<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> և <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ
-
10 - Կողմ
-
5 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) որոշակի առողջական վիճակ ունեցող պարտադիր զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու փոխարեն վերականգնողական բուժման ժամանակահատված նախատեսելու, նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանված պայմաններում և վայրում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների նկատմամբ Օրենքով սահմանված հետևանքի կիրառման պայմանները հստակեցնելու, կամավոր հիմունքներով ՀՀ պաշտպանությանը մասնակցած և կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված անձանց վերաբերյալ գործող ենթաօրենսդրական կարգավորումների օրենսդրական հիմքն ապահովելու, Օրենքում մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023թ. ապրիլի 13-ի ՀՕ-126-Ն օրենքի (այսուհետ նաև՝ օրենք) անցումային դրույթներով սահմանված չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման հետ կապված հարաբերությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի պահանջների համաձայն՝ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողները զինվորական ծառայությունից արձակվում են վաղաժամկետ` սույն օրենքի 28-րդ հոդվածի 11-րդ մասի 6-րդ կետի համաձայն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ 7-րդ կետի համաձայն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում: Նույն հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից արձակված և պահեստազորում հաշվառված քաղաքացիները երեք տարին մեկ ենթակա են բժշկական վերափորձաքննության, որի արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար պիտանի կամ սահմանափակումով պիտանի ճանաչվելու դեպքում համապատասխան կազմի համապատասխան տարիքում գտնվող քաղաքացիներն ենթակա են զորակոչի միջոցով ուղարկվելու շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը, եթե նրանց չծառայած ժամկետը գերազանցում է վեց ամիսը: Միաժամանակ, օրենքի 28-րդ հոդվածի 11-րդ մասում սահմանվում են առողջական խնդիր ունեցող զինծառայողների բուժման մեջ գտնվելու և վերականգնողական արձակուրդ ստանալու առավելագույն ժամկետները, որոնց ավարտից հետո կայացվում են զինծառայողի առողջական վիճակի համապատասխան փորձաքննական եզրակացությունները: Մի շարք հիվանդությունների վերականգնողական ընթացքի վերլուծությունը ցույց է տալիս, որ բուժման և վերականգնողական արձակուրդի ընդհանուր ժամկետների հաշվառմամբ մինչև 6 ամիս ծառայությունից դուրս վերականգնողական ժամկետը լրիվ բավարար է զինծառայողին առնվազն սահմանափակումով պիտանի ճանաչելու և շարք վերադարձնելու համար, ինչը հնարավոր չէ Օրենքի գործող կարգավորումների շրջանակներում: Այդ առումով, նպատակահարմար է գտնվել Օրենքում ներմուծել 180 օր ժամկետով վերականգնողական բուժման կարիք ունենալու եզրակացության կայացումը, որի դեպքում պարտադիր զինծառայողը վաղաժամկետ չի արձակվում պարտադիր զինվորական ծառայությունից, սակայն գտնվում է տանը, սահմանել դրա տրման կարգը, ինչպես նաև այդ ժամանակահատվածում զինվորական ծառայության ժամկետի և դրամական ապահովության հաշվարկման պայմանները: Ընդ որում, քանի որ զինծառայողը փաստացի չի գտնվելու ծառայության մեջ, միաժամանակ դրա նպատակն է ապահովել առավել կարճ ժամկետում զինծառայողի առողջական վիճակի վերականգնումը և շարք վերադառնալը՝ նպատակահարմար է գտնվել վերականգնողական բուժման 3 օրացուցուցային օրը հաշվարկել որպես պարտադիր զինվորական ծառայության 1 օրացուցային օր (ընդհանուր՝ 60 օրացուցային օր):
Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանվել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող եղբայրների կամ ծառայության մեջ եղբոր գտնվելու դեպքում մյուս եղբոր զորակոչի դեպքում նույն զորամասում ծառայելու պայմանները, որոնց համաձայն՝ զորակոչվող եղբայրն ուղարկվում է ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս, եթե վերջինիս ծառայության ժամկետը չի գերազանցել 17 ամիսը կամ հայտարարված զորակոչի շրջանակներում այդ զորամասը ենթակա է համալրման: Վերլուծությունը ցույց է տալիս, որ ծառայության վերջին 6 ամսվա (18+) համեմատությամբ, առավել մեծ թիվ են կազմում եղբոր 17-ից մինչև 18 ամսվա ծառայության միջակայքում մյուս եղբոր զորակոչի դեպքերը, որոնց պարագայում հնարավոր չի լինում բավարարել եղբոր ծառայության վայրում ծառայելու վերաբերյալ դիմումները, ինչն առաջին հերթին առաջացնում է զինծառայողների ծնողների դժգոհությունը: Միաժամանակ, արձանագրվել են դեպքեր, երբ զորակոչվող անձի եղբոր զորամասում նախատեսված է եղել համալրում՝ սակայն միայն մասնագիտական պաշտոններում (վարորդ) նշանակելու համար, սակայն զորակոչվող անձը չի ունեցել նման մասնագիտացում (վարորդական իրավունք), որի պարագայում առաջացել է կազուս. Օրենքով եղբոր ծառայության զորամասում նշանակվելու սահմանափակում առկա չէ, քանի որ տվյալ զորամասում նախատեսված է համալրում, սակայն փաստացի հնարավոր չէ զորակոչվողին ուղարկել այդ զորամաս, քանի որ համալրումը նախատեսված է միայն կոնկրետ մասնագիտացման շրջանակներում: Առաջացած խնդիրները լուծելու նպատակով, նպատակահարմար է գտնվել 17-ամսյա ծառայության ժամկետը նախատեսել 18 ամիս, ինչպես նաև եղբոր ծառայության վայր ուղարկելու վերաբերյալ զորակոչվողի դիմումը մերժել նաև այն դեպքերում, երբ տվյալ զորամասում համալրում նախատեսված է միայն մասնագիտական պաշտոններում նշանակելու համար և զորակոչվող եղբայրը չունի համապատասխան մասնագիտացում:
