Լրամշակման փուլում է
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ
-
1 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներքին գործերի նախախարության ստեղծման հիմնական նպատակներից Է, որ մեկ պետական մարմնի ենթակայությամբ գործեն Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը։ Դա հիմնավորվում է այն հանգամանքով որ, թեև նրանք տարբեր դերեր են կատարում հանրային անվտանգության և արտակարգ իրավիճակների արձագանքման ավելի լայն տիրույթում, սակայն և՛ ոստիկանությունը, և՛ փրկարար ծառայությունը կարևոր դեր են խաղում պետության ներքին անվտանգության և բարեկեցության ապահովման գործում։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը և փրկարար ծառայությունը ունեն հստակ դերեր, նրանք հաճախ համագործակցում են արտակարգ իրավիճակների ժամանակ, որոնք պահանջում են համակարգված արձագանք: Օրինակ՝ այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են բնական աղետները, խոշոր վթարները կամ վտանգավոր նյութերի հետ կապված միջադեպերը, ոստիկանության ծառայողները աշխատում են փրկարար ծառայողների հետ՝ ապահովելով տարածքի անվտանգությունը և աջակցելով տարհանման աշխատանքներին և այլն: Ե՛վ ոստիկանությունը, և՛ փրկարար ծառայությունը նպաստում են հանրային անվտանգությանը, բայց նրանք դա անում են տարբեր ձևերով: Ոստիկանության ծառայողները աշխատում են կանխելու և վերացնելու հանցավոր գործողությունները, որոնք կարող են վտանգել հանրությանը, մինչդեռ փրկարար ծառայողները կենտրոնանում են կյանքին, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող արտակարգ իրավիճակներին արձագանքելու վրա: Որոշ արտակարգ իրավիճակներում ոստիկանության ծառայողները կարող են լինել առաջին արձագանքողներից, ովքեր ժամանել են դեպքի վայր, քանի դեռ չեն ժամանել փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումերը։ Որոշ դեպքերում, երբ փրկարար ծառայողները իրականացնում են փրկարարական գործողություններ, ոստիկանության ծառայողները այդ վայրում կարգավորում, վերահսկում են երթևեկության կամ տարածքի անվտանգությունը։ Ավելի մեծ միջադեպերի դեպքում ոստիկանությունը և փրկարարական ծառայությունը կարող են կիսել ռեսուրսները, ինչպիսիք են կապի ուղիները, սարքավորումները և այլն: Այս համագործակցությունը բարձրացնում է արտակարգ իրավիճակների արձագանքման ջանքերի ընդհանուր արդյունավետությունը: Հետևաբար՝ թեև ոստիկանությունը և փրկարարական ծառայությունն ունեն հստակ դերեր և պարտականություններ, նրանք ընդհանուր նպատակ ունեն՝ ապահովել հանրային անվտանգությունը և արձագանքել արտակարգ իրավիճակներին: Նրանց համագործակցությունը որոշակի իրավիճակներում ընդգծում է այս երկու ենթակա պետական մարմինների փոխկապակցվածությունը արտակարգ իրավիճակների արձագանքման և հանրային անվտանգության ապահովման ավելի լայն շրջանակում:
Ոստիկանության և փրկարար ծառայությունում ծառայության անցման հարաբերությունները կանոնակարգվում են տարբեր օրենքներով՝ համապատասխանաբար «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքներով, սակայն տարիների փորձը և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան բավականին մեծ թվով համընկնումներ և օրենսդրական կարգավորումների կրկնություններ, հատկապես խրախուսանքի և կարգապահական ընթացակարգերում։ Բացի այդ, ներկա կարգավորումների համաձայն, ՆԳ նախարարությունն է իրականացնում ոստիկանության և փրկարար ծառայության նկատմամբ վերահսկողությունը, այդ թվում՝ խախտումների բացահայտման և ծառայողական քննությունների անցկացման մասով։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը․
