Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 9-ի N290-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակով սահմանված են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները։ Նշված ապրանքներից են, մասնավորապես՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 (նիկոտին պարունակող հեղուկ քարթրիջներ, այդ թվում` միանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության) և 2404 19 000 (նիկոտին չպարունակող, այդ թվում` ծխախոտի փոխարինիչներ պարունակող հեղուկ քարթրիջներ, այդ թվում` միանգամյա օգտագործման էլեկտրոնային սիգարետներ հեղուկով՝ առանց վերալիցքավորման հնարավորության) ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքները։

ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 9-ի N290-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ ՀՀ-ում 2023 թվականի մարտի 15-ից ՀՀ հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումն իրականացվում է ԵՏՀ խորհրդի կողմից 2021 թվականի մարտի 5-ին հաստատված՝ ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի համաձայն։

Խնդիրն այն է, որ նույնանման արտադրատեսակներ հանդիսացող և մարդու առողջության համար վնասակար՝ ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9 (ծխախոտ, վերականգնված ծխախոտ, նիկոտին կամ ծխախոտի կամ նիկոտինի փոխարինիչներ պարունակող արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար) ծածկագրերին դասվող ապրանքները ներառված չեն դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում նշված արտադրատեսակների շուկայում։

  • Քննարկվել է

    30.04.2024 - 15.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1772

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

14.05.2024

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հարգելի ներկայացուցիչներ, «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպությունն իր կանոնադրական նպատակների շրջանակներում անհրաժեշտ է համարում Ձեր ուշադրությունը հրավիրել ծխախոտի արտադրանքի և հարակից սարքերի շրջանառության նկատմամբ վերահսկողության բարելավմանն ուղղված ընթացիկ օրենսդրական նախաձեռնությունների հնարավոր բացասական հետևանքների նկատմամբ։ 2023թ․-ի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ Եվրասիական Տնտեսական Միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության 2023թ․-ի մարտի 9-ի թիվ 290-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ նախատեսող Կառավարության որոշման նախագծով նախատեսվող իրավակարգավորումների համաձայն՝ հուլիսի 1-ից հաշված 2 ամիս անց արտադրողը կամ ներմուծողը, իսկ հուլիսի 1-ից հաշված 3 ամիս անց ուղղակի արտադրող կամ ներմուծող չհանդիսացող անձինք, այսինքն՝ դիստրիբյուտորները և մանրածախ առևտրով զբաղվողները, իրավունք չեն ունենա շուկայում վաճառել այն տաքացվող ծխախոտը, որը մակնշված չէ ակցիզային դրոշմապիտակով։ Սա նշանակում է, որ ապրանքը, որն արդեն ներմուծվել է երկիր կամ արդեն վաճառվել է դիստրիբյուտորին և նույնիսկ մանրածախ առևտրի ներկայացուցիչներին, եթե առաջարկվող փոփոխություններն ընդունելուց հետո 3 ամսվա ընթացքում չվաճառվի վերջնական սպառողին, չի թույլատրվի վաճառքի։ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն վստահաբար տիրապետում է երկիր ներմուծվող տաքացվող ծխախոտի քանակների վերաբերյալ տվյալներին։ Ընթացիկ կամ անցյալ տարվա ներմուծման ծավալների պարզ ուսումնասիրությունը հստակ հնարավորություն կտա գնահատելու շրջանառվող նախագծով նախատեսվող եռամսյա ժամկետում դրանից զգալի ավել ժամանակահատվածի համար նախատեսված քանակությամբ ներմուծված տաքացվող ծխախոտի յուրաքանչյուր առանձին տուփի ակցիզային դրոշմապիտակով դրոշմավորման իրատեսականությունը։ Մեր գնահատմամբ դա իրատեսական չէ և ի թիվս այլ բացասական հետևանքների, կարող է հանգեցնել շուկայի վերադաբաժանման, որը տեղի կունենա ոչ արդյունավետ անցումային ժամանակահատվածի նախատեսման արդյունքում ձևավորված ոչ արդարացի տնտեսական մրցակցության հետևանքով։ Սա հնարավոր է հատկապես այն պայմաններում, երբ գործող օրենսդրության համաձայն էլեկտրոնային ծխախոտներն արդեն իսկ հանդիսանում են ակցիզային դրոշմապիտակներով դրոշմավորման առարկա և այն ժամանակահատվածում, երբ դարակաշարներին նկարագրված խնդիրների պատճառով կբացակայի տաքացվող ծխախոտը, սպառողներն անցում կկատարեն դրանց ալտերնատիվ համարվող էլեկտրոնային ծխախոտին (տե՛ս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ոլորտի ուսումնասիրության վերջին հաշվետվությունը՝ competition.am/wp-content/uploads/2024/04/Տեղեկանք-ծխախոտ_հրապարակային․.pdf)։ Որպես այլ շոշափելի բացասական հետևանք, չենք կարող չմատնանշել հնարավոր ֆինանսական կորուստները, որ կկրեն թե՛ պետությունը, թե՛ մասնավոր հատվածը։ Պետությունը չի հավաքագրի նախատեսվող իրացման ծավալներից գոյացող եկամտահարկից ակնկալվող հարկային եկամուտները, մասնավոր հատվածը վնասներ կկրի ներմուծված ապրանքները վաճառելու անհնարինությունից, ներմուծողը, դիստրիբյուտորը կամ մանրածախ առևտրով զբաղվողները կզրկվեն հնարավորությունից վաճառելու այն ապրանքները, որոնց համար արդեն վճարել են: Գնելած լինելով ապրանքը հետագա վերավաճառքի նպատակով, նրանք չեն կարողանա այն վերավաճառել, որովհետև պարզապես չեն կարողանա տվյալ ապրանքը սեփական ուժերով համապատասխանեցնել դրանց մակնշման հետ կապված ներդրվող պահանջներին։ Այսպիսով, առաջարկվող օրենսդրական փոփոխությունները մեծապես կվատթարացնեն իրացման շղթայի բոլոր սուբյեկտների, ինչպես նաև պետության վիճակը։ Ինչպես հայտնի է, իրավունքի սուբյեկտների վիճակը վատթարացնող օրենսդրական փոփոխությունները հետադարձ ուժ չեն կարող ունենալ։ Ուստի, նշված փոփոխությունները ներդնելիս պետք է նախատեսել ողջամիտ անցումային ժամանակահատված։ Հակառակ դեպքում կխախտվի ՀՀ Սահմանադրությունը, մասնավորապես 73-րդ հոդվածը, ըստ որի՝ «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։ Ի վերջո, ոչ արդյունավետ անցումային ժամանակահատվածի սահմանումը կհանգեցնի ապօրինի ներկրվող ապրանքների ծավալների աճին։ Սա ավելի քան իրատեսական է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ և ԱՊՀ որոշ երկրներում տաքացվող ծխախոտն ավելի մատչելի է, և նման երկրներից ԵԱՏՄ մյուս երկրներ ներկրվող ապրանքները ենթարկվում են պարզեցված մաքսային հսկողության։ Ստացվում է, որ թիրախավորված նպատակի համար ոչ արդյունավետ անցումային ժամանակահատվածի սահմանումը կհանգեցնի ճիշտ հակառակ էֆեկտի։ Ամփոփելով նշվածը, առաջարկում ենք նախ և առաջ պատշաճ գնահատել տաքացվող ծխախոտի և էլեկտրոնային ծխախոտի պարտադիր մակնշման ներդրման նպատակով օրենսդրական փոփոխություններով առաջարկվող անցումային ժամանակահատվածի արդյունավետությունը՝ գնահատման գործընթացում հաշվի առնելով նաև ոլորտի ներկայացուցիչների կարծիքը։ Հայաստանի արդյունաբերողների և գորխարարների միություն

Տեսնել ավելին