ՀՀ կառավարության 2016թ. հունիսի 2-ի N 580-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանվել է ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց, այսինքն՝ կամավոր հիմունքներով ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձանց՝ համապատասխան դեպքերում կարգավիճակը, որի համաձայն նրանց սոցիալական պաշտպանությունն իրականացվում է համապատասխան կարգավիճակ ունեցող զինծառայողների համար սահմանված կարգով: Որոշման ընդունման պահին դրա օրենսդրական հիմքն առկա չի եղել, սակայն համապատասխան հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է եղել որոշման ընդունման ժամանակ և արդիական է նաև հիմա, մինչ այժմ այդ անձանց սոցիալական պաշտպանությունը Պաշտպանության նախարարության կողմից իրականացվել է որոշման համաձայն, ինչպես նաև որոշման օրենսդրական հիմք ստեղծելու անհրաժեշտության մասին բարձրաձայնել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել այդ անձանց ներառել Օրենքով սահմանված զինծառայողներին հավասարեցված անձանց ցանկում՝ ՀՀ կառավարության սահմանած դեպքերում և պայմաններով, որոնք չեն շեղվի գործող որոշման կարգավորումներից և, ըստ այդմ, չեն հանգեցնի համապատասխան շահառուների թվի ավելացման կամ լրացուցիչ ծախսերի:
2022 թվականին Օրենքի 21-րդ հոդվածում կատարված փոփոխությունների համաձայն նախատեսվել է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որն ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, իսկ Օրենքի 65-րդ հոդվածում լրացված 2.1-ին մասի համաձայն սահմանվել է համապատասխան սպաների իրավունքը՝ անհատույց օգտագործման իրավունքով հատկացված ծառայողական բնակարանը զինվորական ծառայության պայմանագրի գործողության ընթացքում զինծառայողի՝ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը ստանալու անհատույց սեփականության իրավունքով: Միաժամանակ, Օրենքում 2023 թվականին կատարված փոփոխությունների շրջանակներում սահմանվել է նաև զինծառայողների առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի եզրակացությունը: Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից սահմանված պայմաններում և վայրում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների համար սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հետևանքը չի կարող ծագել պայմանագրի գործողության ընթացքում քաղաքացու` առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և (կամ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում: Հաշվի առնելով, որ արդեն իսկ առկա են դեպքեր, երբ նման պայմանագիր կնքած և ուսումնառություն անցնող քաղաքացիներն ունեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր, կամ փորձաքննության արդյունքներով ճանաչվել են ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, որի արդյունքում փաստացի նրանց հնարավոր չէ զորակոչել պարտադիր զինվորական ծառայության, նպատակահարմար է գտնվել Օրենքով սահմանված հետևանքը չկիրառելու պայմաններում ներառել նաև այդ քաղաքացիների կողմից ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ընտանիքի համապատասխան անդամ ունենալու կամ զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու դեպքերը, քանի որ դրանք փաստացի ծագել են կամքից անկախ հանգամանքներում: Նույն տրամաբանությամբ, առաջարկվում է հատկացված ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով ստանալու հնարավորություն ընձեռել նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած սպաներին:
Բացի այդ, 2023 թվականին Պաշտպանության նախարարության կառուցվածքում կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովն անվանափոխվել է կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել Օրենքում իրականացնել համապատասխան փոփոխություններ:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023թ. ապրիլի 13-ի ՀՕ-126-Ն օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվել է Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերում սահմանված արձակուրդի չօգտագործված օրեր ունեցող զինծառայողին այդ օրերն արձակուրդի տեսքով տրամադրելու անհնարինության, ինչպես նաև այդ արձակուրդի տրամադրումից զինծառայողի հրաժարվելու դեպքերում զինծառայողին չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի համար հատուցման