Դրանով պայմանավորված առաջարկվում է նոր կարգապահական կանոնագիրք, որը կտարածվի ինչպես ոստիկանության ծառայողների, այնպես էլ փրկարարական ծառայողների վրա՝ խրախուսանքի և կարգապահական ընթացակարգերի կիրառման մասով։ Մեկ կարգապահական ընթացակարգի կիրառումը պայմանավորված է նաև գործող օրենքներում առկա հակասություններով, մասնավորապես հանրային ծառայության բարեփոխումների համատեքստում առաջնային խնդիր էր միասնականցնել հանրային ծառայողներին վերաբերող դրույթները, որոնք առկա են պետական ծառայությունները կարգավորող օրենքներում։ Այդ բարեփոխումների համատեքստում միասնականցվեց նաև ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և կարգապահական տույժերի տեսակները համապատասխան օրենքներում հղում կատարելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին։ Նման կարգավորում նախատեսվեց նաև ոստիկանության ծառայողների համար, սակայն տեխնիկական խնդիրներով պայմանավորված այդ օրենքը պետք է ԱԺ ներկայացվեր առանձին, սակայն որոշ հանգամանքներով պայմանավորված այն չներկայացվեց և ստացվեց մի իրավիճակ, երբ բոլոր օրենքներում և ծառայության տեսակներում նույն տույժերը և խրախուսնքի տեսակներն են կիրառվում, բացի ոստիկանությունից։ Ավելին, փոփոխությունների արդյունքում իր հայտ եկան խնդիրներ, որոնք գործնականում մեծ դժվարություն են առաջացնում այս մասով օրենքը կիրառողների համար։ Խոսքը վերաբերում է փրկարար ծառայողներին, վերջիններիս կարգապահական հարաբերությունները կարգավորող օրենքով հղումները կատարվում են «Փրկարար ծառայության մասին» օրենքին, իսկ այնտեղ հղում է կատարվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին և այլն։ Բացի այդ, թե´ ոստիկանության, թե´ փրկարար ծառայության դեպքում՝ տույժերը և խրախուսանքները կանոնակարգված են այդ ծառայությունները կարգավորող օրենքներում, իսկ դրանց կիրառման հարցերը՝ կարգապահական առանձնահատկությունները կարգավորող օրենքներում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման դեպքերում այդ հարաբերությունները մեկ նույն իրավական ակտով կանոնակարգելը ամբողջականացնում և դյուրինացնում է դրա կիրառումը և այն ավելի ընկալելի է լինում նաև ծառայողների համար, քանի որ շատ դեպքերում թե´ հղումների, թե´ եզրույթների առումով լինում են տարընլկալումներ։ Նման խնդիրներից խուսափելու համար վերանայվել է ոստիկանության կարգապահական կանոնագիրքը։
Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հստակ ակնկալիքներ է սահմանում ծառայողների վարքագծի և գործողությունների վերաբերյալ: Այն օգնում է ապահովել, որ ծառայողները պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների համար։ Բացի այդ կանոնագիրքը սահմանում է հստակ չափանիշներ՝ հասկանալու համար համար, թե արդյոք նրանց գործողությունները պարունակում են խախտման հատկանիշներ, թե՝ ոչ: Ծառայողների կարգապահական պատասխանատվության հարաբերությունները կարգավորող օրենքները ծառայում են որպես շրջանակ՝ ապահովելու, որ իրավապահ մարմինները գործում են արդարության, հաշվետվողականության և անձանց իրավունքների պաշտպանության սկզբունքներին համապատասխան։ Կարգապահական կանոնագրքով կարգավորվող հարաբերությունները օգնում են թե՛ ծառայողներին, թե՛ հանրությանը հասկանալ, թե ինչ է ակնկալվում և պահանջվում ծառայողից խախտումներ թույլ տալու դեպքերում: Կարգապահական ընթացակարգերի հստակ կարգավորված լինելը միտված են ապահովելու քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանությունը: Այս հարաբերությունների՝ օրենքի մակարդակով կարգավորումը երաշխավորում է, որ ծառայողները հարգեն մարդու իրավունքները, զերծ մնան անհիմն գործողություններից, խտրական վերաբերմունքից կամ չարաշահումներից, քանի որ լինելու է պատասխանատվության անխուսափելիություն, ինչը իր հերթին կարող է զսպող միջոց ծառայել ծառայողների անօրինական վարքագծի դեմ: Սա կարող է օգնել կանխել իշխանության չարաշահումը և սխալ վարքագիծը։ Պատասխանատվության անխուսափելիությունը ենթադրում է, որ խախտումները հանգեցնելու են իրավական հետևանքների, ինչը նույնպես կարող է զսպող միջոց ծառայել ծառայողների անօրինական վարքագծի դեմ: Կարգապահական կանոնագրքերի առկայությունը ապահովում է