն  ուժի մեջ մտնելը նախարարության հետ պայմանագիր կնքած շահառուների վրա, իսկ ծրագրի շրջանակում ճարտարապետաշինարարական նախագծի և նախահաշվի վերաբերյալ դրույթները տարածել  է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նախարարության հետ պայմանագիր կնքած և նախարարությանը դեռևս ճարտարապետաշինարարական նախագիծ և նախահաշիվ չներկայացրած շահառուների վրա։

Սույն նախագծի ընդունման կապակցու­թյամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեներում եկամուտների և ծախսերի փոփոխություններ և լրացուցիչ ծախսեր 2024 թվականին  չեն նախատեսվում, իսկ հետագա տարիների համար անհրաժեշտ կանխատեսվող ֆինանսավորումը կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային հայտերի շրջանակում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

 Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախա­րարու­թյան կողմից:

 Ակնկալվող արդյունքը:

 Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղությամբ ներդրումների ավելացմանը և պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնմանը։

Այլ տեղեկություններ: Այլ տեղեկություններ չկան:

 

  • Քննարկվել է

    03.05.2024 - 19.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2021

Տպել