տրամադրումը, իսկ օրենքի եզրափակիչ և անցումային դրույթները սահմանող՝ 34-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվել է այդ կարգավորումների տարածումը 2017թ. դեկտեմբերի 16-ից ծագած հարաբերությունների վրա (հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի 10.07.2018թ. թիվ ՍԴՈ-1424 որոշումը)՝ դրա շրջանակներում նախկին զինծառայողների կողմից ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման կարգը սահմանելով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Արդյունքում, ՀՀ պաշտպանության նախարարի 17.07.2023թ. N 983-Լ հրամանով սահմանվել է համապատասխան վարչարարության կարգը, սակայն նկատվում է զինվորական ծառայությունից զորացրվողների աճի միտում` զորացրման շրջանակներում չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց հատուցում ստանալու նկատառումներից ելնելով, միաժամանակ շատ կարճ ժամանակահատվածում ներկայացված դիմումների քանակը (5 հազարից ավելի) հնարավորություն չեն տալիս պատշաճ ժամկետում և կարգով իրականացնել անհրաժեշտ վարչարարությունը: Ընդ որում, վարչարարության իրականացման ժամկետային խնդիրը կայանում է նրանում, որ ստացված դիմումների շրջանակներում կարիք է առաջանում հարցումներ ուղարկել տարբեր զորամասեր և արխիվ, որի պատճառով հնարավոր չի լինում պահպանել վարչարարության առավելագույն 30 օրացուցային ժամկետը, ինչն էլ դժգոհություններ է առաջացնում դիմումատուների շրջանում: Այդ կապակցությամբ, առաջարկվում է համապատասխան վարչարարությունն իրականացնել մինչև 90-օրյա ժամկետում, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից ավելի երկար ժամկետներ, հստակեցնել դիմումների քննարկման սկզբունքը՝ այն նախատեսելով ըստ դիմումատու զինծառայողների զորացրման տարիների հերթականության, ինչպես նաև սահմանել, որ հատուցումները վճարվում են ՀՀ պետական բյուջեով այդ նպատակով հատկացված միջոցների շրջանակներում:
Հաշվի առնելով նաև օրենքների նախագծերով կարգավորվող հարաբերությունների կարևորությունը, առաջիկա զորակոչը, գործող ենթաօրենսդրական ակտի օրենսդրական հիմք ստեղծելու և համապատասխան վարչարարության պատշաճ ապահովման նկատառումները, անհրաժեշտություն է առաջացել օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն իրականացնել անհետաձգելի ռեժիմով:
Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 12.04.2018թ. NN 404-Ն և 405-Ն, 12.04.2018թ. N 430-Ն, 27.10.2022թ. N 1665-Ն որոշումներում, ՀՀ պաշտպանության նախարարի 25.07.2018թ. N 8-Ն և 17.07.2023թ. N 983-Լ հրամաններում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2016թ. հունիսի 2-ի N 580-Ն որոշման մեջ (կքննարկվի նաև ուժը կորցրած ճանաչելու և նոր որոշում ընդունելու հարցը):
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն՝ որոշակի առողջական վիճակ ունեցող պարտադիր զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու փոխարեն սահմանվում է վերականգնողական բուժման ժամանակահատված, կարգավորվում են դրա տրման հարաբերությունները և այդ ժամանակահատվածում զինվորական ծառայության ժամկետի ու դրամական ապահովության հաշվարկման պայմանները, հստակեցվում են նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման, նախարարության կողմից սահմանված պայմաններում և վայրում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված հետևանքի կիրառման պայմանները, սահմանվում է կամավոր հիմունքներով ՀՀ պաշտպանությանը մասնակցած և կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված անձանց վերաբերյալ գործող ենթաօրենսդրական կարգավորումների օրենսդրական հիմք, կատարվում են մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ, ինչպես նաև հստակեցվում են պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և չօգտագործված արձակուրդի օրեր ունեցող ու դրանց համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման հետ կապված հարաբերությունները:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքների նախագծերի ընդունումն ինքնին պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների և փոփոխությունների չի հանգեցնում, չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց հատուցում ստանալու դիմումներով (առկա են նաև մոտ 200 նույնաբովանդակ դատական գործեր, որոնցից մոտ հինգ տասնյակն արդեն իսկ բավարարվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով) իրականացվող վարչարարությամբ կանխատեսվում է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և ծախսային փոփոխություններ, որի տարեկան ընդհանուր չափը կարող է կազմել մինչև 8,5 մլրդ դրամ՝ միջինը 5000 դիմումի ներկայացման դեպքում: Հաշվարկային տեղեկանքը կցվում է:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրենքների նախագծերի փաթեթը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
01.04.2024 - 16.04.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 2526
Տպել