թափանցիկություն, որը խթանում է հանրային վստահությունը՝ թույլ տալով քաղաքացիներին պատասխանատվության ենթարկել պետական մարմիններին իրենց գործողությունների համար: Բացի այդ, նման կարգավորումները պարունակում են նաև արտաքին վերահսկողության մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկելու պետական մարմնի վարքագիծը և ուսումնասիրելու ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ բողոքները: Կարգապահական ընթացակարգերը, բացի իրավական հետևանքներ առաջացնելուց, կարող են ծառայել անձնակազմի կառավարման մասով արդյունավետ որոշումներ կայացնելուն, մասնավորապես, կարող են ազդել ծառայողների վերապատրաստման և կրթության վրա: Ըստ էության, կարգապահական կանոնակարգերը էական նշանակություն ունեն պետական մարմինների էթիկական, թափանցիկ գործունեության և անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործում: Դրանք անհրաժեշտ շրջանակ են ապահովում հաշվետվողականության և քաղաքացիների նկատմամբ արդար վերաբերմունքի համար։
Կանոնագրքով կարգավորվել են նաև ծառայողների վարքագծի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև էթիկայի հանձնաժողովի ձևավորման և գործունեության առանձնահատկությունները։ Այս հարաբերությունների կարգավորումը առաջնային է և բխում է հանրային ծառայության մասին օրենսդրության ընդհանուր կարգավորումների համատեքստից; Այս կարգավորումները հնարավորություն կտան և´ փրկարար ծառայության և´ ոստիկանության գործունեության էթիկական և արդյունավետ գործողությունների համար, կնպաստեն ծառայողների պրոֆեսիոնալիզմի, էթիկական վարքագծի և հաշվետվողականության պահպանմանը:
Կանոնագրքով միասնականացվել են ծառայողական քննության անցկացման հարաբերությունները։ Արդյունավետ ծառայողական քննության ինստիտուտի առկայությունը կարևոր է և´ փրկարարական ծառայողների և´ ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալիզմի, պատրաստվածության և էթիկական վարքագծի ամենաբարձր չափանիշները պահպանելու համար: Համապարփակ լավ մշակված օրենսդրական կարգավորումները նպաստում են որակյալ ծառայողական քննության անցկացմանը, ինչը կենսական նշանակություն ունի ունակ, հաշվետու և էթիկական ծառայողներ ունենալու համար: Այն երաշխավորում է, որ ծառայողները շարունակաբար զարգացնեն իրենց կոմպետենցիաները, պահպանեն էթիկական չափանիշները՝ տարատեսակ խախտումներից զերծ մնալու համար:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ ներքին գործերի նախարարություն
6․ Ակնկալվող արդյունքը.
Սույն օրենքների փաթեթի ընդունմամբ ոստիկանության և փրկարարական ծառայողների համար կմիասնականցվեն կարգապահական տույժերը և խրախուսանքները, որոնք սահմանված են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների մասով ծառայողական քննությունների անցկացման հարաբերությունները կկարգավորվեն «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» օրենքով (ներկայումս այս հարաբերությունները կարգավորվում են ութ իրավական ակտերով)։ Բացի այդ, սույն օրենքների փաթեթի ընդունմամբ թե´ փրկարարական ծառայությունում, թե´ ոստիկանությունում կընդլայնվի ղեկավար անձնաց շրջանակը, ովքեր կկիրառեն համապատասախան խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակներ։ Այս մոտեցումը բխում է ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարության միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից արված բազմաթիվ առաջարկություններից։ Այդ առաջարկությունները հիմնված են միջազգային լավագույն փորձի վրա։ Ավելին՝ այս փաթեթի ընդունմամբ Ոստիկանությունում կներդրվի նաև քաղաքացիական ծառայություն, ինչը համահունչ է հանրային կառավարման բարեփոխումների արդի միտումներին։ Ոստիկանության որոշ գործառույթների իրականացումը կապահովվի քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
25.03.2024 - 09.04.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1794
Տպել